Saturday, November 23, 2019

Սիրային արկած


Արդեն մեկ ամիս է Վիեննայում ենք, Ավստրիայի մայրաքաղաքում, ձանձրույթից «մեռնում» ենք… Ինչքա՞ն կարելի է փողոցները չափչփել, անգործ թափառել, գարեջուր խմել, մեկ էլ՝ սրտներս հատցնելով սպասել հրամանի, թե ե՞րբ են մեզ տանելու Միացյալ Նահանգներ, Կալիֆորնիայի նահանգ, Լոս Անջելես, որտեղ ես և մայրս հանդիպելու էինք քրոջս ընտանիքին, որն ավելի վաղ էր տեղափոխվել այնտեղ:
           
Մենք այստեղ՝ Վիեննայում ենք գտնվում շնորհիվ 1881թ հիմնադրված «HIAS» (Hebrew Immigrant Aid Society) հրեական կազմակերպության, որը հրեաներին, ինչպես նաև ազգային փոքրամասնություններին, ներառյալ հայերին, օգնում է արտագաղթել Միացյալ Նահանգներ Իրանից՝ Թեհրանում գտնվող ավստրիական դեսպանատան միջոցով, ինչպես նաև Ռուսաստանից, Արևելյան Եվրոպայից և այլ երկրներից:
           
Երբեմնի 200,000 անդամ ունեցող  Սփյուռքահայ գաղութից Իրանում այժմ մնացել է մոտ՝ 40,000-50,000-ը: Արդարացիորեն պետք է նշել, որ հայերն արտագաղթում են հիմնականում տնտեսության վատթարացման պատճառով:  Նրանք Իրանում  սահմանադրական հատուկ հոդվածով պաշտպանված են ազատորեն հետևելու իրենց ավանդույթներին ու  քրիստոնեական կրոնին: Շատ են արտագաղթում, հատկապես շրջաններից, օրինակ՝ Իսֆահանից, Թավրիզից, Ուրմիեհից, Ռաշտից, Բանդարից, Անզալուց և Առաքից, որտեղ տնտեսական վիճակն ավելի հուսահատական է: Հայկական Սփյուռքն Իրանում հիմնականում առաջացել է 1638թ սկսած, երբ միապետ Շահ Աբբասը հայերին հայկական Նախիջևան գավառի Ջուլֆա քաղաքից բռնի դեպի Պարսկաստան տեղափոխեց:
           
Վիեննայի օդակայանում մեզ Երվանդ անունով մի երիտասարդ դիմավորեց և բոլոր հայ ընտանիքներին տեղավորեց մի բազմամուտք, բարձրահարկ շենքում, որը գտնվում էր արվարձանում: Ինձ ու մորս բաժին ընկավ չորրորդ մուտքի՝ վեցերրորդ հարկի մի հարմարավետ բնակարան, որն ուներ նաև բացօթյա ընդարձակ պատշգամբ: Բնակարանի վարձը՝ 1,000 եվրո, մենք էինք վճարելու, ինչպես նախօրոք պայմանավորվել էինք դեռ Թեհրանում «HIAS»-ի հետ բանակցություններ վարելիս: Վճարել էինք նաև Թեհրան-Վիեննա թռիչքի համար:
           
Ես ծխող եմ, սակայն շենքում և բնակարաններում ծխելը խստիվ արգելված էր, նույնիսկ բացօթյա պատշգամբում: Ծխել թույլատրվում էր միայն շենքի մուտքի մոտ, ուր էլ՝ օրը մի քանի անգամ իջնում էի, որտեղ հաճախ հանդիպում էի Երվանդին ու զրույցի բռնվում: Մի անգամ նրան հարցրեցի.
           
- Ասում են՝ Ավստրիայում հասարակաց տներն ազատ գործունեություն են ծավալում, ճիշտ է՞:
           
- Այո՛, ճիշտ է: Հենց մեր շենքի դիմացի բարձրահարկ շենքի երկրորդ հարկում այդպիսի մի հաստատություն կա, եթե ուզում ես՝ կարող ես այցելել, - միանգամայն լուրջ պատաասխանեց նա:
           
- Իսկապե՜ս, այդքան մոտի՜կ, չէի կարող անգամ պատկերցնել…
           
Ես քառասուն տարեկան էի և դժբախտաբար, դեռևս ամուսնացած չէի, հետևաբար առանց կնոջ շատ էի նեղվում: Հաջորդ օրը որոշեցի գնալ այնտեղ:
           
Ինձ շատ սիրալիր ու ընկերական դիմավորեց հաստատության գործավարը, ցույց տվեց մի քանի աղջիկների: Ես ընտրեցի նրացից մեկին, 25-26 տարեկան շիկահեր, համակրելի, հրապուրիչ մի աղջկա՝ Ինգրիդին: Նա կլորիկ ու խիստ համակրելի կանացի մարմինն ուներ, որն ամբողջովին գերում, մագնիսի նման ձգում էր ինձ դեպի նա… Ինգրիդը հենց այն էր, որի բացակայության համար ես այդքան երկար տառապել էի: Ես հավատում էի, որ նա կկարողանար անմնացորդ տրվել ինձ ու հագեցնել իմ պապակ մարմինը, որն առաջին իսկ հայացքից ուժգին տենչում էր նրան…
           
Գործավարն ինձնից պահանջեց 40 եվրո Ինգրիդի հետ առանձին երկու ժամ անցկացնելու համար: Այդ գումարի դիմաց ես կարող էի լոգանք կամ ցնցուղ ընդունել, մեկ բաժակ գինի խմել հաստատության հաշվին և, իհարկե՛, սիրաբանել տենչալի Ինգրիդի հետ: Անմիջապես վճարեցի գումարը, որի դիմաց ստացական ստացա և տեղեկանք, որտեղ կնիքով հաստատված էր, որ հաստատության բոլոր աղջիկները գտնվում են բժշկի անմիջական հսկողության տակ: Ինձ բացատրեցին նաև, որ Սուրբ Ծննդյան տոների մոտենալու կապակցությամբ շուտով զեղջեր են լինելու 10 եվրոյի չափով: Հա՜, հա՜, հա՜… Պարզվում է շուկայական հարաբերությունններն այս ոլորտ էլ են մուտք գործել…
           
Ես Ինգրիդի հետ լոգանք ընդունեցի: Նրա մարմինը իսկապես հրաշալի էր, իսկ գոտկատեղին արված նրբագեղ դաջվածքն ինձ պարզապես խելքահան արեց: Այն վառ կարմիր գույնի մի դաշտային կակաչ էր՝ ողնաշարի վերջույթում, նրա կլորիկ հետույքից մի քիչ վերև: 
           
- Գիտե՞ս, թե ի՞նչ է նշանակում «ինգրիդ»:
           
- Չգիտեմ, բայց շատ եմ ուզում իմանալ, քաղցրիկս:
           
- Ինգրիդ անունը շատ է տարածված սկանդինավյան եկրներում, Հոլանդիայում, Գերմանիայում և Ավստրիայում: Այն  երկու արմատ ունի, «ինգ՝» սիրված և «րիդ՝» գեղեցիկ, այսինքն՝ «սիրված-գեղեցիկ»: 
           
- Իսկապես, դու գեղեցիկ ես և, կարծես՝ ստեղծված ես միմիայն սիրելու համար, դրա համար էլ քեզ ընտրեցի, - ժպտացի ես, - իսկ հիմա գրկիր ինձ և ցույց տուր քո բոլոր կանացի հմայնքներն ու հմտությունները…
           
Քիչ անց Ինգրիդն ու ես խնամքով  սրբվեցինք խոշոր, սպիտակ սրբիչներով, մի-մի բաժակ կարմիր գինի խմեցինք և շարունակեցինք սիրաբանել ննջասենյակի անկողնում: Ինգրիդն անկողնում նույնքան անկրկնելի էր: Ընդհանրապես այսպիսի կանայք ավելի հմուտ են ու մասնագիտացված իրենց գործի մեջ, քան առօրյա կյանքում մեզ հանդիպող կանայք: Ես առաջին անգամ չէի ծախու կնոջ հետ պառկում, բայց այս մեկն ուրիշ էր, միանգամայն ուրիշ…
           
Ես շաբաթը մեկ անգամ գնում էի Ինգրիդի մոտ, կգնայի ավելի հաճախ, ավելի ճիշտ ամեն օր, եթե դրամական միջոցներս հերիքեին: 
           
Մի օր, երբ երեկոյան ուշ ժամին ծխում էի մեր շքամուտքի մոտ, Ինգրիդին տեսա: Պարզվեց, որ նա ապրում էր այն նույն շենքի 12-րդ հարկում, որտեղ ապրում էինք ես և մայրս: Դեռ ավելին՝ նույն  մուտքից էր: Նա էլ շատ զարմացավ, իմանալով, որ ես նույն շենքում եմ ապրում: Ինգրիդն առաջարկեց ինձ, ցանկության դեպքում գալ իր բնակարանը 25 եվրոյով:  Հա՜, հա՜, հա՜… Ես, իհարկե՛, շտապեցի օգտվել այդ շահավետ առաջարկից և այն էլ՝ ավելի հաճախակի: Որոշ ժամանակ անց, նա հրաժարվեց ինձնից փող վերցնել.
           
