Thursday, January 14, 2016

Անամոթը...

Նրանք ընկերուհիներ էին դեռևս մանուկ հասակից՝ Անահիտը և Լուսինեն. նույն բակում էին մեծացել, նույն դպրոցը հաճախելերկուսն էլ ամուսնացած էին և երեխաներ ունեին՝ Անահիտը երկու որդի, իսկ Լուսինեն՝ որդի և դուստր:

Մինչև Խորհրդային Միության փլուզվելը, նրանք ոչ մի տնտեսական դժվարություններ չէին տեսել: Ընդհանրապես, Խորհրդային Միությունը շատ հարմար էր ապրելու, աշխատելու և սովորելու համար, քանի որ գները վերահսկվում և զսպվում էին կառավարության կողմից, գործազրկություն չկար, ընդհակառակը՝ չաշխատելն էր հետապնդվում օրենքով, իսկ սովորելը՝ խրախուսվում, չկար ազգային խտրականություն և թշնամություն, առավել ևս ազգամիջյան բախումներ …

Սակայն, 1988թ. փետրվարից իրադրությունը կտրուկ փոխվեց Հայաստանում. սկսվեց արցախյան ազատագրական շարժումը, 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Սպիտակի ահավոր երկարաշարժը, որը պաշտոնական հաղորդագրությամբ մոտ 25000 մարդու կյանք խլեց, իսկ ոչ պաշտոնական տվյալներով մոտ՝ 50000-60000՝ մեծ, վիշտ պատճառելով ամբողջ հայ ժողովրդին թե Հայաստանում, և թե հայկական սփյուռքում1990թ. օգոստոսի 23-ին ՀՍՍՀ-ի Գերագույն Խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, իսկ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը: Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի անկախությունից հետո, տնտեսական վիճակը Հայաստանում կտրուկ վատթարացավ: Գրեթե բոլոր գործարանները կաթվածահար եղան. շատ աշխատատատեղեր փակվեցին և գործազրկությունը մեծ չափերի հասավ:

Լուսինեն ամուսնուն կորցնելուց հետո, ստիպված մեկնեց արտագնա աշխատանքի՝ դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ... Անահիտի երկու որդիները մասնակցեցին արցախյան հերոսամարտին՝ ցավոք, նրա ավագ որդին զոհվեց: Ընդհանրապես, Հայաստանի անկախացումից հետո, Հայաստանում և, հատկապես Արցախում ապրող գրեթե բոլոր հայերը մեծ փորձությունների ենթարկվեցին՝ առկա բազմաթիվ մարտահրավերների պատճառով...

Անցան տարիներ՝ բազում հոգսերի, զրկանքների, պատերազմի, սովի, անմոռաց վշտի տարիներ...Անահիտը հիվանդացավ: Նրա օրերը հաշվված էին: Նա ցավեր ուներ, բայց այդ ցավերը նրան ավելի տանելի էին թվում, քան որդու կորստի ցավը... Նրա մտերիմ ընկերուհին՝ Լուսինեն հաճախ էր զանգահարում նրան Նյու-Յորքից: Նրա գնալուց հետո անցել էր ավելի քան քսանհինգ տարի... ընկերուհիները շատ էին միմյանց կարոտել, բայց ավա՜ղ Լուսինեն օրինական կարգավիճակ չուներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և, հետևաբար չէր կարող գալ Հայաստան: Նա, նույնիսկ այդ տարիների ընթացքում, չէր տեսել իր որդուն, դստերը և թոռներին, չնայած բոլորին էլ շատ էր կարոտել...

Լուսինեն արդեն յոթանասուն տարեկան էր և դեռ աշխատում էր, չնայած բոլորովին  վերջերս լուրջ վիրահատության էր ենթարկվել... Նա խնայողությամբ էր ապրում և տարիներ շարունակ ծանր ու ստորացուցիչ աշխատանքներ կատարելով, բոլոր իր խնայած միջոցներն՝ անմնացորդ, ուղարկում էր Հայաստան, գլխավորապես որդուն, ով նրա ուղարկած փողերով գնել էր նոր, ընդարձակ բնակարան, շքեղորեն վերանորոգել և կահավորել էր այն, ինչպես նաև գնել էր թանկարժեք ավտոմեքենա, հարմարավետ ամառանոց... նրա որդին իր ընտանիքի հետ ապրում էր բավականին բարեկեցիկ ու երջանիկ կյանքով՝ մոր ուղարկած փողերով, իհարկե՛. նա չէր աշխատում և մտադրություն էլ չուներ աշխատելու, ի տարբերություն իր մորը, որի անձնուրաց նվիրվածությունն անսահման էր ընտանիքի և հարազատների հանդեպ...

