Thursday, February 18, 2016

Տաբատով աղջիկը…

1975 թվականն էր… Գալուստն այն ժամանակ տասնութ տարեկան էր. սովորում էր Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, որը Հայասստանի անկախությունից հետո վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, իսկ 2014 թվականի վերջին այն կրկին վերանվանվեց, այս անգամ՝ Հայաստանի պետական ազգային պոլիտեխնիկական համալսարան: 

Պոլիտեխնիկական ինստիտուտում, որոշ լսարաններ երբեմն այնքան մեծ էին, որ նույնիսկ համերգներ և այլ միջոցառումներ էին այնտեղ կազմակերպվում: Այդպիսի լսարաններից մեկում, որն առնվազն կինոթատրոն էր հիշեցնում, որովհետև ի լրումն նաև բեմահարթակ ուներ, Գալուստը հաճախում էր ֆիզիկայի դասախոսությունների: Դասախոսը երեսուն-երեսունհինգ տարեկան, ինքնահավան, գոռոզ ու մեծամիտ մի անձնավորություն էր: Նա դասախոսությունը կարդում էր բեմահարթակից, անընդհատ ճեմելով և կզակը շփելով՝ կարծես հենց նոր, ուսանողների աչքի առջև էլ հայտնագործել էր ամբողջ աշխարհին հայտնի քննարկվող բանաձևերն ու գրաֆիկները: Նրա մեծամտությունը չափազանց թափանցիկ էր և, բնականաբար, աննկատ չէր մնում ուսանողներից: Դասախոսն իրեն առնվազն «գիտությունների դոկտոր», կամ ավելի ճիշտ կլինր ասել՝ «ակադեմիկոս» էր երևակայում, չնայած գիտական ոչ մի կոչում չուներ… Նա նաև  բավականին հաճախ ահաբեկում և սպառնում էր ուսանողներին, որ անխնա կկտրի նրանց քննությունների ժամանակ և, հետևաբար նրանք դուրս կմնան ինստիտուտից, եթե չգոհացնեն իրեն կիսամյակի վերջում՝ քննություն հանձնելիս: Դասախոսն անհրապույր տեսք ուներ. նա կարճահասակ էր, աստիճանաբար նոսրացող մազերով, միշտ հագնում էր սև, անշուք կոստյում, որի տակից հազիվ նկատելի էր նրա քոսոտ, գույնը գցած փողկապը: Այնումենայնիվ, եթե մեկը նրան հարցներ, թե լսարանում ամենագեղեցիկ ու վայելուչ հագնված տղամարդն ո՞վ է, ապա նա առանց վարանելու կպատասխաներ, որ ինքն է: Նա անթաքույց արհամարհանքով էր վերաբերվում լսարանում նստած ուսանողներին՝ թե՛ աղջիկներին, և թե՛ տղաներին, համոզված լինելով, որ հանրապետության «ամենատգետ» ու «անհասկացող» ուսանողները հենց իրեն, իր պես «հանճարին» են բաժին ընկել…

Մի գարնանային պայծառ առավոտ, Գալուստի համակուրսեցին՝ կապուտաչյա ու գեղեցիկ մի աղջիկ՝ Կարինեն, գալով ֆիզիկայի լսարան, ապշեցրեց բոլորին իր արտաքին տեսքով. նա հագել էր կապույտ «Հոլիդեյ» ոճի տաբատ, որի փողկերը մի փոքր ավելի լայն էին, քան ծնկների մոտ, սպիտակ, ձյունասպիտակ, մետաքսյա վերնաշապիկ, սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Նրա աջ ձեռքի դաստակը զարդարում էր մի կապտավուն ապարանջան, ականջները՝ նբագեղ, կապույտ քարերով ականջօղեր, իսկ ուսին գցել էր կապտավուն, արհեստական կաշվից կարված միջին չափերի մի պայուսակ: Կարինեի գեղեցիկ, ծովի ալիքների նման վճիտ, կապույտ աչքերը մի առանձին հմայք էին հաղորդում նրա դեմքին և բավականին ներդաշնակ էին ու սազական նրա կապտավուն հանդերձանքի  հետ…

