Wednesday, November 19, 2014

Փոքրիկ աղջիկը և արդարությունը


Փոքրիկ աղջիկը հարցնում է հորը.
- Հայրի՛կ, որ դու  գնում ես աշխատանքի ի՞նչ ես անում:
- Փող եմ աշխատում:
-Փողն ինչի՞ համար է:
- Փողով մենք հաց ենք առնում, քեզ համար խաղալիքներ ու հագուստ, շոկոլադ, որ դու ուտես, մեծանաս:
- Հայրի՛կ, փողն ուրեմն լավ բան է՞:
- Ա՛յո, լավ բան է, ինչպես տեսնում ես:
- Հայրի՛կ, մենք շատ փող ունե՞նք
- Ո՛չ, բալիկս
- Ինչու՞ հայրիկ
- Չունե՛նք բալիկս:
- Որովհետև դու քիչ ես աշխատու՞մ:
- Ո՛չ, բալի՛կս. ես ամեն օր գնում եմ աշխատանքի, դու գիտե՛ս:
- Բա ինչու՞ մենք շատ փող չունենք:
- Չգիտեմ:
- Բա ինչու՞ ուրիշները շատ փող ունեն:
- Չգիտեմ:
- Հայրի՛կ, որ մեծանամ, ես էլ եմ աշխատելու՞:
- Ա՛յո, բալիկս:
- Ես շատ փող կունենա՞մ:
- Բայց ինչու՞ ես ուզում շատ փող ունենալ:
- Ուզում եմ միշտ շատ լավ բաներ գնելՀայրի՛կ, ամենալավ բանը փողն է՞:
- Ո՛չ:
- Բա ի՞նչն է:
- Արդարությունը, ազնվությունը
- Արդարությունն ի՞ նչ է, հայրի՛կ
- Բալի՛կս, դա շատ դժվար է բացատրելԵթե մի քանի խոսքով ասենք, դա երբ ուրիշի փողը կամ նրա փողով գնած բարիքները չեն խլում
- Բայց դա գողություն է չէ, հայրի՛կ:
- Ա՛յո, նաև գողություն, բայց անարդար մարդիկ և գողերն ունեն իրենց պատճառներն անարդար լինելու համար:
- Հայրիկ բա ազնվությունը որն է՞:
- Է՜հ, բալի՛կս, դու այսօր շատ դժվար հարցեր ես տալիս. Միգուցե՞, գնաս քնելու
- Ինչու՞, հայրի՛կ:
- Որ մեծանա՛ս, արդար մարդ դառնա՛ս և չխլե՛ս ուրիշի ունեցածը


Կալիֆորնիա, Գլենդել
16 նոյեմբեր 2014թ.



Sunday, November 16, 2014

Կոբրա


Ես Անդրեյ Պոտապիչ Բարկովն եմ, ազգությամբ՝ ռուս: 1985թ.-ին ավարտելով Կալուգայի զինվորական ուսումնարանը, ստանալով կրտսեր լեյտենանտի կոչում՝ գործուղվել էի Աֆղանստան՝ ծառայությունս այնտեղ շարունակելու նպատակով:  
            
Աֆղանստանը զգալիորեն զիջում է Ռուսաստանին իր բնապատկերների գեղեցկությամբ ու մեծ բազմազանությամբ: Աֆղանստանում չկան հորդառատ գետեր ու գետակներ, ընդարձակ և կանաչապատ հարթավայրեր, խիտ ու փարթամ ընդարձակ անտառներ, զմայլելի ու ձկնառատ լճեր, անծայրածիր ծովեր… Այստեղ գերիշխում են լեռներն ու անապատային սարահարթերը: Աֆղանստանում է գտնվում հրաշագեղ Հինդուկուշ լեռնային համակարգն՝ իր հավերժ սառցալանջերով՝ հովհարաձև ձգվելով դեպի Պակիստան ու Հնդկաստան:
            
Մեր վաշտը գտնվում էր Աֆղանստանի, ավելի քան երեք միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաքում՝ Քաբուլում, որը գտնվում է Քաբուլ գետի հովտում: Վաշտի համար ստեղծված էին բոլոր բանակային անհրաժեշտ պայմանները: Ինձ՝ իմ դասակի հետ միասին հրամայված էր պաշտպանել մայրաքաղաքից մի փոքր հեռավորության վրա գտնվող, Ասմաի կոչվող բարձունքներում, մարտավարական մեծ նշանակություն ունեցող հինավուրց բերդը: Այստեղից մեր թշնամիները՝ «դուշմանները», ինչպես մենք էինք անվանում նրանց, կարող էին թափանցել քաղաք և նվաճել այն: Մեզ հրամայված էր նաև նրանց նկատելուն պես անմիջապես ռադիոկապով տեղեկացնել մեր վաշտի հրամանատարությանը: Մեր դասակի գաղտնանունը «Կալուգա» էր, քանի որ ես Կալուգայից էի, իսկ վաշտինը՝ «Բայկալ»: «Կալուգան» պարտավոր էր գիշեր-ցերեկ, երկու ժամը մեկը, զեկուցել «Բայկալին» մարտական իրադրության մասին:     
            
1978թ. Ապրիլյան հեղափոխությունից հետո կառավարության ղեկավարն էր դարձել համայնավար գրող՝ Նուր Մուհամեդ Թարաքին: Սակայն, շուտով, համայնավար մյուս առաջնորդի՝ Ամինի և Թարաքիի միջև սուր պայքար սկսվեց: Արդյունքում Թարաքին հեռացվեց պաշտոնից և գնդակահարվեց: Խորհրդային Միությունը ցանկանալով ամրապնդել համայնավարական ռեժիմը Աֆղանստանում 1979թ. վերջին զորք մտցրեց այնտեղ: Պատերազմ սկսվեց համայնավարների և նրանց հակառակվող ապստամբների միջև: Ապստամբների մեծ մասը կռվում էր՝ հանուն մահմեդականներին միավորող սրբազան պատերազմի՝ «ջիհադի»: Ապստամբներին կոչում էին «մոջահեդներ», այսինքն՝ հավատի մարտիկներ: Աֆղանստանի տարածքների մեծ մասը վերահսկվում էր հենց «մոջահեդների» կողմից:
            
Փաստորեն մեր թշնամիները մոլեռանդներ էին և շատ վտանգավոր: Նրանց դաժանության մասին փաստող պատմություններ շատ կային: Մեր վաշտի քաղղեկ՝ Բահրամ Ջահանդարիչը, ով ազգությամբ տաջիկ էր, մեզ անընդհատ տեղյակ էր պահում «մոջահեդների» նորանոր հնարքների և որոգայթների մասին, որպեսզի մենք զգոն լինեինք և անտեղի չզոհվեինք:
            
Աֆղանստանում շատ կան նաև թունավոր օձեր՝ կոբրաներ, գյուրզաներ, էֆաներ, ինչպես նաև կարիճներ և մորմեր, որոնց խայթոցները պակաս վտանգավոր չեն մարդկանց համար: Մեր քաղղեկը սովորեցնում էր զգուշանալ նաև այս ոչ պակաս վտանգավոր սողուններից ու միջատներից:  
            
