Saturday, November 23, 2019

Երջանիկ «դռնապանը»


Պարսկահայ հարևանիս հետ ամառային մի տաք երեկո, հերթական անգամ «Ամերիկանա» այցելելեցինք: Մի քանի պտույտ գործելով, կանգ առանք, մեջտեղում երգող շատրվաններ ունեցող, հսկայական ջրավազանի մոտ: Մարդիկ խմբված ունկնդրում էին երաժշտություն և զմայլվում շատրվանների՝ երաժշտությանը համահունչ խաղով: «Ամերիկանան» Կալիֆորնիայի՝ Գլենդեյլ քաղաքի ամենատեսարժան վայրն է, ավելի ճիշտ՝ զբոսավայրը…
           
Այնքան մարդաշատ է «Ամերիկանան», որ անհնար է այստեղ ծանոթների չհանդիպելը, հետևաբար մենք էլ հանդիպեցինք մի քանիսին: Հետաքրքրական էր հարևանիս՝ Ջոզեֆի հանդիպումն անչափ գեղեցիկ ու քնքուշ մի կնոջ՝ Մելանիի հետ: Նա անտարբեր չէր այդ քառասունն անց, միջահասակ կնոջ նկատմամբ: Մելանին եկել էր իր քրոջ աղջկա հետ, ով մի քանի օր առաջ էր ժամանել Հայաստանից՝ «Green Card» վիճակախաղով ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք շահելով: Նրբիրան ու գեղեցկադեմ այդ աղջիկը հիացած էր Գլենդեյլով և անվերջ այդ մասին էր խոսում: Մինչ Ջոզեֆը համառորեն համոզում էր Մելանիին ամուսնանալ իր հետ, ես զրուցում էի ամերիկյան վառ  տպավորությունների տակ գտնվող աղջկա հետ:
           
- Մի շտապի՛ր, դեռ երեք օր չկա, որ այստեղ ես, արդեն վերջնական հետևություններ ես անում, - ասացի ես նրան ժպտալով, - ինչպես համարյա բոլոր հայաստանցիները, դու էլ ես կարծում, որ Ամերիկան ամենաիդեալական և ամենաարդար երկիրն է, բայց պետք է քեզ հիասթափեցնեմ, դա այդքան էլ այդպես չէ՛, հավատա՛ ինձ:  Առայժմ դու զբոսաշրջիկի կարգավիճակում ես և չես նկատում, որ ամեն ինչ այնքան էլ հոյակապ չէ, ինչպես դու ես կարծում: Ա՛յ, երբ ինքնուրույն կապրես՝ աշխատանք կունենաս, բնակարան կվարձես և ավտոմեքենա կգնես, այն ժամանակ էլ կահասկանաս, որ բազմաթիվ դժվարություններ են ծագելու… Ուզում եմ ասել, որ Ամերիկան դրախտ չէ, ինչպես շատերն են պատկերացնում, անխուսափելիորեն ստիպված ես լինելու բազմաթիվ փորձությունների միջով անցնելու:
           
- Չէ՜, ի՞նչ եք ասում, միևնույնն է՝ այստեղ մի հազար անգամ ավելի լավ է, քան, Հայաստանում, - շարունակեց համառորեն պնդել աղջիկը:
           
- «Ամերիկանան» հավանու՞մ ես, - փորձելով փոխել խոսակցության առարկան, հարցրեցի ես:     
           
- Այո՛, շա՜տ, հատկապես ժամանակակից հագուստեղենի՝ «Disney Baby», «Marciano», «Calvin Klein», «Sephora» և «Norsdrom» խանութները, բայց գներն ահավոր բարձր են, անհավատալի բարձր…
           
- Իսկ գիտե՞ս, որ «Ամերիկանան» բոլորող համարյա բոլոր գեղեցկատես շենքերը բնակելի են, իմիջայլոց, այստեղ բնակարան վարձելը մի քանի անգամ ավելի թանկ է նստում, քան քաղաքի այլ թաղամասերում:
           
- Գիտեմ: Ինձ շատ են դուր գալիս նաև «Ամերիկանայի» գունազարդ էլեկտրաքարշ-վագոններով երկաթուղին, գերժամանակակից, էլեկտրական ավտոմեքենաների «Tesla» խանութ-ցուցասրահը և «Pacific Theatres» կինոթատրոնը, որտեղ նույնիսկ հայկական արտադրության կինոնկարներ են ցուցադրվում:
           
Երբ աղջիկն ու Մելանին գնացին, նկատեցի, որ Ջոզեֆի տրամադրությունն ընկել էր, հասկացա, որ նա հերթական անգամ մերժում էր ստացել Մելանիից: Արդեն բավականին ժամանակ էր, որ հարևանս համոզում էր նրան ամուսնանալ իր հետ: Ջոզեֆը հիսունն անց տղամարդ էր և երազում էր ամուսնանալ, ընտանիք կազմել Մելանիի հետ:
           
- Մի տխրի՛ր, Ջոզեֆ, - մխիթարեցի նրան, - համառ եղի՛ր և ամեն ինչ կլինի այնպես, ինչպես դու ես ուզում: Հավատա՛ ինձ, միայն համառ տղամարդուն է հաջողվում գրավել սիրած էակի սիրտը, բազմաթիվ այդպիսի օրինակներ գիտեմ:  
           
Այսպես զրուցելով և զբոսնելով հասանք Գլենդեյլի ամենախոշոր ու ամենասիրված «Barns & Noble» մարդաշատ գրախանութին, որի ընդարձակ երեք հարկերն իրար հետ ներդաշնակորեն միանում են շքեղ շարժասանդուղքներով: Գրախանութի՝ շենքի գլխին մի մեծ, ամերիկյան դրոշ է ծածանվում՝ ի ցույց դնելով ԱՄՆ-ի հիսուն նահանգները խորհրդանշող, կողք-կողքի շարված աստղերը: Բոլոր հարկերում տեղադրված են հարմարավետ բազկաթոռներ և նստարաններ այցելուների համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան թերթել և աչքի անցկացնել հերթական ընտրված ամսագիրը կամ գիրքը՝ համոզվելու համար արդյո՞ք դա իրենց հավանածը կամ փնտրածն է, թե՞ ոչ: Իդեպ, գրախանութն ունի նաև հայկական հետաքրքրություն (Armenian Interest) ներկայացնող առանձին գրքերի փոքրիկ բաժին: Երբ Ջոզոֆն ու ես ներս մտանք գրախանութի հսկայական ապակեպատ դռներով, մեզ մոտեցավ և շատ սիրալիր դիմավորեց խանութի անվտանգության աշխատակիցը. 
           
- Համեցե՛ք, սը՛ր: Կար՞ող եմ որևէ բանով օգտակար լինել Ձեզ: Ձայնաերիզների և տեսաերիզների հսկայական տեսականուն ծանոթանալու համար պետք է առաջանաք մինչև վերջ, իսկ ահա՛ պարբերականներն ու ամսագրերն աջ կողմում են, սը՛ր: Առարկայական գրքերի հարուստ տեսականի ունենք երկրորդ հարկում, իսկ երրորդ հարկում են գտնվում մանկական գրքերի, խաղալիքների բաժիները և հյուրնկալ ու հարմարավետ սրճարանը:   
           
Սկզբում մենք նրան դռնապանի տեղ դրեցինք, բայց հետո համոզվեցինք, որ խանութի անվտանգության աշխատակիցն է: Նա կարճահասակ, թխադեմ, ոչնչով աշքի չընկնող, աշխույժ մի լատինո էր: Խոսքի բռնվելով նրա հետ, պարզեցինք, որ Մանոլոն, այդպես էր նրա անունը, մարդամոտ ու անկեղծ մի անձնավորություն էր, չափազանց անկեղծ…
           
- Բոլորովին վերջերս եմ ընդունվել աշխատանքի և շա՜տ գոհ եմ, - ասաց նա, մտերմիկ ժպտալով, - ամբողջ օրն այստեղ կանգնած զմայլվում եմ գեղեցիկ կանանցով, հա՜, հա՜, հա՜… Երբեմն այնպիսի՜ լավիկներն են հանդիպում: Նայե՛ք, նայե՛ք այս մեկին, օօ՜հ, օ՜օհ…
           
Այդպես կրքաբորբոք հառաչելով նա մոտ վազեց և հարգանքով բացեց դուռը մի բարետես, սևամորթ կնոջ առջև և մի քանի սիրալիր խոսքեր փոխանակեց նրա հետ: Կինն ինքնաբավ ժպտաց, շնորհակալություն հայտնեց և շորորալով հեռացավ:
           
Տեսաք, չէ՞, ինչպիսի՜ փարթամ ու հրապուրիչ կուրծք ուներ… Ա՜խ, ինչպես կգրկեի նրա քաղցր, շոկոլադե կուրծքը...
           