Երբ Անահիտը մահացավ, Լուսինեն շատ վշտացավ ու լաց եղավ. նա վերհիշեց մանկությունն ու անցած կյանքն իր անբաժան ընկերուհու և հասակակցի հետ, շատ ափսոսաց, որ չկարողացավ հրաժեշտ տալ նրան և ներկա լինել նրա հուղարկավորությանը... Լուսինեն անմիջապես զանգահարեց Անահիտի կրտսեր որդուն, ցավակցություն հայտնեց և տեղեկացրեց, որ երկու հարյուր դոլար է ուղարկելու թաղման ծախսերի համար: Նա գիտեր, որ իր մտերիմ ընկերուհու ընտանիքը դրամական օգնության կարիք ուներ: Լուսինեն փողն ուղարկեց իր որդուն և խնդրեց հանձնել տիկին Անահիտի կրտսեր որդուն կամ ամուսնուն:

Թաղման օրն իրարանցում էր Անահիտենց փոքրիկ բնակարանում, որը  լեփ-լեցուն էր այցելուներով, իսկ նրանց մի մասն էլ համախմբված էր շենքի շքամուտքի մոտ: Անընդհատ մարդիկ էին գալիս՝ հարևաններ, ազգականներ, բարեկամներ, ընկերներ՝ վերջին հրաժեշտը տալու տիկին Անահիտին: Անահիտի կրտսեր որդին և ամուսինը, գլխիկոր նստած դագաղի մոտ, անընդհատ վեր էին կենում և համեստորեն շնորհակալություն էին հայտնում այցելուներին՝ ցավակցությունների հանար: Բոլոր այցելուներն անկեղծորեն սգում էին տիկին Անահիտի մահվան համար, որովհետև նա լավ անձնավորություն էր և վայելում էր ազգականների, հարևանների և բոլոր իրեն ճանաչողների մեծագույն սերն ու հարգանքը...

Մի քիչ ուշացումով եկավ նաև Լուսինեի որդին՝ Արմենը: Նրա պարանոցին մի հաստ ոսկյա շղթա կար, իսկ ձեռքին պսպղում էր շվեյցարական, հանրահայտ «Համիլտոն» մակնիշի թանկարժեք ժամացույցը: Արմենը մոտեցավ հանգուցյալի ամուսնուն և որդուն, ցավակցություն հայտնեց: Այնուհետև, նա տիկին Անահիտի որդու հետ առանձնանալով ասաց.

- Ապե՛ր, բերել եմ մորս ուղարկած փողը, բայց կներես՝ հարյուր քսան դոլար ա մնացել... տղերքով էս շոգին մի տեղ նստեցինք, մի քիչ գարեջուր խմեցինք, ութսուն դոլարը ծախսվեց...

Երբ թաղումից հետո տիկին Լուսինեն զանգահարեց, տիկին Անահիտի որդին և ամուսինը նրբանկատորեն չհայտնեցին նրան Արմենի անամոթ ու լկտի արարքի մասին...


Երևան, Հայաստան
12 հունվարի, 2016թ.

Friday, January 1, 2016

Խաշլամայի «գիտակը»

Հայկական խորովածի և խաշլամայի պատրաստման մենաշնորհը Հայաստանում, և ոչ միայն Հայաստանում, պատկանում է միմիայն հայ տղամարդկանց: Ոչ մի հայ կնոջ մտքով չի անցնի մատով անգամ դիպչելու խորովածի կամ խաշլամայի մսին ընտանեկան հավաքների ժամանակ: Տղամարդիկ ոչ միայն մեծ սիրով պատրաստում են, այլ նաև ընտրում և գնում են միսը: Դա նույնպես նրանց մենաշնորհն է: Իհարկե, ուրիշ ազգեր էլ են խորոված կամ խաշլամա պատրաստում, բայց հայկականն ուրիշ է…