Իմ ծառայությունը սպասվածից ավելի հեշտ էր անցնում: Ավելի քան երեք ամիսների ընթացքում, որ ես այստեղ էի, ոչ մի արտառոց դեպք տեղի չէր ունեցել: Ուտելիքն առատ էր. մեզ լավ էին կերակրում: Միակ դժվարությունը կարոտն էր. ես կարոտում իմ սիրած աղջկան՝ Լիդիային, ով խոստացել էր սպասել ինձ մինչև իմ վերադարձը Կալուգա… Շատ էի կարոտում նաև եղբորս և, իհարկե՛, ծնողներիս… Օրերը միապաղաղ էին անցնում և ձանձրալի: Մենք բոլորս անհամբեր սպասում էինք հինգշաբթիներին, որովհետև այդ օրերին ժամանում էր վաշտի կինոմեխանիկը և մեզ համար խորհրդային արտադրության, գեղարվեստական կինոնկարներ էր ցուցադրում,  հիմնականում՝ կինոկոմեդիաներ: Մնացած օրերին, ազատ ժամանակ կա՛մ գիրք էինք կարդում, կա՛մ էլ ռադիո լսում: Բարեբախտաբար երեկոյան ժամերին, միջին ալիքով, բավական հստակ հնարավոր էր որսալ «Մայակ», ռուսական ռադիոկայանի հաղորդումները, որտեղից էլ իմանում էինք նորությունները և երաժշտություն ունկնդրում: Չնայած այս բոլորին՝ միևնույն է՝ ձանձրալի էր, սոսկալի ձանձրալի…
            
Ես սկսեցի խմել... Գրեթե ամեն երեկո մեր դասակի բուժակի հետ ջրախառն բժշկական սպիրտ էինք խմում, երբեմն էլ՝ հարբում… Մի օր, ըստ երևույթին, սովորականից շատ էի խմել և գիտակցությունս գրեթե անջատված, գլուխս դրած բուժկետի սպիտակ սեղանին, քնել էի: Բավական երկար քնելուց հետո արթնացա: Կոկորդումս խիստ չորություն զգալով, թերմոսից մի մեծ բաժակ ջուր լցրեցի ու անհագորեն սկսեցի խմել: Պետք է ասեմ, որ այստեղի խմելու ջուրը բավականին համեղ է ու սառը, չէ որ ակունքները լեռներում են: Այդպիսի որակյալ ջուր ես երբեք չէի խմել իմ հայրենիքում: Միաժամանակ զգացի, որ մրսում եմ: Քանի որ այստեղի հողն անապատային ու քարքարոտ՝ չի կարողանում ջերմություն կուտակել իր մեջ օրվա ընթացքում, երբ արևն անխնա այրում է երկնակամարից: Այդ պատճառով էլ երեկոները և հատկապես գիշերները բավականին ցուրտ են նույնիսկ ամառվա ամիսներին: Ես առանց լույսը վառելու, որպեսզի չարթնացնեմ բուժակին, վերցրեցի իմ զինվորական բաճկոնը և դուրս եկա բուժկետից: Դրսում ցուրտ էր և մութ, քանի որ երկինքն ամպամած էր և գիշերվա գլխավոր լուսատուն՝ լուսինը չէր երևում: Միզափամփուշտս ուղղակի տրաքում էր… Ես ակամա հիշեցի մի հին անեկդոտ: Որեմն, հային, վրացուն և ռուսին տալիս են նույն հարցը, թե ո՞րն է ամենամեծ հաճույքը: Հայն ասում է.
            
- Ամենամեծ հաճույքն ամբողջ գիշերը մի հմայիչ ու կրքոտ աղջկա հետ անկացնելն է:
            
Վրացին ասում է.
             
- Ամենամեծ հաճույքն ամբողջ գիշեր ընկերներով գինի խմելն ու վրացական երկար ու ձիգ երգեր երգելն է:
            
Ռուսն ասում է.
            
- Դուք չգիտեք, թե ո՞րն է ամենամեծ հաճույքը: Ամենամեծ հաճույքն այն է, երբ ամբողջ գիշեր քարշ ես գալիս մի գարեջրատնից մյուսը և միայն առավոտյան դատարկում ես միզափամփուշտդ…
            
Ես «ամենամեծ հաճույքը» վայլելելիս, հանկարծ գլխիս մի ուժգին հարված ստացա և կորցրեցի գիտակցությունս:
            
Երբ աչքերս բացեցի, արդեն լույսը բացվել էր: Ձեռքերս ու ոտքերս կապկպված էին: Գլուխս անտանելի ցավում էր: Տեսնելով, որ ուշքի եկա, մի քանի հոգի անմիջապես մոտեցան ինձ: Նրանք բոլորը կրում էին ամերիկյան արտադրության կարճակոթ հրացաններ, բայց համազգեստներով չէին: Ըստ երևույթին Միացյալ Նահանգները նրանց օգնում էին միայն զինամթերքով, բայց ոչ հանդերձանքով: Նրանք, ինձ ուշադիր զննելուց հետո, սկսեցին խոսել միմյանց հետ, ամենայն հավանականությամբ փուշտու լեզվով: Ընդհանրապես աֆղաններն իրենց  անվանում են փուշտուներ, այլ ոչ թե աֆղաններ, ինչպես մենք ենք նրանց անվանում: Նրանք բռնություն չկիրառեցին իմ նկատմամբ: Դեռ ավելին, նրանք ինձ նայում էին մի տեսակ զարմանքով և նույնիսկ կարեկցանքով: Որոշ ժամանակ անց մեզ մոտեցավ մի ուրիշ «մոջահեդ», որն ըստ երևույթին նրանց հրամանատարն էր: Նա հիասթափված նայեց ինձ ու զայրացած ինչ-որ բան ասաց նրանց:  Քիչ անց ես հասկացա նրա զայրութի պատճառը, չնայած ոչ մի բառ չէի հասկանում նրանց լեզվով. գիշերը ես սխալմամբ, մթան պատճառով, հագել էի բուժակի բաճկոնն իմ սպայականի փոխարեն: Նրանց սպա էր պետք, որպեսզի տեղեկություններ կորզեին վաշտի մասին… 
            
Հրամանատարի կարգադրությամբ իմ կապանքները քանդեցին և ինձ զգուշությամբ իջեցրին փոսը, որը մոտավորապես վեց մետր խորությամբ և չորս քառակուսի մետր մակերեսով զնդան էր, որտեղ նրանք պահում էին իրենց գերիներին: Ես, մնալով միայնակ, սկսեցի վերլուծել իրադրությունը. «Առաջին հանդիպումն անցավ բռնությամբ, քանի որ գլխիս ուժգին հարված ստանալով՝ ես բավականին երկար ժամանակով կորցրել էի գիտակցությունս: Երկրորդ հանդիպումն անցավ առանց բռնության: Տեսնենք՝ ի՞նչ է ինձ սպասվում երրորդ հանդիպման ժամանակ»:
            
Անցավ մի քանի ժամ: Ես սաստիկ ծարավ էի և քաղցած, բայց ծարավն ինձ ավելի էր տանջում: Անցավ ևս մի ժամ. ինձ կարծես մոռացել էին: Վերջապես փոսի եզրին երևաց նրանցից մեկը և պարանով մի շիշ ջուր իջեցրեց ինձ համար, բայց ոչ ուտելիք և լռելայն հեռացավ: Ես, խմելով գրեթե շշի կեսը հագեցրի ծարավս և կարծես գլախացավս էլ մի փոքր մեղմացավ: Զարմանալի էր՝ նրանք լավ էին վարվում ինձ հետ, բայց այդ դեպքում ինչու՞ ուտելիք չէին բերում: Ինչևիցե, երրորդ հանդիպումն էլ առանց բռնության անցավ:
            