- Մանոլո՛, - ասացի, - ամուսնացած ե՞ս:
           
- Դեռ ո՛չ, բայց սիրուհի ունեմ, Էրմինիա՛ն:
           
Եվ առանց մեզնից գեթ մի փոքր ամաչելու անմիջապես բջջային հեռախոսի մեջ ցույց տվեց սիրուհու մերկ ու կիսամերկ լուսանկարները՝ մանրամասն նկարագրելով և քննարկելով նրա մերկ մարմնի ամենաինտիմ ու գրգռիչ մասերը, ներքնազգեստները ներքին հարդարանքի պարագանները, դաջվածքներն ու անգամ պիրսինգները (piercing):  
           
- Իսկ ինչու՞ չես ամուսնանում, Մանոլո՛ - զարմացած հարցրեց ընկերս:
           
- Ի՞նչ կարիք կա շտապելու, մի օր կամուսնանամ, - անվրդով պատասխանեց նա, - ուզում եմ վայելել աղջիկների սերը, ամուսնանալ դեռ կհասցնե՜մ:
           
- Քանի՞ տարեկան ես, Մանոլո՛, - հարցերցի ես:
           
- Քառասունչորս:
           
Այդ պահին հրապուրիչ տեսքով մի կին մոտեցավ գրախանութին, Մանոլոն անմիջապես վազեց և ամենայն սիրալիրությամբ բացեց դուռը նրա առջև, մեծարելով նրան, ինչպես մի թագուհու: Կինը նախորդի պես, մի հմայիչ ժպիտ պարգևեց նրան ու հեռացավ: Վերադառնալով մեզ մոտ, Մանոլոն բացականչեց.
           
- Տեսա՞ք, ի՞նչ հետույք ուներ: Այդպիսի հրաշալի հետույք վաղու՜ց չէի տեսել, - օօ՜հ, օօ՜հ, ինչպիսի հաճույքով կգրկեի այդ սքանչելի հետույքը…
           
- Բա այս մեկը՜… Ի՞նչ գեղեցիկ աչքեր ու վարսեր ունի… Ա՜խ, ինչպիսի հաճույքով կշոյեի նրա սաթի պես սև ու փայլուն վարսերը…
           
Այսպես, շարունակ ամբողջ օրը սիրալիր, հիացական ու հարգալից վերաբերմունք ցույց տալով գեղեցիկ կանանց, երբեմն էլ մեզ նման մարդկանց հետ զրուցելով այդ նույն կանանց մասին, նա երջանիկ անցկացնում էր աշխատանքային օրը: Ըստ երևույթին, կանանց դուր էր գալիս նրա կնամեծար վերաբերմունքը, քանի որ կարծես, գեղեցկության ստուգահանդեսի միջով անցնելով, մեկ անգամ ևս համոզվում էին իրենց բաղձալի լինելու մասին, այն էլ՝ փորձված տղամարդու աչքերով: Ընդհանրապես Ամերիկայի կանայք, երբ զգում են տղամարդկանց հիացական ու սևեռուն հայացքն իրենց վրա, փորձում են պատասխանել շնորհակալական ժպիտով՝ գնահատականի արժանանալու համար, նույնիսկ զուգընկերոջ կամ ամուսնու հետ գտնվելիս: Մանոլոն բարձր գնահատականի էր արժանացնում գեղեցիկ կանանց, բայց ոչ հետապնդում: Այդքանն էլ բավական էր նրան, որպեսզի երջանիկ զգար իրեն, իսկ ամենակարևորը տեղի կունենար տանը, օրվա ընթացքում կուտակած ա՜խերով ու օօ՜հերով պրկված սեռական ամբողջ էներգիան կպարպվեր՝ իրեն անհամբերությամբ սպասող սիրատոչոր Էրմինիայի հյուրնկալ գրկում:    
           
Երբ մենք դուրս եկանք խանութից, Մանոլոն, մի կողմ քաշված, մտամոլոր ինչ որ նկարներ էր ուշադիր դիտում: Երևի, իր հմայիչ սիրեցյալի, Էրմինիայի անպարկեշտ լուսանկարներն էին դրանք: Միգուցե սքանչելի ու հրապուրիչ կանանցով հիանալով, նա պարզապես Էրմինայի մաշող կարոտն է՞ր առնում, ո՞վ գիտե… Միգուցե և նա լպիրշ տղամարդ չէր, այլ նվիրված ու կրքոտ սիրահար…
           
- Արի՛ մի տեղ նստենք ու մի քիչ ժամանակ անկացնենք: Կարող ենք նաև զրուցել, թեկուզ այդ արտառոց զույգի՝ Մանոլոյի ու Էրմինիայի մասին, - կատակեց Ջոզեֆը:
           
- Որտե՞ղ, - հարցրեցի ես, - մեքսիկական «Frida Mexican Cuisine»-ու՞մ, իտալական «Deluca’s Italian Deli»-ու՞մ, թե՞ ճապոնական «Katsuya»-ում:
           
- Ավելի լավ է նստենք «The Cheesecake Factory»-ում: Այնտեղ շատ համեղ պաղպաղակ են տալիս, բացի այդ ռեստորանի բացօթյա հատվածից շատ լավ երևում են երգող շատրվանները, - առաջարկեց Ջոզեֆը:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
2 մարտի, 2018թ.

Thursday, June 6, 2019

Փայտոչիլային իրարանցում (ուրվանկար)


Իմ կարծիքով տանը բնակություն հաստատող բազմաթիվ միջատներից ամենասարսափելին դա փայտոչիլն է: Այո՛, այո՛, մի՛ զարմացեք: Ո՛չ ճանճերը, ո՛չ մոծակները, ո՛չ մրջյունները, և ո՛չ էլ, օրինակի համար, խավարասերներն այդքան սարսափելի չեն, ինչքան այդ զզվելի ու արնախում արարածներըԱպշեցուցիչ է, որ նրանք հանդիպում են նույնիսկ այնպիսի զարգացած ու բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում, ինչպիսին են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները: Օրինակ, ըստ վիճակագրության, Կալիֆորնիա նահանգի՝ բնակարանների 30 տոկոսում վխտում են այդ «սրիկաները» և բառիս բուն իմաստով անարգելք ծծում «անմեղ մարդկանց» արյունըՓայտոչիլներ կան անգամ Կալիֆորնիայի ամենամաքուր ու օրինակելի քաղաքում, ինչպիսին հայաշատ Գլենդեյլն է, որտեղ ապրում էր Հակոբն իր կնոջ՝ Կարինեի և երիտասարդ որդու՝ Գևորգի հետ:
           
- Օ՜ֆ, մոծակներ են հայտնվել մեր բնակարանում, - գանգատվեց Հակոբն առավոտյան սուրճ խմելիս, ամբողջ մարմինս քոր է գալիս նրանց խայթոցներից:
           
- Իսկ ինչու՞ ինձ չեն կծում, - զարմացավ Կարինեն:
           
- Ինձ էլ չեն կծում, - ասաց Գևորգը, - մա՛մ ջան, իմ ու քո արյունները քաղցր չեն, ինչպես հայրիկինը, - կատակեց նա:
           
- Իսկապես զարմանալի է, բարձրաձայն մտորեց Հակոբը, - ինչքան ինձ է հայտնի՝ մոծակները, մարդկանց խայթելիս, խտրականություն չեն դնում: Եթե մոծակներ չեն, այդ դեպքում ինչե՞ր են:
           
Այդ նույն բազմաբնակարան, երկու հարկանի շենքում, որտեղ վարձակալությամբ երկրորդ հարկում ապրում էր Հակոբի ընտանիքը, ամիսներ առաջ մեկ ուրիշ հայկական ընտանիք էր ապրում առաջին հարկում, ճիշտ լվացքատան կողքին, ովքեր Միացյալ Նահանգներ էին մուտք գործել անօրեն կերպով՝ Մեքսիկայից: Ամուսինը երկու ամսով կալանավորվել էր Միացյալ Նահանգների Ներգաղթի ծառայության կողմից, իսկ կինը և 17 տարեկան անչափահաս որդին անարգելք ժամանել էին Գլենդեյլ: Երբ նա վերադարձավ կալանավայրից, իր հագուստների հետ փայտոչիլներ էր բերել, որոնք վխտում են բանտերում, զորանոցներում, անօթևանների կացարանններում և այլ համանման վայրերում: Այդ մասին նրանք էլ գլխի չէին ընկնում և անընդհատ բողոքում էին հարևան կենվորներին, որ շենքում մոծակներ կան, որոնք անխնա կծում են իրենց ու չեն թողնում քնել: Նրանք հաճախ էին ցույց տալիս իրենց թևերի ու ոտքերի բաց մասերում խայթոցների հետևանքով կարմրած տեղերը ու անդադար հարցնում.
           