Նրա գեղեցիկ տեսքը, համարձակությունն ապշեցրել ու հիացրել էին գրեթե բոլորին: Այն տարիներին կանայք դեռևս տաբատներ չէին հագնում, համենայն դեպս, Հայաստանում: Հիմա հակառակն է, ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում՝ ընդհանրապես: Ժամանակակից կանայք հիմնականում տաբատներ են հագնում: Շրջազգեստ կամ կիսաշրջազգեստ հագած կանայք այնքան հազվադեպ են, որ տղամարդիկ պատահաբար հանդիպելով նրանց հասարակական վայրերում, երկար, զարմացած, երբեմն էլ ակնհայտորեն հիացած, նայում են նրանց ետևից: Կարինեի կողմից տաբատով հանրության առջև երևալը մեծ համարձակություն և նկատելի իրադարձություն էր, որովհետև այն ժամանակ Հայաստանում տաբատ հագնելը տղամարդկանց մենաշնորհն էր:

Ինքնահավան ու գոռոզ դասախոսը լսարան մտնելով, սկսեց իր դասախոսությունը բեմահարթակից: Լսարանում քար լռություն էր տիրում, ոչ թե դասախոսությանն արտակարգ հետաքրքրության, այլ մեծամիտ դասախոսի անհարկի խստապահանջության պատճառով: Հանկարծ, դասախոսը հերթական անգամ, դասախոսության ընթացքում կզակը շփելիս, նկատեց առաջին շարքում տաբատով նստած Կարինեին: Նրա նեղլիկ աչքերը զարմանքից լայնացան և նա ափ նետված ձկան նման շնչահեղձ լինելով, աղավաղված ձայնով ծղրտաց.

- Աղջի՛կ,  ոտքի՛:

Լսարանում գտնվող աղջիկները սկզբում չհասկացան, թե ու՞մ է ուղղված այդ տարօրինակ կոչը: Սակայն նրա հայացքն այնպես էր մեխված խեղճ Կարինեի կապույտ տաբատին, որ աստիճանաբար բոլորի կարեկցական հայացքներն ուղղվեցին դեպի նա: Կարինեն վեհերոտ վեր կացավ, սպասելով իր «դատավճռին»:

- Իսկ հիմա դուրս կորի՛ր լսարանից, որ ես այլևս քեզ չտեսնեմ այդպիսի անպարկեշտ տեսքով, - մռնչաց կատաղած դասախոսը:

Կարինեն ամոթից կարմրեց և անհաստատ քայլերով դուրս գնաց լսարանից: Գալուստն, անտարբեր չլինելով Կարինեի հանդեպ, ուզում էր հարձակվել ամբարտավան դասախոսի վրա ու տղամարդավարի մի լավ քոթակ տաl նրան, բայց լինելով շրջահայաց ու խելամիտ երիտասարդ, քաջ գիտակցում էր, որ դրանով ավելի շատ կվնասեր թե՛ Կարինեին, թե՛ իրեն: Նա բռունցքները սեղմած, մի կերպ իրեն զսպելով, հազիվ դիմացավ մինչև դասախոսության վերջը: Դասասենյակում ոչ ոք չհամարձակվեց հակաճառել ամբարտավան դասախոսին, իսկ վերջինս ինքնագոհ իր բիրտ ու խուլիգանական արարքից, անվրդով ու տաղտկալի ձայնով շարունակեց դասախոսությունն ընդհատված տեղից:

Դասախոսության ավարտից հետո, ուսանողները տեսան Կարինեին՝ մտազբաղ կանգնած լսարանի դռան մոտ: Նա շատ ընկճված տեսք ուներ: Կարինեն մոտեցավ Գալուստին ու նրա անբաժան ընկերոջը՝ Հրաչին և շատ կամացուկ ասաց.

- Ինձ կուղեկցե՞ք տուն:

Ճանապարհին երեքն էլ լուռ էին: Կարինեն շատ անհանգիստ էր ու գունատ, նրա հայացքում տագնապ կար… Հանկարծ Գալուստն ու Հրաչը նկատեցին, որ իրենց է հետևում տղաների մի հոծ բազմություն: Նրանց աչքերը փայլատակում էին կրքից, կարծես Կարինեն առանց տաբատի լիներ: Ըստ երևույթին, տաբատն ընդգծում էր աղջկա կանացիությունը և նրանք հմայված ու հիպնոսացած գալիս էին նրա ետևից:  Բարեբախտաբար, Կարինեենց տունն այնքան էլ հեռու չէր ինստիտուտից և, առանց հետագա արկածների, դասընկերները վերջապես տուն հասան:

Անցան երկար տարիներ: Ներկայումս Հայաստանում կանացի տաբատներով ոչ մեկին հնարավոր չէ զարմացնել, առաևել ևս՝ զայրացնել: Տաբատներ հագնում են բոլոր տարիքի կանայք, նույնիսկ՝ տատիկները: Կարինեն մինչև հիմա, չնայած որ ինքն էլ է արդեն տատիկ դարձել, չի կարողանում մոռանալ տաբատի պատճառով կրած այն օրվա դառն ու անհարկի ապրումները:

Հիմա Գալուստն ապրում է Կալիֆորնիայում և, չնայած առաջացած տարիքին, հաճախում է Գլենդել քաղաքի համայնքային քոլեջը: «Հետաքրքիր կլիներ, եթե այն հետամնաց դասախոսն ու կրքաբորբոք տղաների հոծ բազմությունը, ովքեր փողոցում հետևում էին երկար տաբատ հագած Կարինեին, հիմա տեսնեին ամերիկյան քոլեջի որոշ ուսանողուհիներին՝ կարճ տաբատներով՝ մկրատով այնքա՜ն կարճացրած, որ գրպանները գրեթե ամբողջովին կողքերից կախված երևում են, իսկ նրանց կլորիկ ու փափլիկ հետույքների համարյա կեսը՝ մերկ ու գրգռիչ, մերթ ձախ են ճոճվում, մերթ՝ աջ, նրանց շորորուն քայլվածքներին համընթաց: Միգուցե հիմա այն բռի դասախոսի և վավաշոտ տղաների զայրույթն ու բորբոքվածությունը տեղին կլիներ, բայց ոչ հեռավոր անցյալում», - մտածեց Գալուստը՝ հիշելով Կարինեին.

Հեռու ես, անհաս, իմ լուսե երազ,
Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն,
Փռված է լույսըդ շուրջըս և վրաս,
Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում։*

*Վահան Տերյան, քառյակ՝ բանաստեղծությունից:


14 փտրվարի, 2016թ
Գլենդել, Կալիֆորնիա

Tuesday, February 2, 2016

ԱՄՆ-ում տպագրվել է Մարտին Շիրինյանի «Հեռավոր հուշերի մի քաղաք» պատմվածքը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում հրատարակվող ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ գրական-մշակույթային հանդեսի (պատվավոր նախագահ Կարո և Մարիա Ճրճրյաններ, հիմնադիր և գլխավոր խմբագիր, ճանաչված բանաստեղծ Սարո Գյոդակյան) 69-րդ համարում, 2016թ. հունվարին տպագրվել է Մարտին Շիրինյանի «Հեռավոր հուշերի մի քաղաք» պատմվածքը (էջ՝ 50): 

Այն հրատարակվել է նաև Մարտին Շիրինյանի Գրական Փորձարարական Լաբորատորիայի բլոգում՝

Պատմվածքը կրում է բանաստեղծ Սարո Գյոդակյանի, Սարո Գյումրեցու գրած ինը քառյակներից բաղկացած երգի վերնագիրը և ընդգրկում է երեք՝ առաջին, չորրորդ և իններրորդ քառյակները: Զարմանալիորեն, 1969 թ. գրված այս երգը, գաղափարով համահունչ է Մ. Շիրինյանի պատմվածքին: Բանաստեղծության հեղինակ Սարո Գյոդակյանը և նույնանուն պատմվածքի հեղինակ Մարտին Շիրինյանը, փաստորեն իրարից անկախ, գրեթե նույն մտահղացումով են ոգեշնչվել: Կարծում եմ ընթերցողին դուր կգա: Իմիջիայլոց, Սարո Գյումրեցու երգի տողերի հիման վրա 1973թ. կոմպոզիտոր Վալերի Հարությունյանը երաժշտություն է գրել, իսկ թիֆլիսաբնակ հայտնի երգիչ՝ Սուրիկ Պողոսյանը երգում է այդ երգը:

Կալիֆորնիա, Գլենդեյլ
2 փետրվարի, 2016թ.


Thursday, January 28, 2016

Խաբկանք (էսքիզ)

Հակոբը հիվանդ էր՝ անհույս հիվանդ… Կինը նրա անկողնու մոտից չէր հեռանում՝ խնամում էր: Հակոբը մեռնելուց չէր վախենում, նա վախենում էր միայն մի բանից, որ կնոջն այլևս չի տեսնի… Նրա կինը ոչ միայն գեղեցիկ էր, այլ նաև քնքուշ ու բարի: Հակոբն իրեն երջանիկ էր համարում, որ հանդիպել էր նման մի կնոջ, բայց ավա՜ղ, ընդմիշտ բաժանվելու ժամանակը եկել էր...
           