- Քո այցելություններն ինձ հաճելի են, կարող ես գալ ամեն երեկո, սիրելիս, -հուզված ասաց նա, - մանավանդ դու միակն ես իմ կյանքում, ով այդքա՜ն շատ է սիրում իմ մարմինը…
           
Մենք Վիեննայում մնացինք երեք ամիս: Նախավերջին օրն այցելության գնացի Ինգրիդին: Հրաժեշտի ժամանակ նա լաց եղավ և ի հիշատակ նվիրեց իր մի լուսանկարը, որտեղ նա մերկ էր լուսանկարվել՝ հատուկ ինձ համար նախատեսված ու այնպես, որ լավ տեսանելի լիներ իր նրաբագեղ դաջվածքը՝ դաշտային կարմիր կակաչը: Մենք իրար այնպես էինք սովորել, որ երկուսս էլ՝ այլևս առանց իրար տեսնելու չէինք պատկերացնում մեր կյանքը:
           
- Մի օր կգամ քեզ մոտ Ամերիկա, - լացակումած մրմնջաց նա, - դեռ մի օր ժամանակ ունենք, վաղն էլ արի, խնդրում եմ, շա՜տ եմ խնդրում:
           
- Լավ կգամ, Ինգրի՛դ, իմ անու՜շ աղջիկ, կգամ…
           
Մեր հովանավորները մեզ տարան Լոնդոն, այնտեղից էլ՝ Լոս Անջելես: Վիեննա-Լոնդոն և Լոնդոն-Լոս Անջելես թռիչքների ծախսերը հոգացին նրանք:
           
Լոս Անջելեսի օդակայանում մեզ դիմավորեց քույրս իր ամուսնու հետ: 
           
Ես  ուրախ էի, որ վերջապես հասանք Լոս Անջելես, բայց միևնույն ժամանակ տխուր, որ այլևս չեմ տեսնի Ինգրիդին…
           
Երկու օր անց մեզ այցելեց «HIAS»-ի ներկայացուցիչը: Նա 1,000-ական դոլար նվիրատվություն էր բերել ինձ ու մայրիկիս: Ինչպիսի՜ հուզիչ հոգատարություն…
           
Դա դեռ բոլորը չէր, մեկ շաբաթ անց Բարեկեցության (welfare) գրասենյակից նամակ ստացանք, որ «HIAS»-ը մեզ, որպես ներգաղթյալ փախստականների, ներգրավել էր օգնության ծրագրի մեջ, որի շնորհիվ մեզ՝ յուրաքանչյուրիս պետք է տրամադրվեր ամսական 192 դոլարի ուտելիքի քարտ և դրամական աջակցություն 350 դոլարի չափով:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
9 նոյեմբերի, 2018թ.

Ընչաքաղց տերտերը

2006թ. ամենաշոգ ամիսն էր Երևանում՝ օգոստոսը: Գուրգենը խորը վշտի մեջ էր. մահացել էր նրա սիրելի մայրը՝ Անահիտը… Դժվար է հայր կորցնելը, իսկ մայր՝ առավել ևս: Տունը եռուզերի մեջ էր. մարդկանց հոսքը չէր դադարում, անընդհատ գալիս էին ցավակցելու: Տնեցիները սուգը թողած զբաղված էին նաև թաղման նախապատրաստական աշխատանքներով: Հարազատներից ու ընկերներից ոմանք էլ իրենց օգնությունն էին առաջարկում: Սուգը մարդկանց կարեկից ու համերաշխ է դարձնում: Գուրգենը ամեն մի բարի խոսքից ու արարքից հուզվում էր, սակայն չէր կարողանում արտահայտվել, կարծես համրացել էր, խոսելիս էլ՝ կցկտուր էր արտաբերում բառերը, կոկորդը սեղմվում էր… Դիմելով քույրերին, նա հուզված ասաց.
           
- Դուք ամեն ինչ արեցիք մեր մայրիկի համար, օգնեցիք, խնամեցիք և երբեք չտրտնջացիք… Ես էլ իմ կողմից ամբողջ թաղման ծախսերն ու հոգսերն իմ վրա եմ վերցնում: Սգացեք և ոչ մի բանի մասին մի մտածեք, ամեն  ինչ ես կանեմ, անհոգ եղեք: 
           
- Միայն թե խնդրում ենք՝ չմոռանաս տերտեր բերել, մեր մայրը հավատացյալ էր, կարծում ենք, որ դա նրա սրտովը կլիներ, քանի որ Աստծո սպասավորը Ավետարան և սաղմոսներ կարդալով՝  ննջեցյալի հանդեպ մեր հարգանքն ու երախտիքը կարտահայտի, իսկ ապրող վշտակիր մերձավորներին էլ կմխիթարի  միայն Աստծու խոսսքով, - ասացին քույրերը:
           
Գուրգենը քրոջ որդու հետ գնաց Երևանի «Զորավոր Սուրբ Աստվածածին» եկեղեցին տերտեր հրավիրելու: Տերտերն այնտեղ չէր, սակայն պատվերը ընդունեցին, ըստ որի նա պետք է գար հաջորդ օրը, ուղիղ մեկ անց կեսին, թաղումից կես ժամ առաջ: Պայմանավորվեցին նաև գնի շուրջը՝ 30,000 դրամ, այսինքն՝ մոտ 60 ամերիկյան դոլար:
           
Հաջորդ օրը թաղումն էր: Երկու խոշոր, սպիտակ մոմ էր վառվում, մեկը՝ հանգուցյալի գլխավերևում, մյուսը՝ ոտքերի մոտ, քանի որ դա հիշեցնում է այն երկու հրեշտակներին, ովքերր նստած էին Հիսուսի գերեզմանի նույն տեղերում: Դագաղը դրված էր այնպես, որ հանգուցյալի երեսը նայեր դեպի արևելք, որովհետև Հայ առաքելական եկեղեցու քրիստոնյաներն աղոթելիս շրջվում են դեպի արևելք:
           
Տերտերը եկավ տաս րոպե ուշացումով, 1:30-ի փոխարեն 1:40-ին: Նա իր ուշացումը լկտիաբար պատճառաբանեց փոխադրամիջոցների խցանումներով. նրա համար ուրախություն լիներ, կամ սուգ՝ միևնույնն էր, միայն թե փող աշխատեր: Գուրգենը վրդովված էր, բայց լռեց: Նա միայն մի խոժոռ հայացք նետեց տերտեի վրա ու պարզապես ասաց.
           
- Սկսի՛ր…
           
- Դեռ շուտ է, մի հինգ րոպե սպասենք, - ժպտալով պատասխանեց տերտերը:
           
- Լսի՛ր, տերտե՜ր, այսպիսի օրով ինձ մի զայրացրու, սկսի՛ր, - ու այնպես ահարկու հայացքով նայեց նրան, որ տերտերի մարմնով դող անցավ: Նա, վախեցած նայելով Գուրգենի աչքերի մեջ, արագ-արագ վրա տվեց Տերունական աղոթքը.

- «Հայ՛ր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն  Քո,
Եկեսցէ արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո
Որպէս յերկինս եւ յերկրի:
Զհաց մեր հանապազորդ
Տո՛ւր մեզ այսօր….»:
           
Այնուհետև, նա բացեց Ավետարանը, մի երկու սաղմոս երգեց ու երկուսին հինգ պակաս հայտարարեց.
           
- Դագաղը վերցնելու ժամանակն է:
           
Գուրգենը հազիվ իրեն զսպեց, որ չհարձակվի տերտերի վրա: «Ա՜խր, գիտեր չէ՞, որ դագաղը երկուսին էինք վերրցնելու, ինչու՞ նորից չենթարկվեց մեր պայմանավորվածությանը», - զայրացած մտորում էր նա:
           
Տերտերը հասկանում էր, որ կրճատելով այդ հինգ րոպեն, նորից տանտիրոջ զայրութը կհրավիրեր իր վրա, բայց ձեռքը չէր. չէր կարողանում այլ կերպ վարվել, այդպես էր սովոր՝ աշխատել ի շահ իր օգտի համար միայն: Անկեղծ ասած, նա միանգամայն անտարբեր էր հանագուցյալի՝ հարազատների սուգ ու շիվանի, բայց չափազանց շահագրգիռ իր օգտի հանդեպ: Կարևորը՝ հապճեպ իր գործն աներ, փողն առներ ու գնար:
           
Թաղման թափորը գերեզման հասավ 2:30-ին: Գերեզմանափորներն արդեն փոսը փորել և համբերությամբ սպասում էին: Դագաղը տեղավորեցին փոսի կողքին, ննջեցյալի երեսն ուղղված դեպի արևելք: Այդ նույն դիրքով էլ պետք է թաղեին: Տերտերը զգուշացրեց ներկաներին, որ լաց ու կոծ բարձրացնելը հարիր է միայն հեթանոսությանը, քանի որ այդպիսի վարքով կեղծավորություն ու կռապաշտություն են տարածում, այսինքն՝  անարգանք ու թշնամանք հանգուցյալի թե՛ մարմնի, թե՛ հիշատակի հանդեպ, մինչդեռ քրիստոնյաներին հատուկ է զուսպ, համեստ ձևով ողբալը: Նա մխիթարեց սգավորներին, ավետարանից կարդալով Մխիթարության աղոթքը.
           
- «Տէ՛ր, տուր նրանց զգաստութեան հոգի, մխիթարութեան հոգի եւ մխիթարիր վշտակիր սրտերը եւ բժշկիր տրտմութեան վէրքերը։ Որպէսզի քո փառաց հաստատուն յոյսով տրտմութեան սգից առողջացածները փառաւորեն քեզ….»:

Տերտերի հրամանով խունկ վառեցին, ի նշան այն բանի, որ հանգուցյալը կենդանի և ընդունելի է Աստծո մոտ, ինչպես անուշահոտ խունկը, և հետևաբար այդ անուշահոտ վարքն ու պայծառ հավատն է ներկայացնում իրեն Աստծո առաջ։ Նա սկսեց թաղման արարողությունը նախ Տերունական աղոթքով, այնուհետև ավետարանից կարդաց Ննջեցյալների համար աղոթքը.
           