- Իսկ Ձեզ չե՞ն կծում: Կոտորվեցի՜նք, էլ չենք դիմանում…
           
Հետո՝ լռեցին, բայց սկսեցին տարօրինակ վարքագիծ դրսևորել. սկզբում բնակարանից դուրս նետեցին նոփ-նոր բազմոցը, որ բոլորովին  վերջերս էին գնել, այնուհետև՝ վերմակները, մահճակալի ծածկոցները, բազմաթիվ հագուստներ... Հետաքրքրվողներին բացատրում էին, որ ավելի ընտիրն են ուզում գնել: Չափազանց մաքրասեր դարձան՝ ամեն օր, առավոտից երեկո լվացք էին անում՝ մյուս կենվորների արդարացի դժգոհությունն առաջացնելով, քանի որ օրվա մեծ մասը շենքի ընդհանուր լվացքատունը միայն իրենք էին զբաղեցնում:
           
- Կարինե՛, լվացքատունն ազատ է… Քանի դեռ ներքևի տարօրինակ կենվորները չեն զբաղեցրել, շու՛տ մեր լվացքի շորերն իջեցրու այնտեղ, - ուրախ լուր հայտնեց Հակոբը՝ զբոսանքից հետ վերադառնալիս:
           
- Իսկապե՞ս, անհավատալի է, Հակո՛բ ջան: Հիմա գնում եմ, - ու գրեթե վազելով, իջավ լվացքատուն:
           
Կարինեն սկզբում գործի դրեց լվացքի մեքենան, որն աշխատում էր 25 ցենտանոց հինգ մետաղադրամներով, այնուհետև լվացված ու քամված շորերը տեղափոխեց էլեկտրական չորանոց՝ երեք 25 ցենտանոցներով աշխատեցնելով այն: Նա չորացած շորերը տեղավորեց լվացքի համար նախատեսված պլաստմասսե զամբյուղի մեջ և դրեց լվացքի մեքենայի կողքի՝ սեղանիկի վրա, որպեսզի կարգի բերի լվացքատունը: Այդ պահին, Մեքսիկայով ժամանած հարևանուհին՝ Գայանեն իր լվացքը բերեց, զամբյուղով տեղավորեց Կարինեի լվացքի կողքին և դուրս եկավ, հնարավորություն տալով նրան վերջացնելու իր գործը: Վստահաբար կարելի է ասել, որ հենց այդ պահից էլ փայտոչիլները տեղափոխվել էին Գայանեի լվացքի զամբյուղից Կարինեի զամբյուղի մեջ:
           
Անցավ տաս օր: Գայանեի ընտանիքը տեղափոխվեց ուրիշ վարձու բնակարան Գլենդեյլի մի այլ թաղամասում: Նրանք իրենց հետ ոչինչ չվերցրեցին, բացի անձնական որոշ հագուստներից, որոնք լվացին և խնամքով չորացրեցին լվացքատան չորանոցում ամենաբարձր ջերմաստիճանի տակ: Բնակարանը վերանորոգող մեքսիկացի բանվորներն իրերի մի մասը տեղափողեցին, մի մասն էլ պարզապես դուրս նետեցին: Կարինեն մեկ ամսով մեկնեց Հայաստան:
           
Հակոբը շարունակվում էր քորվել: Մի քանի օր անց Գևորգն էլ սկսվեց քորվել: Նա գիշերվա կեսին զարթնեց ու բացականչեց.
           
- Հայրի՜կ, ինձ էլ են կծում: Արի՛ վառենք լույսը ու տեսնենք, թե ի՞նչ միջատներ են մեզ կծում:
           
Երբ լույսը վառեցին, սպիտակ պատերի ու առաստաղի վրա փոքրիկ, կլորիկ, սև միջատներ էին անշտապ շարժվում: Մի քանիսին Հակոբը հեշտությամբ բռնեց անձեռնոցիկի օգնությամբ և գցեց փոքրիկ ապակյա սրվակի մեջ, որպեսզի առավոտյան համացանցի միջոցով պարզի, թե ի՞նչ միջատներ են:
           
- Կարող է փայտոչիլներ են, տղա՛ս: Արի՛ ստուգենք անկողինները:
           
Անկողնային սպիտակեղենի վրա հայտնաբերվեցին մի քանի կարմիր արյան բծեր, իսկ սպիտակ սավանների՝ կարերի երկայնքով շատ փոքրիկ, մուգ կարմիր գնդիկներ ու մի քանի հատ նույն միջատներից: Մուգ կարմիր գնդիկները երևի նրանց ձվերն էին… Այլևս գրեթե կասկած չկար, որ դրանք փայտոչիլներ էին: Իմիջիայլոց, «փայտ» բառը ոչ մի կապ չունի այդ միջատների հետ: Այնպես որ՝ այնքան էլ դիպուկ չէ նրանց հայկական անվանումը: Այդ միջատները, օժտված լինելով հատուկ հոտառությամբ, զգում են մարդկանց հոտը, հատկապես քրտինքը, որի շնորհիվ էլ դյուրությամբ գտնում ու ծծում են նրանց արյունը: Փայտոչիլներն ինքնուրույն չեն տեղափոխվում մի բնակարանից մյուսը, այլ բերվում են հագուստի, զանազան փալաս-փուլուսի հետ, ինչպես դա կատարվեց Հակոբենց դեպքում: Փայտոչիլներ են լինում նաև ամերիկյան ավտոբուսների մեջ, որով երթևեկում են նաև անօթևանները, ովքեր շատ փնթի են, քանի որ հնարավորություն չունեն հաճախ լողանալու ու լվանալու իրենց հագուստները: Որոշ հագուստի պահեստներում ու խանութներում նույնպես կարելի է հանդիպել այդ արնախումներին, այսինքն հնարավոր է անգամ նոր գնված հագուստների հետ նրանք  մուտք գործեն Ձեր բնակարան:
           
Առավոտյան Հակոբն անկողնային սպիտակեղենը դրեց պլաստմասսե թասի մեջ, վրան եռացած ջուր և քլորաջուր լցրեց, որպեսզի ոչնչացնի թե՛ փայտոչիլներին, և թե՛ նրանց ձվերին, դրսում թափ տվեց ներքնակները, բարձերն ու վերմակները, փոշեծծեց ամբողջ բնակարանն ու օճառով խնամքով լվաց բնակարանի հատակը: Օրվա ընթացքում տնտեսական ապրանքնրերի խանութից գնեց քիմիական միջոցներ՝ նրանց վերջը տալու համար։ Համարյա զուր ջանքեր․․․ Ճիշտ է՝ փայտոչիլների թիվը խիստ կրճատվեց, բայց չվերացան։ Հակոբն իրեն պարտված համարելով, մեկ շաբաթ  անց դիմեց շենքի կառավարչին․
           
- Վահի՛կ, խնդրում եմ, չէ-չէ, աղաչում, փրկի՛ր մեզ  այս արնախումներից։ Ամեն ինչ փորձեցի․ օրնիբուն մաքրում եմ բնակարանը, լվանում մեր հագուստներն ու կենցաղային պարագաները, այևս ուժ չունեմ պայքարելու, հույսս դու ես․․․Մի բան էլ կա․ հարևան կենվորները վախից այլևս լվացքատնից չեն օգտվում։ Նրանք էլ են մեղք։ Դեռ լավ է, որ ինձ չեն մեղադրում։
           
Կառավարիչը, որ տարիների փորձ ուներ, ասաց․
           
- Հանգսիտացի՛ր ու այլևս մի նեղվի՛ր, ես դրանց մի օրում կվերացնեմ։ Ինչպիսի՜ միջատների ասես, որ չեմ վերացրել այս բնակարաններից, փայտոչիլն ինչ է, որ չվերացնեմ․․․
           
Հաջորդ օրը Վահիկն իր հետ բերեց վեց մետաղյա գլանաձև տուփեր, որոնք տեղադրեց ամբողջ բնակարանով մեկ՝ միմյանցից հավասար հեռավորությունների վրա: Այդ տուփերի վրա կոճակներ կային, որոնք սեղմելիս թունավոր գազ էր ժայթքելու ու թունավորելու ամբողջ բնակարանի օդը: Շնչելով այդ օդը փայտոչիլները սատկելու էին մեկը մյուսի հետևից: Հակոբն ու Վահիկը փակեցինք բնակարանի բոլոր պատուհանները ու ամբողջ չորս ժամ թողեցին այդ անզգամներին այդտեղ, հուսալով որ իսպառ կազատվեն նրանց այդքան անցանկալի ներկայությունից: Չորս ժամ անց, բնակարանը մի լավ օդափոխելուց հետո զննելիս՝ նկատեցին, որ բավականին թվով փայտոչիլներ սատկել էին, բայց դեռևս կենդանի մնացածներ էլ կային, հատկապես սպիտակեղենի ծալքերում ու անկողնում:
           
-  Հանձնվու՜մ եմ, հանձնվու՜մ եմ, - ասաց Վահիկը, - կհրավիրենք մասնագետների: Հուսով եմ, որ նրանք կկարողանան ոչնչացնել այս աներեսներին:
Իրոք, Գլենդեյլից 24 մղոն հեռավորության վրա գտնվող Քանոգա Փարկ քաղաքի (Canoga Park)՝ «Zenit Environmental Pest Control» ընկերության աշխատակից Սքոտը հավաստիացրեց նրանց, որ ի վիճակի է ամբողջովին կտրելու նրանց քոքը այդ բնակարանից և այդպես էլ եղավ: 

- Աղաչում եմ, Սքոտ, փրկի՜ր մեզ, փրկի՜ր մեր կյանքն այդ արնախումներից, էլ չենք դիմանու՜մ, ուժասպա՜ռ ենք, - բացականչեց Հակոբը:

- Փայտոչիլներին հնարավոր չէ վերացնել թունաքիմիկատներով, - ասաց Սքոտը, - պետք է զրկել նրանց սերունդ տալու հնարավորությունից: Ես հատուկ ստերոիդներ կցողեմ Ձեր բնակարանում և ընդամենը երկու շաբաթ անց, քանի որ փայտոչիլների կյանքի տևողությունը հենց այդքան է, նրանց հետքն անգամ չի մնա Ձեր բնակարանում, հավատացե՛ք ինձ:  

- Կարծես, դրանցից ազատվելով, բնակարանն էլ ընդլայնվեց, ապրելն էլ դարձավ հեշտ ու երջանիկ, -ասաց Հակոբը Կարինեին սկայպով (skype):

- Հասկանում եմ, - ասաց Կարինեն, - դեռ լավ է, որ դրանք իմ ճամպրուկներով չհասան Երևան: Պատկերանցու՞մ ես՝ ի՞նչ կլիներ մեր երևանյան բնակարանի վիճակը…

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
18 հունիսի, 2018թ.