Երեկոյան, երբ արևը նոր էր սկսել մայր մտնել, երևացին երկու հոգի: Նրանք չափազանց մեծ զգուշությամբ պարանով, գրեթե դատարկ մի պարկ իջեցրին փոսի մեջ, իրենց լեզվով խոսեցին ինձ հետ և գնացին: Նրանց ասածներից ես, իհարկե, ոչինչ չհասկացա, բացառությամբ «Ալլահ» բառի, որը խոսակցության մեջ կրկնվեց երեք անգամ: Թե ի՞նչ էին ուզում նրանք ասել, ես հասկացա մի փոքր անց, քանի որ պարկի միջից դանդաղ սողալով մի մեծ օձ դուրս եկավ…Դա ակնոցավոր (կամ հնդկական) կոբրա էր, որին ես անմիջապես ճանաչեցի Բահրամ Ջահանդարիչի կողմից տրված մանրամասն նկարագրություններից: Փաստորեն «մոջահեդներն» ինձ դատապարտել էին մահվան, իսկ մահապատիժը պետք է ի կատար ածվեր չափազանց թունավոր հնդկական կոբրայի միջոցով: Այսպիսով, չորրորդ հանդիպման ժամանակ ես դատապարտվեցի մահվան:
            
Հասկանալով, որ մահն անխուսափելի է, ես ակամա սկսեցի հիշել իմ կյանքի անցած տարիները, որոնք այնքան էլ շատ չէին՝ ընդամենը քսաներկու… Հիշեցի իմ բարի ծնողներին, որոնք ջանք ու եռանդ չէին խնայել ինձ ու եղբորս մեծացնելու ու դաստիարակելու համար, հիշեցի եղբորս, որին ես միշտ աշխատում էին նմանվել և, իհարկե՛, իմ սիրունիկ Լիդիային, որին ես անչափ սիրում էի…
            
Ես վերհիշեցի օձի խայթոցի հետևանքով առաջացած ախտանիշները, ինչպես մեզ սովորեցրել էր մեր քաղղեկը՝ Բահրամ Ջահանդարիչը՝ ցավ խայթոցի տեղում, այտուցվածություն և կարմրություն խայթոցի շուրջը, դժվար շնչառություն, սրտխառնոց և փսխում, մշուշված տեսողություն, առատ քրտնարտադրություն և թքարտադրություն, ինչպես նաև թմրություն դեմքի և վերջույթների վրա: Մի խոսքով՝ դժվար և տանջալի մահ…
            
Ես նստել էի ծալապատիկ, արևելյան ձևով, որպեսզի ոտքերս հնարավորին չափով հեռու գտնվեին օձից: Արդեն մթնում էր, սակայն օձն ինձ վրա ուշադրություն չէր դարձնում: Քունս տանում էր, բայց ես չէի քնում, քանի որ ամեն վայրկյան օձը կարող էր հարձակվել վրաս: 
            
Հանկարծ օձը դանդաղ սողալով սկսեց մոտենալ ինձ, սակայն ակնհայտ էր, որ թշնամաբար չէր տրամադրված իմ նկատմամբ, հակառակ դեպքում կբարձրանար ամբողջ իրանով մեկ՝ ցույց տալով «տափակած պարանոցի»  վրա գտնվող ակնոցանման մուգ բծերը և կֆշշացներ ինձ վրա՝ հարձակումից առաջ: Օձը կամացուկ եկավ և ոլորվելով հարմարավետ տեղավորվեց իմ ծնկներին… Խեղճ կենդանին մրսում էր և տաքուկ տեղ էր փնտրում գիշերելու համար…
            
Ես ահավոր վախեցած էի, բայց միևնույն ժամանակ արդեն համակերպվել էի իմ դժբախտ ճակատագրի հետ: Ես չէի քնում, չնայած քունս ահավոր տանում էր, քանի որ մտավախություն ունեի, որ քնած ժամանակ մի անզգույշ շարժում կանեի և դրանով կդրդեի կենդանուն ինձ վնաս տալու: Ես քիչ, բայց հույս էի տածում, որ կենդանին լույսը բացվելուց հետո նույն կերպ, այսինքն դանդաղ սողալով կհեռանա ինձնից: Բարեբախտաբար, այդպես էլ եղավ, և ես, ահավոր լարված և անքուն լինելով, խորը քուն մտա:
            
Երբ զարթնեցի, արևն արդեն երկնակամարում էր, իսկ իմ գլխավերևում մարդիկ էին կանգնած, որոնք բարձր-բարձր խոսելով ոգևորված խոսում էին: Նրանց խոսակցության մեջ հաճախակի կրկնվում էր «Ալլահ» բառը: Նրանք զարմացած էին, որ օձն ինձ չէր խայթել և ես դեռ կենդանի էի: Նրանք ինձ դուրս քաշեցին փոսից և շարժումներով հասկացրեցին, որ ազատ եմ և ցույց տվեցին, թե որ ուղղությամբ գնամ: Ըստ երևույթին, նրանք տարակուսելով եկել էին այն եզրակացության, որ եթե օձն ինձ չէր խայթել, ուրեմն աստվածահաճո մարդ եմ: Միայն հեռանալիս մոջահեդներից մեկը ցույց տալով ինձ դատարկ պարկը հասկացրեց, որ սոված են և ուտելիք չունեն: Ես նոր հասկացա, թե ինչու՞ ինձ չէին կերակրել նախորդ օրը: «Մոջահեդները» հինգերորդ հանդիպման  ժամանակ ինձ ազատություն շնորհեցին: 
            
Հասնելով մեր դիրքերին, իմ զինվորները, տեսնելով ինձ, շատ ուրախացան, որ ողջ և առողջ եմ: Վաշտի հրամանատարն անձամբ եկավ ինձ տեսնելու: Ես նրան պատմեցի, թե ինչպես են ինձ հետ վարվել և թե ինչպես է եղել, որ ինձ ազատություն են շնորհել: Վերջում խնդրեցի սննունդով օգնել նրանց: Նա մի պահ մտածեց և գլխով անելով, համաձայնվեց:
            
Հաջորդ օրը ես մեր վաշտի բեռնատար ավտոմեքենայով նրանց ուտելիք հասցրեցի: Մոջահեդների զարմանքն ու հիացմունքն անսահման էր: Մոջահեդների հրամանատարը մոտեցավ, ուրախ-ուրախ ինչ որ բան ասաց ինձ և ամուր սեղմեց ձեռքս: Վեցերորդ հանդիպումը «մոջահեդների» հետ բարեկամական էր:
            
Այս բոլոր փորձությունների միջով անցնելով, ես մի շատ կարևոր բան հասկացա՝ փուշտուները վատ մարդիկ չեն, նրանք ունեն իրենց կրոնն ու սովորությունները, որոնք բոլորովին համատեղելի չեն մեր սոցիալիստական գաղափարների հետ: Չնայած մենք ուզում ենք նրանց օգնել, որ ավելի լավ կյանքով ապրեն՝ ապահով զգան իրնց ներկայի և ապագայի համար, բայց չպետք է պարտադրելով անել այդ բոլորը, և վաղ թե ուշ կհասկանա դա նաև Խորհրդային Կառավարությունը: Այդպես էլ եղավ:
            
Մենք՝ ի տարբերություն բրիտանացիների, նվաճողներ չենք, որոնք նախկինում երկու անգամ փորձել են գաղութացնել փուշտուներին:
           
Աֆղանստանը հարուստ է նավթի, գազի, քարածխի, կապարի, ցինկի, ոսկու, երկաթի պաշարներով, բայց ամենամեծ հարստությունը նրա ազատատենչ ժողովուրդն է: Այդպիսի ժողովուրդն իրավունք ունի ապրելու ու կերտելու իր ապագան:


Մարտին Շիրինյան
Կալիֆորնիա, Գլենդել
16 նոյեմբերի, 2014թ.