- «Ո՛վ բազմագութ Աստված, աղաչում և խնդրում եմ Քեզ ննջեցյալի՝ քո դուստր Անահիտի, մեր ազգի բոլոր հին ու նոր, հավատով և հույսով ի Քեզ ննջածների համար: Մանավանդ, Քեզ մոտ ննջող իմ մարմնավոր և հոգևոր ծնողների, եղբայրների, քույրերի, ազգականների, սիրելիների, բարեկամների …. Քեզ փառք, հավիտյանս հավիտենից. Ամեն»:
           
Տերտերը մի երկու հոգևոր երգեր երգեց, գետնից հող վերցրեց, օրհնեց, քանզի գերեզմանի հողը պետք է միմիայն օրհնված լինի, և նետեց գերզմանափոսը: Ծիսակատարության մասնակիցները գերեզմանափորների օգնությամբ դագաղը զգուշությամբ իջեցրին փոսը և ծածկեցին հողով…
           
Տերտերը մի կողմ գնաց, բացեց ավետարանը խաչահմբույրի համար: Երբ Գուրգենը նկատեց դա, նա արդեն 12,000 դրամ խաչհամբույրի դիմաց նվիրատվություն էր ստացել հուղարկավորության մասնակիցներից:
           
- Տերտե՛ր, - հանդիմանեց Գուրգենը, - այս ի՞նչ ես անում, ես քեզ 30,000 դրամ էի վճարել, քիչ է՞ր: Մարդիկ ամբողջ մի օր ծանր աշխատանք, բանվորություն են անում և այդ ամենի դիմաց ստանում են ընդամենը՝ 5,000 դրամ: Ամոթ ունեցի՛ր, ա՛յ անխիղճ…Տեսնես, ու՞մ էի վատություն արել, որ քեզ նման ընչաքաղց տերտերի ռաստ եկա:
           
Տերտերը լուռ հավաքեց իր ավետարանն ու խաչը և խնդրեց, որ իրեն ետ՝ եկեղեցի տանեն: Գուրգենի քենակալը՝ Վարդանը, պատրաստակամություն հայտնեց իր «Նիվայով» տանելու նրան:
           
Հետագայում Գուրգենն իմանալով, որ անամոթ ու ընչաքաղց տերտերը Վարդանից հիսուն դոլար էր պոկել՝ իբրև հավելավճար, հանդիմանեց նրան.
           
- Ա՜խր, ինչու՞ տվեցիր,  չգիտեի՞ր նրա ինչ լինելը:
           
- Գիտեի, բայց ճանապարհին էնքա՜ն հոգնեցրեց իր բողոքներով, էնքա՜ն զահլես տարա՜վ իր նվնվոցներով… Տվեցի, որ պրծնեմ… Իզուր չեն ասում. «Սար ու ձոր՝ տերտերի փոր»:
           
- Այո՛, որոշ տերտերներ շատ ագահ են. «Լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը»: Մեր բախտն էլ չբերեց տերտերի հարցում, ինչպես ասում են. «Երուսաղեմ հասանք, քոռ վարդապետի ձեռքը համբուրեցինք»:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
7 նոյեմբերի, 2018թ.

«Ռազմավար»


Սերժի մանկությունը, պատանեկությունը և վաղ երիտասարդությունն անցել էր հիասքանչ Կասպից Ծովի ափին, երկրամասի իրանական հատվածում գտնվող մի փոքրիկ, գեղատեսիլ քաղաքում: Բնությունը չափազանց առատաձեռն էր գտնվել ծովափնյա այս շրջանի նկատմամբ: Մի կողմից՝ բարենպաստ եղանակային պայմանները, մյուս կողմից՝ գյուղական բարեբեր հողերն ու անտառածածկ լեռները և ծովի ափամերձ գոտիները երկրամասը դարձնում էին հրապուրիչ ու առատ ապրելու համար, միաժամանակ անչափ գեղեցիկ՝ իր սքանչելի, բազմազան  բնապատկերների շնորհիվ:
           
Դեռ մանուկ հասակից Սերժն իր ընկերների հետ գրեթե ամեն օր լողանում էր Կասպից ծովի վճիտ ջրերում, զբաղվում էր ձկնորսությամբ, ավելի ուշ տարվեց նաև որսորդությամբ: Հաճախ ընկերներով, մեծամասամբ երեկոյան ժամերին, ճաշում և ժամանակ էին անցկացնում ափամերձ թեյարաններում, ճաշարաններում ու խորտկարաններում: Դրանք երջանիկ, համեմատաբար անհոգ տարիներ էին, որոնք մնացին անցյալում, կարծես՝ այլևս չկրկնվելու պայմանով: Հետո Սերժն ընտանիքով հանդերձ տեղափոխվեց Թեհրան, ծառայեց բանակում, 1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո մասնակցեց 1980-1988թթ. իրանա-իրաքյան պատերազմին, պատերազմից հետո ամուսնացավ, երեխաներ ունեցավ, բայց երբեք չմոռացավ մի դեպք, որ կատարվել էր իր և պարսիկ ընկերոջ հետ ծննդավայրում՝ դեռևս Մոհամեդ Ռեզա Պահլավի շահի տիրապետության օրոք:
           
Այն ժամանակ, ինքը գրեթե 18 տարեկան էր, իսկ ընկերը, Աբբաս, 20, համարյա հասակակիցներ: Հերթական անգամ, երեկոյան նստած էին քաղաքից դուրս գտնվող ափամերձ մի խորտկարանում և «քուփիդե», այսինքն՝ լուլաքյաբաբ  էին անուշ անում:  Միայն Սերժն էր գինի խմում, Աբբասը՝ ոչ, քանի որ ավտոմեքենա էր վարում: Ճանապարհային երթևեկության կանոնները խիստ էին, խախտել չէր կարելի, որովհետև ոստիկանությունն աչալուրջ հսկում էր և օրինազանցներին խստորեն պատժում: Երբ ընկերները դուրս եկան խորտկարանից, արդեն տասնմեկ անց կես էր: Աբբասը ավտոմեքենան շրջեց դեպի քաղաքի կենտրոն, որտեղ նրանք բնակվում էին: Քիչ այն կողմ, ոստիկանության շենքից ոչ հեռու, մի քանի երիտասարդ տղաներ անհանգստացնում էին մի աղջկա: Նա, նկատելով ավտոմեքենան, մոտ վազեց և ձեռքով նշան արեց, որ կանգնի: Աբբասը կանգնեց, աղջիկը վազեց և արագ նստեց մեքենան՝ հետևի նստատեղի մեջտեղի մասում: Նա հևում էր, երբ շունչը տեղն ընկավ, ջերմորեն շնորհակալություն հայտնեց տղաներին:
           
- Լավ է դուք ժամանակին հանդիպեցիք, հակառակ դեպքում տհաճ պատմության  մեջ պիտի ընկնեի, շատ շնորհակալ եմ:
           
Սերժն աջ ձեռքը հենել էր բաց պատուհանի շրջանակի ներքևի մասին, իսկ ձախը թևը մեկնել էր նստարանի հենակին: Հանկարծ նա զգաց, որ աղջիկը թեթևակի, գրեթե աննկատ շոյում էր  իր ձեռքը: Նա շրջվեց և հարցրեց.
           
- Անունդ ի՞նչ է:
           
- Ազար:
           
- Ես Սերժն եմ, ազգությամբ հայ, ընկերս էլ՝ Աբբասը:
           
- Շա՜տ հաճելի է, - մրմնջաց աղջիկը, ժպտալով, - ձեր նման լավ տղաների հետ աշխարհի ծայրն էլ լինի՝ կգնամ և նորից, ավելի շոշափելի, շոյեց Սերժի ձեռքը:
           
Նա գեղեցիկ էր, բարեկազմ, սպիտակամաշկ, ուներ հմայիչ ժպիտ, սև սաթի պես փայլուն մազեր և քնքուշ, հրապուրիչ ձայն, կլիներ քսանհինգ կամ քսանվեց տարեկան: Սերժը ձախ ձեռքը նստարանների արանքով մեկնեց ու թեթևակի շոյեց աղջկա ծնկները: Աղջիկը չէր դիմադրում:
           
- Ու՞ր ենք գնում, տղանե՛ր, - հարցրեց Ազարը, - եթե տեղ ունեք տանելու ինձ, ես կգամ, խոստանում եմ բազում հաճույքներ ու վայելքներ պարգևել ձեզ, որովհետև երկուսդ էլ ինձ դուր եք գալիս, - խոստովանեց նա և աջ ձեռքով սկսեց կրքոտ  տրորել Աբբասի ուսը, իսկ ձախ ձեռքով ամուր բռնելով Սերժի դողացող ձեռքն իր ծնկների վրա, արագ քաշեց շրջազգեստի տակ, դեպի մարդկության հարատևության դարբնոցը, որտեղ միշտ անմար կրակ կա ու կենսատու ջերմություն… 
           
- Ազա՛ր, - ասաց Աբբասը, - ազատ բնակարան կամ տուն այս պահին չկա մեր ձեռքի տակ, արի՛ ծովափնա մի ամայի տեղ գտնենք և առանձնանք, համաձայն ե՞ս, սիրունս:
           
- Քշի՜ր, քշի՜ր, միայն թե արա՛գ, ես արդեն պատրաստ եմ, - կրքոտ մռլտաց Ազարը, աչքերը կկոցելով…
           