Saturday, March 3, 2018

Հինգ պոնչիկ՝ կոմերիտմիություն ընդունվելու համար


Խորհրդային Միությունը մի երկիր էր, որտեղ շատ մեծ տեղ էր հատկացված համայնավարական կուսակցության գաղափարախոսությանը՝ մամուլի, ռադիոյի հեռուստատեսության և այլ հնարավոր միջոցներով: Այդ հսկայական, անծայրածիր երկրում կային նաև պահուստային՝ 7-9 տարեկան մանուկ հոկտեմբերիկների, 10-15 տարեկան դեռահաս պիոներների և 15-28 տարեկան պատանի-երիտասարդ կոմերիտականների կազմակերպություններ՝ խորհրդային մարդկանց դեռ մանկուց համայնավարական գաղափարներով տոգորելու համար:
           
Ես այն ժամանակ սովորում էի միջնակարգ դպրոցի վերջին՝ տասներորդ դասարանում: Չնայած լավ էի սովորում, բայց դեռևս կոմերիտական չէի: Ինձ նման ևս մի քանի հոգի կար, որ դեռ չէր ընդունվել կոմերիտմիության շարքերը: Այդ պատճառով մեզ բոլորիս կանչեցին դպրոցի՝ տնօրենի առանձնասենյակը, որտեղ ներկա էին նաև դպրոցի ուսմասվարը և կոմերիտմիության քարտուղարը: Նրանք հերթով մեզ նախատեցին, կշտամբեցին և ամոթանք տվեցին մեր «անտարբերության» համար:  
           
- Մենք մեղավոր չենք, մինչև հիմա մեզ ոչ ոք ոչինչ չի ասել, թե ինպե՞ս և ե՞րբ պետք է ընդունվեինք կոմերիտմիության շարքերը, - գրեթե միաձայն գանգատվեցինք մենք:
           
Իսկապես, մենք բոլորս էլ անհանգստանում էինք, որ մինչև հիմա կոմերիտականներ չէինք, քանի որ դա մեր օգտին չէր: Մենք լսել էինք, չնայած չգիտեինք որքանով է դա ճիշտ, որ առանց կոմերիտական դառնալու, հնարավոր չէր դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն ուսումնական հաստատություն դիմում ներկայացնել՝ ընդունելության քննություններին մասնակցելու համար, աշխատանքի ընդունվել և նույնիսկ խնդիրներ կարող էին ծագել զինկոմիսարիատների հետ:
           
Դպրոցի տնօրենը շրջվելով դեպի կոմերիտմիության քարտուղարը, ով տասներորդ դասարանցի մի վտիտ աղջիկ էր, ահարկու հայացք նետելով նրա վրա, գոռաց.
           
- Ինչու՞ մինչև հիմա այս աշակերտներին չես բացատրել և չես օգնել կոմերիտմիության շարքերը ընդունվելու, քեզ եմ հարցնում, պատասխանի՛ր:
           
Թե՛ դպրոցի խստապահանջ տնօրենը, և թե՛ նրա կամակատար ուսմասվարը համայնավարական կուսակցության անդամներ էին, և իրենց սրբազան պարտքն էին համարում դպրոցի կոմերիտմիության գործերին ուշի-ուշով հետևելն ու խառնվելը: Եթե մի բան այնպես չլիներ, ինչպես հարկն էր, ապա անպայման կարգապահական տույժի կենթարկվեին ամենից առաջ դպրոցի՝ համայնավարական կուսակցական բյուրոյի, իսկ հետո՝ շրջանային համայնավարական կոմիտեի կողմից:
           
Կոմերիտմիության քարտուղարը խոստացավ մեզ հանգամանորեն հրահանգավորել՝ կոմերիտմիության շարքերը ընդունվելու համար: Հաջորդ օրն իսկ նա մեզ բաժանեց կոմերիտմիության կանոնադրության գրքույկները՝ քննության պատրաստվելու համար: Մենք, մի քանի օր շարունակ, սերտում էինք կոմերիտմիության կանոնադրությունը, քանի որ մեզ ասել էին, որ շատ խիստ են քննում: Այնուհետև դպրոցի կոմերիտմիության քարտուղարը պայմանավորվեց կոմերիտմիության շրջանային կոմիտեի հետ, որտեղ մեզ քննելու և կոմերիտմիության շարքերն էին ընդունելու:
           
Պայմանավորված օրը մենք, թվով 3 հոգի, կոմերիտմիության շրջանային կոմիտեի գրասենյակ ներկայացանք դպրոցի ցուցակ-ուղեգրով: Մեզանից յուրաքանչյուրը բերել էր իր հետ նաև երկու լուսանկար, կոմերիտմիության անդամատոմսերի համար: Ընդարձակ ընդունարանի պատերին կախված էին հեղափոխության առաջնորդ Վ. Լենինի, համայանավարական գաղափարախոսության հիմնադիրներ Կ. Մարքսի, Ֆ. Էնգելսի և Խորհրդային միության համայնավարական կուսակցության գլխավոր քարտուղար Լ. Բրեժնևի մեծադիր լուսանկարները: Ընդունարանում որոշ ժամանակ սպասելուց հետո, մի քանի սև, կաշեպատ դռներից մեկը բացվեց, և այնտեղից դուրս եկավ բարձրահասակ, զուգված-զարդարված, գեղեցիկ հագնված, 23-24 տարեկան մի  աղջիկ:
           
- Բարև ձե՛զ, - ասաց նա, - լավ ե՞ք պատրաստվել: Գիտեք չէ՞, որ հանձնաժողովը երեք հարց է տալու: Եթե հարցերից երկուսին պատասխանեք, ապա ձեզ բախտ կվիճակվի ընդունվելու փառապանծ ՀԼԿԵՄ (Հայատանի Լենինյան կոմերիտմիության երիտասարդական միություն) շարքերը, հակառակ դեպքում ձեզ ժամանակ կհատկացվի վերապատրաստվելու և նորից վերահանձնելու համար: Հասկացա՞ք: Տաս րոպեից ձեզ ներս կկանչեն:  
           
Տաս րոպեն անցավ, բայց ոչ ոք մեզ ներս չէր կանչում: Մեր անհանգստությունը քանի գնում՝ աճում էր: Արդեն հոգնել ու ձանձրացել էինք անընդհատ կոմերիտմիության կանոնադրության նույն հարցերը սերտելուց: Քիչ անց նույն աղջիկը դուրս եկավ և ժպտալով ասաց.
             
- Ձեր բախտը բերեց, էրեխեք… Քանի որ ընդմիջման ժամ է, գնացե՛ք ամեն մեկդ հինգական պոնչիկ բերե՛ք, իսկ մինչ այդ մենք ձեր անդամատոմսերը կպատրաստենք: Գոհ ե՞ք:             
           
Մենք անմիջապես դուրս թռանք ընդունարանից՝ պոնչիկ գնելու: Երբ վերադարձանք, արդեն մեր կոմերիտմիության անդամատոմսերը պատրաստ էին:
           
- Հեշտ անցա՞վ քննությունը, տվածս խորհուդներն օգնեցի՞ն, - դպրոցում հարցրեց մեզ կոմերիտմիության քարտուղարը:
           
- Այո՛, անհամեմատ հեշտ, - պատասխանեցինք մենք:
           
- Այդպես էլ պետք է լիներ, որովհետև լավ էիք պատրաստվել, - ժպտաց նա:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
13 փետրվարի, 2018թ.