Գիշերվա ժամը երեքն էր, հանկարծ ննջասենյակը լուսավորվեց մի թույլ, երկնագույն լույսով և Գաբրիել հրեշտակապետը հայտնվեց նրա առջև՝ օդի մեջ կախված, մեջքին՝ թռչնի թևեր:

- Դու գիտե՞ս ես ով եմ, - ասաց նա բարեգութ ձայնով:

- Այո՛, - ասաց Հակոբը, - քեզ բոլորն են ճանաչում. քո պատկերը դրոշմված է
բոլոր եկեղեցիների պատերին, ինչպես նաև պատկերված է սուրբ գրքերում: Ես քեզ հենց այդպես էլ պատկերացնում էի: Չլինի՞ եկել ես հոգիս առնելու, - զայրացած հարցրեց նա:

- Այո՛, - ասաց Գաբրիելը, - գուշակեցիր, բայց չեմ հասկանում, թե ինչու՞ ես զայրանում, միթե՞ քեզ հայտնի չէ, որ քո կյանքն ամբողջությամբ պատկանում է Աստծուն. նա է քեզ երկրային կյանք պարգևել, նա էլ ամեն վայրկյան կարող է քեզ իր մոտ կանչել: Դու պարտավոր ես ենթարկվել Տիրոջը, պա՞րզ է, - որոտաց հրեշտակապետը:

- Կամա՜ց, կարթնացնես կնոջս, հազիվ քնել է, թո՛ղ մի քիչ հանգստանա:

- Չի՛ արթնանա, ես քեզ մոտ եմ եկել, ոչ թե` նրա: Եթե նույնիսկ արթնանա էլ, նա ինձ ո՛չ կլսի, և ո՛չ էլ, առավել ևս, կտեսնի:

- Ա՜խր, դու բարության հրեշտակապետն ես, ինչու՞ է Աստված հենց քեզ ուղարկում մարդկանց հոգիներն առնելու: Համ էլ ես հիվանդ եմ, չէ՞ր կարող Ռաֆայելին՝ բժշկության հրեշտակապետին ուղարկել... Պարտադի՞ր է հոգիս առնեք, միգուցե բուժեիք, հը՞:

- Հակո՛բ, դու իրավունք չունես Աստծո գործերին խառնվելու, առավել ևս` քննադատելու նրան, սթափվի՛ր, եթե չես ուզում Աստծո զայրութը հրավիրել քեզ վրա...

- Ա՜խր, Գաբրիել ջան, ես դեռ լիակատար չեմ վայելել իմ երջանկությունը կնոջս հետ, խնդրում եմ, թողնեիր մի քիչ էլ ապրեմ, շա՜տ եմ խնդրում: Ինչպես թողնեմ իմ սիրելիի՜ն, իմ աննման կնոջը, բա իմ հրա՜շք երեխաներին:

- Լավ, միայն մի տարբերակ կա քեզ համար. ես կարող եմ քո հոգին ժամանակավորապես տեղափոխել մեկ ուրիշ կենդանու, օրինակ՝ առնետի կամ ագռավի մեջ, եթե համաձայնվես, իհարկե:

- Լավագույն տարբերակն ինձ բուժելն էր, բայց եթե ուրիշ տարբերակ չկա՝ ես համաձայն եմ. միայն թե խնդրում եմ՝ իմ հոգին տեղափոխե՛ք՝ ագռավի, բայց ոչ առնետի մարմնի մեջ, քանի որ առնետներից, չնայած նրանց էլ է Աստված ստեղծել, ահավոր զզվում եմ: Բացի դրանից, ասում են, որ ագռավը երեք հարյուր տարի է ապրում:

- Սխալ են ասում, ագռավն ընդամենը տասնհինգից-քսան տարի է ապրում: Այնպես որ, քո կյանքը հենց այդքանով էլ կավելանա, միայն թե զգույշ եղիր՝ մարդիկ ագռավներին չեն սիրում, հատկապես՝ նրանց կռկռոցը: Նրանց կարծիքով՝ ագռավների կռկռոցը դժբախտություն է բերում: Մեկ էլ տեսար՝ քեզ պարսատիկով կամ հրացանով խփեցին:

- Պարզ է՝ այնքան էլ ինձ հեշտ կյանք չի սպասվում, բայց դե մեռնելուց լավ է...