Sunday, November 9, 2014

«Ատրճանակով» տղան

Նվիրվում է Հայոց Մեծ Եղեռնի
102-ամյա տարելիցին

«ԱՏՐՃԱՆԱԿՈՎ» ՏՂԱՆ

Մռնչաց հերոս Անդրանիկ փաշան,
Զորքը հավաքեց կայծակի նման,
Առյուծի նման իր կորյուններով,
Թուրքերին ջարդեց հազարներով:*

Ես նոր էի յոթ տարեկան դարձել և սեպտեմբերին պետք է առաջին անգամ գնայի դպրոց: Կարծում եմ բոլորն էլ գիտեն, թե դա ինչ կարևոր իրադարձություն է ամեն մի երեխայի կյանքում: Դա խոշոր իրադարձություն էր նաև մեր ընտանիքում:

Առաջինն ինձ դպրոցի համար նախապատրաստեց հորական կողմի տատիկս: Նա Դեր-Զորի անապատով էր անցել՝ իր ամուսնու և ընդամենը երկու տարեկան հորեղբորս հետ և հրաշքով կենդանի մնացել, բայց ճանապարհին կորցրել էր սկեսրոջն ու սկեսրարին… Ամեն անգամ, երբ նա պատմում էր այդ բոլորն իր համով, քաղցրահունչ արևմտահայերենով, գլխաշորի ծայրով ջանասիրաբար սրբելով աչքերից առատորեն հոսող արցունքները, թուրքերին անվանում էր շուն.

- Ա՛դ շուն տաճիկը գիտե՞ք, ինչե՜ր ըրած է մեզի, - այնուհետև գլուխը խրոխտ բարձրացնելով, շտկելով եղեռնի տարիներին «վաստակած» կուզը, քաղցր ձայնով երգում էր հայրենասիրական երգեր՝ գլխավորապես նվիրված Զորավար Անդրանիկին:
            
- Տատի՜կ, - ասում էի ես, - թուրքերը շա՞տ վատն են:
            
- Շա՜տ, տղաս, անոնք մարդ կոչվելու իրավունք չունի՛ն:
            
Մորական կողմի տատիկս, լինելով ջերմեռանդ հավատացյալ, ամենից առաջ ինձ սովորեցրեց «Հայր Մերը», այնուհետև «Գիշերվա Աղոթքը»:  Նա ավարտել էր Օրիորդաց վարժարանը և հրաշալի տիրապետում էր հայերենին, թուրքերենին և բուլղարերենին: Երբ ես երեխա էի՝ ամեն օր քնելուց առաջ պարտադիր ասում էի «Գիշերվա Աղոթքը»՝
Հիմա ես պիտի պառկիմ,
Հիսուս աղոթքս կնեմ քեզի,
Բոլոր մեղքերս դուն ներե
Եվ այս գիշեր զիս պահե,
Թե, որ նորեն չարթնամ,
Տե՛ր, շնորհ ըրե՛,
Քովդ գամ, Ամե՛ն:

            
Կիրակի օրերին նա պարտադիր գնում էր եկեղեցի: Պատարագը վերջանալուց հետո իմ սիրելի տատիկը գալիս էր մեր տուն: Մենք միասին «Հայր Մերն» էինք ասում, և նա եկեղեցուց բերած մասից* մի կտոր իր դողդոջուն մատներով դնում էր բերանս ու ասում.
            
- Կե՛ր, տղաս, ասիգա եկեղեցիեն բերած եմ:
            
Մորական կողմի տատիկս էլ էր Դեր-Զորի «դժոխքով» անցել՝ մեծ մորաքրոջս և քեռուս հետ, որոնք ընդամենը վեց և չորս տարեկան էին այդ ժամանակ…
            
Մայրս փորձում էր ինձ մանկական ոտանավորներ սովորեցնել, բայց իմ գլուխը բացի հայրենասիրական երգերից և աղոթքներից ուրիշ բան չէր մտնում: Նա անհանգստանում էր, որ դպրոցում չեմ կարողանա սովորել, չնայած պարզ թվաբանական գործողությունները շատ շուտ կարողացա յո
րացնել:
            
Ես ամբողջ օրը խաղում էի իմ խաղալիք ատրճանակով: Իհարկե՛, թշնամիները թուրքերն էին: Ես մեկիկ-մեկիկ նրանց կրակում, ոչնչացնում էի՝ քթիս տակ երգելով հորական տատիս սովորեցրած հայրենասիրական երգերը: Ատրճանակը միշտ ինձ հետ էր: Քնելիս սովորություն էի դարձրել ատրճանակս դնել բարձիս տակ: Այն ժամանակվա ատրճանակները շատ լավն էին,  պատրաստված էին մետաղից, իսկ փամփուշտների շարանը մի երկար թղթյա ժապավեն էր, որի վրա որոշակի հեռավորության վրա շատ փոքրիկ, թույլ պայթուցիկ բարձիկներ էին տեղադրված: Ամեն անգամ ատրճանակի ձգանը ձգելիս՝ հարվածից թեթևակի ծուխ արձակելով, պայթում էր հերթական բարձիկը: Կրակելիս նույնիսկ վառոդի հոտ էր գալիս:  
            
Դպրոց գնալուն մնացել էր ընդամենը մեկ շաբաթ ու ես հիվանդացա: Ջերմում էի, կոկորդս էր ցավում և սրտխառնոց ունեի: Երկու օր էր տաքությունս չէր իջնում: Հորեղբայրս, միաժամանակ նաև քավորս, գնաց բժիշկ Կարոյին բերելու, որին դեռ Հունաստանից էր ճանաչում: Բժիշկ Կարոն նայեց կոկորդս, չափեց մարմնիս ջերմաստիճանը, լսեց թոքերիս և սրտիս աշխատանքն ու եզրակացրեց, որ հիվանդ եմ անգինայով: Դեղեր նշանակեց և գնաց: Գիշերը բարձր ջերմաստիճանի պատճառով սկսեցի զառանցել: Մայրս վախեցավ և շտապ օգնություն կանչեց: Շտապ օգնության բժիշկն ինձ զննելուց հետո նույն եզրակացությանը եկավ, ինչ բժիշկ Կարոն, բայց քանի որ քաղաքում դիֆտերիայի դեպքեր էին գրանցվել, իսկ դիֆտերիայի դեպքում նույն ախտանիշներն են երևան գալիս, ինձ տարան Սարի Թաղի «Սուր վարակիչ» հիվանդանոցը:  Դիֆտերիան սուր վարակիչ, կյանքի համար վտանգավոր հիվանդություն է։ Դիֆտերիայի հարուցիչներն արտադրում են թունավոր նյութեր, որոնք ախտահարում են ամբողջ մարմինը, գլխավորապես՝ սիրտը, նյարդային համակարգը, երիկամները և վերին շնչուղիները։ Դիֆտերիան, եթե վաղ չհայտնաբերվի ու չբուժվի, կարող է մահվան պատճառ դառնալ:
            
Քանի որ կասկածվող հիվանդությունը վարակիչ էր, մորս թույլ չտվեցին մնալ ինձ հետ: Ամենից առաջ վերցրեցին իմ հագուստներն ու այրեցին, որովհետև կարող էին վարակի պատճառ դառնալ: Այնուհետև երկու տարեց կանայք ինձ երկար ժամանակ լողացնում էին շատ տաք ցնցուղի տակ: Միգուցե ինձ էլ էին ախտահարում… Հետո ինձ տարան ու պառկեցրին մի հիվանդասենյակում, որտեղ մյուս հիվանդը երիտասարդ մի աղջիկ էր, որին նույնպես կասկածում էին դիֆտերիայով հիվանդ լինելու մեջ: Եկավ բուժքույրը և սրսկում արեց աջ սրունքիս վրա: Այդ սրսկումը նախատեսված էր վարակված հիվանդներին անշարժացնելու համար, որպեսզի նրանք ժամանակավորապես չկարողանային քայլել և հետևաբար, վարակ չտարածեին:
            
Հաջորդ օրը մայրս ինձ համար շոկոլադ բերեց և շատ խաղալիքներ, որոնց մեջ ամենարժեքավորն ինձ համար ատրճանակն էր: Ես ամբողջ օրը խաղում էի դրանով և չնկատեցի էլ, թե ինչպես օրն անցավ:
            
Գիշերը տաքությունս բարձրացավ և ես սկսեցի զառանցել… Մենք կռվում էինք թուրքերի դեմ: Առջևում մեր քաջարի զինվորներն էին, իսկ հետևից գալիս էինք մենք՝ ես, Մարտունիկն ու Սամվելիկը: Մենք անընդհատ կրակում էինք թուրքերին՝ դըմփ, դըմփ, դըմփ և անվերջ գոռում.
            