Friday, February 16, 2018

«Շնորհակալությու՛ն, բարի պարո՛ն՝ այսքա՜ն ազնիվ լինելու համար» (ուրվանկար)

Ինչքա՜ն մեղք են անտուն, անօթևան մարդիկ: Սիրտդ կտոր-կտոր է լինում, երբ նայում ես նրանց: Անտունները հատկապես շատ են Կալիֆորնիայի հարավային շրջաններում: Չէ՞ որ այդ տեղերում նույնիսկ ձմռանը տաք է, ցերեկը՝ առվազն՝ 25⁰C, իսկ գիշերը՝ նվազագույնը՝ 10⁰C: Նրանք վատ են հագնված, իրենց ունեցած-չունեցածը պահում են հսկայական գլորվող ճամպրուկների, կամ էլ սուպերմարկետներից գողացված անվասայլակների մեջ, իսկ տարրական սանիտարա-հիգիենիկ պայմաններից զրկված լինելու պատճառով ահավոր փնթի, կեղտոտ ու անլվա են: Անտունների հետ ոչ ոք չի շփվում: Նրանք «մեկուսացված» են հասարակությունից: Երբեմն անտունները միմյանց հետ են շփվում, այն էլ, փալաս-փուլուսի կամ արևի տակ տաքուկ տեղ գրավելու համար, կռվելիս: Երևի այդ «մեկուսացվածության»  պատճառով է, որ անտուններն ինքնամփոփ են դառնում և, եթե խոսում են, ապա իրենք՝ իրենց հետ, այն էլ՝ բարձրաձայն ու կցկտուր: Այդ պատճառով էլ անցորդները նրանց խելագարի տեղ են դնում և փութաջանորեն շրջանցում կամ խուսափում նրանցից: Ցավոք սրտի, թեև քիչ թվով, բայց կան նաև անտուն հայեր…
           
Չարախոս մարդկանց կարծիքով, անտուններին կամ անօթևաններին դուր է գալիս այդպիսի կյանքը, այսինքն՝ չաշխատելը, թափառելը, որտեղ պատահի գիշերելը, փողոցային կռիվներին ու քաշքշուկներին մասնակից դառնալը, հարբեցողությունը, թմրամոլությունը և այլն, բայց դա բոլորովին էլ այդպես չէ՛, իհարկե՛, այդպես չէ՛…
           
Կառավարությունը որոշ չափով օգնում է նրանց. ապահովում է անվճար բժշկական ծառայություններով, սննդի քարտերով (Food Stamps) և գիշերային կացարաններով (Shelters), բայց դա միայն այն նվազագույնն է, որ տրամադրվում է այդ դժբախտներին… Այդ պատճառով նրանց մեծ մասը ստիպված է նաև փող մուրալու կամ էլ՝ զանազան պլաստմասսայե շշեր ու անոթներ հավաքել փողոցներից ու աղբարկղներից՝ վերամշակման հանձնելու նպատակով և այդ կերպ գեթ մի չնչին գումար վաստակելու հնարավորություն ունենալ…
           
Գլեն Ջեյմսը դեռևս հինգ տարի առաջ, մինչև աշխատանքը կորցնելը և անօթևան դառնալը, աշխատում էր Բոստոնի դատարաններից մեկում՝ որպես փաստաթղթեր կազմող, իսկ հիմա նա հիսունն անց է ու աշխատանք չունի: Գլենը կարող էր աշխատանք գտնել, եթե չունենար, այսպես կոչված, Մենիերի հիվանդությունը (Meniere's disease), որը նոպաների ժամանակ առաջացնում է անհավասարակշռության զգացում, գլխացավ, գլխապտույտ և լսողության զգալի վատթարացում: Մի խանգարիչ հանգամանք ևս կա, թեև ռասայական խտրականությունը և սեգրեգացիան (segregation-սպիտակամորթների հետ նույն հասրակական վայրում գտնվելը) Միացյալ Նահանգներում վաղուց արգելված է օրենքով, բայց դեռևս լիովին չի անհետացել, հատկապես՝ սպիտակամորթ մարդկանց գիտակցությունից: Այդ պատճառով նաև, նրան՝ որպես սևամորթի, այնքան էլ հեշտ չէ աշխատանք գտնելը: Գլենը միայնակ է, բայց ունի քույր, ով մեծ սիրով կընդուներ նրան իր հարկի տակ, բայց նա չի ուզում նեղություն պատճառել նրան ու նրա ընտանիքի անդամներին: Ամեն օր Գլենն առավոտյան, մի մեծ, սև տոպրակ ձեռքին, դուրս է գալիս անօթևանների կացարանից և գնում է թափառելու Մասաչուսեթս նահանգի մայրաքաղաքի՝ Բոստոնի կենտրոնական փողոցներով, զանազան թափոններ, որպես երկրորդական մշակման հումք, հավաքելու: Գլենը չի տրտնջում և գոհ է թե՛ Աստծո գթասիրտ ողորմածությունից, և թե՛ կառավարությունից՝ իրեն ցուցաբերած աջակցության համար: Նա հիմնականում հաղորդակցվում է Աստծո հետ՝ կիսում է իր խոհերն ու մտահոգությունները և, մեկ էլ հանգստանալիս, ռադիո ունկնդրում մի փոքրիկ ռադիոընդունիչով, որ պատահաբար գտել էր աղբարկղներից մեկում: Նրա սիրած ռադիոկայաններն են՝ NPR-ը, որտեղից լուրեր է լսում և, իհարկե՛, քրիստոնեական ռադիոկայանները՝ ճշմարիտ ու անկեղծ հավատի վերաբերյալ: Գլենը ջերմեռանդորեն հավատում է Աստծուն: Ամեն օր մի քանի անգամ կիսաձայն արտասանում է «Հայր մերը».

«Հայր մեր, որ յերկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցէ արքայություն Քո,
Եղիցին կամք Քո,
Որպէս յերկինս և յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
Տո՛ւր մեզ այսօր….»

և Աստծո տաս պատվիրանները. «Մի սպանի՛ր, մի շնացի՛ր, մի գողացի՛ր….»: Նա նաև իր գոհունակությունն է հայտնում Աստծուն, որ ապրում է այս երկրում, որտեղ իր նմանները գոնե ապահովված են գիշերային կացարաններով, ուտելիքով, անվճար բժշկական ծառայություններով և այլն և, որ դատապարտված չեն ցրտից սառչել կամ էլ սովամահ լինել, ինչպես շատ ու շատ երկրներում:
           
Ամառային մի շոգ օր թափառելուց հոգնած Գլենը, արևից պատսպարվելու համար, նստեց «T.J. Maxx» խանութի՝ առջևի քաթանե ծածկի տակ, կողքին տեղավորելով սև, մեծ տոպրակը, որը կիսով չափ արդեն լցված էր զանազան երկրորդական մշակման թափոններով: Մինչ մարդիկ աշխուժորեն ներս ու դուրս էին անում խանութի ապակեպատ դռներով, նա գրպանից հանեց փոքրիկ ավետարանը և սկսեց կարդալ 27-րդ գլուխը. «Երբ  լույսը բացվեց, բոլոր բարձր և միջին դասի հոգևորականները Հիսուսի դեմ դավադրություն սարքեցին, և Նրան, առաջնորդեցին, Հռոմեական կայսր Տիբերիուսի կողմից նշանակված կառավարչի՝ Պիղատոս Պոնտացու մոտ՝ մահվան դատապարտելու խնդրանքով….»: Մի քիչ այն կողմ մի երիտասարդ չինացի տղա, կողքի շրջված անվասայլակի վրա նստած, ախորժակով բրդուճ էր ուտում: Նրա կողքին նույնպես մի սև տոպրակ էր դրված, ավելի փոքր չափի, քան Գլենինը: «Խե՜ղճ տղա, - մտածեց Գլենը, - երևի նա էլ, ինձ նման, անօթևան է և թափառելով թափոններ է հավաքում…»: Քիչ անց տղան անհետացել էր, միայն սև տոպրակն էր մնացել: Գլենը տոպրակում 2,400 դոլար կանխիկ փող, մոտ 39,500 դոլարի ճանապարհորդական չեկեր, անձնագիր և այլ կարևոր փաստաթղթեր հայտնաբերեց: Նա, առանց վարանելու, անմիջապես ուղևորվեց մոտակա ոստիկանական բաժանմունք և հանձնեց գտածը: 
           
Չինացու անձնագրի միջոցով դժվար չեղավ նրան գտնելը և ոստիկանական բաժանմունք հրավիրելը՝ տոպրակն ամբողջությամբ վերադարձնելու համար: Պարզվեց, որ չինացի երիտասարդը եկել էր Միացյալ Նահանգներ Չինաստանից՝ ուսանելու համար: Չինացի ուսանողն անձամբ շնորհակալություն չհայտնեց Գլենին և ոչ էլ պարգևատրեց նրան՝ թեկուզ մի աննշան գումարով:
           
Հատուկ նշանակված օրվա կեսօրին Բոստոնի ոստիկանության հանձնակատար Էդվարդ Դևիսը հանդիսավորությամբ պատվոգիր հանձնեց Գլեն Ջեյմսին՝ ցուցաբերած աննախադեպ ազնվության համար: Ներկաները մի քանի դոլարով, ով ինչքան կարող էր, դրամական օգնություն ցուցաբերեցին, իսկ Բոստոնի քաղաքապետի թեկնածու Չարլզ Յանսին նրան յոթ դոլար տվեց: Գլենը շնորհակալություն հայտնեց բոլորին և ասաց, որ չնայած «օրհնյալ» սննդի քարտ ստանալուն, ինքն այդ դրամի կարիքն ունի՝ լվացքի, տրանսպորտի, հագուստի և զանազան այլ կենցազային, մանր-մունր ծախսերի համար:
           
Բարեբախտաբար, այսքանով չվերջացավ այս ազնվագույն մարդու պատմությունը: Վիրջինիա նահանգի Միդլոդյան քաղաքի երիտասարդ բնակիչ, 27-ամյա Էթան Ուհիթինգթոնը, ով երբեք չէր եղել Բոստոնում, դրամահավաք կազմակերպեց Գլենի համար համացանցում՝ օգտվելով «Go Fund Me» կայքից: Արդյունքն ապշեցուցիչ էր… Առաջին չորս ժամվա ընթացքում 3,152 դոլար փող հավաքվեց, իսկ հետագա 53 ամիսների ընթացքում՝ 160,257 դոլար… Էթանը, այդ համակրելի ու հրաշալի երիտասարդը, մտադիր էր դրամահավաքի միջոցով հավաքել 250,000 դոլար, որով հնարավոր կլիներ տուն գնել Գլենի համար քրոջ բնակավայրին մոտիկ:
           
Դրամահավաքի մասնակիցները համացանցում շռայլորեն գովաբանում էին թե՛ Գլենին, և թե՛ Էթանին. «Մենք շատ բան սովորեցինք քեզնից, Գլե՛ն», «Աշխարհն ավելի լավը կլիներ, եթե այսպիսի մարդիկ շատ լինեին...», «Աստված օրհնի քեզ… Ի՜նչ լավ է, որ այսպիսի ազնիվ մարդիկ կան աշխարհում…», «Շնորհակալությու՛ն, բարի պարո՛ն՝ այսքա՜ն ազնիվ լինելու համար», «Տղամարդը, որ սկսել է այս դրամահավաքը, նույնքան դրվատանքի է արժանի, ինչքան այն մարդը, ով վերադարձրել է գտածը»….
           