Նրանք քաղաքից դուրս եկան և ծովափի երկարությամբ, մոտ տասնհինգ րոպե քշելով, առաջ գնացին: Վերջապես, հասան ամայի մի տեղ, որտեղից շատ աղոտ, հեռվում նշմարվում էին քաղաքի լույսերը միայն: Աբբասը մեքենան կանգնեցրեց անմիջապես ծովի ափին և ցած իջավ ծխելու, իսկ Սերժը բոլորովին ժամանակ չկորցնելով, շտապեց օգտվել չքնաղ, սիրավառ Ազարի կանացի հմայքներից, ամբողջովին ըմբոշխնելով նրա տաք մարմինը…
           
Քիչ անց Սերժն ամբողջովին բավարարված ու գոհ դուրս եկավ ավտոմեքենայից և իր տեղը զիջեց ընկերոջը՝ Աբբասին, ով անհամբեր սպասում էր իր հերթին: Ազարը նույնքան կրքոտությամբ ու խանդավառությամբ գրկեց Աբասսին և սեղմեց իր՝ կրքից այրվող, սիրատոչոր մարմնին: Դրսում կանգնած Սերժը պարզորոշ լսում էր Ազարի կրքից նվաղած ձայնը, ով աղաչում էր շարունակել, շարունակել ու բավարարել իրեն…
           
Սերժը, հմայված Ազարի կրքաբորբոք ձայնից, չնկատեց, թե ինչպես ոստիկանական մեքենան կամացուկ մոտեցավ իրենց: Ավտոմեքենայում երեքն էին՝ մի ոստիկանության սպա և երկու ոստիկան:
           
- Ի՞նչ է այստեղ կատարվում, - մռնչաց սպան, - միթե՞ դուք չգիտեք, որ հասարակական վայրերում չի կարել նման բաներով զբաղվել ու խանգարել մարդկանց հանգիստը:
           
Սերժը ստիպված էր իրենց՝ երեքի փոխարեն պատասխանել.
           
- Պարոն սպա՛, - ասաց նա, - սա հասարակական վայր չէ, այս ուշ ժամին ու՞մ կարող ենք խանգարել, չե՞ք տեսնում՝ ամայի վայր է: Համ էլ՝ ջահել ենք, մի քիչ զիջող եղեք, խնդրում եմ:
           
- Լռի՛ր, - գոչեց սպան, - մեղավոր եք, մի՛ փորձեք արդարանալ: Ես ձեզ՝ բոլորիդ պետք է ոստիկանական բաժանմունք տանեմ և արձանագրություն կազմեմ: Դու՛ք պատասխան եք տալու օրենքի առաջ:
           
Մինչ Սերժը փորձում էր լեզու գտնել սպայի հետ, Աբբասը հասցրեց հագնվել և դուրս գալ ավտոմեքենայից և միանալ Սերժին: Նա փող առաջարկեց, սպան չհամաձայնվեց, բայց մի փոքր մեղմացավ:
           
- Աղջիկը գոնե սիրուն է՞, արժե՞ր, որ նրա պատճառով այսպիսի պատմության մեջ ընկնեի՞ք, - ասաց նա ժպտալով, բայց երբ ավտոմեքենայի մեջ տեսավ Ազարին՝ կիսամերկ ու անչափ ցանկալի, կարծես՝ կրքից խելագարվեց ու բացականչեց, - եթե աղջիկը ինձ հետ էլ պառկի, ապա ձեզանից ոչ մեկին բաժին չեմ տանի, խոստանում եմ:
           
Սերժն ու Աբբասը նեղվեցին, շփոթվեցին… Բացատրեցին սպային, որ աղջիկը ծախու չէ՛, պոռնիկ չէ՛, և այդ առաջարկը շատ վիրավորական է թե՛ իրենց համար, և թե՛ աղջկա, խնդրեցին աղաչեցին, որ նա հրաժարվի այդ անպարկեշտ ու խելահեղ գաղափարից, բայց նա անդրդվելի էր:
           
- Կամ աղջիկը կհամաձայնվի, կամ երեքիդ էլ կտանեմ բաժին: Կկանչե՛նք ձեր ծնողներին, կպատժե՛նք, կտուգանե՛նք, խայտառակ կանե՛նք բոլորիդ: Որոշե՛ք, ամեն ինչ ձեզանից է կախված, միայն թե՝ շու՛տ:
           
Երբ Ազարն իմացավ սպայի պահանջի մասին, կտրականապես հրաժարվեց ենթարկվել: Նա ասաց.
           
- Ես ատում եմ բոլոր ոստիկաններին, նրանցից վատ, զզվելի մարդիկ չկան, թքել եմ նրա պահանջի վրա: Թո՛ղ ինձ տանի ոստիկանություն, իսկ ձեզ՝ ազատ արձակի: Ես նրանից չեմ վախենում: Այդպես էլ փոխանցեք նրան, - բղավեց նա:
           
Ոստիկանական սպան անդրդվելի էր, և մնաց իր ասածին: Տղաներից մեծ ջանքեր պահանջվեցին համոզելու Ազարին, որ միակ, ամենախելամիտ քայլը զիջելը կլինի այս պարագայում: Ազարը եկվոր էր, քաղաքում նրան ոչ ոք չէր ճանաչում, իսկ նրանց ճանաչողներ շատ կային, և սրիկա սպան այդ բոլորը հաշվի էր առել, այդպիսի անամոթ առաջարկ անելուց առաջ: Աղջիկը, միմիայն տղաներին փրկելու համար, տհաճությամբ ու դժկամությամբ համաձայնվեց:
           
- Լա՛վ, միայն թե փոխանցե՛ք նրան, որ ինչ անելու է, թող արագ անի, ես այդ լկտի սպայի հավեսը բոլորովին չունեմ, այդպես էլ ասացե՛ք…
           
Սերժն ու Աբբասը ծանր սրտով դրսում կանգնած սպասում էին, իսկ զինվորները, սպայի հրամանով, մի հարյուր քայլ ետ էին տարել ոստիկանական ավտոմեքենան, որպեսզի վտանգի դեպքում, այսինքն՝ ուրիշ ոստիկանական ավտոմեքենա երևալու դեպքում կարողանային շուտ նկատել և անմիջապես իմաց տալ նրան:
           
Ընդամենը երեք րոպե անց զինվորներից մեկը վազեց դեպի Աբբասի ավտոմեքենան ու անհանգստացած զեկուցեց.
           
- Պարոն սպա՛, պարոն սպա՛, հեռվում մոտեցող ավտոմեքենայի լույսեր են երևում: Շտապ դուրս եկե՛ք ավտոմեքենայից, որ հասցնենք հեռանալ:
           
Սպան այդ կարճ ժամանակատվածում հասցրել էր հանել միայն գոտին, գլխարկը և իջեցնել տաբատը: Զինվորի նախազգուշացումը լսելուն պես, նա խուճապահար վեր քաշեց տաբատը ու վազեց դեպի ոստիկանական ավտոմեքենան, Աբբասի ավտոմեքենեայի մեջ թողնելով գոտին ու գլխարկը: Գոտին ամերիկյան էր՝ որակյալ, հաստ թելերով հյուսված, գեղեցիկ ու գործածական: Սպան փախավ ձեռնունայն, «ռազմի դաշտում» թողնելով այդ գոտին ու սպայական գլխարկը, որպես «ռազմավար», իսկ մոտեցող ավտոմեքենայի մեջ մի երիտասարդ տղա էր, ով այդ նույն ամայի վայրն ընկերուհու հետ զվարճանալու համար էր եկել: 


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
22 հոկտեմբերի, 2018թ.

Պայուսակը


Շատ տարիներ առաջ Ջորջն ապրում էր Թեհրանում: Այնքան էլ զարմանալի չէ, որ նա օտարազգի անուն ունի, քանի որ պարսկահայերի մեջ, զուտ հայկական անունների հետ մեկտեղ, շատ տարածված են նաև ֆրանսիական, ռուսական, անգլիական, հունական անուններ, օրինակ՝ Անրի, Արման, Ջորջ, Ջոզեֆ, Սերոժ, Սերժ, Ժորժ, Անետ, Արտեմիս, Ջասմին, Նատաշա, Դիանա, Ռուբինա  և այլն:
           
Ջորջը մի փոքրիկ պայուսակների և ճամպրուկներ վերանորոգման արհեստանոց ուներ, որն էլ ապահովում էր նրա ընտանիքի ապրուստը: Կինը՝ Ռուբինան աշխատում էր հրուշակեղեղենի արտադրամասում, իսկ միակ դուստրը՝ Անետը սովորում էր դպրոցում: Համերաշխ ընտանիքը սիրում էր շաբաթվա վերջում քաղաքից դուրս գալ, օդափոխվել և մի որևէ տեսարժան վայր այցելել:

Մի օր 70 անց մի տարեց պարսկուհի Ջորջի մոտ եկավ, իր հետ բերելով մի գեղեցիկ պայուսակ՝ վերանորոգման համար: Պայուսակը թանկարժեք էր, «Bottega Veneta Bambina» տեսակի, պատրաստված կոկորդիլոսի կաշվից: Այդպիսի պայուսակներն առնվազն 7,000 ամերիկյան դոլար արժեն, տարեց կինը պնդում էր, որ 8,000 արժե: Ընդհանրապես, մենք՝ սովորական մահկանացուներս տեղյակ չենք, որ կան բավականին թանկ, շա՜տ թանկ կանացի ձեռքի պայուսակներ, ավելի թանկ, քան կարելի է պատկերացնել… Կան այնպիսիները, որոնք այնքա՜ն թանկ են, որ այդ գումարով կարելի է գնել շքեղ ավտոմեքենա, առանձնատուն, միգուցե և փոքրիկ ինքնաթիռ կամ զբոսանավ, ի՜նչ իմանաս… Օրինակ՝ «Prada»-ն արժե 15,090 դոլար, «Hermes Birkin»-ը 20,000 դոլար, «Marc Jacobs Carolyn Crocodile»-ը՝ 30,000 դոլար: Կան ավելի թանկերը, «Louis Vuitton Tribute Patchwork»-ն արժե 42,000 դոլար, «Leiber Precious Rose»-ը 92,000 դոլար, «Hermes Matte Crocodile Birkin»-ը՝ 120,000 դոլար, իսկ «Lana Marks Cleopatra Clutch»-ը՝ 250,000 դոլար: Ամենաթանկը, իհարկե՛, «Hermes Ginza Tanaka»-ն է՝ ոչ ավել, ոչ պակաս, քան $1,900,000: Միգուցե որոշ կանայք, իսկապես, խելագարներ են, եթե այդպիսի թանկարժեք ձեռքի պայուսակներ են կրում…
           
- Պարո՛ն, կարո՞ղ եք վերանորոգել իմ պայուսակի կայծակաճարմանդը, - անվստահ հարցրեց տարեց կինը: Երևում է ուրիշ տեղերում էլ էր եղել՝ մինչև Ջորջի արհեստանոց գալը: 
           
- Տիկի՛ն, սա թանկ պայուսակ է, կոկորդիլոսի կաշվից, դժվար կլինի վերանորոգել, վախենում եմ անզգուշաբար վնասել:
           
- Ես առատորեն կվարձատրեմ Ձեզ, վարպե՛տ, միայն թե մի՛ մերժեք, ա՜խր, այս պայուսակը շատ եմ սիրում… Մանավանդ իմ եղբայրների ստոր արարքից հետո: Նրանք գողացան իմ թանկարժեք, ադամանդակուռ, ոսկյա ժամացույցը, հանգուցյալ ամուսնուս նվերն էր… Ներկայումս, ամուսնուս նվիրած ամենաթանկարժեք իրերից, միայն սա է մնացել:  Սրիկանե՜ր… Անգութնե՜ր… Ստո՜ր արարածներ… Փա՜ռք Աստծո, հիմա բանտում են, թող տառապեն, քանի որ չխղճացին իրենց միակ, որբևայրի քրոջը: Նրանք միշտ էլ նախանձել են ինձ, որովհետև ամուսինս հարուստ էր, իսկ իրենք՝ աղքատ: Ողորմելինե՜ր… Թշվառնե՜ր…
           
- Հանգստացե՛ք, տիկի՛ն, մի բան կանենք, մի՛ հուզվեք, թեյ բերե՞մ, իսկ միգուցե՝ սառը հյութ կամ օշարակ կխմե՞ք:
           
- Թե՛յ, խնդրում եմ:
           
Խեղճ կինը թեյից հետո նկատելիորեն հանդարտվեց, պայմանավորվեց գնի, ժամկետի շուրջը ու հեռացավ: Նրանք համաձայնվել էին, որ տիկինը կվճարի 400 թուման (մոտ  քսան ամերիկյան դոլարին համարժեք դրամ)  աշխատանքի դիմաց, և Ջորջն էլ՝ իր հերթին խոստացավ վերջացնել վերանորոգումը երկու օրում: Իրականում տարեց կնոջից Ջորջը պահանջել էր 200 թուման, բայց կինը խոստացել էր կրկնակի վճարել, եթե աշխատանքը բարեխիղճ ու անթերի կատարվեր:
           
Քիչ անց Ջորջը գործի անցավ: Նա մի քանի անգամ զգուշությամբ փորձեց բացել պայուսակի կայծակաճարմանդը, բայց ապարդյուն… Այն չէր բացվում: Փորձեց փոքրիկ տափակաշուրթ աքցանով քաշել կայծակաճարմանդի բռնիչից, նորից ապարդյուն… Թեթևակի յուղեց կայծակաճարմանդն ամբողջ երկարությամբ: Բռնիչը տեղի տվեց, և պայուսակը բացվեց: Դատարկեց պայուսակը և պարունակությունը լցրեց ստվարաթղթե տուփի մեջ: Ջորջն իր փորձից գիտեր, որ եթե կայծակաճարմանդը մեկ անգամ խափանվեր, ապա հնարավոր է դա նորից կրկնվեր: Այդ պատճառով նա որոշեց ամբողջովին փոխել այն: Իր մոտ եղածները հասարակ էին, որոշեց ավելի որակյալ, գեղեցիկ տեսքով ուրիշը գնել և հետո փոխել: Նա մի քանի խանութներում եղավ և, վերջապես, գտավ այն ինչ փնտրում էր: Ջորջը ասեղի ծայրով զգուշորեն սկսեց քանդել կայծակաճարմանդը պայուսակին ամրացնող կարերը: Երբ նոր կայծակաճարմանդը կարի մեքենայով փորձում էր ամրացնել, պայուսակը շուռումուռ տալու ժամանակ զգաց, որ ինչ-որ առարկա է դեսուդեն շարժվում պայուսակի ներսում: Նա սկզբում կարծեց, որ կանացի հարդարանքի ինչ-որ իր է մոռացել պայուսակում, բայց պայուսակի մեջ ուշադիր նայելուց հետո համոզվեց, որ այնտեղ ոչինչ չկա: «Ա՜յ, քեզ բան, - մտածեց նա, - ուրեմն աստառի տակ է այդ իրը…»: Ավելի ուշադիր զննելով մեքենակարերը, պայուսակի անկյունում գտավ կարերը քանդված մի փոքրիկ հատված, որտեղից էլ երևի այդ իրը ներս էր ընկել: Աստառի վրայից մատներով շոշափելով, գտավ այն, մոտեցրեց քանդած մասին և դուրս բերեց այնտեղից: Դա մի գեղեցիկ, ադամանդակուռ, ոսկյա ժամացույց էր… «Ահա և այն թանկարժեք ժամացույցը, որ տարեց պարսկուհու կարծիքով իր հարազատ եղբայրներն էին գողացել և առայսօր չէին խոստովանում, - բացականչեց Ջորջը հուզված…»:
           
Երբ տարեց կինը եկավ պայուսակի հետևից, Ջորջն ասաց.
           
- Ահա՛ Ձեր պայուսակը վերանորոգված, իսկ այս տուփի մեջ լցրել եմ պայուսակի մեջ գտնվող իրերը:
           
- Օ՜հ, ի՜նչ լավ եք վերանորոգել, բոլորովին չի զգացվում, որ կայծակաճարմանդը փոխված է մեկ ուրիշով, շա՜տ գոհ եմ, շա՜տ շնորհակալ եմ:
           
- Դա դեռ բոլորը չէ: Ես գտել եմ նաև Ձեր ժամացույցը, ահա՛ այն:   
           
Երբ տարեց պարսկուհին տեսավ իր ժամացույցը, նա այնքան հուզվեց, որ ուշագնաց եղավ: Ջորջը շփոթվեց, ուզում էր օգնություն ցույց տալ, բայց հիշեց, որ Իրանում, համաձայն իսլամի կանոների, ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ անծանոթ կնոջը: Նա մի պահ շփոթված հապաղեց, ապա դուրս վազեց խանութից, որ անցորդների միջից մի կին հրավիրի խեղճ կնոջն օգնելու համար: Երբ կինն ուշքի եկավ, նա սրտաճմլիկ կերպով սկսեց լաց լինել.
           
- Ա՜խ, ի՜նչ արեցի, ի՜նչ արեցի, կործանեցի եղբայրներիս այս անիծյալ ժամացույցի պատճառով: Նրանք արդեն երեք տարի է նստած են բանտում, որովհետև ոստիկանությունում ասացի, որ միայն նրանց եմ կասկածում… Հիմա նրանք ինձ չե՛ն ների, չե՛ն ների, Էյ, Խոդա՜… Էյ, Խոդա՜… Էյ, Խոդա՜…*
             
Մի քանի օր անց կինը երկու մեծ տուփ հրուշակեղեն էր բերել Ջորջի համար և լրացուցիչ 400 թուման պարգևատրում՝ նրա ազնիվ արարքի համար: Իրանում ընդունված է լավ գործերի համար երախտահատույց լինել քաղցրավենիքով:
           
- Ես գիտեի, որ հայերը լավ արհեստավորներ են ու ազնիվ մարդիկ, հիմա դրանում համոզվեցի անձամբ, շատ շնորհակալ եմ ու երախտապարտ… 
           
Ջորջի ծանոթներն իմանալով այս պատմության մասին, ասում էին. «Աստված անպայման կվարձատրի քեզ՝ քո բարության ու ազնվության համար, որովհետև Աստվածահաճո գործ ես արել»: Ըստ երևույթին՝ նրանք միանգամայն ճիշտ էին:
           
Ջորջը, այդ դեպքից ընդամենը մի քանի օր անց, սովորության համաձայն, հերթական անգամ քաղաքից դուրս մեկնեց իր ավտոմեքենայով՝ կնոջ և դստեր հետ: Նրանք մի փոքրիկ գետակի մոտ, հսկայական ուռենու տակ բացօթյա խնջույք սարքեցին, լավ ուրախացան ու հանգստացան:
           
Տուն վերադառնալիս սկսեց անձրևել: Հայտնի է, որ ճանապարհները դառնում են սայթաքուն անձրևի առաջին կաթիլների հետ, քանի դեռ փոշու հետ խառնված ավտոմեքենաներից արտանետված յուղերը չեն լվացվել ու հեռացվել անձրևի շնորհիվ: Փորձառու վարորդները դա գիտեն, գիտեր նաև Ջորջը, բայց ավա՜ղ, նույնիսկ փորձառու վարորդներն են երբեմն սխալվում: Ջորջը պետք է դանդաղեցներ ավտոմեքենայի ընթացքը, բայց չարեց և արդյունքում մեքենան ոլորանի մոտ մի քանի անգավ շրջվելով հայտնվեց ճանապարհից դուրս: Ջորջը, նրա կինը՝ Ռուբինան և դուստրը՝ Անետը, շատ վախեցան, կարծելով, որ իրենց վերջը եկել է, սակայն ամենակարող Աստվածն այնքան ողորմած գտնվեց, որ նրանք անգամ մի փոքրիկ քերծվածք չստացան և ինչն է զարմանալի՝ մեքենան էլ չվնասվեց: Միթե՞ դա Հրաշք չէր… Ի՜նչ խոսք, առանց Աստծո միջամտության այդ Հրաշքը տեղի չէր ունենա:

*էյ Խոդա - պարսկերեն՝ Աստված իմ


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
19 հոկտեմբերի, 2018թ.