- Օ՜ն, առա՜ջ, օ՜ն, առա՜ջ…
            
Նրանք շատ էին ու անվերջ գալիս էին… Ես սկսեցի ոգևորված երգել՝

Ինչքա՜ն էլ, որ դժվար լինի, դիմացե՛ք,
Վախկոտն ամեն օր է մեռնում, իմացե՛ք,
Քաջերը` մեկ անգամ, փառքով, իմացե՛ք,
Հողն արյունով են պահում, իմացե՛ք:*

           
Առավոտյան տաքությունս իջել էր: Ես ամբողջ գիշեր զառանցելով իմ բարալիկ, բայց զրնգուն ձայնով երգել էի ու կրակել՝ խանգարելով բաժանմունքի բոլոր հիվանդների ու բուժանձնակազմի հանգիստն ու քուն:
            
Երբ զարթնեցի, նկատեցի որ իմ սիրելի ատրճանակը բարձիս տակ չէր: Երևի իմ քնելուց հետո բուժքույրը տարել էր, որ իմ կրակոցներով չխաթարեի հիվանդանոցի անդորրը:
            
Մի քանի օրից ինձ հիվանդանոցից դուրս գրեցին, որովհետև չհաստատվեց իմ դիֆտերիայով հիվանդ լինելը: Մի քանի օր ուշացումով, վերջապես, առաջին անգամ գնացի դպրոց…
            
Տարիներ անցան: Ես ուսուցիչ եմ դարձել: Իմ աշակերտներին ամենից առաջ սովորեցնում եմ հայրենասիրական երգեր ու աղոթքներ, որովհետև առանց հայրենասիրության և Աստծո աջակցության մենք երբեք չենք հաղթի մեր անարգ թշմնամուն:
            
Մարտունիկն ու Սամվելիկը զինվորականներ դարձան: Նրանք առիթ ունեցան մասնակցելու Գետաշենի կռիվներին և Շուշիի ազատագրմանը:
            
Երբ մենք երեխա էինք՝ Մարտունիկն ինձ հարցնում էր.
           
- Ինչու՞ է տատիկդ թուրքերին շուն ասում: Ես շուն սիրում եմ:
            
- Դու ի՞նչ է, կասկածու՞մ ես տատիկիս ասածներին: Միայն շներն են առանց պատճառի հարձակվում մարդկանց վրա, մի տարբերությամբ, որ թուրքերը չեն կծում, այլ սպանում ու թալանում են թույլերին, անօգնականներին ու ծերերին, իսկ հայ տղամարդ  տեսնելիս՝ նրանք շան պես դողում են: Թուրքերը վախկոտ, ստոր մարդասպաններ ու գողեր են…

* «Անդրանիկին» երգի առաջին քառյակը
* «Հպարտ գնացեք» երգի կրկներգը
*Մասը դա ս. Նշխարի մնացորդն է, որը ս. Սեղանի վրա օգտագործվելուց հետո բաժանվում է ժողովրդին՝ նրանց, ովքեր լիովին պատրաստ չեն հաղորդվելու Տիրոջ մարմնին (հաց) և արյանը (գինի), իսկ ս. Նշխարը բոլորաձև, առանց թթխմորի հաց է, մոտավորապես տասը սանտիմետր տրամագծով և հինգ միլիմետր հաստությամբ: Նրա երկու կողմերին «Հիսուս Քրիստոս» բառերն են դրոշմված:

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ  

18 հոկտեմբերի, 2014թ.

Sunday, November 2, 2014

«Pemphigus Vulgaris»




- Տղաս կոկորդս կցավի, - ասաց հայրս: Նա, չնայած, որ երկար տարիներ ապրում էր Հայաստանում, այսինքն Արևելյան Հայաստանում, բայց շարունակում էր խոսել արևմտահայերենով: 
           
- Ի՞նչ անենք, - ասացի ես, - կյանքումդ առաջին անգամ կոկորդդ ցավեց, արդեն սրտնեղում ես, բա մենք ի՞նչ ասենք, որ հաճախ կոկորդի ցավ ենք ունենում: Անգինա է, մի քանի օրից կանցնի:
           
- Հա, կանցնի՞ տղաս, - պարզամտորեն հարցրեց նա:
           
- Իհարկե՛, կանցնի՛, հո անընդհատ չի ցավելու:
           
Անցավ մի քանի օր, բայց հորս կոկորդի ցավը չէր անցնում: Նա մեր խորհրդով սկսեց հաճախակի տաք թեյ խմել, սոդայաջրով ողողել կոկորդը, բայց միևնույն է չէր անցնում:
           
Մեր ընտանիքում, հատկապես ես մանուկ հասակից տառապել եմ անգինայով, որն ուղեկցվում էր բարձր ջերմով: Ինձ խնամելով տանջվում էր նաև մայրս: Ինչքան անքուն գիշերներ է նա անցկացրել իմ անկողնու մոտ, երբ ես երեխա էի և որպեսզի վերջապես ազատվեմ այդ հիվանդությունից վիրահատվել եմ բավականին հասուն տարիքում. երեսուն տարեկանում հեռացվել են իմ նշագեղձերը: Սկզբում դա էլ չօգնեց, քանի որ վիրահատությունից հետո մոտ մեկ տարի տառապում էի ֆարինգիտով՝ չորանում էր կոկորդս, բարձրանում էր մարմնիս ջերմաստիճանը: Մեկ տարի անց կամաց-կամաց վիճակս բարելավվեց և ես այլևս չհիվանդացա: Անգինայով հիվանդանում էին նաև մայրս և երկվորյակ քույրերս, բայց նրանց մոտ դա ավելի մեղմ էր ընթանում, բացի դրանից ո՛չ այնքան հաճախ, ինչքան ինձ մոտ: Ընդհանրապես անգինայով շատերն են հիվանդանում: Երևի դա էր պատճառը, որ մենք այնքան էլ լրջորեն չէինք վերբերվում հորս «անգինային»
           
Հայրս շարունակում էր իր «բուժումները» միայն մի տարբերությամբ, որ նա նաև սպիտակ մառլյայով փաթաթել էր կոկորդը՝ հետևելով «տաք պահիր, որ անցնի» ժողովրդի մեջ ընդունված խորհրդին: Մենք արդեն սովոր էինք այդ փաթաթանը տեսնել նրա պարանոցին:  Սակայն, մի օր մայրս հայտնեց ինձ, որ հորս ծնկներին հեղուկով լեցուն մեծ-մեծ բշտիկներ են հայտնվել, որոնք ո՛չ քոր են գալիս, ո՛չ էլ ցավում: Դա ինձ շատ տարօրինակ թվաց և ես նրան տարա բժշկի: Մենք գնացինք պոլիկլինիկա, մաշկային բաժանմունք:
           