Առավոտյան Հակոբենց տանը սուգ էր: Կինը՝ Նարինեն զարթնելով՝ ամուսնուն մեռած գտավ: Ագռավը, Հակոբենց ննջասենյակի պատուհանին մոտ գտնվող, ծառի ճյուղին նստած, ուշադիր լսում էր, թե ինչպես է Հակոբի կինը լաց լինում:

Ճիշտն ասած, Հակոբն, իրոք, մահացել էր, քանի որ նրա հոգին դուրս էր եկել մարմնից: Ոչ ոք չգիտեր, որ ագռավն էր մարմնավորում նրա հոգին, այլ կերպ ասած, նա շարունակում էր ապրել, բայց ագռավի մարմնում:

Ագռավը ներկա էր Հակոբի թաղմանը: Նա թառել էր մոտակա ծառի գագաթին՝ ճիշտ Հակոբի կնոջ գլխավերևում: Երբ Հակոբի մարմինն իջեցրին գերզմանափոսը, նա երեք անգամ կռնչաց: Թաղման բոլոր մասնակիցներն ակամա վեր նայեցին և տեսան ագռավին: Նարինեն շատ զարմացավ՝ տեսնելով ագռավին. նրան թվաց, թե դա հենց նույն այն ագռավն է, որ Հակոբի մեռնելուց ի վեր չի հեռանում, իրենց ննջասենյակի պատուհանին մոտիկ գտնվող, ծառի վրայից:

Անցավ մի շաբաթ: Նարինեն նկատել էր, որ երբ ննջասենյակն օդափոխելիս պատուհանն էր բացում, ագռավն ավելի էր մոտենում պատուհանին, կարծես՝ ուզում էր ներս նայել: Նարինեն այդ մասին պատմեց իր մտերիմ ընկերուհուն, իսկ նա հանդիմանեց նրան.

- Հեռու քշի՛ր դրան՝ այդ չարագուշակին, քո դարդը քեզ հերիք չի՞:

Նարինեին ընկերուհու ասածը դուր չեկավ՝ նա արդեն սովորել էր ագռավի կողմից ցուցաբերած ուշադրության նշաններին: Նարինեն նկատել էր, որ ագռավին, հատկապես՝ դուր էր գալիս իրեն դիտելը, երբ ինքը՝ իր զարդասեղանի առջև հարդարվում էր, բայց չէ՞ որ Հակոբն էլ էր դա սիրում… Ագռավը հիշեցնում էր ամուսնուն: Նարինեն մի քիչ ամանով ջուր և հացի փշրանքներ դրեց պատուհանի գոգին՝ սենյակի ներսի կողմից և դուրս եկավ սենյակից: Երբ քիչ անց վերադարձավ, ագռավն արդեն կերել էր հացի փշրանքները և, ըստ երևույթին, մի քիչ էլ ջրից էր խմել: Ագռավը տեսնելով Նարինեին՝ չթռավ, այլ անշարժ կանգնեց տեղում ու գլուխը մի փոքր թեքած՝ ուղիղ նայեց նրա աչքերի մեջ: Այդպես՝ գլուխը մի փոքր թեքած, ուղիղ նրա աչքերի մեջ նայելու սովորություն ուներ Հակոբը… Նարինեն հուզվեց և լացակումաց ասաց.

- Դու՛, էլի արի՛, ես քեզ կկերակրեմ:

Նարինեին թվաց, որ ագռավը թռչելուց առաջ գլխով արեց՝ որպես համաձայնության նշան: Հաջորդ օրը պատուհանի գոգին մի զույգ ոսկյա ականջօղեր էին դրված: Մոտենում էր Նարինեի ծննդյան տարեդարձի օրը: Նրան հայտնի էր, որ Հակոբը նախօրոք իր համար ականջօղեր էր գնել այդ առթիվ, սակայն ցույց չէր տվել, որպեսզի անակնկալ մատուցեր նրան: Ոչ ոք չգիտեր ականջօղերի տեղը, բացի Հակոբից: Միթե՞ ագռավին հայտնի էր Հակոբի թաքստոցը:

Երկու օր անց, ճիշտ նրա ծննդյան տարեդարձի օրը, Նարինեն երեկոյան շատ սպասեց ագռավին, բայց նա չեկավ: Նարինեն, հոգնած սպասելուց, անկողին մտավ և խորը քուն մտավ:

Առավոտյան, երբ լույսը բացվեց՝ նա, արևի շողերի պատճառով կկոցելով աչքերն, իր առջև տեսավ ամուսնուն՝ Հակոբին, մի մեծ մատուցարան ձեռքին, որը ճոխ զարդարված էր զանանզան մրգերով, թանկարժեք շոկոլադներով, երկու գավաթ սուրճով, երկու բաժակ շամպայնով, մեկ հատ կարմիր վարդով և մի զույգ ոսկյա ականջօղերով:

- Բարի լույս, սիրելիս, - ժպտալով ասաց Հակոբը, - ծնունդդ շնորհավոր: Այսքան երկար դեռ երբեք չէիր քնել: Լավ հանգստացա՞ր, քաղցրի՛կս:

Կալիֆորնիա, Գլենդեյլ

28 հունվարի, 2016թ.

Saturday, January 23, 2016

Քաղաքավարության կոչ

Մարդիկ հաճախ են քաղաքավարության զոհ դառնում: Դա, հատկապես շատ հմտորեն և հումորով է ներկայացված մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Քաղաքավարության վնասները» պատմվածքաշարում, որտեղ քաղաքավարի մարդկանց վարվելակերպի չարաշահման բազմաթիվ դեպքեր են շատ պատկերավոր նկարագրված, բայց հաճախ էլ հակառակն է լինում՝ հանդիպում են  քաղաքավարությունից զուրկ մարդիկ, որոնց ի ցույց են դնում իրենց անքաղաքավարության համար: Ահա, այսպիսի մի դեպք պատահեց Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի Համայնքային Քոլեջում, որտեղ սովորում էր Գալուստը:

Գալուստը՝ որպես ցածր եկամուտ ունեցող ներգաղթյալ ոչ միայն անվճար էր սովորում քոլեջում, այլ նաև մի զգալի ֆինանսական օգնություն էր ստանում կառավարության կողմից: Նա արդեն մի քանի կիսամյակ սովորել էր քոլեջում, որտեղ սովորելն այնքան էլ հեշտ չէր, քանի որ դասախոսներն, առաջնորդվելով խստապահանջ ուսումնական ծրագրերով, չափազանց շատ էին ծանրաբեռնում ուսանողներին մեծածավալ տնային առաջադրանքներով, ինքնուրույն և խմբակային հետազոտական աշխատանքներով, հաճախակի հանձնվող թեստերով և քննություններով… նա ավարտելով «Անգլերենը՝ որպես երկրորդ լեզու» ֆակուլտետի բոլոր դասընթացներն, արդեն հաճախում էր «Անգլերեն լեզվի» ֆակուլտետի դասընթացներն, ինչպես նաև հայոց պատմության, հայոց լեզվի, փիլիսոփայության, առողջապահական խնդիրների, իսպաներենի, մաթեմատիկայի, համակարգչային հրատարակման, երաժշտության գնահատման դասընթացներին… իհարկե, բոլոր դասընթացների ուսուցումը, ներառյալ նաև հայոց պատմությանը, բացառությամբ հայոց լեզվի, ընթանում  էր անգլերեն լեզվով:

Գալուստը, հատկապես մեծ տպավորություն էր ստացել և օգուտ քաղել երաժշտության գնահատման դասընթացից, որի շնորհիվ նա կարողացել էր վերջապես գրեթե լիարժեք հաճույք ստանալ երաժշտություն լսելիս: Մինչև այդ դասընթացը հաճախելը, նա երաժշտությունից բավարար գիտելիքներ չունենալու պատճառով, միգուցե 25-30 տոկոսի չափով էր ընկալում լսածը, իսկ դասընթացն ավարտելուց հետո՝ մոտ 60-70 տոկոսը: Նա ափսոսում էր, որ Հայաստանում չկան նման դասընթացներ, որովհետև, ամենայն հավանականությամբ, շատերը կուզենային հաճախել...

