Saturday, April 18, 2015

Դու մաճառ սիրու՞մ ես…

Մի անգամ իմ ուսանողական ընկերը ժպտալով հարցրեց.

- Դու մաճառ սիրու՞մ ես:

Ես անակնկալի եկա. որովհետև չգիտեի, թե ինչ է մաճառը:

Ընկերս շատ զարմացավ, որ չգիտեմ, թե ինչ է մաճառը և խոստացավ անպայման ինձ աշնանը հրավիրել իրենց գյուղը մաճառ խմելու: Ես հետո իմացա, որ մաճառը կիսաքաղցր, թթվաշ համով խաղողի հյութից պատրաստված խմիչք է, որը դեռևս գինի չի դարձել, այլ գտնվում է խմորման ընթացքի մեջ:

Չնայած Մասիսի շրջանի Հրազդան և Արաքս գետերի միջագետքում գտնվող Շոռլու բարեբեր գյուղը շատ մոտ էր Երևանին, ընկերս ուսանողական տարիներին ապրում էր քրոջ տանը, որը գտնվում էր մեր տան հարևանությամբ: Դեռ խորհրդային տարիներից գյուղը վերանվանվել է և ունի ավելի հնչեղ ու գեղեցիկ անուն՝ Հովտաշատ:

Մենք հաճախ միասին գնում էինք դասի և միասին էլ վերադառնում: Երբեմն էլ գնում էինք զբոսանքների: Ընկերս ցածրահասակ, ժպտերես ու ընկերասեր մի տղա էր: Նա հաճախ էր ժպտում, հատկապես դատողություններ անելիս: Ժպիտը նրա դատողություններին կարևորություն ու առանձնակի արժեք էր հաղորդում: Նրա ժպիտը մի տեսակ ներողություն հայցող էր. կարծես ուզում էր ասել. «Չեք նեղանում, չէ՞»: Ինձ թվում է՝ քաղաքում ապրած մարդիկ այդպես մեղմիկ, ներողամտորեն չեն ժպտում: Նա լավ էր սովորում և ֆիզիկայի ու մաթեմատիկայի թեքումով հատուկ դպրոց էր ավարտել Երևանում: Ընկերս առանձնակի հմայում էր զրուցակիցներին՝ միշտ իր տարիքին ոչ բնորոշ «մեծավարի» խոսելով… Ընկերս սիրում էր հաճախ կիսակատակ կրկնել, որ նա լավ է սովորում, որ հետագայում իր ապագա երեխաները հանկարծ չամաչեն իրենից, բայց ավա՜ղ, չհասցրեց երեխաներ ունենալ, քանի որ երկար չապրեց, չնայած հասցրեց ամուսնանալ… Նա հանկարծամահ եղավ քառասուներկու տարեկան հասակում, իրենց տանը, բազմոցին նստած, խորհրդավոր ժպիտը երեսին:

Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնից* և Խաղողօրհնեքի արարողությունից հետո, մոտավորապես երկու ամիս անց, հոկտեմբեր ամսվա կեսերին, ընկերս՝ Հրաչը, հրավիրեց ինձ իրենց տուն մաճառ խմելու: Գյուղերում խաղողի բերքը հիմնականում հավաքում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին և հենց այդ ժամանակ էլ սկսում են խաղողից գինի քաշել:

Ես և ընկերս սկզբում գնացինք ավտոկայան, իսկ այնտեղից էլ նստեցինք Հովտաշատ մեկնող ավտոբուսը: Հրաչն ամբողջ ճանապարհին ինձ պատմում էր, թե ինչպես են գինի քաշում, երբ է այն դեռևս մաճառի վիճակում, և երբ գինու: Ըստ նրա պատմածի, նրանք խաղողը հավաքելուց հետո ջրով լավ լվանում են, ապա փռում են, որպեսզի մի լավ չորանա, քանի որ ջրի առկայությունը պատրաստվող գինու մեջ ցանկալի չէ և կարող է թթվեցնել այն: Այնուհետև խաղողի ուղկույզները ճզմում են, իսկ հյութը լցնում քսան լիտրանոց ապակյա թափանցիկ տարաների մեջ, որպեսզի գինու խմորման ամբողջ ընթացքը տեսանելի լինի: Մի քանի օր հետո տարաների հատակին մի լայն շերտով նստվացք է առաջանում, որին նրանք անվանում են փլուշ, իսկ ավելի վերև երևում է պարզ և հստակ մի հեղուկ:  Երրորդ կամ չորրորդ օրը, կախված օդի ջերմաստիճանից, սկսվում է խմորումը և տևում է մոտավորապես մեկ շաբաթ: Բնականաբար, ջերմաստիճանն ինչքան բարձր է, այնքան արագ է տեղի ունենում խմորումը: Խմորումը սկսվելուց հետո խաղողի հյութը սկսում է պղտորվել և աչքով տեսանելի է, թե ինչպես են բազմաթիվ օդով լցված պղպջակներ արագ-արագ վեր բարձրանում հատակից: Ահա այդ ժամանակ է, որ խաղողի հյութը դառնում մաճառ:  Այն շատ համեղ, քաղցր և մի քիչ էլ թթվաշ խմիչք է: Ընկերս ասաց նաև, որ փլուշն էլ օգտագործում են տնական օղի պատրաստելու համար: Պետք է ասեմ, որ ինձ համար շատ հետաքրքիր էր մաճառի և գինու պատրաստման այս պարզ եղանակի մասին լսելը: Փաստորեն կարելի է նույնիսկ խոհանոցային պայմաններում խաղողից մաճառ և գինի պատրաստել: Հետագայում ես բազմաթիվ անգամներ այդպես էլ վարվել եմ և ստացել եմ շատ համեղ մաճառ և գինի:

Մոտ քառասուն րոպե հետո մեր ավտոբուսը հասավ Հովտաշատ: Հովտաշատը սովորական մի գյուղ է իր միջնակարգ դպրոցով, ակումբով և գրադարանով, միայն մի տարբերությամբ, որ բավականին բերքառատ է, քանի որ գտնվում է Արարատյան դաշտավայում, Հրազդան գետի աջ և Արաքս գետի ձախ հատվածների միջև: Այստեղ հիմնականում աճեցնում են հացահատիկ, խաղող, մրգեր և բանջարեղեն: 

Ընկերոջս տանը մեզ դիմավորեց նրա մայրը՝ քչախոս և բարի մի կին: Նա սեղան էր պատրաստել մեր երկուսի համար: Սեղանին կային տապակած կոտլետներ, կարտոֆիլ, սալաթներ և իհարկե, մի մեծ կուժ լիքը մաճառ: Նախքան մաճառ ճաշակելը Հրաչը չմոռացավ ինձ զգուշացնել, որ մաճառից երբեմն ավելի շուտ են հարբում, քան գինուց և պետք է չափազանց զգույշ լինել, քանի որ դժվար է հավատալ, որ այդքան հաճելի և թեթև խմիչքից կարել է գինովնալ: Նա ինձ պատմեց նաև, որ շատ գյուղերում մաճառի տոներ են կազմակերպում, սեղաններ գցելով հենց գյուղի կենտրոնում՝ զարդարված հայկական ավանդական ճաշատեսակներով, բանջարեղենով, մրգերով, հայկական գաթայով և իհարկե, մաճառով: 

Ես մաճառը շատ հավանեցի. կյանքումս այդքան համեղ բան դեռ չէի խմել: Մենք ջրի խոշոր բաժակներով էինք խմում, այնպես, որ կուժը շատ շուտով դատարկվեց: Ընկերոջս մայրը նորից մի կուժ լիքը մաճառ բերեց: Մի քանի բաժակ էլ խմելուց հետո ընկերս ասաց.