Ես, հիմա ապրելով Միցայալ Նահանգներում, նոր եմ հասկացել, թե ինչքան արդյունավետ է բժշկական համակարգը Հայաստանում և հակառակը, ինչքան անարդյունավետ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հիվանդը Հայաստանում կարող է նախնական բուժում ստանալ պոլիկլինիկայում, իսկ առանձին դեպքերի և բարդությունների դեպքում հիվանդանոցում: Պոլիկլինիկայում կան գրեթե բոլոր հիվանդությունների գծով բաժանմունքներ, որտեղ հիվանդին ո՛չ միայն ախտորոշում են, այլ նաև բուժում, ըստ որում միանգամայն ձրի: Ամերիկայում բժշկական համակարգը բաղկացած է բազմաթիվ բժշկական կենտրոններից և հիվանդանոցներից: Բժշկական կենտրոններում հիվանդը հիմնականում նախնական զննման է ենթարկում,  կատարվում են որոշ ախտաբանական հետազոտություներ: Բուժումը մեծ մասամբ կատարվում է հիվանդանոցում, եթե նույնիսկ դա առաջին բժշկական օգնություն ցույց տալն է: Այդ պատճառով էլ հիվանդանոցները լեփ լեցուն են հիվանդներով՝ նույնիսկ բոլոր հիվանդանոցների շտապ օգնության բաժանմունքները: Համակարգից գրեթե բոլորն են դժգոհ: Ժամանակ առ ժամանակ թերթերում քննադատական հոդվածներ են տպվում, իսկ հեռուստացույցով քննադատական հաղորդումներ կազմակերպվում, բայց համակարգը համառորեն մնում է նույնը:
           
Հորս զննեց մաշկային բաժանմունքի վարիչը` Կառլեն Լևոնիչը, որը բժշկական գիտությունների թեկնածուի կոչում ուներ: Կառլեն Լևոինիչը միջահասակ, թեթևակի ալեխառն մազերով, ինտիլիգենտ մի անձնավորություն էր:  Նա ասաց, որ ոչ մի վտանգավոր բան չկա, որ պարզապես մրսածություն է, իսկ ինչ վերաբերվում է բշտիկներին, ապա դրանք հենց այդ մրսածության հետևանքն են: Մենք ուրախացանք, որ վտանգավոր ոչինչ չկա և վերադարձանք տուն: Հայրս շատ էր հավանել Կառլեն Լևոինիչին: Երբ տուն եկանք, նա ասաց.
           
- Ի՛նչ աղեկ բժիշկ մըն էր:
           
Անցավ ևս մեկ ամիս: Հորս վիճակը չէր լավանում: Այս անգամ ես մեր տուն հրավիրեցի մեկ ուրիշ մաշկաբանի՝ բժիշկ Վարդան Մարգարյանին: Նա մի թռուցիկ հայացք գցեց հորս ծնկների վրայի բշտիկներին և նրանից ծածուկ, գլխի շարժումով ինձ հասկացրեց, որ դուրս գնանք: Մենք գնացինք հյուրասենյակ և բժիշկն ասաց.
           
- «Pemphigus Vulgaris», - և տխուր նայեց ինձ:           
           
- Ի՞նչ, - ասացի ես: Նա նորից կրկնեց.           
           
- «Pemphigus Vulgaris»:
           
- Իսկ ի՞նչ է նշանակում դա, - ասացի ես:
           
- Դա նշանակում է, որ Ձեր հայրը ծանր հիվանդ է և ընդամենը երեք ամսվա կյանք ունի: «Pemphigus Vulgaris»-ն ավելի վատ հիվանդություն է քան քաղցկեղն ու ավելի արագ ընթացող: Մաշկային հիվանդություններն, ի տարբերություն մյուս հիվանդությունների, ախտանիշներն ի ցույց են դնում հենց հիվանդի մաշկի վրա: Դրա համար էլ մաշկաբանների զգալի մասը գրեթե չի սխալվում ախտորոշման հարցում:  Եթե բուժումը շուտ սկսվեր, այսինքն հվանդությունն ախտորոշվեր ավելի շուտ ապա հնարավոր կլիներ հիվանդի կյանքը զգալիորեն երկարացնել:
           
- Ուրեմն, եթե Կառլեն Լևոնիչը ճիշտ ախտորոշե՞ր, ապա հնարավոր կլինե՞ր հորս կյանքը երկարացնել:
           
- Ա՛յո, բայց հիմա արդեն ուշ է:
           
Հաջորդ օրը մենք հորս տարանք «Մաշկաբանության և Սեռավարակբերի Գիտա-ժշկական Կենտրոն»: Այնտեղ լաբորատոր հետազոտությունների արդյունքները դրական դուրս եկան: Այսինքն, հաստատվեց, որ հայրս հիվանդ է «Pemphigus Vulgaris»-ով…
           
Բաժանմունքում կային և տարեցներ և երիտասարդ աղջիկներ ու տղաներ, որոնք նույնպես հիվանդ էին «Pemphigus Vulgaris»-ով: Նրանց՝ գրեթե բոլորի մոտ հիվանդությունը սկսվել էր կոկորդի ցավով, ինչպես հորս մոտ: Նրանք բոլորը դիմել էին քիթ-կոկորդի բժիշկներին կարծելով որ նշագեղձերի խնդիր ունեն: Զարմանալի է, բայց բժիշկները նույնիսկ հեռացրել էին նրանցից մի քանիսի նշագեղձերը՝ կարծելով, որ իսկապես խնդիրը նշագեղձերի մեջ է, բայց վերջի վերջո բոլորն էլ եկել էին մաշկային բաժանմունք…
           
«Pemphigus Vulgaris»-ը իմունային խանգարում է: Իմունային համակարգն արտադրում է հակամարմիններ ընդեմ մաշկի և լորձաթաղանթների վրա գտնվող հատուկ սպիտակուցների: Այդ հակամարմինները կոտրում են մաշկի բջիջների միջև եղած կապերը, որը հանգեցնում է բշտիկների ձևավորմանը:  Ստույգ պատճառը դեռևս անհայտ է: Բուժման համար ամենից առաջ օգտագործում են իմունային համակարգն ամրապնեդող պատրաստուկներ, ինչպես նաև հակաբորբոքիչներ և կորտիկոստերոիդներ: Ամեն դեպքում  կողմնակի բարդություններն անխուսափելի են գրեթե բոլոր օգտագործվող դեղերի բարձր չափաբաժինների պատճառով: Հիվանդությունն անբուժելի է, բայց հնարավոր է համապատասխան բժշկական հսկողության դեպքում երկարացնել հիվանդի կյանքը:
           
Մի քանի ամիս հայրս անցկացրեց հիվանդանոցքում: Նրան խնամում էր մայրս: Նա մահացով ուղիղ երեք ամիս անց, ինչպես կանխատեսել էր բժիշկ՝ Վարդան Մարգարյանը:
           
Պատահաբար իմացա, որ ճակատագրի հեգնանքով Կառլեն Լևոնիչի դիսրտացիայի թեման եղել էր «Pemphigus Vulgaris»-ը…



Կալիֆորնիա, Գլենդել
16 հոկտեմբերի, 2014թ.
           