«Բորոդինյան համայնապատկեր» ( Ուրվանկար)


Հակոբի բախտը բերեց: Նրան տասն օրով գործուղեցին Խորհրդային Միության մայրաքաղաք Մոսկվա: Նա վաղուց էր երազում այնտեղ լինելու մասին: Վերջապես հնարավորություն ստեղծվեց տեսնելու Մոսկվան: Հակոբն արդեն եղել էր Խորհրդային Միության այլ քաղաքներում՝ Լենինգրադում, Կիևում, Ռիգայում, Լվովում, նույնիսկ ամառանոցային քաղաքներում՝ Սոչիում, Գագրայում, Նովի Աֆոնում, Կիսլովոդսկում, բայց Մոսկվայում` երբեք: Նա հանոզված էր, որ գործուղման ընթացքում ժամանակ կգտնվեր այցելելու Մոսկվայի տեսարժան վայրերն ու թանգարանները, որոնց մեջ նրան հատկապես շատ էր հետաքրքրում «Բորոդինյան համայնապատկերը», քանի որ ռուս-ֆրանսիական Հայրենական պատերազմի մասին էր: Նա մի քանի անգամ վերընթերցել էր ռուս մեծ գրող Լեվ Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» հաստափոր վեպը, որտեղ այդքան մանրամասն ու տպավորիչ նկարագրված էր այդ պատերազմը: Հակոբը հիացած էր ռուս ժողովրդի անսահման հայրենասիրությամբ, որի առջև անզոր էին անգամ հմուտ զորավար Նապոլեոն Բոնապարտի հզոր և կազմակերպված զորքերը:
           
Օգոստոս ամիսն էր, Մոսկվայում հաճելի, տաք եղանակ էր, տերևաթափն արդեն սկսվել էր՝ գույնզգույն ներկելով ամբողջ քաղաքը: Մարդիկ ըմբոշխնում էին մոսկովյան ամառվա վերջին օրերը, իսկ զբոսաշրջիկները միայնակ կամ խմբովի վխտում էին քաղաքում, և միգուցե դա էր պատճառը, որ նա, ցավոք, նույնիսկ գործուղման թերթիկով, չկարողացավ հյուրանոցներում տեղ գտնել. ստիպված տեղավորվեց վարձու բնակարանում: Տանտերերը, ովքեր հիսուն անց մարդիկ էին, իրենց ննջասենյակներից մեկը տրամադրել էին Հակոբին՝ օրական հինգ ռուբլի վարձավճարի դիմաց: Բնակարանը հարմարավետ էր, տանտերերը սիրալիր, իսկ միակ դուստրը՝ հմայիչ Կատյան, գրեթե ամբողջ օրը, սիրեկանի գրկին նստած հեռախոսով խոսում էր միջանցքում: Սիրեկանը Կատյայի համակուրսեցին էր և համարյա ամբողջ ժամանակ գրկում, տրորում, համբուրում էր նրան՝ առանց քաշվելու ո՛չ նրա ծնողներից, և ո՛չ էլ՝ կենվորից, այսինքն՝ Հակոբից:
           
Հակոբը ներկայացավ այն հիմնարկությանը, որտեղ պետք է անցներ նրա գործուղումը: Նրան ասացին, որ կարող է գալ միայն առավոտյան ժամերին, իսկ կեսօրից հետո ազատ է գնալու, ուր որ կամենա: Հակոբին դա, իհարկե՛, ձեռնտու էր, և նա անմիջապես մեծ հաճույքով անցավ իր զբոսաշրջային ծրագրերի իրագործմանը: Նրան դեռ Երևանում խորհուրդ էին տվել առաջին հերթին այցելել «Զինապալատ» և «Կրեմլի ադամանդային ֆոնդ» նշանավոր, աշխարհահռչակ թանգարանները, որոնք գտնվում էին «Մոսկովյան Կրեմլի» տարածքում, քանի որ ցանկացողների քանակը շատ մեծ էր և դժվար էր, առանց նախօրոք տոմս ձեռք բերելու, այնտեղ ընկնելը: «Մոսկովյան Կրեմլից» հետո նա հերթով եղավ «Տրետյակովյան պատկերասրահում», «Պատմության», «Պուշկինի», «Մայակովսկու», «Բուլգակովի» թանգարաններում, «Ցարիցինոյի պալատում», իսկ վերջում այցելեց «Բորոդինյան ճակատամարտ» համայնապատկեր-թանգարանը:
           
Երբ Հակոբը հասավ Կուտոզովի պողոտա, որտեղ գտնվում էր նրան այդքան հետաքրքրող թանգարանը, զարմանքով նկատեց, որ դրամարկղի մոտի հերթն այնքան էլ մեծ չէր: Տոմսն էլ թանկ չէր, ընդամենը՝ մեկ ռուբլի հիսուն կոպեկ: Մոտ քառասուն րոպեից՝ նրա հերթը հասավ, և նա, վերջապես, հնարավորություն ստացավ լինելու այդքան բաղձալի թանգարանում: Հենց մուտքի մոտ այցելուներին դիմավորեց զբոսավարը՝ մի բարձրահասակ, շիկահեր աղջիկ, քսան հոգանոց խումբ կազմեց և առաջնորդեց նրանց դեպի թանգարան:
           
- Բարի՛ գալուստ, մեր հիասքանչ մայրաքաղաքի թանկագին հյուրեր, Դուք արդեն «Բորոդինյան ճակատամարտ» համայնապատկեր-թանգարանում եք, - ողջույնի առույգ խոսքով զբոսայցը սկսեց երիտասարդ զբոսավարը:
           
Անմիջապես Հակոբի ուշադրությունը գրավեց խմբից մի աղջիկ, ում ձեռքին բաց դարչնագույն պայուսակ կար: Նրա գեղեցիկ, կապույտ աչքերը երազկոտ արտահայտութուն ունեին և ուշադիր զննում էին հիասքանչ թանգարանի նկարներն ու ցուցադրությունները: Աղջիկն այնքան էլ բարձրահասակ չէր, բայց բարեկազմ ու արտակարգ հմայիչ կազմվածք ուներ: Հակոբն առաջին իսկ ակնթարթից չկարողացավ հայացքը կտրել նրանից: Ա՜խր, չափազանց հրապուրիչ էր ու ցանկալի: Նա հմայված ու ինքնամոռած նայում էր աղջկան, իսկ ականջին, կարծես հեռվից հնչում էր զբոսավարի միալար բացատրությունները.
           
- Սա պատմական թանգարան է, նվիրված՝ 1812 թվականի ռուս-ֆրանսիական Հայրենական պատերազմին: Այստեղ է գտնվում նկարիչ Ֆրանց Ռուբոյի նշանավոր «Բորոդինյան ճակատամարտ-համայանապատկեր» աշխատանքը, ինչպես նաև այն ժամանակվա պատմական իրադարձություններին վերաբերվող բազմաթիվ յուղանկարներ, գծանկարներ, քանդակներ, հազվագյուտ գրքեր, սպառազինության  և հանդերձանքի եզակի նմուշներ….
           
Քիչ անց Հակոբը նկատեց, որ հայտնվել է աղջկա կողքին. նա շատ զարմացավ, որովհետև չհասկացավ, թե դա ինչպես կատարվեց, սակայն առանց վարանելու ամուր բռնեց աղջկա ձեռքը: Նրա քնքուշ ու փոքրիկ ձեռքը Հակոբի խոշոր ու ամուր ձեռքի մեջ մի պահ դողաց, ապա հանդարտվեց ու նրանք շարունակեցին իրենց ճանապարհը զբոսաշրջիկների խմբի հետ:
           
- Սա Ֆրանց Ռուբոյի երրորդ համայնապատկերն է, առաջինը՝ «Ախուլկո աուլի գրոհումն» է, որն ավարտվել է 1890 թվականին, դարձնելով նկարչին Բավարիայի նկարիչների՝ ակադեմիայի պատվավոր անդամ, երկրորդը՝ «Սևաստոպոլի պաշտպանությունն» է, որն ավարտվել է 1905 թվականին, իսկ երրորդը, ինչպես արդեն նշել ենք, դա «Բորոդինյան ճակատամարտն» է: Այն նկարիչն առաջարկել է նկարել 1909 թվականին ռուս-ֆրանսիական պատերազմի 100-ամյա հոբելյանի առթիվ, որը պատրաստվում էին հանդիսավորությամբ նշել կայսերական Ռուսաստանում….
           