- Կարո՞ղ է վատ ես զգում, գնա՞նք մաքուր օդ շնչելու:

Ես ինձ լավ էի զգում, բոլորովին գինովցած չէի, այդ պատճառով զարմացած հարցրեցի.

- Ինչի՞ց ես ենթադրում, որ ես վատ եմ զգում:

- Գույնդ գցել ես, - ասաց նա:

Մենք տնից դուրս եկանք ու սկսեցինք քայլել գյուղի անբարեկարգ ու անշուք փողոցներով: Հրաչը չէր խոսում: Քիչ անց հասանք դպրոց և նա անմիջապես գրկեց դպրոցի առջևի փայտյա սյուներից մեկը և սկսեց հուզված, լեզուն փաթ ընկնելով պատմել, թե ինչքան է սիրում իրենց դպրոցը: Ակնհայտորեն ընկերս հարբած էր: Ինձ այդքան զգուշացնելուց հետո ինքը հարբեց: Ես նրան մի կերպ տարա տուն: Նա պառկեց բազմոցին ու խորը քուն մտավ:

Ես ստիպված միայնակ վերադարձա քաղաք: Հրաչի շնորհիվ ես մաճառ ու գինի պատրաստել սովորեցի: Տարիներ են անցել, բայց ես ամեն անգամ մաճառ խմելիս հիշում եմ իմ սիրելի, վաղամեռիկ ընկերոջը…


*Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման (հարություն առնելը և երկրային կյանքից վերափոխվելը երկնայինի) տոնը հայ եկեղեցական տաղավար տոներից մեկն է և տոնվում է օգոստոսի կեսերին մոտիկ առաջիկա կիրակի օրը: Այդ օրը պատարագից հետո կատարվում է նաև խաղողօրհնեքը, որի ընթացում կարդացվում է Ներսես Շնորհալու աղոթքը:


Կալիֆորնիա, Գլենդել
11 ապրիլի, 2015թ.

Friday, April 17, 2015

«Առավոտ» օրաթերթի «Գրական Առավոտ» բաժնում լույս է տեսել Մարտին Շիրինյանի «Կոբրա» պատմվածքը

Հայաստանում լույս տեսնող «Առավոտ» օրաթերթի «Գրական Առավոտ»  բաժնում լույս է տեսել Մարտին Շիրինյանի «Կոբրա» պատմվածքը՝ http://www.aravot.am/2015/04/17/562049/

Ավելի վաղ, այն հրատարակվել է Մարտին Շիրինյանի Գրական Փորձարարական Լաբորատորիայի բլոգում՝ http://imgrakan.blogspot.com/2014/11/blog-post_16.html


Կալիֆորնիա, Գլենդել
17 ապրիլի, 2015թ.

Thursday, April 16, 2015

Անսիրտ մայրը

Մայր լինելը միայն գերագույն երջանկություն չէ, այլ նաև անսահման պատասխանատվություն, ինքնազոհողություն և անմնացորդ նվիրվածություն: Մանուկ հասակից մենք բոլորս ամբողջովին կախված ենք մեր մայրերից` առանց նրանց հնարավոր չէ գոյատևել, հասակ առնել, դաստիարակվել ու պիտանի մարդ դառնալ հասարակության համար: Իզուր չէ, որ բազմաթիվ բանաստեղծություններ են ձոնվել ու նվիրվել մեր պատվարժան ու սիրասուն մայրերին.

Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս, 
Մեր օրորոցն է մայրս, 
Մեր տան ամրոցն է մայրս…*

Բայց կան նաև անխիղճ ու անսիրտ մայրեր, որոնք անտարբեր են իրենց իսկ ծնած երեխաների նկատմամբ և միաժամանակ չափազանց զգայուն՝ սեփական ու աննշան անձի նկատմամբ… Նրանք պատրաստ են ոչ թե զոհաբերվել հանուն իրենց երեխայի, այլ ընդհակառակը՝ անհրաժեշտության դեպքում զոհաբերե՛լ երեխային հե՛նց իրենց սեփական, եսասիրական պահանջների համար: Այդպիսիներն ավելի լավ է մայր չդառնան և փորձանքի մեջ չգցեն իրենց ամուսիններին, ազգականներին, ինչու չէ՝ նաև հասարակությանը, բայց բնությունը շռայլորեն և մեծահոգաբար հավասար հնարավորություններ է տվել նա՛և նրանց: Մայր լինելը դա կոչում է, հատուկ կարգավիճակ, բնության պարգև… Այդ պարգևը նույնիսկ կենդանիներին է տրված:

Կինը պառկած էր տաք անկողնում և ձևացնում էր, թե չի լսում երեխայի լացը: Երեխայի կերակրելու ժամն էր… Լույսը նոր էր բացվել և դրսում դեռևս ցուրտ էր: Էլի մի քանի րոպեներ, և արևը դուրս կգար և պայծառորեն կլուսավորեր ու կջերմացներ աշխարհը, բայց ո՛չ այս մոր սիրտը… Անկողնում պառկած կինը ցածրահասակ էր, գիրուկ, իսկ գեղեցիկ սև աչքերը և երկար թարթիչները՝ մի առանձնահատուկ հմայք էին հաղորդում նրա դեմքին: Առօրյա կյանքում նա քաղցրալեզու և ժպտերես էր: Առաջին հայացքից կարող էր թվալ, թե նա բարության ու անմեղության մարմնացում էր, բայց դա այդպե՛ս չէր… Ո՛չ, նա չար չէր, բայց բարի՛ էլ չէր. ագա՛հ ու եսասե՛ր՝ միայն այս երկու բառերով կարելի է նրան համառոտակի նկարագրել: Նրա ընտրյալը բարձրահասակ, բարետես մի երիտասարդ էր, ով՝ իր ազնվությամբ, բարությամբ, վայելուչ շարժուձևով, կրթվածությամբ, վերաբերմունքով ու երբեմն էլ միամտությամբ՝ հիացնում ու զարմացնում էր շրջապատի մարդկանց: Նրանք, որպես ամուսիններ, բոլորովին չէին համապատասխանում միմյանց թե՛ արտաքինով, և թե՛ բնավորությամբ ու խառնվածքով: Կար ևս մի հանգամանք: Սա կնոջ երկրորդ ամուսնությունն էր:

Տունը, որտեղ նրանք ապրում էին, կառուցվել էր ամուսնու, սկեսրոջ և մանկահասակ տալոջ միահամուռ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Նրանք սկզբում տան կառուցման համար հատկացված հողամասը մաքրել էին անթիվ ու անհամար քարերից, հետո հարթեցրել տեղանքը և, օգտագործելով հավաքած քարերը, շարել էին տան պատերը: Տան կառուցումը տևել էր մի քանի երկար ու ձիգ տարիներ՝ լեցուն բազմաթիվ զրկանքներով, հոգսերով ու խնդիրներով:

Քրտինքով շաղախված և կառուցված այդ տունն արժեքավոր էր նրանց բոլորի համար, բայց ո՛չ՝ հարսի, ով եկած օրվանից համոզում էր տան կեսը վաճառել և գեղեցիկ հագուստներ գնել իրենց և, հատկապես՝ իրե՛ն համար: Սկզբում, բոլորը դեմ էին այդ անհեթեթ առաջարկին, նույնիսկ տալը, ով ընդամենը տասնչորս տարեկան էր, բայց ինչպես ասում են՝ կաթիլը քար է ծակում:

Տան կեսը վաճառեցին. սեփական տան բակում օտար մարդիկ հայտնվեցին…

Մեկ տարի անց սկսվեց Հայրենական մեծ պատերազմը… 1941 թվականի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան, խախտելով 1939 թվականին Խորհրդային Միության հետ կնքած՝ միմյանց վրա չհարձակվելու պայմանագիրը,  առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա: Անմիջապես զորակոչի տարիքի բոլոր տղամարդիկ մեկնեցին ռազմաճակատ՝ հայրենիքը պաշտպանելու անարգ զավթիչներից: Ռազմաճակատ մեկնեց նաև կնոջ ամուսինը: Բաժանման պահն ամենադժվարն էր. նա տանն էր թողնում մորը, քրոջը, կնոջը և թանկագին դստերը, ով նոր-նոր սկսել էր քայլել ու խոսել, ինչպես նաև արդեն ամուսնացած ավագ քրոջը, ում ամուսինն արդեն զորակոչվել էր՝ իր երկու եղբայրների հետ: Այդ պատերազմին մասնակցող ազգությամբ հայ մասնակցների թիվը մոտ հինգ հարյուր հազար էր, որից երկու հարյուր հազարն անձնվիրաբար  զոհվեց… Ըստ որում՝ հարյուր վեց հայ արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչմանը, իսկ մարշալ Հովհաննես Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանն այդ գերագույն կոչմանն արժանացան կրկնակի անգամ…

Շուտով, պատերազմի պատճառով, վատթարացավ տնտեսական վիճակն ամբողջ Խորհրդային Միությունում: Հացի որակը կտրուկ ընկավ և դարձավ կտրոններով: Մարդիկ բավականին թանկ գներով հագուստ կամ հաց կարողանում էին գնել միայն, այսպես կոչված, սև շուկաներից, որտեղ գներն աստղաբախշական էին: Սև շուկայում առևտուրը խորհրդային ռուբլով համարյա չէր կատարվում, այլ հիմնականում ոսկով, կամ էլ փոխանակվում էր արժեքավոր ապրանքատեսակներով, որվհետև ռուբլին արժեզրկվել էր, իսկ խանութներն էլ գրեթե դատարկ էին: Հայաստանում, ինչպես նաև ամբողջ Խորհրդային Միությունում, սով էր… Սովը դա բոլոր պատերազմների պարտադիր ուղեկիցն է և պակաս թվով կյանքեր չի խլում-տանում, քան բուն պատերեզմական գործողությունները: «Ամե՛ն ինչ ռազմաճակատի, ամե՛ն ինչ հաղթանակի համար» կարգախոսը, որ հնչում էր ամեն տեղ, բավականին ուժեղ հայրենասիրական բովանդակություն ունենալով հանդերձ՝ քաշում, տանում էր ամեն ինչ՝ առանց այն էլ սովից հյուծված, խեղճացած ու ուժասպառ եղած ժողովրդից:

Կինը քաղցած էր և երազում ուտելիք տեսավ՝ ճոխ, առատ մի սեղան, որի վրա շարված էին բազմազան համեղ ուտելիքներ: Նա անընդհատ, ագահաբար ուտում էր, բայց զարմանալի բան՝ ուտելով սեղանի վրա դրված ուտելիքը չէր հատնում, իսկ ինքն էլ ոչ մի կերպ չէր կշտանում… Հանկարծ նա զարթնեց ու անչափ ափսոսաց, որ դա երազ էր: Կինը շատ քաղցած էր: Նա համոզված էր, որ իր երկու տարեկան դստեր համար տատն ու մանկահասակ հորաքույրը լրացուցիչ հաց պահած կլինեն՝ իրենց չափաբաժիններից: Նա մթության մեջ խարխափելով խոհանոցում՝ ման եկավ և գտավ հացի կտորն ու առանց վարանելու հաճույքով կերավ: Քիչ անց նա խորը քուն մտավ:   

Առավոտյան հայտնի դարձավ, որ երեխայի համար նախատեսված հացը չկա: Տատն ու հորաքուրը հասկացան, թե ով է կերել. շատ զայրացան, բայց ոչինչ չասացին հարսին: Հաջորդ օրվա հացի կտորը նրանք խնամքով թաքցրեցին, բայց հարսը գիշեր, երբ բոլորը քնած էին, վեր կացավ, փնտրեց, գտավ ու նորից կերավ: Երեխայի տատն ու հորաքույրն անընդհատ նորանոր թաքստոցներ էին պատրաստում հացի համար, բայց միևնույնն է, անխիղճ հարսը գտնում և ուտում էր՝ հատուկ երեխայի համար, նրանց կողմից հատկացված հացի լրացուցիչ բաժինը…

- Անխի՜ղճ, - ասաց սկեսուրը հարսին, - ա՜խր այդ հացի կտորը տալիս ենք երեխային, երբ գիշերները զարթնում ու լա՜ց է լինում սովածությունից:

Մի օր հորաքույրը չդիմացավ և հեծկլտալով՝ իր, դեռևս մանկական բռունցքներով հարձակվեց հարսի վրա: Հարսը ոչինչ չասաց և նույնիսկ չդիմադրեց: Նրա համար միևնույն էր՝ կհանդիմանե՞ն իրեն, թե՞ կհարվածեն…