           
           


Saturday, November 1, 2014

«Իշկեմբե չորբասը»

              
- Ես քեզի «իշկեմբե չորբասը» ուտելու պիտի տանիմ, - ասաց Հակոբն իր ականջ շոյող, գեղեցիկ արևմտահայերենով, երբ ես Բուլղարիայի մայրաքաղաքում՝ Սոֆիայում իջևանել էի նրանց տանը: Ես չհասկացա, թե դա ինչ է, բայց նրա մոր և քրոջ դեմքերին գծագրված հիացմունքից գլխի ընկա, որ դա բացառիկ համով և հարգի մի ճաշատեսակ է այստեղ:
            
Բուլղարիան ավելի քան երեք հարյուր տարի թուրքական լծի տակ լինելով, փոխ էր առել թուրքերենից բազմաթիվ բառեր, որոնք շատ տարօրինակ էին հնչում իմ ականջին: Այդ բառերը զարմանալիորեն մտել են նաև գրական բուլղարերենի մեջ: Փա՜ռք աստծո, որ մենք ավելի երկար տառապելով այդ նույն զազրելի, թուրքական լծի տակ, նման փոփոխության չենք ենթարկել մեր լեզուն: Օրինակ, «չորապ»՝ նշանակում է գուլպա, «չեքմեջե»՝ դարակ, «աքըլ»՝ խելք և այլն, իսկ «իշկեմբե»՝ նշանակում է փորոտիք, «չորբասը»՝ ապուր: Այսինքն՝ մենք գնալու էինք փորոտիքով ապուր ուտելու… Ես դեռ չգիտեի, թե այդ բառերն ինչ են նշանակում, հետո իմացա…
            
Հաջոր օրը մի արտառոց դեպք տեղի ունեցավ: Բակի կատուն մոտ վազեց մի փոքրիկ դաշտային մկան մոտ: Մենք բակում նստած լինելով դա նկատեցինք և մոտեցանք, որ տեսնենք, թե ինչպես է մկան հախից գալու: Ի զարմանս մեզ՝ կատուն ակնհայտորեն վախենում էր մկնիկից: Զարմանալի է, բայց մկնիկն էլ զգաց դա և անմիջապես, օգտվելով առիթից, թռավ ու կծեց կատվի դունչը: Կատուն մղկտալով փախավ: Տարիներ են անցել, բայց այդ դեպքն այնքան էր տպավորվել իմ մեջ, որ մինչև հիմա հիշում եմ: Ախր մկնիկը հազիվ մի հիսուն գրամ կլիներ, իսկ կատուն՝ մոտ երկուս ու կես կիլոգրամ: Այսինքն՝ մուկը հարձակվեց իրենից հիսուն անգամ խոշոր կենդանու վրա: Փաստորեն դա աներևակայելի սխրանք էր…
            
Անցավ մի քանի օր, բայց Հակոբն ինձ չէր հրավիրում «իշկեմբե չորբասը» ուտելու, և ես կարծեցի, որ նա պարզապես մոռացել էր իր տված խոստումը: Ազգականս՝ Հակոբը, մի շատ պատկառելի մարդ էր, մասնագիտությամբ ճարտարագետ և աշխատում էր Սոֆիայի նախագծային ինստիտուտներից մեկում: Գործի առումով նա հաճախ էր գործուղման մեկնում եվրոպական մի շարք քաղաքներ՝ Վիեննա, Փարիզ, Վարշավա, Պրագա, Ստոկհոլմ, Մադրիդ, Բարսելոնա և այլուր, ուներ բազմաթիվ տպավորություններ ու հետաքրքիր պատմություններ իր գործուղումների վերաբերյալ: Հավանական էր չէ՞, որ այդպիսի զբաղվածության տեր մարդը մոռանար իր խոստումը, բայց նա չէր մոռացել, քանի որ նրա համար էլ էր «իշկեմբե չորբասը» ուտելն իրադարձություն, չնայած նա ինձ նման առաջին անգամ չէր ճաշակելու այն:
            
Ես արդեն մոռացել էի նրա հրավերի մասին, երբ մի օր, երեկոյան, նա հանդիսավոր կերպով հայտարարեց, որ վաղը միասին գնալու ենք «իշկեմբե չորբասը» ուտելու: Ես ուրախացա, որ վերջապես ճաշակելու եմ և ամենակարևորն, իմանալու եմ, թե ի՞նչ է «իշկեմբե չորբասն»:
            
Հաջորդ օրը Հակոբն իր ավտոմեքենայով ինձ տարավ Վիտոշա լեռան վրա գտնվող մի ռեստորան, որը հայտնի էր իր համեղ «իշկեմբե չորբասըյով»:
            
Վիտոշան մի շատ գեղեցիկ լեռ է և գտնվում է հենց Սոֆիայի կենտրոնում: Սոֆիացիների ամենասիրված վայրն է Վիտոշան: Այն շատ հարուստ է թե՛ բուսական, և թե՛ կենդանական աշխարհով: Վիտոշան անտառածածկ սար է, բայց կան նաև կանաչ և ծաղկազարդ մարգագետիններ: Ամենուրեք թռչունների ճղվղոց է լսվում, իսկ փափկամազիկ սկյուռիկները թե՛ բուլղարացիների, և թե՛ զբոսաշրջիկների սիրելիներն են՝ այնքան աշխույժ, այնքան մարդամոտ և գեղեցիկ, շնորհիվ իրենց փարթամ մորթիների: Որքան են նրանք տարբերվում Կալիֆորնիայի նոսր մորթածածկույթով սկյուռիկներից…Վիտոշայի վրա ամենուրեք ծառուղիներ են սարքած, իսկ ծառերին տեղ-տեղ ամրացված են փոքրիկ աղբարկղներ: Կան նաև փոքրիկ կրպակներ՝ առաջին անհրաժեշտության իրեր գնելու համար: Շաբաթվա վերջին սոֆիացիների մեծ մասն ուսապարկերով իրենց հանգիստն են անցկացնում հենց Վիտոշայի վրա, իսկ ձմռանը սկսվում է դահուկասահքի սեզոնը…Վիտոշան շատ գեղեցիկ է…Նրան կարելի սիրահարվել, ինչպես կնոջն են սիրահարվում…
            
Ռեստորանը գնչուական էր և գտնվում էր Վիտոշայի ստորոտում: Իմիջիայլոց, Բուլղարիայում շատ կան գնչուներ: Ռեստորանը լեփ-լեցուն էր: Հակոբը նախօրոք էր մեզ համար սեղան պատվիրել: Մեր սեղանը գտնվում էր սրահի մեջտեղում: Հակոբը շատ բարձր տրամադրության մեջ էր: Իհարկե, նրա լավ տրամադրության պատճառը «իշկեմբե չորբասը» ուտելու առիթն էր: Շուտով մատուցողը բերեց խորը, ծաղկանախշ ամանների մեջ լցված «իշկեմբե չորբասըն»: Նայելով ամանի մեջ ես անչափ հիասթափվեցի: Ամանի մեջ ջրիկ ապուր էր լցված, որի մեջ «լող էին տալիս» ոչխարի աչքեր, ականջներ, շրթունքներ, լեզու, քթամաս, փորոտիք և այլն: Զզվանքից ու սարսափից սիրտս սկսեց խառնել: Հակոբն այնքան էր տարված իր «իշկեմբե չորբասըն» ուտելով, որ չնկատեց դա: Նա ախորժակով ուտում էր «իշկեմբե չորբասըն» և ես հոմոզված եմ, որ այդպիսի մի քանի աման էլ լրացուցիչ կուտեր և չէր կշտանա: Ես գդալով անընդհատ, հուսահատ խառնում էի «իշկեմբե չորբասըն», չհամարձակվելով անգամ գոնե մի գդալ ուտելու: Ես, միևնույն ժամանակ, ամաչում էի Հակոբից:
            
- Աստված իմ, ի՞նչ կմտածի նա, երբ նկատի, որ չեմ ուտում, - լարված մտածում էի ես:
            
Վերջապես Հակոբը նկատեց, որ չեմ ուտում, այլ գդալով խառնելով մտախոհ և զարմացած նայում եմ ամանիս:
            
- Չհավնեցա՞ր, - հարցրեց նա, արհամարանքով նայելով ինձ:
            
- Դուն «ձուկի գլուխ, - դարձած ես, - ասաց նա: «Ձուկի գլուխ» ասելով, նա նկատի ուներ ռուսներին:
            
Նա կանչեց մատուցողին և ինձ համար լանգետ պատվիրեց, իսկ իմ ամանը քաշելով իր առջև՝ սկսեց ախորժակով ուտել:
            
Ճաշելուց հետո մենք ավտոմեքենայով ուղևորվեցինք դեպի Վիտոշայի վրա գտնվող բարձր ժայռաբեկորը, որի վրա էր գտնվում զբոսաշրջիկների կողմից շատ սիրված սրճարանը: Այնտեղից հրաշալի տեսարան էր բացվում ամբողջ քաղաքի վրա: Մենք սուրճ պատվիրեցինք ու պաղպաղակ: Իմ տրամադրությունը սկսեց կամաց-կամաց բարձրանալ: Ես Հակոբին շնորհակալություն հայտնեցի՝ ինձ այսքան գեղեցիկ վայր բերելու համար: Իրոք, բառերով աննկարագրելի էր այն գեղեցկությունը, որ ես զգում էի:

Մարտին Շիրինյան
Կալիֆորնիա, Գլենդել
16 հոկտեմբերի, 2014թ.