Հակոբն ու աղջիկը համակ ուշադրությամբ, կլանված լսում էին զբոսավարի անչափ հետաքրքրիր բացատրությունները: Ըստ երևույթին աղջկա նախասիրությունների մեջ էլ էր մտնում այն բոլորը, ինչ վերաբերվում էր պատմական նշանավոր իրադարձություններին: Կարելի է ասել, որ նրանք կրկնակի երջանիկ էին՝ միմյանցով հափշտակված լինելու և թանգարանում գտնվելու համար… Նրանց անչափ գերում էր ճակատամարտ-համայնապատկերի բոլոր, նույնիսկ ամենաչնչին դրվագները, գունազարդումները, բնապատկերները, մարտերը, զինվորական հանդերձանքը, զինատեսակները և այլն:
           
- Կայսերական պալատը հավանություն տալով Ռուբոյի գաղափարին, պատվիրեց նրան նկարելու երրորդ համայնապատկերը: Ռուբոն այդ խոշորամասշտաբ՝ 15x115 մետր նկարի վրա աշխատեց Մյունխենում: Նկարը ստեղծվել է ռուս նկարիչ Իվան Մյասոյեդովի, գեներալ-լեյտենանտ Բորիս Կալյուբակինի, մարտանկարիչ Բեքերի, բնանկարիչ Ցենո-Դիմերի և այլոց մասնակցությամբ, - շարունակում էր զբոսավարը:
           
- Անունդ ինչպե՞ս է, - ուղիղ նայելով աղջկա աչքերի մեջ, կամացուկ հարցրեց Հակոբը:
           
- Լիդիա՛, - փսփսաց աղջիկը, բերանը մոտեցնելով Հակոբի ականջին:
           
- Օ՜հ, իսկապե՞ս… Դու շատ գեղեցիկ ես, Լիդիա՛… Ինձ հայտնի է, որ քո անունը հունական ծագում ունի և նշանակում է՝ գեղեցիկ, ազնվազարմ:
           
Լիդիան մի փոքր շփոթվեց Հակոբի հաճոյախոսությունից և նորից փսփսալով հարցրեց, իսկ քոնը՞:
           
- Հակո՛բ, բայց քեզ համար դժվար կլինի արտասանել, քանի որ ռուսերենում «հ» տառը չկա: Դա պարզապես հունական Իաքոբոս, կամ էլ հրեական Ջակոբ անվան հայկական տարբերակն է: Անգլիական տարբերակը Ջեյմսն է: Կարող ես ինձ Ջեյմս անվանել, - ծիծաղեց նա:
           
- Լավ, ես քեզ Ջեյմս կանվանեմ, քանի որ Իաքոբոս մի քիչ դժվար է արտասանել նույնպես, իսկ Ջակոբ անունն ինձ դուր չի գալիս: Բացի դրանից Ջեյմսն ինձ ավելի հոգեհարազատ է, քանի որ հիշեցնում է հանրահայտ Ջեյմս Բոնդին՝ «007 գործակալը» կինոնկարից:
           
- Լռությու՜ն, լռությու՜ն այդտեղ, - աչքերը Հակոբի և Լիդիայի վրա ոլորեց զբոսավարը, - խանգարում եք:
           
- Թանգարանն ունի 88 աշխատող, ներառյալ 33 գիտաշխատողներ, ովքեր ուսումնասիրում են 1912 թվականի պատմական դեպքերի և Ֆրանց Ռուբոյի կյանքին ու ստեղծագործություններին վերաբերվող նյութերը…. 
           
Զբոսայցը տևեց մոտ 45 րոպե: Երկուսն էլ անսահման տպավորված էին…Նստեցին թանգարանի տարածքում գտնվող նստարանի վրա և սկսեցին աշխույժ, ոգևորված զրուցել:
           
- Այնպիսի՜ տպավորություն ունեմ, կարծես վաղեմի ծանոթներ ենք, - բացականչեց Հակոբը և անսպասելիորեն ամուր գրկեց աղջկան: 
           
- Ի՞նչ ես անում, ի՞նչ ես անում, ինչպե՜ս կարելի է - մի պահ դիմադրեց աղջիկը, ապա քնքշորեն գրկեց ու հազիվ լսելի ձայնով շշնջաց նրա ականջին, - սիրելի՜ս, հարազա՜տս… Ինչքա՜ն եմ ափսոսում, որ ստիպված ենք բաժանվելու…
           
- Ինչու՞, - զարմացավ Հակոբը, - այսքան շու՜տ…
           
- Այո՛, - տխուր հաստատեց Լիդիան, - չորս ժամ հետո ես գնացքով մեկնելու եմ Կարպատներ:
           
- Չէ՜, այդպես չի կարելի, ա՜խր, ամեն ինչ սկիզբ ունի և վերջ, մենք չենք կարող այսպես շուտ բաժանվել, - հուզված բացականչեց Հակոբը և անսպասելիորեն մի երկար, կրքոտ համբույր դրոշմեց աղջկա սիրուց վառվող շրթներին…
           
- Ա՜հ, - հառաչեց Լիդիան, - հիմա ավելի ցավոտ կլինի մեր բաժանումը, իզուր համբուրեցիր ինձ…
           
- Իսկ ո՞վ ասաց, որ բաժանվելու ենք, ես քեզ հետ կգամ, - հակադարձեց Հակոբը:
           
- Իսկապե՞ս, - ուրախացավ աղջիկը:
           
- Այո՛, որոշված է, մենք միասին ենք մեկնում, բացի դրանից ես Կարպատներում երբեք չեմ եղել, - ծիծաղեց Հակոբը:
           
- Օ՜հ, սիրելիս, ինչքա՜ն լավն ես դու, - հուզված բացականչեց Լիդիան և քնքշորեն փարվեց Հակոբին:
           
Պարզվեց աղջիկն Արխանգելսկից էր և մեկնում էր Կարպատներ, տատիկից մնացած ժառանգությանը տեր կանգնելու:
           
- Գնանք իմ իրերի ետևից, արա՛գ, - շտապեցրեց նրան Հակոբը:
           
Լիդիան խոր հոգոց հանեց և հնազանդ հետևեց նրան:
           
Ճանապարհին Հակոբն անընդհատ ապագայի ծրագրեր էր կազմում: Լիդիան լուռ լսում էր նրան: Երբ տուն հասան և Հակոբն իր բանալիով բացեց մոտքի դուռը, տանտիրոջ դուստրը՝ Կատյան, նստած էր իր սիրեկանի գրկին և խոսում էր հեռախոսով, իսկ վերջինս անհագորեն տրորում ու համբուրում էր նրան:
           
- Ուշադրություն մի՛ դարձրու, սրանք միշտ այսպես են, - ժպտալով, շշնջաց Հակոբը՝ իր սենյակն առաջնորդելով Լիդիային:
           
Հակոբը սկսեց շտապ հավաքել իր իրերը ճամպրուկի մեջ:
           
- Մի՛ շտապիր, մենք դեռ երեք ժամ ժամանակ ունենք, - ասաց Լիդիան, սիրատոչոր ու քնքուշ հայացքով նայելով  նրան:
           
Հակոբն անմիջապես նետվեց Լիդիայի գիրկը, անհագ համբույրներով ծածկելով նրա թովիչ դեմքը, պարանոցն ու ձեռքերը… Երանության  երկու ժամերն անցան մի ակնթարթի պես…
           
- Հիմա արդեն անբաժան ենք միմյանցից, - ուրախ բացականչեց Հակոբը: 
           
Լիդիան լուռ հագնվում էր, այնուհետև նա կարգի բերեց իր շքեղ մազերը, դիմափոշի քսեց իր սիրունիկ քթիկին և ասաց.
           
- Ջե՛յմս, սիրելի՛ս, հարազա՛տս, ես քեզ շատ եմ սիրում և կսիրեմ իմ ամբողջ կյանքի ընթացքում, դու իմ Ջեյմս Բոնդն ես, բայց միասին լինել չենք կարող ու սկսեց կամացուկ լաց լինել:
           
- Ինչու՞, քաղցրի՛կս, ո՞վ կարող է մեզ խանգարել:
           
Հանգամանքները… Կարպատներում փեսացուս է ինձ սպասելու, մենք արդեն երեք տարի միասին ենք… Ե՜ս… Ե՜ս չեմ կարող նրան հուսախաբ անել, առանց այն էլ՝ ինձ շա՜տ, շա՜տ մեղավոր եմ զգում նրա առջև… Ես չդիմացա գայթակղությանը, դեռ երբեք այսքա՜ն հրապուրված չեմ եղել որևէ տղամարդով, ինչպես դա տեղի ունեցավ քեզ հետ… Ների՛ր, ների՛ր, խնդրում եմ, ների՛ր, եթե կարող ես…Իսկ հիմա ես պետք է գնամ, խնդրում եմ մի՛ ուղեկցիր, պետք չէ՛, ա՜խր… Ը՛հը, ը՛հը, ը՛հը… Շա՜տ է ցավոտ…


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
14 հոկտեմբերի, 2018թ.