Հայկական խաշլաման աչքի է ընկնում իր պարզությամբ, քանի որ նրա հետ գրեթե ոչինչ չեն խառնում եփելիս, որպեսզի ուտողը զգա հայկական լեռնաշխարհի ոչխարի կամ տավարի մսի բացառիկ համն ու թարմությունը: Թե տավարի մսից, և թե ոչխարի մսից պատրաստված խաշլամայի պատրաստման եղանակները շատ պարզ են:

Տավարի մսից խաշլամա պատրաստելիս կտրատված միսը լցնում են պղնձի մեջ և վրան ավելացնում են այնքան ջուր, որ մսի կտորները ծածկվեն ջրով: Վրան աղ են ավելացնում ու եփում: Եփված մսի կտորներն առանձնացնում են, իսկ մսաջրի վրա եփում մաքրած, բայց չկտրատված կարտոֆիլները, որոնք եփելու ընթացքում ներծծվում են համեղ մսաջրով: Մատուցելիս ափսեի մի կեսում լցնում են խաշված կարտոֆիլները, իսկ մյուս կեսում՝ խաշած տավարի մսի կտորները:

Գառան կամ ոչխարի մսից պատրաստված խաշլամայի պատրաստման եղանակն ավելի պարզ է: Մսի կտորները լցնում են պղնձի մեջ, վրան նրանց ծավալի կեսի չափով ջուր են ավելացնում, ինչպես նաև մեկ կծու բիբար և մի քանի լոլիկ: Աղով համեմված գառան խաշլամայի ջուրը եփելու ընթացքում գրեթե ներծծվում է մսի մեջ: Խաշլամայի համար հարմար են գառան ազդրամիսը և մեջքամիսը, իսկ մատերից շատ ընտիր խորոված է ստացվում:

Ակնհայտ է, որ այսքան հեշտ պատրաստվող կերակրատեսակը պատրաստելիս հնարավոր չէ սխալվել, բայց Մանվելի հարևանը և ընկերը՝ Վարոսը սխալվեց և նույնիսկ փչացրեց այն:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մանվելի եղբոր տղան Լեհաստանից այցի էր եկել Երևան՝ իր հարազատներին տեսնելու համար: Նա այդ կապակցությամբ մի թմբլիկ էգ գառ գնեց Մանվելենց ամառանոցում խաշլամա և խորոված պատրաստելու ու մի լավ քեֆ անելու ակնկալիքով: Նա գառը գնեց ամառանոց տանող ճանապարհին: Գառան տերն արհեստավարժ շարժումներով, շատ արագ մորթեց գառը՝ առանձնացնելով խաշլամայի և խորովածի մսերը, ինչպես նաև գառան թոքերը, երկիկամները և սիրտը: Գառան գլուխը և ոտքերը չվերցրեցին, այլ թողեցին տիրոջ մոտ: Ըստ երևույթին, դրանք էժան գնով կվաճառվեն մի որևէ աղքատի: Հայաստանում գառան գլուխը և ոտքերը խաշ չեն դնում, ինչպես Պարսկաստանի, Լիբանանի, Սիրիայի, Հունաստանի, Բուլղարիայի և այլ եվրոպական երկրներում ապրող մեր հայրենակիցները: Ի տարբերություն Հայաստանի, գառան գլուխը և ոտքերը բավականին թանկ արժեն նաև Կալիֆորնիայում, օրինակ՝ մաքրած և փաթեթավորված մեկ գառան գլուխն մոտավորապես 10-12 դոլար արժե:

Մանվելի հարմարավետ ամառանոցում հավաքվել էին մի քանի ընտանիքներ իրենց երեխաների հետ: Օգոստոս ամիսն էր: Դրսում մի քիչ շոգ էր, բայց ամառանոցի բակում խողողի թարման հուսալիորեն պաշտպանում էր մարդկանց արևի ուղիղ ճառագայթներից: Խաղողի թարմայից կախված էին խաղողի խոշոր, հասած ու հյութեղ ողկույզները, որոնք ամառանոցի հյուրերին գայթակղում էին իրենց ախորժաբեր տեսքով: Խաղողի թարմայի տակ մի մեծ ու երկար սեղան էր տեղադրված, որի շուրջը շարված էին ողորկ փայտից պատրաստված նստարաններ: Թե հսկայական սեղանը, և թե հարմարավետ նստարանները պատրաստել էր տանտերը՝ Մանվելը: Մի քիչ այն կողմ փոքրիկ լողավազանն էր, որտեղ երեխաներն ուրախ աղմկելով լողանում էին: Լողավազանի մեջ կային մանկական փչովի փրկարար օղակներ, դեղին բադիկներ ու կապույտ դելֆիններ: Մանկական ծիծաղը, երեխաների խաղերը, ջրի չլփոցներն ու իրարանցումն ուրախ տրամադրություն էր հաղորդում բոլորին: Մեծահասակներից ոմանք հետաքրքրությամբ հետևում էին երեխաների ուրախ ժամանցին լողավազանում, ոմանք էլ կլանված նարդու խաղն էին դիտում հսկայական ծիրանենու տակ, որտեղից անընդհատ լսվում էր նարդու քարերի ուժեղ շխշխկոցը և խաղացողների ու նրանց շուրջը հավաքված խաղին հետևողների աշխույժ բացականչություններն ու մեկնաբանությունները խաղի վերաբերյալ:  

Մի քանի կանայք նկուղի մոտ գտնվող աղբյուրի մոտ լվանում էին բանջարեղենը, մրգերն ու կանաչին, իսկ մի քիչ այն կողմ Մանվելի որդին իր ընկերոջ հետ վառել էին կրակը խորովածի համար:

Հայաստանցիները խորովածի միսը գլխավորապես պատրաստում են խոզի մսից, փայտի այրումից առաջացած կայկլտացող փայտածուխների վրա, նախապես համեմելով խորովածի համար նախատեսված միսն աղով, աղացած սև բիբարով ու կծու կարմիր բիբարով, ցիտրոնով, առատ սոխով և մի քիչ էլ սխտորով: Համեմված միսը մոտ մեկ ժամ թողնում են սենյակային ջերմաստիճանում կամ էլ հինգ-վեց ժամ սառնարանում, որպեսզի համեմունքները ներծծվեն մսի մեջ, ինչպես նաև փափկացնեն այն: Մանվելի որդին և նրա ընկերը գառան խորովածի համար նախատեսված միսը համեմեցին նաև կարմիր գինով:

Հայաստանում, ի տարբերություն հայկական սփյուռքի, ընդունված չէ պատրաստել խորոված հորթի կամ տավարի մսից, քանի որ խոզի միսն ավելի փափուկ է: Ինչ վերաբերվում է գառան կամ ոչխարի մսից խորոված պատրաստելուն, ապա հայաստանցիները, թեև պատրաստում են, բայց հազվադեպ, քանի որ խողի միսը, ի տարբերություն գառան մսի, ավելի հեշտ է համեմվում և փափկացվում:

Հայկական սփյուռքում, անենուրեք, թե արևմտահայերը, և թե արևելահայերը, բացառությամբ Հայաստանից եկած ներգաղթյալների, գերապատվությունը տալիս են գառան կամ ոչխարի մսից պատրաստված խորովածին: Նրանք, որպեսզի փափկացնեն միսը, ի լրումն վերը նշված համեմունքների, համեմում են նաև մածնով կամ գինով, քացախով կամ էլ հունական «Թերիյակի» կոչվող խորովածային հեղուկով:

Խորովածի համար նախատսված խոզի միսը գնել էր Մանվելը: Խորովածի համար միս ընտրելիս պետք է նախապատվությունը տալ կենդանու մարմնի մկանոտ մասերին՝ ամենից առաջ մեջքամասին և ազդրերին: Նա գնել էր նաև բանջարեղեն՝ աղցանների և խորովածի համար: Հայկական խորովածի հետ միաժամանակ մատուցում են նաև խորոված մսոտ լոլիկներ, տաքդեղներ, սմբուկներ, կարտոֆիլներ և փոքրիկ սոխի գլուխներ:

Հայկական խորովածի տարատեսակներ են նաև թոնրի խորովածը և հովվական խորովածը, որը պատրաստելու համար գառան կամ ոչխարի միսը փաթաթում են իր իսկ մորթու մեջ, թաղում հողի մեջ տաս-տասնհինգ սանտիմետր խորությամբ, ծածկում հողով, իսկ վրան թեժ կրակ վառում: Հյուրերից շատերն էին ճաշակել թոնրի խորոված, իսկ հովվական հայկական խորոված ճաշակել էին հյուրերից միայն մի քանիսը, որն ըստ նրանց պատմածի շատ նման է խաշլամային՝ միայն ավելի հյութալի է և համեղ:  

Գառան մսով խաշլամայի պատրաստելը վստահվեց Վարոսին, որը Մանվելի հարևանն էր ու դասընկերը: Վարոսը լրջախոհ, բարձրահասակ մի մարդ էր, մոտ քառասուն տարեկան:  Նա եկել էր մենակ, առանց ընտանիքի անդամների: Վարոսն ամուսնացած էր, թե ոչ՝ հյուրերը չգիտեին: Ըստ երևույթին դա միայն Մանվելը կիմանար:

- Ես հիմա այնպիսի մի համեղ խաշլամա պատրաստեմ, որ կյանքներումդ կերած չեք լինի, - նախօրոք, չափազանց ինքնավստահորեն հայտարարեց նա:

- Նոր մորթած էգ գառան մսից միշտ էլ շատ համեղ խաշլամա է ստացվում, - զգուշորեն արտահայտվեց նրա կողքին կանգնած հյուրերից մեկը:

- Այո՛, ստացվում է, բայց ճիշտ պատրաստելն էլ է կարևո՛ր, - ժպտալով ասաց Վարոսը:

Հյուրերից մի քանիսը հետաքրքրված մոտեցան նրան՝ տեսնելու, թե ինչպես է Վարոսը պատրաստելու գառան խաշլաման: Վարոսն ինքնավստահ և ինքնագոհ շարժումներով խաշլամայի համար նախատեսնված գառան մսի կտորները լցրեց մի մեծ պղնձի մեջ և վրան գրեթե պղնձի ծավալի չափով ջուր լցրեց: Հյուրերից մեկը, Մանվելի հորեղբայրը չկարողանլով իրեն զսպել, ասաց.

- Ա՜խր, գառան խաշլամայի վրա այդքան ջուր չեն լցնում, այլ այնքան, որ այն հազիվ կիսով չափ ծածկվի…

- Հորեղբայր ջա՛ն, - ասաց Վարոսը, - ա՜խր գառան խաշլամայի հենց «խաշլամայի ջուրն» է ամենահամովը: Եթե ես ջուր քիչ լցնեմ, բոլոր հյուրերին «խաշլամայի ջուր» չի հասնի, - նորից ժպտալով և ինքնագոհ բացատրեց նա ներկաներին:

Այնուհետև Վարոսը մսի վրա ավելացրեց մաքրած, բայց չկտրատված կարտոֆիլներ՝ մոտ տաս հատ: Հյուրերից մեկն էլ չհամաձայնվելով Վարոսի հետ, միջամտեց.

- Առաջին անգամ եմ տեսնում, որ գառան խաշլամայի վրա կարտոֆիլ ավելացնեն: Ինչքան ես գիտեմ, կարտոֆիլը լցնում են տավարի մսից պատրաստված խաշլամայի մսաջրին ու առանձին եփում, որպեսզի այն ներծծվի կարտոֆիլի մեջ ու…

- Ի՞նչ տարբերություն գառան, թե՞ տավարի, - ընդհատեց նրան Վարոսը, - խաշլամայի պատրաստման եղանակը, միևնույնն է, չի փոխվում:

Վարոսը չբավարարվելով այդքանով, պղնձի մեջ ավելացրեց նաև կարմիր լոլիկներ, կանաչ տաքդեղներ և սմբուկներ՝ յուրաքանչյուրից տասական հատ:

- Այ հիմա կարող ենք եփել, - ասաց նա ինքնագոհ՝ մեծ դժվարությամբ բարձրացնելով և տեղադրելով ծանր պղինձը կրակի վրա: 

Խորովածը շատ համեղ էր ստացվել, թե՛ խոզինը, և թե՛ գառանը: Հյուրերն անընդհատ իրենց գոհունակությունն էին հայտնում և հատուկ, առանձին կենացով խմեցին խորոված անողների կենացը:

Գառան խաշլաման ոչ ոք չհավանեց… Ոչ ոք չկերավ այն, բացառությամբ Վարոսի թերևս…

Վարոսի նման մարդիկ հաճախ են հանդիպում կյանքում՝ լինի դա կենցաղում, թե աշխատանքի վայրում, արվեստի, թե գիտության  բնագավառներում: Նրանք հասկանան, թե չհասկանան, միևնույնն է՝ իրենց գիտակի տեղ են դնում և մոլորեցնում են մարդկանց՝ չնայած ոչ մի բան տեղը-տեղին չգիտեն…


Մարտին Շիրինյան
Գլենդել, Կալիֆորնիա

30 դեկտեմբերի, 2015թ.

Wednesday, December 23, 2015

Քիանը (Էսքիզ)

Պարոն Քիանը չինացի է՝ փոքրամարմին, նիհարավուն, ալեխառն մազերով, հասակն առած, մի բարի մարդ: Նա հաճախակի է ժպտում՝ դեմքին տալով ներողություն հայցող արտահայտություն: Պարոն Քիանը կրթություն էր ստացել Չինաստանում: Նա ավարտել էր Պեկինի «Լեզվի և մշակույթի համալսարանի» «Անգլերեն լեզվի և գրականության» բաժինը: Երկար տարիներ դասավանդել էր դպրոցում որպես անգլերեն լեզվի ուսուցիչ: Պարոն Քիանը սիրում էր դպրոցն ու երեխաներին: Հետագայում, գիտական կոչում ստանալուց հետո նա սկսեց դասախոսել այն նույն համալսարում, որտեղ սովորել էր:

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ներգաղթելուց հետո պարոն Քիանն իր ընտանիքի հետ ապրում է Լոս Անջելեսի Ֆութհիլ արվարձանում, որը շատ մոտ է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքին: Նա երազում է գնել մի փոքրիկ, հարմարավետ տուն, որի պարտեզում ցանկանում է կառուցել կապտավուն խճանկարներով զարդարված փոքրիկ ջրավազան, որտեղ կլողային ոսկե ձկնիկներ կամ էլ ճապոնական կոիներ: Խայտաբղետ ու գույնզգույն կոիները ոսկե ձկնիկներից պակաս գեղեցիկ չեն և ի հավելումն ավելի երկարակյաց են. նրանք ապրում են ավելի քան երկու հարյուր հիսուն տարի… Պարոն Քիանն ու նրա կինը՝ Չինգ-Չինգն ամեն օր կզմայլվեին ջրավազանով, իսկ իրենց մահից հետո կոիների ջրավազանը հաճույք կպատճառեր նրանց որդիներին ու դուստերին: Ամենայն հավանականությամբ կոիներով կհասցնեին զմայլվել նաև նրանց թոռներն ու ծոռները՝ կոիների երկարակյացության շնորհիվ: Պարոն Քիանը մտադիր է իրենց ապագա տան մուտքին հանդիսավոր տեսք տալու համար, տնկել այնտեղ մի զույգ կարճլիկ, հաստաբուն, թագավորական սագո-արմավենիներ, որոնք թեև չափազանց թունավոր են թե՛ տերևներով, թե՛ արմատներեվ,  և թե՛ հատկապես, պտուղներով, բայց և անգերազանցելի են իրենց շքեղ գեղեցկությամբ որպես մշտադալար, դեկորատիվ ծառեր: Նա  պատրաստվում է նաև իրենց պարտեզը զարդարել հսկայական, տարատեսակ, ծաղկող կակտուսներով, լիմոնի, լայմի, մանդարինի, նռան ծառերով, չինական հրաշագեղ մուգ կարմիր վարդերով, սպիտակ քրիզանթեմներով, ինչպես նաև բազմաթիվ ու բազմազան, մանր-մունր, գունզգույն ծաղիկներով՝ պետունիաներով, պորտուլականերով, գազանիաներով և հոտավետ մեխակներով: Մի խոսքով նա մտադիր է ստեղծել երկնային դրախտ երկրի վրա:   