Որոշ ժամանակ անց տնից սկսեցին իրեր պակասել: Սկզբում կամաց- կամաց անհետացան կնոջ ամուսնու հագուստները, որ գնել էին տան կեսի վաճառքից, և նա չէր հասցրել հագնել պատերազմի պատճառով, հետո՝ սկեսրոջ և տալոջ հագուստներն ու իրերը:

Այլևս անհնար էր հարսի հետ ապրելը: Սկեսուրը նրան տնից չէր վռնդում միմիա՛յն՝ ռազմաճակատում գտնվող որդու պատճառով:

Երբ այլևս բան չէր մնացել վաճառելու, հարսը գնաց և այլևս չվերադարձավ, նույնիսկ երեխային չվերցրեց իր հետ…

Միայն մի քանի ամիս հետո հայտնի դարձավ, որ նա՝ այդ անզգամը, տնից փախել էր իրենից տարիքով բավականին մեծ մի հաշմանդամի հետ, չսպասելով ռազմաճակատից՝ իր երիտասարդ ու բարետես ամուսնու վերադարձին:

*Հովհաննես Շիրազ, «Մայրս» բանաստեղծության առաջին քառյակը:

Կալիֆորնիա, Գլենդեյլ

10 ապրիլի, 2015թ.

Friday, April 10, 2015

«Առավոտ» օրաթերթի «Գրական Առավոտ» բաժնում լույս է տեսել Մարտին Շիրինյանի ««Ատրճանակով» տղան» պատմվածքը


Հայաստանում լույս տեսնող «Առավոտ» օրաթերթի «Գրական Առավոտ»  բաժնում լույս է տեսել Մարտին Շիրինյանի ««Ատրճանակով» տղան» պատմվածքն ընդհառաջ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին՝ http://www.aravot.am/2015/04/05/558029/

Ավելի վաղ, այն հրատարակվել է Մարտին Շիրինյանի Գրական Փորձարարական Լաբորատորիայի բլոգում՝ http://imgrakan.blogspot.com/2014/11/blog-post_21.html

Կալիֆորնիա, Գլենդեյլ
10 ապրիլի, 2015թ.

Tuesday, March 31, 2015

Ռուսական պարզամտութուն


Ես շատ էի կարոտել ավագ եղբորս, ով ապրում էր Մոսկվայում, ավելի ճիշտ` մերձմոսկովյան մի փոքրիկ քաղաքում՝ Իստրայում: Ուսանելով Կիևում, ես անհամբեր սպասում էի ամառային արձակուրդների գալուն, որպեսզի այցելեմ նրան: Ամեն անգամ ինձ տեսնելիս՝ նա զվարթորեն գոչում էր.
            
- Ախպե՜րս, արի՛ քեզ գրկեմ, - ու առնում էր ինձ իր հուժկու թևերի մեջ:
            
Ես պինդ գրկում էի նրան ու համբուրում նրա այտը: Ես անընդհատ պատկերացնում ու երազում էի այդ պահը… Ես շատ էի սիրում եղբորս ու խղճում նրան այն ահավոր վթարից հետո, երբ բժիշկները ստիպված եղան անդամահատել նրա աջ ոտքը՝ ծնկից վերև: Այդ ահավոր վթարը տեղի էր ունեցել նրա թեկնածուական դիսերտացիա պաշտպանելու օրը: Եղբայրս հատուկ ամրության և դիմացկունության նյութերի ստացման վրա էր աշխատում, որոնք օգտագործվում էին տիեզերանավերի մեջ: Մենք ամբողջ ընտանիքով շատ էին հպարտանում նրանով: Այդ օրը նա փայլուն կերպով պաշտպանելով թեկնածուական դիսերտացիան, դուրս ելնելիս գիտահետազոտական ինստիտուտի շենքից, որտեղ նա աշխատում էր, փորձել էր հատել փողոցն անցորդների համար նախատեսնված անցումով` կանաչ լույսի տակ: Միլիցիոներների սայլակավոր մոտոցիկլետը, որի մեջ երկու միլիցիոներ էին  նստած, մեծ արագությամբ սլանալով, խախտելով երթևեկության կանոնները, ուժգին հարվածել էր նրան՝ հաշմանդամ դարձնելով ամբողջ կյանքում… Այդ օրվանից հետո նա ատում էր միլիցիոներներին…
            
Ես, ուսանողական արձակուրդներին, միշտ գնացքով էի գնում Մոսկվա: Ուղևորության տևողությունը մեկ գիշեր էր, ընդամենը` ինը ժամ: Գնացքը միայն երեք միջանկյալ կայարանում էր կանգ առնում՝ Նեժինում, Բախմաչ ուղևորական կայանում և Կոնոտոպում: Նշված երեք կայարաններն իրար մոտ են գտնվում և Կիևից այնքան էլ հեռու չեն: Նրանցից հետո՝ ցորենի, եգիպտացորենի և հնդկաձավարի անծայրածիր դաշտեր են հետևում, երբեմն էլ անտառածածկ տարածքներ, և մինչև Մոսկվա գնացքը ոչ մի տեղ այլևս կանգ չի առնում, քանի որ քաղաքներ կամ քաղաքանման ավաններ չկան, բացառությամբ մի քանի աննշան գյուղերի, որոնք երկաթուղային կայարաններ չունեն: Գնացքի տոմսն էլ բավականին էժան է՝ համեմատած ինքնաթիռի տոմսի հետ: Բացի դրանից, երկաթուղային կայարանը քաղաքի կենտրոնում էր և կարիք չկար հատուկ ավտոբուսով հասնելու օդանավակայան, ուղեբեռ հանձնել, գրանցվել և այլն:
                        
Երբ գնացք բարձրացա Կիևում և մտա կուպե, այնտեղ՝ գեր, սպիտակ բեղերով, հիսուն անց մի մարդ էր նստած: Ինձ տեսնելիս՝ նա բարեկամաբար ժպտաց և անմիջապես էլ սկսեց հազալ.
            
- Քխը, քխը, քխը, - այնուհետև, շնչակտուր լինելով, ասաց, - սիլիկոզի պատճառով է, լսած կա՞ս: Ես նախկին հանքափոր եմ, աշխատել եմ Դոնբասի ածխահանքերում: Սիլիկոզը գրեթե բոլոր հանքափորների դժբախտությունն է՝ խրոնիկ հիվանդությունը: Երկար տարիներ տառապում եմ այս անիծված հիվանդության ձեռքին: Բուժում չկա, որովհետև թոքերս աղտոտված են սիլիցիումի փոշով՝ սիլիցիումի երկօքսիդով, դժվարացնելով շնչառությունս:
            
Այդ պահին խեղճ մարդը չկարողանալով զսպել հազը, նորից սկսեց ուժգին հազալ.
            