Դասասենյակում դրված էր դաշնամուր և էլեկտրոնային, ստեղնային, երաժշտական գործիք, որի վրա նվագելիս գրատախտակի վերևում տեղադրված նոտաների էլեկտրոնային ցուցապաստառի վրա վառվում էին տվյալ մեղեդու հնչյուններին համապատասխանող նոտանները: Դասախոսը յոթանասուն անց, բարձրահասակ, նիհար մի հրեուհի էր, որի ամուսինը հայ էր և նույնպես երաժիշտ՝ ջութակահար. նա նվագում էր Լոս Անջելեսի սիմֆոնիկ նվագախմբում: 

Առաջին դասին տիկին Բալյանը ծանոթացավ ուսանողների հետ և ներկայացրեց ուսումնական ծրագիրը: Այնուհետև, նա կարծիք հայտնեց, թե ինչքան կարևոր ազդեցություն կարող է ունենալ երբեմն այս կամ այն  նշանավոր կոմպոզիտորի կյանքի հետ կապված զգացմունքային դրվագները՝ նրա ստեղծագործությունների որակի վրա: Նա պատմեց, օրինակ, որ գերմանացի հռչակավոր կոմպոզիտոր՝ Լյուդվիգ Բեթհովենը հավանաբար չէր ստեղծի «Լուսնի սոնատը», եթե չսիրահարվեր իր տասնվեցամյա ուսանողուհուն, կոմսուհի՝ Ջուլիետա Գույչիարդիին և, եթե խնդրելով նրա ձեռքը, նրա հայրը չմերժեր նրան: Իբր այդ օրը Բեթհովենը, չափազանց վշտացած ու հուզախռով լինելով, գիշերը լուսնի լույսի ներքո, գրել էր այդ բացառիկ գեղեցիկ երաժշտությունը... ըստ երկրորդ վարկածի, նա նվագել է այդ ստեղծագործությունը մի կույր աղջկա համար, նրան այդ կերպ նկարագրելով լուսնի լույսը... ըստ երրորդ վարկածի, որը շատ նման է երկրորդին, նա այդ տեղծագործությունը նվագել է մի կույր աղջկա և նրա եղբոր համար և հանկարծ լուսնի լույսն ընկել է Բեթհովենի նոտաների վրա, և այդ պատաճառով էլ նա այն անվանել է «Լուսնի սոնատ»... ըստ չորրորդ վարկածի, այդ ստեղծագործությունը սկզբում ուրիշ անունով է կոչվել, և միայն 1830թ.-ից հետո է այն անվանվել «Լուսնի սոնատ», շնորհիվ բանաստեղծ և երաժշտական գրաքննադատ՝ Ռելսթաբի, որի պատկերացմամբ այն արտահայտում է լուսնի արտացոլումը Լուցերն լճում... 

Դասախոսության ընթացքում անընդհատ ուշացած ուսանողներ էին մտնում լսարան, որոնք զգուշությամբ և անաղմուկ ազատ նստարաններ գտնելով, զբաղեցնում էին իրենց տեղերը: Ուշացած ուսանողները, որպեսզի չխանգարեն տիկին Բալյանին, գրավում էին լսարանի աջակողմյան և ձախակողմյան թևերում գտնվող ազատ նստարանները, բայց ո՛չ մեջտեղի շարքերինը, քանի որ այդ դեպքում պետք է անցնեին դասախոսի առջևով և կխանգարեին նրան:

Հաջորդ օրինակը ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր՝ Հեկտոր Բերլիոզի «Ֆանտաստիկ» սիմֆոնիայի ստեղծման մասին էր: Պարզվում է, որ Բերլիոզը անհույս սիրահարված է եղել մի իռլանդացի դերասանուհու՝ Հարիետ Սմիթսոնին, որը եկել էր Փարիզ հյուրախաղերի: Բերլիոզը բազմաթիվ նամակներով և ծաղկեփնջերով իր բուռն սերն է արտահայտում նրան, բայց մնում է անպատասխան... նա հուսահատ ու տանջահար գրում է այդ ստեղծագործությունը, որը բաղկացած է հինգ մասից...

Նորից լսարանի դուռը բացվեց և ներս եկավ վերջին ուշացած ուսանողուհին: Նա համարձակ ու առույգ քայլերով, անցնելով տիկին Բալյանի առջևով, մոտեցավ միջին շարքերից մեկին և աղմուկով նստեց հենց առաջին շարքում գտնվող ազատ նստարանին՝ տիկին Բալյանի դիմաց, Գալուստի նստարանի կողքին: Նա շատ գեղեցիկ էր՝ սպիտակամաշկ, գեղեցիկ դիմագծերով, բարեկազմ մարմնով՝ կլիներ քսանյոթ-քսանութ տարեկան, հագել էր կապտավուն նախշերով մի թեթև շրջազգեստ... Գալուստը նայելով նրան, չէր կարողանում հայացքը կտրել նրանից, հաճախակի նայելով նրա սիրունիկ դեմքին կամ էլ իրար վրա նրբագեղորեն դրված նրա հմայիչ ու մերկ ոտքերին...