Տեղին է հիշել Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի խոսքերը. «Աշխարհում լավ մարդիկ ավելի շատ են, քան՝ վատ: Հակառակ դեպքում աշխարհը վաղուց կործանված կլիներ»: Իրո՛ք, Գլեն Ջեյմսի և Էթան Ուհիթինգթոնի նման առաքինի ու ազնիվ մարդկանց շնորհիվ է, որ աշխարհը դեռ չի կործանվել…


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
7 փետրվարի, 2018թ.

Friday, January 5, 2018

Բարիգա (ուրվանկար)

Քանի որ Լոս Անջելեսի «Super King» ուտելիքի սուպերմարկետն ամենախոշորն է, ես ամբողջ շաբաթվա ուտելիքը գնում եմ այնտեղից: Ամեն չորեքշաբթի, առավոտյան լինում եմ այդ սուպերմարկետում և լիքը լցնելով իմ հնամաշ, բայց շատ սիրելի ավտոմեքենայի՝ ճապոնական արտադրության՝ «Toyota  Cressida»-ի բեռնախցիկն ուտելիքով, վերադառնում եմ տուն: Երբեմն էլ, բայց ոչ հաճախ, այնտեղ եմ գնում տիկնոջս հետ: Այդ օրերին պետք է, բնականաբար, համբերությամբ զինվեմ, քանի որ կանայք շատ դանդաղ են զուգվում-զարդարվում տնից դուրս գալիս: Ամուսնացած տղամարդիկ ինձ կհասկանան, չէ՞ որ նրանք նույնպես, ամենայն հավանականությամբ, հայտնվում են այդպիսի իրավիճակներում, այն էլ՝ բազմաթիվ անգամներ… Չնայած այդ հանգամանքին, կանանց մեծ մասը, տնային տնտեսություն վարելիս, չափազանց գործունյա է ու արագաշարժ, էլ չեմ խոսում աշխատող կանանց մասին, հակառակ դեպքում չէին հասցնի անել և ո՛չ մի բան՝ ճաշ եփել, տուն հավաքել, լվացք անել, արդուկ անել, երեխաների կամ թոռների դաստիարակությամբ զբաղվել և էլի շատ ու շատ բաներ:
           
- Կգա՞ս ինձ հետ, գնում եմ «Super King», - ասացի կնոջս մի չորեքշաբթի առավոտյան:
           
- Կգա՛մ, - կարճ պատասխանեց նա, - մի տաս րոպեից պատրաստ կլինեմ:
           
Անկասակած, եթե կինն ասում է՝ տաս րոպեից պատրաստ կլինի, ապա աչքիդ առաջ պետք է առնվազն երեք անգամ ավելի ժամանակ ունենաս, այսինքն՝ երեսուն րոպե: Տաս րոպե անց նա, իհարկե՛, դեռ պատրաստ չէր: Ես այդ ընթացքում հասցրեցի հագնվել, լվացվել, սափրվել և նույնիսկ երեկվա «Ասպարեզը» ծայրից ծայր աչքի անղկացրեցի: Մի տաս րոպե էլ՝ հեռուստացույց դիտեցի և համբերությունս հատավ: Որպեսզի ավելորդ տեղը վիճաբանություն չսկսվի մեր միջև, ես դուրս թռա բնակարանից և սկսեցի սպասել նրան փողոցում, ավտոմեքենայիս մեջ՝ ռադիո լսելով:
           
Վերջապես կինս եկավ, փա՜ռք Աստծո… Նա ուշադիր նայեց դեմքիս՝ տեսնելու՝ արդյո՞ք զայրացած եմ, թե՞ ոչ: Ես ձևացրեցի, թե ոչինչ էլ չի եղել: Չգիտեմ հավատա՞ց, թե՞ ոչ: Իմիջիայլոց, ինձ միշտ էլ հետաքրքրել է, թե կանայք ո՞ր դեպքերում են բավարարվածության զգացում ունենում՝ երկար սպասեցնելուց հետո՞, թե՞ միայն այն դեպքերում, երբ ամուսինները համբերությամբ սպասում են նրանց: Ինչևիցե, պատահաբար երկուսիս տրամադրությունն էլ, բարեբախտաբար, բարձրացավ, երբ ռադիով հաղորդեցին մեր սիրած երաժշտությունը՝ Փոլ Սենեվիլի «Ամուսնություն՝ հիմնված սիրո վրա» (Paul de Senneville “Mariage D'amour”) ստեղծագործությունը, որը, չգիտես ինչու, համացանցում հայտնի է որպես Ֆրեդերիկ Շոպենի «Գարնանային վալս» (Frederic Chopin – “Spring Waltz”) անունով, իհարկե՛, ո՛չ  Ֆ. Շոպենի մեղքով:
           
Մի սովորական օր էր՝ արևոտ, լուսավոր ու հաճելի, ինչպես միշտ: Շատ հաճելի էին, հատկապես մայթերը զարդարող կապույտ, մանուշակագույն, վարդագույն, կարմիր, դեղին, սպիտակ գույնի գեղեցիկ ծաղիկներով ամփոփված փթթուն, դեկորատիվ ծառերը, որոնք կարծես նույն տեսակի ծաղիկներից կազմված հսկայական ծաղկեփնջեր լինեին: Երբ կանգնում ես այդ հրաշագեղ ծառերի կողքին և ունկնդրում նրանց վրա թառած գույնզգույն թռչունների դայլայլը, ապա այնպիսի տպավորություն ես ստանում, որ կարծես դրախտում հայտնվեցիր… Այո՛, իսկապես, անչափ հաճելի էր ու գեղեցիկ… Եվ իզուր չէ, որ Լոս Անջելես թարգմանաբար հրեշտակների քաղաք է նշանակում:
           
Լոս Անջելեսի «Super King» ուտելիքի լայնարձակ սուպերմարկետը, սովորականի պես, մարդաշատ էր: Ավտոմեքենաների ընդարձակ կայանատեղում դժվարությամբ մի ազատ տեղ գտա ավտոմեքենայիս համար: Երբեմն այնքան մարդաշատ է լինում, որ նույնիսկ անվասայլակները չեն հերիքում… Այստեղ կարելի է հանդիպել ամենատարբեր ազգությամբ ամերիկացիների՝ չինացիների, վիետնամցիների, կորեացիների, ճապոնացիների, ֆիլիպինցիների, իսպանախոս լատինոների, ովքեր ապրում են Դոմինիկյան հանրապետությունում, Կուբայում, Մեքսիկայում, Պուերտո Ռիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, որոնց հայերը, չգիտես ինչու, բոլորին էլ «մեքսիկներ» են անվանում, չնայած անգլերենով «մեքսիկ» բառ չկա, այլ կա «մեքսիկան» (Mexican), որ նշանակում է՝ մեքսիկացի, ինչպես նաև հայերի, արաբների, ռուսների, ուկրաինացիների, բելոռուսների, գերմանացիների և այլոց:
           
Կինս և ես սիրում ենք, հատկապես՝ «Super King» սուպերմարկի՝ ուտելիքի տեսականու բազմազանությունը: Այստեղ Ձեզ կառաջարկեն ամենատարբեր տեսակի բանջարեղեն, կանաչեղեն, մրգեր, մսամթերք, ձկնեղեն, պահածոյացված ուտելիքներ, հյութեր, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, հացամթերք և խմորեղեն, խոհանոցային ու հիգիենայի պարագաներ և այլն, և այլն: Քիչ չեն նաև հայաստանցիներից շատերին անծանոթ սննդի տեսակները, օրինակ՝ յամս (yams), քեյլ (kale), պապայա (papaya), տորտիլա (tortilla), ավոկադո (avocado), տոմատիլո (tomatillo): Սուպերմարկետում առաջարկվող ուտելիքի տեսականին հատուկ հարմարեցված է Լոս Անջելեսում բնակվող գրեթե բոլոր ազգերի, ներառյալ նաև հայերի քիմքին, ճաշակին և խոհանոցին: Հետևաբար, այնքան էլ զարմանալի չէ, որ Դուք, որպես ներգաղթյալ, հանդիպեք այնպիսի ուտելիքի տեսակների, որոնց երբեք չէի՛ք տեսել և չէի՛ք համտեսել Ձեր սիրասուն հայրենիքում…
           
Չնայած չորեքշաբթիները մեզ համար սովորական, միօրինակ էին դարձել՝ «Super King» հաճախելու առումով, սակայն այդ օր անակնկալի եկանք, երբ վճարելիս, դրամարկղի մոտ, գանձապահուհու կրծքին փակցված, անգլերեն գրված նրա անունը կարդացինք՝ BARIGA: Առաջինը դա կինս նկատեց և ասաց.
           