Արնախումնե՜ր… Արնախում գազաննե՜ր…


Հակոբի հայրը ծանր հիվանդ էր… Նրան կփրկեր միայն վիրահատությունը: Չնայած Խորհրդային Հայաստանում բժշկությունն անվճար էր, բայց հարկ էր պարգևատրել ո՛չ միայն վիրաբույժին, այլ նաև ամբողջ բժշկական անձնակազմին, հակառակ դեպքում ցուցադրաբար անփույթ վերաբերմունք ցույց կտրվեր հիվանդին:
           
Հակոբը հարցուփորձի միջոցով գտավ այն հիվանդանոցը և բժշկին, ով կարող էր լավագույն կերպով վիրահատել իր սիրելի հայրիկին: Նա պայմանավորվեց վիրաբույժի հետ, որ վիրահատությունից հետո նրան վարձահատույց կլինի 300 ռուբլի գումարով, որը նրա մեկ ու կես ամսվա աշխատավարձի չափն էր: Բժիշկը, մի փոքր շփոթահար, ցուցամատով ուղղելով ոսկե շրջանակներով ակնոցը, տեղեկացրեց Հակոբին, որ նա պետք է լուծեր նաև դոնորական արյան հարցը, քանի որ դա պարտադիր էր: Այն ժամանակ բոլոր հիվանդանոցները պարտադրում էին վիրահատվող հիվանդների տերերին արյուն հանձնել և միայն այդ դեպքում էր թույլատրվում վիրահատությունը: Իհարկե՛, դա օրենքով չէր, բայց ներքին կարգով դարձել էր պարտադիր: Պարզվեց, որ այդ հարցն էլ կարելի է կարգավորել 200 ռուբլի կաշառք տալով, սակայն Հակոբն այդ գումարը չուներ: Նա որոշեց արյուն հանձնել: Նրան ասացին, որ պետք է ընդամենը 200 մլ արյուն հանձներ: Դա այնքան էլ շատ չէր և կորուստը շուտ կվերականգնվեր, մանավանդ նա հաղթանդամ երիտասարդ էր՝ բարձրահասակ և հուժկու մկանային կառուցվածքով, քանի որ դեռ մանուկ հասակից մարզվում էր բռնցքամարտով: 
           
Հակոբը պայմանավորված օրը նրեկայացավ արյուն վերցնող բժշկուհուն, ով նրան շատ սիրալիր ընդունեց: Բժշկուհին անչափ գեղեցիկ կին էր, դեռ քառասունը չբոլորած: Հագնված էր ճաշակով, վրայից թանկարժեք օծանելիքի նուրբ, դուրեկան հոտ էր բուրում: Նրա շիկավուն մազերը հավաքված էին գլխի վրա այնպես, որ ականջներն ամբողջովին երևային, որոնցից զմրուխտյա քարերով զարդարված թանկարժեք, ոսկյա ականջողեր էին կախված, իսկ աջ ձեռքի միջնեմատին մի պսպղուն շողակով նույնքան գեղեցիկ ոսկյա, նուրբ զարդաքանդակներով մատանի կար: Չեխական արտադրության բարձրակրունկ կոշիկները շորորուն էին դարձում նրա քայլվածքը, հատկապես ընդգծելով նրբիրան ու ցանկալի մարմինը:  
           
«Ա՜խ, ո՜նց կպարկեի սրա հետ, ի՜նչ էլ լավիկն է…», - մտածեց Հակոբը և իսկույն էլ կշտամբեց ինքն իրեն  մտքում՝ այդքան գռեհիկ մտքեր ունենալու համար:
           
«Ի՜նչ առնական երիտասարդ է, տեսնես՝ ինչպիսի՞ն է անկողնում…», - գրեթե միաժամանակ մտածեց բժշկուհին: Նրա ամուսինը տասներեք տարի իրենից մեծ էր, արդեն հիսունն անց, բավականին զբաղված և իրականում հազվադեպ էր ժամանակ գտնում կնոջն ուշադրության արժանացնելու համար: Այդ էր պատճառը, որ նա միշտ թախծում էր երիտասարդ, առնական ու հրապուրիչ տղամարդու հանդիպելիս:  
           
- Երիտասա՛րդ, հանե՛ք վերնաշապիկը, պառկե՛ք այն թախտի վրա ու աջ ձեռքը մեկնե՛ք փոքրիկ պատուհանից ներս. բուժքույրը Ձեզ կօգնի, իսկ ես կլրացնեմ հարցաշարը: Անձնական տվյալները հայտնի են միայն մի քանի հարց առողջության վերաբերյալ: Ձեր արյան խումբը՞:
           
- II, դրական:
           
- Մանուկ հասակում ի՞նչ հիվանդություններով եք հիվանդացել՝ կարմրու՞կ, կապույտ հա՞զ, խոզու՞կ:
           
- Ընդհանրապես չեմ հիվանդացել, երբեմն գրիպ և մրսածություն, իհարկե՛, ունեցել եմ:
           
- Որևէ մարզաձևով մանուկ հասակում զբաղվել ե՞ք:
           
- Այո՛, բռնցքամարտով, հիմա էլ շարունակում եմ զբաղվել:
           
- Շատ լավ է, շատ լավ, - չգիտես ինչու՞ կրկնեց բժշկուհին մտազբաղ:
           
Այնուհետև նա մտավ այն փոքրիկ սենյակը, որի փոքրիկ պատուհանի միջով դուրս էր պարզած Հակոբի աջ ձեռքը:
           
- Հիմա մի փոքր կցավի ասեղը մտցնելիս, իսկ հանելիս համարյա ցավ չեք զգա, - ասաց նա, - ընդամենը վերցնելու ենք 200մլ արյուն: Դա շատ քիչ է, և Ձեր առողջ մարմինը շատ արագ կվերակագնի այդ չնչին կորուստը, բացի դրանից երևի լսել եք, որ ժամանակ առ ժամանակ արյուն բաց թողնելը թարմացնում է արյունը, - մխիթարում էր Հակոբին բժշկուհին:
           
- Բժշկուհի՛, Դուք շատ հոգատար եք, բայց ինչու՞ դոնորը չի տեսնում, թե ինչքան արյուն են քաշում  իրենից: 
           
- Որպեսզի վատ չզգաք արյուն տեսնելիս: Շատերը հենց արյան տեսքից ուշաթափվում են, - կատակեց նա, - Դուք մի՛ կասկածեք, մենք արյունը վերցնելուց հետո միշտ դոնորին ցույց ենք տալիս, թե ինչքան ենք վերցրել, Ձեզ էլ ցույց կտանք:
           
Փոքր սենյակից դուրս գալով բժշկուհին մի սրվակ էր բռնել ձեռքին, որի մեջ 200 մլ արյուն կար.
           
- Ահա՜, այսքան արյուն ենք վերցրել Ձեզանից, բավարարված ե՞ք, - ժպտալով դիմեց նա Հակոբին:
           
- Այո, - անվստահ ասաց Հակոբը:
           
- Այժմ պառկած վիճակից մի՛ վեր կացեք, բուժքույրը կօգնի Ձեզ, քանի որ կտրուկ շարժումներ անել չի կարելի:
           
Հակոբը բուժքրոջ օգնությամբ դանդաղ նստեց, վեր կացավ, կանգնեց:
           
- Իսկ հիմա, երիտասա՛րդ, մոտ եկե՛ք սեղանին և հյուրասիրվե՛ք: Մենք Ձեզ համար հիվանդանոցի խոհանոցից մի բաժակ տաք կակաո, մի խոշոր շոկոլադե սալիկ և համեղ թխվածքաբլիթներ  ենք բերել:
           
- Շնորհակալությու՛ն, հարկավոր չէ, պետք է գնամ, - հրաժարվեց Հակոբը:
           
- Ո՜չ, ո՜չ, անպայման պետք է այս բոլորը ճաշակեք, քանի որ արյուն եք տվել. հնարավոր է գլխապտույտ ունենաք և նույնիսկ ուշաթափվեք, եթե չհետևեք մեր խորհրդին, - զայրացած ձայնը բարձրացրեց բժշկուհին:
           
Հակոբն արդեն դռան մոտ էր հասել, երբ բժշկուհին և բուժքույրը բռնեցին նրա թևերը և ուժով ուզում էին ետ բերել նրան: Սակայն Հակոբն ավելի ուժեղ էր, նա ազատվեց նրանցից և դուրս եկավ միջանցք: Բուժքույրը վազելով հասավ նրան ու շոկոլադե սալիկը սահեցրեց նրա գրպանի մեջ.
           
- Եթե վատ զգաք, անպայման կուտեք այն, - Հակոբի հետևից գոռաց նա:
           
Երբ Հակոբն հասավ ավտոբուսի կանգառը, զգաց, որ մի թեթև գլխապտույտ ունի: Բարեբախտաբար նրա տունը մոտիկ էր, մի չորս կանգառ այն կողմ: Տուն մտնելիս նրա գլխապտույտն ուժեղացավ և հազիվ կարողացավ իրեն գցել բազմոցի վրա: Նա պատմեց մորը, թե որտեղից է գալիս: Մայրն անմիջապես մի մեծ բաժակ մեղրաջուր պատրաստեց նրա համար և ասաց.
           
- Խմի՛ր, որդի՛ս: Մեղրաջուրը, շատ արագ յուրացվելով օրգանիզմի կողմից, կվերականգնի ուժերդ, իսկ ես գնամ խոհանոց և քեզ համար շտապ համով, սննդարար ճաշ պատրաստեմ: 
           
«Ի՜նչ երկրում ենք ապրում… Գիտեինք, որ թերակշռում են, մանրը լրիվ չեն վերադարձնում, լավ ապրանքները տակից են վաճառում և այլն, բայց որ մարդկանց արյունն են գողանում, չգիտեի՜նք… Երևի 200 մլ արյան փոխարեն անխղճաբար 400մլ, միգուցե և 600մլ են քաշել: Արնախումնե՜ր… Արնախում գազաննե՜ր… Հենց դրա համար էլ այդքան անշահախնդիր ու հոգատար են ձևացել», - զայրացած ինքն իրեն խոսում էր Հակոբի մայրը՝ խոհանոցում ճաշ պատարաստելիս:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
26 օգոստոսի, 2018թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...