- Քխը, քխը, քխը, - հազալիս՝ նա ամբողջովին կարմրեց, վերջապես, վերջացնելով հազալը, հարցրեց, - իսկ դու ուսանո՞ղ ես:
            
- Այո՛, - ասացի ես, - սովորում եմ Կիևի «Թեթև արդյունաբերության տեխնոլոգիական ինստիտուտի» երրորդ կուրսում:
            
- Արի՛ միասին ընթրենք, - առաջարկեց տարեց ուղեկիցս և պայուսակից հանելով ուտելիքները շարեց սեղանին: 
            
Ես հրաժարվեցի մասնակցել ընթրիքին, բայց նա պնդեց և ասաց, որ խիստ կվիրավորվի, եթե մերժեմ նրան: Ես արդեն ճաշելի էի, բայց քաղաքավարությունից դրդված, ստիպված համաձայնվեցի, բայց գարեջրից հրաժարվեցի:  Նա պատմեց, որ գնում է աղջկա մոտ, ով նոր է ամուսնացել և որպես ամուսնական նվեր՝ հազար հինգ հարյուր ռուբլի փող է տանում իր հետ: Ասացի.
            
- Հայրի՛կ, ինչու՞ ես դա ինձ պատմում: Այդպիսի բաները պետք է գաղտնի պահել: Չգիտե՞ս, գնացքներում հազար ու մի տեսակ մարդիկ են շրջում…
            
- Գիտեմ, գիտեմ, - ասաց նա, - միայն քեզ եմ ասում, - ավելացրեց նա պարզամտորեն: Այնուհետև, նա նստած տեղը քնեց, իսկ ես դուրս եկա կուպեից և միջանցքի պատուհանից սկսեցի զմայլվել իրար հաջորդող գեղեցիկ բնապատկերներով:
            
Մոտավորապես երեկոյան ժամը ութ և կեսին մենք մոտեցանք Նեժին քաղաքի երկաթուղային կայարանին: Նեժինում մեր կուպեի ուղևորների թիվը մեկով ավելացավ: Դա վիրաբույժ Կիրիլ Ալեքսանդրովիչն էր, քառասունին մոտ, փոքրամարմին և ինքնամփոփ մի մարդ: Նա իր իրերը տեղավորեց կուպեում, եկավ լուռ կանգնեց իմ կողքին և սկսեց ինձ նման, բայց մտազբաղ պատուհանից դուրս նայել: Մի փոքր անց, նա ուղևորվեց վագոն-ռեստորան՝ ընթրելու: Վագոն-ռեստորանից նա վերադարձավ լրիվ ուրիշ մարդ դարձած՝ աշխույժ, հաղորդակցվող և ուրախ: Ըստ երևույթին, ոգելից խմիչք էր օգտագործել: Նա պատմեց իր ողջ կյանքը, նաև ասաց, որ գործուղման է մեկնում Մոսկվա: Կիրիլ Ալեքսանդրովիչը դաստիարակվել և մեծացել էր Մոսկվայի №12 որբանոցում:  Այժմ օգտվելով առիթից որոշել էր իրականացնել իր վաղեմի երազանքը՝ նվիրաբերել իրեն հարազատ որբանոցին հազար ռուբլի: Նրա այդ որոշումը հավանության էր արժանացել կնոջ և երկու որդիների կողմից, որի համար նա շատ երախտապարտ էր նաև նրանց:
            
- Կիրի՛լ Ալեքսանդրովիչ, - ասացի ես, - ինչու՞ եք դա ինձ պատմում, հատկապես՝ փողի մասին: Այդպիսի բաները պետք է գաղտնի պահել: Չգիտե՞ք, որ գնացքներում հազար ու մի տեսակ մարդիկ են շրջում…
           
- Գիտեմ, գիտեմ, - ասաց նա, - միայն քեզ եմ ասում, - ավելացրեց նա նույն պարզամտությամբ, ինչպես իմ տարեց մյուս ուղեկիցը՝ հանքափորը:
         
Քիչ անց նա արդեն խորը քնած էր: Երևի երազում իր հարազատ որբանոցն էր տեսնում և իր բարի ու կարեկից կնոջն ու զավակներին:
            
Մոտավորապես երեկոյան ժամը տասին մենք մոտեցանք Կոնոտոպ քաղաքի երկաթուղային կայարանին: Կոնոտոպում մեր կուպեի ուղևորների թիվը մեկով էլ ավելացավ: Դա վարորդ Ֆեդյան էր՝ երեսուներկու տարեկան, միջահասակ, ուրախ-զվարթ, հասարակ մի մարդ: Նա իր իրերը շտապ տեղավորեց կուպեում և եկավ կանգնեց իմ կողքին՝ աշխույժ զրույցի բռվելով ինձ հետ: Մի փոքր անց Ֆեդյան հրավիրեց ինձ ընթրելու վագոն-ռեստորանում Նա իմ առարկություններն ընթրելու վերաբերյալ չընդունեց, և ինձ գրեթե ուժով քարշ տվեց վագոն-ռեստորան: Զարմանալի է, բայց փաստ, որ հենց մարդիկ ուսանողի են հանդիպում, կարծում են քաղցած է և անպայման ուզում են կերակրել նրան:
             
Վագոն-ռեստորանում ես հրաժարվեցի խմել Ֆեդյայի հետ, բայց մի քիչ կերա նրա պատվիրած ճոխ ուտելիքներից, որպեսզի չվիրավորեմ նրան: Նա պատմեց ինձ, որ Մոսկվա գնալու նպատակը՝ ավտոմեքենա գնելն է:
            
- Ախպերի՜կ, - ասաց նա, - տասնվեց տարեկանից ավտոմեքենայի ղեկն եմ պտտում ու փող եմ հավաքում ավտոմոքենա գնելու համար: Իհարկե, իմ խնայողությունները բավարար չեն. ծնողներս էլ օգնեցին: Հիմա ինձ մոտ չորս հազար հինգ հարյուր ռուբլի կա: Հուսով եմ կհերիքի, գոնե օգտագործված, բայց լավ վիճակում գտնվող մի ավտոմոքենա գնելու համար, - ասաց նա:
            
- Ֆեդյա՛, - ասացի ես, - ինչու՞ ես դա ինձ պատմում: Այդպիսի բաները պետք է գաղտնի պահել: Չգիտե՞ս, գնացքներում հազար ու մի տեսակ մարդիկ են շրջում…

- Գիտեմ, գիտեմ, ախպերս, - ասաց նա, - միայն քեզ եմ ասում, - ավելացրեց նա նույն պարզամտությամբ, ինչպես հանքափորն ու Կիրիլ Ալեքսանդրովիչը: Բացի այդ, ես այս գիշեր չեմ քնելու, որ փողերս չտանեն… Քիչ անց, երբ մենք վերադարձանք կուպե, Ֆեդյան խորը քուն մտավ:
            