Monday, October 27, 2014

Ընդվզում

Ես դպրոցական էի: Մեր դասարանում կար քսանհիննգ աշակերտ: Նրանցից քսաներեքը Վեհանուշին «Շաշ» ստորացուցիչ մականունով էին դիմում նրա ձախ աչքի մի փոքր շիլության պատճառով… Ամբողջ դասարանից միայն ես էի նրան անունով դիմում: Ինձ համար անընդունելի էր մարդու թերությունները երեսով տալը: Քանի դեռ մենք ցածր դասարաններում էինք, Վեհանուշը մի կերպ դիմանում էր այդ ծաղրուծանակին, բայց մեր մեծանալուն զուգընթաց աստիճանաբար աճում էր նաև նրա վիրավորվածությունը:
           
Մենք արդեն տասներեք-տասնչորս տարեկան էինք և արդեն սկսում էինք հասունանալ: Դա հատկապես տեսանելի էր աղջիկների պարագայում: Նրանք կանացի մարմնաձևեր և դիմագծեր էին ստանում. սկսել էին ավելի շատ հայելու առաջ կանգնել՝ տարբեր սանրվածքներ անել ու օծանելիք օգտագործել, փոխվել էր նաև նրանց քայլվածքը՝ սկսել էին շորորալով քայլել՝ ամեն կերպ ընդգծելով իրենց  բարեմասնությունները, միևնույն ժամանակ դարձել էին ավելի նախանձ ու բամբասկոտ…  
           
Բոլորին է հայտնի դեռահասների ցավագին ինքնասիրության զգացումն ու խոցելիությունը: Մի փոքրիկ բանից նրանք կարող են վիրավորվել և արձագանքել անկանխատեսելիորեն: Այդպես էլ եղավ Վեհանուշի պարագայում:
           
Դասարանում մենք զույգերով էինք նստում: Իմ կողքին նստում էր իմ մտերիմ ընկերը՝ Սամվելը: Մենք հաճախ էինք միասին դաս պատրաստում, գնում էինք կինո, թատրոն կամ պարզապես զբոսնում: Հատկապես Սամվելը Վեհանուշին չէր սիրում և ամեն կերպ նրան ձեռք էր առնում և, իհարկե, երբեք նրան Վեհանուշ չէր անվանում: Վեհանուշն էլ իր հերթին ամենից շատ ատում էր Սամվելին, իսկ ինձ ընդհակառակը պաշտում էր, և ես համոզված եմ, որ պատրաստ էր նույնիսկ անձնազոհության գնալ ինձ համար: Երբ ես նրան Վեհանուշ էի ասում, այնպիսի քնքշությամբ էր նայում ինձ, որ ես շիկնում էի ու շփոթվում: Դա սեր չէր նրա կողմից, այլ երախտագիտություն և գնահատական իմ նորմալ վերաբերմունքի համար…Երևի Վեհանուշի միակ և բաղձալի երազանքն այդ ժամանակ այն էր, որ մնացած աշակերտներն էլ նրան դիմեին իր անունով, այլ ոչ թե այդ վիրավորական ու ստորացուցիչ «Շաշ» մականունով:
           
Զարմանալին այն է, որ ես քաջ գիտակցելով, որ չի կարելի մարդկանց վիրավորական մականուններ կպցնել, չէի փորձում խոսել կամ համոզել իմ ընկերներին, որ Վեհանուշին «Շաշ» չասեն: Ես չէի փորձում նույնիսկ իմ մտերիմ ընկերոջը՝ Սամվելին համոզել դա: Ես հիմա եմ հասկանում, թե՞ ինչքան սխալ եմ եղել:   
           
Օրեցօր Վեհանուշը կանացիանում ու գեղեցկանում էր: Նա փարթամացել էր: Նրա կրծքերն անգամ ավելի նկատելի էին քան մյուս աղջիկներինը: Երբ նա հուզվում էր, նրա կրծքերը վեր ու վար էին անում՝ նրա շնչառությանը զուգընթաց: Վեհանուշի գեղեցկանալը նկատել էին բոլորը, այդ թվում նաև Սամվելը: Աշակերտները նրան այլևս նույն չարությամբ «Շաշ» չէին անվանում: Ես դա նկատել էի, բայց ոչ Վեհանուշը: Նա նույն կերպ խրտնում, սրտնեղում ու վիրավորվում էր իր «Շաշ» մականունից:
           
Մի անգամ, երբ հերթական անգամ Սամվելը նրան «Շաշ» մականունով դիմեց, նրա համբերությունը հատավ և նա մի հարվածով գետին տապալեց Սամվելին ու սկսեց իր փոքրիկ բռունցքներով նրան անխնա ծեծել: Սկզբում Սամվելը փորձում էր պաշտպանվել, բայց չդիմանալով նրա եռանդուն հարվածներին սկսեց օգնություն կանչել… Ոչ ոք տեղից չշարժվեց և Սամվելին օգնության չհասավ… Վեհանուշը Սամվելին մի լավ դնգստելուց հետո ոտքի կանգնեց ու հաղթականորեն նայեց շուրջը հավաքվածներին: Նա հուզված էր. կուրծքը վեր ու վար էր անում, դեմքը շիկնել էր, իսկ աչքերը վառվում էին երկու փոքրիկ լուսարձագների պես: Այդ պահին Վեհանուշը շատ գեղեցիկ էր, անչափ գեղեցիկ: Մենք բոլորս հիացած, մի քիչ էլ վախեցած ակնապիշ նայում էինք նրան:
           
Վեհանուշը մոտեցավ մեր նստարանին, սեղանի վրայից արհամարհանքով մի կողմ շպրտեց Սամվելի պայուսակը, որի միջից տետրակները, դասաքրքերը մատիտիներն ու գրիչենրն այս ու կողմ թռան, և նստեց Սամվելի տեղը՝ իմ կողքին: Վտարելով Սամվելին իր տեղից, նա կարծես վտարեց նաև նրա ունեցած-չունեցածը:
           
Սամվելը գետնից վեր կացավ, թափ տվեց փոշոտված շորերը՝ լուռ, գլխիկոր գնաց և նստեց դասարանի վերջին շարքում:
           
Այդ օրվանից հետո ոչ ոք չէր համարձակվում Վեհանուշին «Շաշ» մականունով կոչել:
           
Անցան տարիներ: Փողոցում պատահաբար հանդիպեցի իմ համադասարանցուն՝ Վեհանուշին: Նա էլ ավելի էր գեղեցկացել, աչքի շլությունն անգամ անցել էր: Ըստ երևույթին հասակ առնելով փոփոխվել էր նաև նրա դեմքի կառուցվածքն ու մկանների դիրքը, որի հետևանքով էլ ինքնիրեն շտկվել էր նրա շիլությունը: Վեհանուշն ամուսնացել էր և երեք երեխաների մայր էր դարձել: Նա մեր դպրոցում օտար լեզու էր դասավանդում:



Կալիֆորնիա, Գլենդել
12 հոկտեմբերի, 2014թ.


Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...