Տիկին Բալյանը կարճ դադարից հետո շարունակեց իր պատմությունը: Նա ասաց, որ «Ֆանտաստիկ» սիմֆոնիայի առաջին մասում անհույս սիրահարված երիտասարդ երաժիշտը որոշում է ինքնասպան լինել մեծ չափաբաժնով օփիում օգտագործելով, սակայն նա չի մեռնում, այլ խորը քուն է մտնում և երազում տեսնում է իր սիրած կնոջը... երկրորդ մասում նա գտնվում է պարահանդեսում, որտեղ հանդիպում է նաև իր սիրեցյալին... երրորդ մասում գյուղական մի տեսարան  է, և  երկու սրինգահար հովիվներ իրար են կանչում, ծառերը թեթևակի ճոճվում են քամուց, իսկ երիտասարդ երաժիշտը երջանկության զգացում է ունենում: Հանկարծ նա տեսնում է իր սիրեցյալին և անհանգստության զգացում է ապրում, որ սիրված չէ: Արևը մայր է մտնում և հեռվում լսվում է ամպրոպի ձայն... չորրոդ մասում նա, զայրութի պահին, սպանում է իր սիրեցյալին, և նրան դատապարտում են մահվան գիլյոտինի միջոցով... հինգերորդ մասում վհուկների խնջույքն է, որտեղ ներկա են նաև ուրվականներ ու հրեշներ և, իհարկե, Հարիետը: Մահապատժի ենթարկված երաժշտին թաղում են, լսվում է նրա սիրեցյալի անդուր ձայնը, ով պարում է թաղման երաժշտության ներքո...

Գալուստը չափազանց հետաքրքրված, թե ի՞նչպես ավարտվեց Բերլիոզի անպատասխան և հուսահատ սիրո պատմությունը, հարցրեց.

- Իսկ ի՞նչ եղավ Հարիետը:

- Հարիետն, իմանալով կոմպոզիտորին այդքան մեծ հռչակ բերող ստեղծագործության մասին, վերջիվերո սկսեց ուշադրության նշաններ ցուցաբերել, և շուտով նրանք ամուսնացան, բայց այդ ամուսնությունը երջանկություն չբերեց Բերլիոզին. մի քանի տարի անց նրանք բաժանվեցին...   

Դասի վերջում տիկին Բալյանը գրանցեց ուշացած ուսանողներին, կարդալով վերջին ուշացած ուսանողուհու անունը՝ Մելիքյան Սիրանույշ և, նայելով նրա դեմքին, ասաց.

- Դուք գիտե՞ք, որ համաձայն քոլեջի կանոնների՝ երեք ուշացումը համարվում է մեկ բացակայություն, իսկ երեք բացակայության դեպքում զրկվում եք դասընթացը հաճախելու իրավունքից: Ես դեմ եմ բացակայություններին, աշխատե՛ք, չբացակայե՛լ, բայց ավելի մեղմ եմ վերաբերվում ուշացումներին, քանի որ հասկանում եմ, որ երբեմն դա անկախ Ձեր կամքից է ստացվում: Սակայն, ես Ձեզ խնդրում եմ քաղաքավարություն ցուցաբերել ուշանալիս՝ անաղմուկ և աննկատ ներս մտնել և ոչ մի դեպքում չանցնե՛լ իմ առջևով, պարզ է ՞...

Այդ ասելով, նա կանգնեց Սիրանույշի առջև և ուղիղ նայեց նրա աչքերի մեջ: Բոլոր ուսանողները միաձայն ասացին.

- Այո՛, - բացի Սիրանույշից:

Նա միայն ամուր սեղմեց շրթունքները: Գալուստը չկարողացավ իրեն զսպել և շշնջաց.

- Գոնե ներողություն խնդրեիր:

Սիրանույշը չհետևեց նրա խորհրդին, այլ ավելի ամուր սեղմեց շրթունքները: Գալուստին թվաց, որ աղջիկն այնքան էլ գեղեցիկ չէ, ինչպես երևացել էր նրան դասի սկզբում...


Երևան, Հայաաստան
20 հունվարի, 2016թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...