Իմ կուպեի երեք ուղևորներն էլ համակրելի ու լավ մարդիկ էին: Նրանք երեքն էլ գինովցած խորը քուն էին մտել: Նրանց՝ երեքի մոտ էլ մեծ գումար կար: Երեքն էլ լավ նպատակների համար էին պատրաստվում ծախսել այդ գումարները: «Բա որ գիշերը մի փորձանք գա այդ փողերի գլխին», - անհանգստացա ես ու որոշեցի, ինչպես բանակում՝ ժամապահի պես արթուն մնալ և հսկել իմ նոր բարեկամներին, որպեսզի նրանց փողերը չգողանան: Բարեբախտաբար, ինձ մոտ մի շատ հետաքրքիր գիրք կար, որը կարդալով գիշերը շատ շուտ անցավ, չնայած նույնիսկ առանց ընթերցանության էլ դժվար թե կարողանայի քնել գնացքի անիվների միալար չխչխկոցների տակ…
            
Առավոտյան, մոտավորապես ժամը հինգին, մենք հասանք Մոսկվա: Գնացքի ուղեկցորդուհին հերթով մոտենալով կուպեների դռներին, հիշեցնում էր ժամանման մասին:
            
Ես շտապ հրաժեշտ տվեցի իմ ուղեկիցներին, վերցրեցի իրերս և իջա գնացքից, քանի որ դեռ էլեկտրագնացք պետք է նստեի և ուղևորվեի Իստրա:
Եղբայրս, ինձ տեսնելով, զվարթորեն գոչեց. 
            
- Ախպե՜րս, արի՛ քեզ գրկեմ, - ու առավ ինձ իր հուժկու թևերի մեջ: Ես պինդ գրկեցի նրան ու համբուրեցի նրա այտը:

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
29 մարտի, 2015թ


Monday, March 30, 2015

Բանալին

Ես և ուսանողական ընկերս՝ Հրաչն, ամառային արձակուրդներին հանգստանում էինք Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի մի փոքրիկ և չքնաղ քաղաքում՝ Ադլերում, որտեղ գտնվում էր նաև Սոչիի շրջանային օդանավակայանը: Ադլերը հիմնականում տեղակայված է Կուդեպստա գետի ձախ ու Պսոու գետի աջ ափերի միջև: Քաղաքը ձգվում է Սև Ծովի ափով՝ հատելով Մզիմտիի գետաբերանը: Այն Ռուսաստանի Դաշնության ամենահարավային քաղաքն է և սահմանամերձ է Աբխազիայի հետ: Ես և ընկերս, որպես հանգստավայր, ընտրել էինք հենց այս քաղաքը, որովհետև խորհրդային տարիներին ուղիղ օդային չվերթ կար Երևանի և Ադլերի միջև: Չվերթի տևողությունն ընդամենը մեկ ժամ էր:
            
Մենք կահավորված մի սենյակ էինք վարձել ծովից ընդամենը երեք-չորս հարյուր մետր հեռավորության վրա՝ ձեղնահարկում: Առաստաղը եռանիստ թեքություններ ուներ, իսկ մեր գլխավերևում մետավորապես ժամը մեկը ինքնաթիռներ էին սավառնում մոտակա օդանավակայանից՝ մի քանի ակնթարթ շռնդալից աղմուկով լցնելով մեր պստիկ կացարանը, բայց մեզ դա այնքան էլ չէր խանգարում, քանի որ շատ երիտասարդ էինք, մոտ տասնինը-քսան տարեկան:   
            
Ամեն առավոտ մոտավորապես ժամը իննին արթնանում և շտապում էինք դեպի լողափ: Նախաճաշում և ճաշում էինք հենց լողափում, որտեղ կար սրճարան, խորտկարան և ճաշարան: Ամբողջ օրն այնքան հետաքրքիր էր անցնում, որ չէինք նկատում, թե ինչպես էր այն այդքան շուտ վերջանում: Լողափին արևահարվում էինք, լողանում ծովի տաք ու հաճելի ջրերի մեջ, նավակով և ջրային հեծանիվով զբոսնում աղջիկների հետ ծովի վրա:

Օրվա ընթացում հաճախակի բարձրախոսով հնչում էր մեր տաղանդավոր հայրենակցի, նշանավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հանրահայտ երգերը՝ «Աշխարհի ամենալավ քաղաքը», «Սատանայի անիվ», «Գեղեցկության թագուհին», «Ոսկյա տանգո» «Կիրակի», «Իմ Երևան», «Ժպտա», «Կամուրջներ» և այլ երգերը, ինչպես նաև տվյալ լողափի առույգ կարգախոսը՝ “Солнце, воздух и вода - наши верные друзья!”:*
            
Երեկոյան բավականին հաճախ գնում էինք պարահրապարակ պարելու: Այնուհետև զբոսնում էինք լողափում՝ պարահրապարակում հենց նոր ծանոթացած աղջիկների հետ: Պարահրապարակի և լողափի շնորհիվ մենք բազմաթիվ աղջիկների հետ էինք ծանոթանում, իսկ նրանցից մի քանիսին հաճախ բերում էինք մեր կացարանը, բայց դա դուր չեկավ մեր տանտիրոջը և նա մեզ վռնդեց ձեղնահարկի մեր սենյակից: Ես և Հրաչը մեծ դժվարությամբ մեկ ուրիշ սենյակ վարձեցինք ու որոշեցինք այլևս աղջիկներին մեր կացարան չբերել, որ նորից չզրկվենք ապրելու տեղից: Փոխարենը, անհրաժեշտության դեպքում, մենք էինք գնում նրանց մոտ… Այդպես ավելի ապահով էր:
            
Մենք շատ ընկերներ էինք ձեռք բերել հովեկների, ինչպես նաև տեղացիների մեջ, որոնք հիմնականում փրկարարներ, լողի մարզիչներ, լուսանկարիչներ կամ ջրային հեծանիվների և նավակների վարձույթի աշխատակիցներ էին: Նրանց մի մասն Ադլերի շրջակա գյուղերից ու ավաններից էին, ինչպես օրինակ՝ Մոլդովկան, Կազաչիյ Բրոդը, Գալիցինոն, Կեպշան, Վեսյոլոյեն և այլն:  Տեղացիների մեջ կային նաև հայեր, որոնք մեզ, որպես հայերի, չափազանց մեծ ջերմությամբ էին վերաբերվում և նույնիսկ հովանավորում որոշ հարցերում: Հետագայում իմացանք, որ նրանք հիմնականում համշենահայեր են:
            