- Ի՜նչ տարօրինակ անուն ունի այս գեղեցիկ աղջիկը:
           
Խորhրդային  տարիներին ապրած գրեթե բոլոր մարդիկ քիչ թե շատ գիտեն ռուսերեն, իսկ ռուսերենով «барыга» նշանակում է՝ գողուն, թմրանյութեր, կասկածելի ծագման ոգելից խմիչքներ վաճառող խաբեբա առևտրական: Ես մտքումս անմիջապես բացառեցի այն հանգամանքը, որ աղջկա ծնողները երբևէ ապրել էին Խորհրդային Միությունում, քանի որ կիմանային այդ անչափ վիրավորական բառի իմաստը և այդպիսի անունով չէին գրանցի նրան: Դեռ ավելին, եթե ռուսական միջավայրում որևէ մեկը հանդգնի մեկ ուրիշին «барыга» անվանել, ապա, ամենայն հավանականությամբ, կռիվ կծագի այդ երկուսի միջև: Նույնիսկ ռուսական պախարակող երգեր կան «барыга»-ների մասին: Ահա՛ մի քառյակ Ալեքսանդր Վեստովի «Բառիգա» երգից՝ 

Барыга грешный – 
Его судьба
Он сам не здешний –
 
Его беда.
Весы накулит,
Стрелочка ползёт,
Братвы копейка,
Его не жмёт.
           
Երբ մեր հերթը հասավ, աղջիկը բարևեց մեզ և հարցրեց, թե ինչպես ենք, որովհետև այդպես ընդունված է: Մենք էլ նույն կերպ վարվեցինք: Այնուհետև անգլերենով խնդրեցի.
           
- Please, register my cell phone number for points (խնդրում եմ գրանցեք իմ բջջային հեռախոսի համարը՝ միավորների համար):
           
- OK (շատ լավ):
           
- Seven-four-seven, two-three-one, eight-seven-zero-five (յոթ-չորս-յոթ, երկու-երեք-մեկ, ութ-յոթ-զրո-հինգ):
           
Երբ միավորների ընդհանուր գումարը հասնում է 400-ի, «Super King»-ն անվճար մի քանի տեսակ ուտելիք կամ ապրանքատեսակ է առաջարկում իր մշտական հաճախորդներին՝ 4-5 դոլար արժողությամբ, օրինակ՝ մեկ շիշ ձեթ, մեկ գալոն հյութ, մեկ փաթեթ կաթով սուրճ և այլն՝ գնորդներին հրապուրելու համար: Ընդհանրապես հաճախորդներին շահագրգռելով, ուտելիքի սուպերմարկետ բերելու նպատակով, շաբաթվա մի քանի օրերի ընթացքում որոշ ապրանքատեսակների համար հատուկ գնային զեղչեր (specials) են նախօրոք հայտարարում՝ ընդհուպ մինչև 2-3 անգամ: Նույն նկատառումներից ելնելով մի քանի ուտելիքի տեսակներ էժանանում են նաև նախատոնական օրերի ընթացքում:
           
Աղջիկը շլացուցիչ սպիտակ մաշկ ուներ և կապույտ, գեղեցիկ աչքեր: Պարզից էլ պարզ էր, որ նա լատինո չէր, քանի որ նրանք թուխ մաշկ ունեն: Չկարողանալով զսպել հետաքրքրասիրությունս, հարցրեցի.
           
- Is your name really Bariga? (Ձեր անունն իսկապես Բարիգա է՞):
           
Նա ասաց.
           
- Yes (այո՛):
           
- And do you know that “барыга” in Russian means dealer of stolen goods, drugs and homemade alcohol? (իսկ գիտե՞ք, որ «барыга» ռուսերենով նշանակում է գողացված ապրանքների, թմրանյութերի և տնային պայմաններում պատրաստված ոգելից խմիչքների առևտրական):
           
- Yes, I know (այո, գիտեմ): I am Armenian-American and… (Ես հայ-ամերիկացի եմ և…)
           
- Հայ ե՞ք, - զարմացած ընդհատեցի ես նրան:
           
- Այո՛, հայ եմ, իսկ Բարիգա կնշանակե՝ «Բարի եգար», ո՛չ թե ան, ինչ ըսիք, և արդեն ուրիշներն ալ նույնը ըսած էին քանի մը անգամ:
           
- Իսկ միգուցե փոխեի՞ք Ձեր անունը: Գեղեցիկ աղջիկ եք, և այդ անունը Ձեզ բոլորովին սազական չէ:
           
- Ինչու՞: Ո՛չ: Ես անունս շատ կսիրեմ և երբեք չեմ ուզած փոխել զայն:
           
- Ցտեսությու՛ն, Բարիգա՛:
           
- Երթա՛ք բարով, պարո՛ն, - ժպտալով արձագանքեց նա և փութաջանորեն շարունակեց սպասարկել հաջորդ հաճախորդին:


ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
28 դեկտեմբերի, 2017թ.

Saturday, August 19, 2017

Արի՛ գրազ գանք…

Պարթևն իր մասնագիտությունն ու աշխատանքը շատ էր սիրում, բայց ամեն անգամ աշխատանքի գնալիս մի տհաճ զգացողություն էր ունենում, քանի որ աշխատանքային ընկերները հաճախ նրան ձեռք էին առնում ու մի լավ հոգու հետ խաղում՝ իր ցածր հասակի և, մանավանդ, այդ հասակին անհամապատասխան անվան համար… Նրանք դա միտումնավոր կամ չարությամբ չէին անում, պարզապես զվարճանում էին՝ չզգալով, թե ինչպիսի՜ մեծ ցավ էին պատճառում նրան:

«Ա՜խր ինչո՞ւ էր ինքը ցածրահասակ. քեռիներն ու մորաքույրերը, հորեղբայրներն ու հորաքույրերը՝ բոլորն էլ բարձրահասակ էին, միայն ինքն էր ցածրահասակ»… Մայրն ասում էր, որ միգուցե ինքը քաշել է մորական պապին, ով այնքան էլ բարձրահասակ չէր: «Էս ի՜նչ զուլում է, որտեղից-որտեղ հենց ե՞ս պիտի քաշեի նրան… Դե՛, արի՜ ու մի հավատա ծագումնաբանության վերաբերյալ այդ նոր գիտությանը՝ գենետիկային: Փաստորեն ես կրում եմ մորական պապիս ցածր հասակին հատուկ գենետիկ կոդը, և միմիայն ես՝ մեր ամբողջ գերդաստանից: Դե՛, արի՜ ու մի ջղայնացիր»:

- Օ՜հ, Աստված իմ, դու ինձ համբերություն տու՛ր, - բարձրաձայն գոչեց նա, - ի՞նչ անեմ, ինչպե՞ս դուրս գամ այս ստորացուցիչ վիճակից: Միգուցե թողնե՞մ աշխատանքս և մեկ ուրիշ տեղ գործ փնտրեմ, բայց չէ՜. ա՜խր այնտեղ էլ կարող է նույն բանը կրկնվել:

Իննից տաս պակաս նա տեղ հասավ և դժկամությամբ մտավ աշխատասենյակ: Արդեն աշխատակիցների մի մասը եկել էր և աշխուժորեն քննարկում էր անցյալ օրվա  իրադարձությունները:

- Տեսա՞ք, Զանազանյանն ի՜նչ գոլ խփեց:

- Հա՜, իհարկե՛, տեսանք:

- Ըստ եղանակի տեսության՝ այսօր շատ շոգ է լինելու:

- Օ՜ֆ, ո՞նց ենք դիմանալու:

- Իմացա՞ք, Կիևյան փողոցի վրա գտնվող կոշիկի խանությում չեխական արտադրության կանացի կոշիկներ են ստացել:

- Իսկապե՞ս:

Պարթևը չմիացավ քննարկումներին, այլ լուռ գնաց, նստեց իր գրասեղանի մոտ: Այդ բաժնում էին աշխատում նաև իր համակուրսեցիներից շատերը՝ Աշոտը, Գագիկը, Վահագնը, Գևորգը, Վահեն, Հասմիկն ու Արևիկը: Նրանք բոլորն էլ մաթեմատիկոսներ էին: Լավ մարդիկ էին, երիտասարդ մասնագետներ՝ խելոք, զարգացած ու հեռանկարով: Բաժինը շատ մեծ էր` բաղկացած մոտ երեսուն հոգուց: Զբաղված էին վիճակագրությամբ՝ մասսայական երևույթների վերլուծությամբ, որը հիմնված է հավանականությունների տեսության մեթոդների վրա, ինչպես նաև հաշվիչ տեխնիկայի համար ալգորիթմներ մշակելով, որոնք կարևոր էին տվյալների մշակման և մտահանգումների ավտոմատացման ժամանակ կիրառելիս: Պարթևը վիճակագրության մասնագետ էր:

Կամաց-կամաց եկան նաև մյուսները: Աշխատանքային օրը սկսվեց և յուրաքանչյուրն անցավ իր պարտականությունների կատարմանը: Ընդմիջման ժամին, ինչպես միշտ, նախկին համակուրսեցիները միասին գնացին նախաճաշելու հարևանությամբ գտնվող սրճարանում: Դեռևս ոչ ոք չէր կատակել կամ հիշատակել Պարթևի ցածր հասակը և, նույնիսկ «Պարթևիկով» չէր դիմել նրան: «Ի՞նչ է եղել սրանց, ինչու՞ են ինձ մոռացել», - գոհունակությամբ մտածեց նա: Հատկապես՝ անտանելի էր Վահագնը. ամենից շատ նա էր սիրում նրա հոգու հետ խաղալ: Միայն աղջկները՝ Հասմիկն ու Արևիկն էին Պարթևի կողմից և գրեթե միշտ պաշտպանում էին նրան. «Ի՞նչ եք ուզում էս խեղճ տղայից, դուք ուրիշ գո՜րծ, բա՜ն չունե՞ք»: 

Մի հանգամանք էլ կար՝ Պարթևն անտարբեր չէր համակրելի, նրբիրան ու սևահեր Արևիկի նկատմամբ դեռ ուսանողական տարիներից, հետևաբար ավելի էր նեղվում այդ հիմար ու անտանելի կատակներից: Նա անընդհատ պատրաստվում էր սիրո խոստովանություն անել, բայց չէր համարձակվում. վախենում էր հնարավոր, նորանոր ստորացումներից ու ծաղրուծանակներից, չնայած դա այնքան էլ հավանական չէր թվում, որովհետև չէր հավատում, որ իր համակուրսեցիները նման պարագաներում այդքան աննրբանկատություն կցուցաբերեին…

Աշխատանային օրը մոտենում էր ավարտին, երբ Վահագնը մոտեցավ նրան և չարաճիճիորեն բացականչեց.

- Պարթևի՜կ, ո՞նց ես:

Պարթևն ամոթից կարմրեց: Հակառակի պես բոլորը նկատեցին դա, և դրանից նա ավելի վատ զգաց իրեն: Արևիկն անմիջապես օգնության հասավ.

- Էլի սկսեցի՞ր: Ձեռք քաշի՛ր: Նորից պարապ ե՞ս:                                   

Արևիկի միջամտությունը ոգեշնչեց Պարթևին, և նա դիմեց Վահագնին.

- Ինչու՞ է քեզ թվում, որ դու ինձանից բարձրահասակ ես:

Վահագնը չկարողացավ զսպել ծիծաղը, մյուսներն էլ չդիմացան և սկսեցին ծիծաղել:

- Հա՜, հա՜, հա՜, - անվերջ քրքջում էին նրանք, - էս ի՜նչ ծիծաղելի բան ասացիր, Պարթևի՛կ: Միթե՞ չի երևում, թե ես ինչքան բարձրահասակ եմ քեզանից, - ծիծաղից արցունքոտված աչքերով  բացականչեց Վահագնը:

- Ո՛չ, չի երևում, դա դեռ պետք է ապացուցել, - լրջորեն պատասխանեց Պարթևը:   

- Ապացուցե՞լ, խելքդ թռցրեցի՞ր, - զարմացած գոչեց Վահագնը, - ես առնվազն 25 սանտիմետրով քեզանից բարձրահասակ եմ, և դա նկատելի է նույնիսկ  առանց չափումներ անելու: 

- Բացի ուղղակի չափումներ անելուց, գնահատականներ տալու համար կան նաև վիճակագրական մեթոդներ, չէ՞ որ ես մաթեմատիկական վիճակագրության մասնագետ եմ, իսկ վիճակագրությունը, ինչպես հայտնի է, շատ լուրջ գիտություն է, եթե չես մոռացել, իհարկե՛, - մի քիչ ծաղրական՝ հանդիմանեց նրան Պարթևը:

- Ո՜նց թե, հիմա էլ դու՞ ես ինձ ձեռք առնում, - ջղայնացավ Վահագնը:

- Ո՛չ, ես, ձեր նման, մարդկանց մեջ թերություններ չեմ փնտրում, որ հետո  ծաղրեմ: Եթե համաձայն չես ինձ հետ, արի՛ գրազ գանք:

- Ինչի՞ վրա, - անմիջապես վրա բերեց Վահագնը: 

- Տարվողը «Պոպլավոկ» հանրահայտ սրճարանի շուրջը գտնվող ջրավազանն է մտնում ու հատելով անցնում այն մեր՝ բոլորի և այնտեղ միշտ ամբոխված մարդկանց առջևով:

- Համաձա՛յն եմ, - ասաց Վահագնը, - բայց մի պայմանով, որ բաժնից բոլոր ցանկացողները, հատկապես մեր համակուրսեցիները ներկա լինեն այդ խայտառակ ու ցնցող տեսարանին:

- Ես էլ եմ ուզում պայման դնել, -  ասաց Պարթևը, - եթե գրազը կրվես, այլևս ինձ ձեռք չառնե՛ս, ու ինձ «Պարթևիկ» չանվանես,  մանավանդ քո անունն էլ չի համապատասխանում քո էությանը:

- Ինչպե՞ս, - զարմացավ Վահագնը:           

- Շատ պարզ, Վահագն անունը, ըստ հայկական դիցաբանության, խորհրդանշում է պատերազմի, քաջության, ինչպես նաև ամպրոպի, կայծակի և արեգակնային Աստծուն: Միթե՞ դու ամպրոպի նման որոտում, կայծակի նման փայլատակում կամ էլ՝ արեգակի նման լուսավորում ես: Միգուցե քեզ փաղաքշական՝ Արևիկով դիմենք, հը՞:

Ներկաները քահ-քահ ծիծաղեցին, անհարմար վիճակի մեջ դնելով Վահագնին:

- Ապրե՛ս, Պարթև, լա՜վ դրա հախից եկար, - խանդավառված բացականչեց Արևիկը, - այսուհետ նրան էլ կարող ենք Արևիկ կոչել, ինչպես ինձ, եթե շարունակի քեզ հետապնդել անվանդ կամ հասակիդ պատճառով:

Հետո նրանք արագ մեկմեկու ձեռք սեղմեցին, իսկ ներկաներից մեկն էլ հապճեպորեն կտրեց նրանց գրազը, ինչպես ընդունված էր:

Քիչ հետո, երբ աշխատանքն ավարտվեց, համակուրսեցիներով ելան փողոց, որպեսզի փորձեն Պարթևի կողմից առաջարկված վիճակագրական մեթոդը: Նրանք խմբովին հարցնում էին պատահական անցորդներին. «Պարթևն է՞ բարձրահասակ, թե՞ Վահագնը»: Հարցվողները նախ ժպտում էին, իսկ հետո պատասխանում, որ իհարկե՛, Պարթևը: Հենց սկզբից խմբի անդամները հասկացան, որ հարցվող մարդիկ կատակով էին վերաբերվում հարցին և, չնայած իրականում ցածրահասակը Պարթևն էր, այլ ոչ թե Վահագնը, նրանք ժպտալով մատնացույց էին անում Պարթևին: Փաստորեն, Պարթևը հաշվի էր առել այդ հանգամանքը և պարզից էլ պարզ էր, որ նա էր հաղթելու: Ոչ ոքի մտքով չէր անցել, որ հարցը կարող է կատակով ընդունվել հարցվողների կողմից, բացի Պարթևից, իհարկե՛:

Պարթևը հաղթեց: Նա կրեց գրազը: Բարձրացավ նաև նրա հեղինակությունն ընկերների մոտ. բոլորն անխտիր ընդունեցին նրա խելացի լինելու փաստը: Այդ պահից սկսած Արևիկը սկսեց մի տեսակ հպարտությամբ նայել Պարթևին: Հայտնի բան է՝ կանայք սիրում են հաղթողներին:

Երբ համակուրսեցիները հասան «Պոպլավոկ», այնտեղ, ինչպես միշտ, մարդաշատ էր: Ամռան տապին մարդիկ այստեղ էին գալիս հանգստանալու` նստելով ջրավազանի շուրջը, ծառերի շվաքում տեղադրված փայտյա, ընդարձակ նստարանների վրա կամ էլ սրճարանում, իսկ ցերեկվա ժամերին էլ փոքրիկներն էին զվարճանում՝ լողանալով, ուրախ աղմուկով չփչփացնելով ջրի մեջ, ինչպես նաև արևահարվելով լողավազանը բոլորող պատերի վրա:

Տեղ հասնելուն պես Վահագնն անմիջապես մտավ ջուրը և սկսեց լրջախոհ քայլել մի ափից դեպի մյուսը: Նրա մարմինը մինչև գոտկատեղը ընկղմված էր ջրի մեջ: Մարդիկ մի պահ քարացան, դադարեց նաև աղմուկը: Ամենքը զարմացած նայում էին նրան, իսկ նա՝ լուռ, գլուխը կախ շարունակում էր առաջ շարժվել: Քիչ անց մարդիկ սթափվեցին, սկսեցին ծիծաղել և ենթադրություններ անել. «Երևի խմած է կամ էլ՝ խելագար», - ասում էին նրանք, սակայն ոչ ոքի մտքով չանցավ, որ նա պարզապես տարվել էր գրազը և ստիպված էր հենց այդպես՝ հագուստներով, փողկապով ու կոշիկներով մտնել ջուրը:

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
15 օգոստոսի, 2017թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...