Մի օր, կեսգիշերից հետո ես իմ ընկերուհուն տուն ուղեկցելուց հետո վերադարձա տուն, բացեցի տան դուռը և մտա նախասրահ, որը նաև որպես խոհանոց էր ծառայում կենվորների համար: Մոտեցա միջանցքի դռանը, բայց այն փակ էր: Շատ զարմացա, որովհետև միջանցքի դուռը միշտ բաց էր լինում, քանի որ նրա վրա էին բացվում կենվորների բոլոր երեք սենյակները: «Ի՞նչ անեմ», մտածեցի ես: Մի քանի րոպե շվարած կանգնած մտածում էի. վերջապես գլխի ընկա, որ բակի կողմից կարող եմ մոտենալ մեր պատուհանին ու ձայն տալ Հրաչին, որպեսզի գա դուռը բացի:  Բակում այնքան էլ մութ չէր. իմ բախտից լիալուսին էր, ու բակը հավասար լուսավորված էր լուսնի արծաթափայլ լույսով, նույնիսկ գետնի վրա պարզորոշ երևում էին ծառերի և մեր տան ծխնելույզի ստվերները: Անմիջապես մեր սենյակների պատուհանների տակ վարդեր էին տնկված, որոնք իրենց վառ, կարմիր գույնի ծաղիկներով միշտ հիացնում էին ինձ, բայց հիմա լուսնի լույսի տակ նրանք չգիտես ինչու սև-սպիտակ էին դարձել, ինչպես սև-սպիտակ հեռուստացույց դիտելիս: Քանի որ ամառ էր, բոլոր պատուհանները բաց էին: Ես զգուշությամբ, անաղմուկ մոտեցա մեր պատուհանին և կամացուկ կանչեցի.
            
- Հրա՜չ, Հրա՜չ, Հրա՜չ, - բայց Հրաչը չարձագանքեց. երևի խորը քնած էր:
            
Ես հուսահատ նորից վերադարձա նախասրահ և տեսա, որ մեկ ուրիշն էլ է փորձում բացել միջանքի դուռը: Դա մեր հարևանուհին էր: Նա գիշերային թեթև խալաթով էր:
            
- Եկա երեխայի համար խմելու ջուր տանելու և դուռը փակվեց, - ասաց նա, - ես միշտ միջանցքի դռան բանալին խալաթիս գրպանում եմ պահում, բայց պատահաբար այն ձեռքիցս ընկավ և հիմա այս մթան մեջ չեմ կարողանում գտնել: Լամպն էլ հակառակի պես փչացել է: Եկեք միասին փնտրենք, - առաջարկեց նա ժպտալով:
            
- Եկեք, - տխուր ասացի ես, ու մենք սկսեցինք մթան մեջ խարխափելով բանալի փնտրել: Մենք բանալին փնտրեցինք ամենուրեք. նայեցինք հատակին, գազօջախի տակն ու կողքերը, պահարանի առջևն ու կողքերը, սեղանի տակ, բայց բանալին չկար ու չկար…
Կինը կլիներ մոտ երեսուն տարեկան՝ փարթամ կրծքով և ուսերին թափված կիսագանգուր մազերով: Նրա կուրծքը խալաթի բացվածքից կիսով չափ տեսանելի էր, իսկ խալաթի փեշերը երբեմն բացվում էին ցույց տալով նրա արևահարված, բրոնզագույն փայլով պիրկ ազդրերը: Միգուցե դա պատահմամբ էր ստացվում, միգուցե և ինքն էր միտումնավոր դա անում, բայց ամեն դեպքում դա հաճելի էր ինձ: Նրա մարմինը թարմություն և անուշահոտ օճառի բույր էր արձակում: Ըստ երեևույթին նա նոր էր դուրս եկել ցնցուղի տակից, որովհետև նկատեցի, որ նրա մազերը թաց են: 
            
- Արի մեկ անգամ էլ փնտրենք սեղանի տակ, - ասաց կինը ժտալով, - ես գրեթե համոզված եմ, որ այն գլորվել է այնտեղ ու մեզ է սպասում:
            
Ես հլու հնազանդ մտա սեղանի տակ ու շարունակեցի նրա հետ փնտրել բանալին, բայց իրականում իմ աչքերն արդեն ուրիշ բան էին փնտրում նրա խալաթի խորհրդավոր ծալքերում: Կռացած վիճակում նրա հմայիչ կուրծքն ավելի ցայտուն էր ցուցադրված և շատ գրգռիչ տեսք ուներ… Կինն էլ կարծես միտումնավոր բավականին մոտեցել էր ինձ… Ես արդեն պատրաստվում էի գրկել նրան, երբ հանկարծ միջանցքի դուռն աղմուկով բացվեց և ինչ որ մեկն անսպասելի միացրեց լույսը: Սենյակն անմիջապես ողողվեց էլեկտրական ուժեղ լույսով:
            
- Վազգե՞ն, - ասաց Հրաչը, - բանալի ե՞ք փնտրում, հա՜, հա՜, հա՜: Այդ խորամանկ կինը նույն օյինն իմ գլխին խաղաց: Ներս արի՛: Բանալին նրա գրպանում է: Կարող ես ստուգե՛լ, եթե չես հավատում:
            
Ես անմիջապես ձեռքերս մտցրեցի նրա խալաթի գրպանները ու շոշափելով գտա բանալին:
Բանալին փնտրելիս, նկատեցի, որ նրա կլորիկ ու ողորկ ազդրերը հուզմունքից դողում էին:
            
- Տեր Աստվա՜ծ, - մտածեցի ես, - ինչքան ցանկալի, միայնակ կանայք կան այս աշխարհում, որ գուրգուրանքի կարիք ունեն…

*“Солнце, воздух и вода - наши верные друзья” - «Արևը, օդը և ջուրը մեր հավատարիմ բարեկամներն են»:

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդել
28 մարտի, 2015թ.

Friday, March 27, 2015

Ձկան օր (էսքիզ)


Սոֆիայից թռչող մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց Կիևի Բորիսպոլ միջազգային օդանավակայանում: Մինչև մյուս թռիչքը՝ Կիևից դեպի Երևան մոտ վեց ժամ կար:
          
Բորիսպոլի օդանավակայանը նախկին Խորհրդային Միության լավագույն օդանավակայաններից մեկն էր: Այն գտնվում է Բորիսպոլ փոքրիկ  քաղաքից մոտ վեց և Կիևից մոտ քսանյոթ կիլոմետր հեռավորության վրա` անտառածածկ, հիասքանչ տեղանքում: Օդանավակայանն իր մեծությամբ և շքեղությամբ թերևս չէր զիջում անգամ Մոսկվայի Դոմոդեդովո, Շերեմետյեվո և Վնուկովո հանրահայտ օդանավակայաններին: Բորիսպոլի օդանավակայանն ամբողջովին ապակեպատ է և ներսից հստակ երևում են ժամանող ու մեկնարկ վերցնող ինքնաթիռները, սպասարկող տեխնիկան ու անձնակազմը, ինչպես նաև աչք շոյող կանաչ անտառը, որը բոլորում է այն: Ժամանակս սպառելու համար ես շրջայց կատարեցի Բորիսպոլի հսկայական օդանավակայանում:
            
Գետնահարկում գտնվում էին ուղեբեռների պահպանման ընդարձակ բաժանմունքը և զուգարանները: Առաջին հարկում գտնվում էին ուղևորների սպասասրահը՝ բազմաթիվ հարմարավետ աթոռներով, թռիչքային գրանցումների բաժանմունքները, ինչպես նաև տեղեկատուն, փաթեթավորման տեղամասը, մանկական սենյակը և այլն: Երկրորդ հարկում էին գտնվում խանութները, զանազան ծառայողական գրասենյակները, սրճարանները, խորտկարանները և ռեստորանը: Ռեստորանի մոտ մի փոքրիկ հերթ էր գոյացել: Ես մոտեցա և կանգնեցի հերթի վերջում: Մի քանի րոպե անց ռեստորանի աշխատակցուհին եկավ տանելու հերթական այցելուին, բայց տեսնելով ինձ, մոտեցավ և խնդրեց հետևել իրեն: Մարդիկ դժգոհեցին: Նրանցից մեկը գլխով ցույց տալով ինձ ասաց.
            
- Երևի արտասահմանցի է:
            
- Հետո ի՞նչ, - ասաց մյուսը, - ի՞նչ է, մենք մարդ չե՞նք:
            
Փաստորեն աշխատակցուհին ինձ թյուրիմացաբար արտասահմանցու տեղ էր դրել: Ես ձևացա, որ դա այդպես է, քանի որ շատ հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես են սպասարկում արտասահմանցիներին Խորհրդային Միությունում:
Ռեստորանը լեփ-լեցուն էր, բայց մի անկյունում կային մի քանի թափուր սեղաններ, ամենայն հավանականությամբ նախատեսնված հենց արտասահմանցիների համար: Ինձ ուղեկցեցին այդ սեղաններից մեկի մոտ: Հմայիչ արտաքինով մի աղջիկ՝ մատուցողուհին, անմիջապես մոտեցավ ինձ և կոտրատված, խիստ ընգծված ռուսական կամ միգուցե ուկրաինական առոգանությամբ անգլերեն հարցրեց, թե ի՞նչ կցանկանայի պատվիրել: Բարեբախտաբար, ես անգլերեն գիտեի և նրան խնդրեցի սկզբի համար բերել ճաշացուցակը.
            
- Menu, please,* - ասացի ես:
            
Նա ժպտալով ասաց, որ դրա կարիքը չկա, քանի որ ինքը շատ լավ գիտի թե ի՞նչ են պատվիրում արտասահմանցիները:
            
- OK*, - ասացի ես, - bring me the same what they do order*.
             
Անկեղծ ասած, ինձ շատ հետաքրքրեց, թե ինչ են պատվիրում արտասահմանցիները: Ափսոս, չկար ինձ հետ մեկը, որի հետ գուշակություններ անեի կամ նույնիսկ գրազ գայի այդ կապակցությամբ, թե ինչ էր մատուցելու մեր սիրունատես մատուցողուհին: Իմ կարծիքով մատուցողուհին կբերեր ուկրաինական խոհանոցին բնորոշ կերակուրներ, ուտեստներ և խմիչք: Օրինակ՝ ուկրաինական բորշչ, սոլյանկա, կիևյան կոտլետներ, հոլուբցի, սխտորով աղ դրած խոզի սալ, ստուդենեց կամ խոլոդեց, կաղամբով կամ սնկով պատրաստված կարկանդակներ, վինեգրետ, ոչ ալկահոլային խմիչքներ՝ կվաս, վարենուխա, մեդեվուխա, ինչպես նաև ալկահոլային խմիչքներ՝ պերցովկա, գորիլկա և այլն:
            
Սակայն մատուցողուհու բերածները լիովին տարբերվում էին իմ գուշակածներից: Սկզբում նա բերեց հայկական հինգ աստղանի կոնյակ, վրացական մեկ շիշ «Բորժոմի» տեսակի հանքային ջուր, մեկ շիշ ռուսական «Բայկալ» տեսակի լիմոնադ և ծովախեցգետնով աղցան՝ համեմված մաղադանոսով, ձիթապտղի ձեթով ու լիմոնի հյութով: Այնուհետև ավելացան շամպինյոն տեսակի խոշոր սնկերից պատրաստված դոնդողանման մարինադը, խոշոր, ընկույզի մեծության աղ դրած սև ձիթապտուղը, սև ձկնկիթը, կարմիր ձկնկիթը, ծխացրած բարակ շերտերով կտրատած նրբահամ սաղմոնը և յուղալի սկումբրիան կամ մակարելան, ինչպես այն անվանում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
            
Թեթև խորտիկներին փոխարինելու եկավ թառափով խորովածը, որն իսկապես շատ համեղ էր: Որպես դեսերտ նա բերեց մեկ բաժակ արևելյան սև սուրճ և մի մեծ կտոր փխրուն և շոկոլադե կրեմով ձևավորված «Կիևյան տորթ»:
            
Հաշիվը վճարելիս ես հարցրեցի.
            
- Ամեն ինչ շատ համեղ էր, բայց ինչու՞ էին գրեթե բոլոր Ձեր բերած ճաշատեսականը ձկնային:
            
- Որովհետև այսօր հինգշաբթի է, իսկ Խորհրդային Միությունում ամեն հինգշաբթի ձկան օր է հայտարարված, - ասաց նա ժպտալով:
            
Երեք ժամ անց ես արդեն թռչում էի Երևան: Օդանավում մատուցված ընթրիքը նորից ձկնային էր… Ես հրաժարվեցի ընթրիքից:
Հիշեցի Կիևի Բորիսպոլ օդանավակայանի ռեստորանի սիրունատես մատուցողուհու ասածը՝ «Խորհրդային Միությունում ամեն հինգշաբթի ձկան օր է հայտարարված»:
            
Ի՜նչ լավ էր, որ սոցիալիստական երկրներում ամեն հինգշաբթի ձկան օր չէր հայտարարված, ինչպես Խորհրդային Միությունում, այլապես, Սոֆիայից դեպի Կիև թռչելիս ես ստիպված կլինեի նախաճաշին էլ ձուկ ուտել…

 *Menu, please – բերե՛ք խնդրեմ, ճաշացուցակը
*OK - շատ լավ
*bring me the same what they do order - բերեք նույնը, ինչ նրանք են պատվիրում
*սոլյանկա` բանջարեղենով, մսով կամ ձկով և թթու դրած վարունգով պատրաստված ապուր
*հոլուբցի` տավարի աղացած միսը կաղամբով փաթաթած և ձեթով տապակած
*ստուդենեց կամ խոլոդեց` դոնդող՝ պատրաստված մսից կամ ձկից

 ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդել
16 մարտի, 2015թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...