Պարոն Քիանը շատ լավ անգլերեն գիտի: Նա աշխատում է որպես անգլերեն լեզվի ուսուցիչ «Գլենդելի Համայնքային քոլեջի» ոչ կրեդիտային մասնաճյուղում՝ Գարֆիլդում: Դասավանդում է հաճույքով, ամենայն մանրամասներով և օրինակներ բերելով քննարկվող նյութի վերաբերյալ, բայց կա մի հանգամանք՝ նրա առոգանությունը սարսափելի է, քանի որ խոսում է գրեթե չինական առոգանությամբ… Միգուցե դա էր պատճառը, որ նրան չէին ընդունել «Գլենդելի Համայնաքային քոլեջի» կրեդիտային մասնաճյուղում՝ Վերդուգոյում: Նա լրիվ դրույքով չի աշխատում, այլ ժամավճարով: Դա նշանակում է, որ քոլեջը ոչ մի պարտավորություն չունի նրա նկատմամբ, ո՛չ վճարովի արձակուրդի, և ո՛չ էլ ժամանակավոր անաշխատունակություն ունենալու դեպքում: Ընդհանրպես քոլեջի դասախոսների մեծ մասն այդպիսի պայմաններով է աշխատում:  Դա ձեռնտու է քոլեջին: Պետությունը դրանից չի տուժում: Առիթից օգտվելով այդպես են վարվում գրեթե բոլոր ուսումնական հաստատություներն Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Չնայած այդ բոլորին պարոն Քիանը դժգոհ չէ, քանի որ այստեղ երբեմն մեկ օրում այնքան է վաստակում, ինչքան իր հայրենիքում մի ամբողջ ամսվա ընթացքում: Ամենազավեշտալին այն էր, որ «քիան» չինարեն նշանակում է փող, իսկ ինքը միայն հիմա ծեր հասակում է հնարավորություն ստացել փող աշխատելու, որի շնորհիվ հույս կա իրականացնելու իր և կնոջ նվիրական երազանքը:

Պարոն Քիանը համեստ է ու մի փոքր երկչոտությամբ է վերաբերվում իր ուսանողներին: Նա դժվարանում է հարաբերություններ հաստատել նրանց հետ: Կալիֆորնիայում ապրում են բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ: Նրանք բոլորն ունեն իրենց սովորությունները, որոնք հաճախ չափազանց տարբեր են: Նոր ներգաղթածները պետք է երկար տարիներ ապրեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որպեսզի վերջապես ձեռք բերեն ամերիկյան ազգի սովորությունները և այլևս չտարբերվեն կամ գոնե քիչ տարբերվեն: Հենց այդ պատճառով էլ առավել դժվար է նոր ներգաղթածների հետ գործ ունենալը: Պարոն Քիանի համար այս առումով կրկնակի դժվար է, որովհետև ինքն էլ է վերջերս ներգաղթել՝ ընդհամենը մի քանի տարի է և բոլրովին վերջերս է քաղաքացիություն ստացել: Սովորաբար, օրինական կերպով ներգաղթյալները հինգ տարի  հետո միայն իրավունք  ունեն քաղաքացիություն ստանալու համար դիմելու:

Պարոն Քիանը չի կարողանում հասկանալ, թե ինչու են ուսանողներն այդքան շատ հարցեր տալիս, հատկապես հայ ուսանողները: Սովորաբար չինացիները հարցեր չէին տալիս, ո՛չ Պեկինում, ո՛չ էլ այստեղ: Նրանց կողմից հարց տալն ընդունված չէ, քանի որ այն ընկալվում է որպես բացահայտ անհարգալից ու անուշադիր վերաբերմունք ուսուցչի և դասավանդվող առարկայի նկատմամբ: Այդպես են կարծում ոչ միայն չինացիներն, այլ նաև ճապոնացիները, կորեացիները, վիետնամցիները և ընդհանրապես բոլոր արևելյան ժողովուրդները: Նրանք, նույնիսկ կազմակերպչական խնդիրների վերաբերյալ հարցեր տալուց են խուսափում: Արևելյան ժողովուևրդները դասի ժամանակ համրանում են, կարծես մոռանում են խոսելը, բայց ուշադիր հետևում են դասին և պարտաճանաչ կերպով կատարում ուսուցչի բոլոր հանձնարարությունները: Ընդմիջումներին կամ դասերից հետո նրանք շատ աղմկոտ են. անընդհատ խոսում և ծիծաղում են՝ իրենց վրա գրավելով մյուս ուսանողների ուշադրությունը: Անհավատալի է, որ դասերի ժամանակ պապանձված այդ մարդիկ կարող են այդքան աշխուժանալ: Երևում է դասերի ժամանակ չխոսելը նրանցից մեծ ջանքեր է պահանջում, բայց նրանք համառորեն հավատարիմ են մնում իրենց սովորություններին:

Պարոն Քիանը հաճույքով է դասավանդում և սիրում է իր ուսանողներին: Նա գրեթէ երջանիկ էր դասավանդելիս, եթե չլիներ, հատկապես հայ ուսանողների անհագուրդ հարցասիրությունը: Հակառակի պես Գլենդելը գրեթե վաթսուն տոկոսով բնակեցված է հայերով, հատկապես Իրանից և Հայաստանից եկած ներգաղթյալներով: Անհամեմատ շատ թվով հայեր են են գալիս Իրանից: Կարելի է ասել, որ պարսկական առոգանությամբ արևելյան հայերենն է գերիշխում Գլենդելում: Պարսկահայերի հայերենը շատ նման է երևանյան բարբառին, նույնիսկ նրանց բառապաշարում հանդիպում են որոշ ռուսական բառեր, ինչպես հայաստանահայերի և արցախահայերի մոտ, իսկ որոշ հայկական բառերին էլ ուրիշ անուններ են տալիս, օրինակ՝ էլեկտրականությանը կայծ են ասում, սովորելուն՝ կարդալ, աշխատելուն՝ գործել, դեղին՝ ճար և այլն: Գլենդելում անհամեմատ քիչ են Ռուսաստանից, Լիբանանից, և Սիրայից եկած մեր հայրենակիցները:  

- Նրանք ամեն ինչ ուզում են իմանալ, ամեն ինչին կասկածանքով են վերաբերվում և պահանջում են վերլուծություն, - գանգատվում էր նա կնոջը:  

- Բայց այդքան շատ հարց տալն անքաղաքավարություն է, - նկատում էր նրա կինը, Չինգ Չինգը:

- Ո՛չ, անքաղաքավարություն չէ՛: Քոլեջը խրախուսում է ուսանողների կողմից հարցերը տալը: Ուղղակի ես չեմ կարողանում համակերպվել դրան: Հատկապես ինձ տանջում է մի հարց, թե ինչու՞ են նրանք այդքան հարցասեր:

Ուսանողներն էլ իրենց հերթին էին գանգատվում նրանից.

- Այս պարոնի խոսելուց ոչինչ չենք հասկանում, ոնց-որ չինարեն խոսի… Ինչպես կարելի անգլերեն սովորող սկսնակ ուսանողներին այսպիսի առոգանությամբ ուսուցիչ տրամադրել…

- Լսի՛ր, Քիան, - մի օր ասաց նրան կինը, - իսկ դու երբեմն անկեղծացիր նրանց հետ, պատմիր քո կամ ընտանիքիդ մասին: Անկեղծությունը միշտ էլ բացում է մարդկանց սրտերը:

Պարոն Քիանին կնոջ խորհուրդը խելամիտ թվաց, և նա որոշեց ժամանակ առ ժամանակ օգտվել նրա խորհրդից՝ հարմար առիթ ներկայանալու դեպքում:

Առիթը սպասվածից էլ շուտ եկավ: Դասը մատուցողների և թեյանվերների մասին էր: Պարոն Քիանը պատմեց ուսանողներին, որ ի տարբերություն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ճապոնիայում, Կորեայում և չինական երկու պետություններում՝ Չինաստանում և Տայվանում ընդունված չէ թեյանվեր թողնելը, իսկ ահա երրորդ չինական պետությունում՝ Հոնգ Քոնգում այն  լայնորեն տարածված է: Նա պատմեց նաև, որ իր դուստրը բավականին լավ է վաստակում Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում՝ շնորհիվ թեյանվերների: Ուսանողներն ուշադիր լսում էին նրան: Այս անգամ նույնիսկ նրանց հարցերը հաճելի թվացին նրան: Ուսանողներն էլ իրենց հերթին պատմեցին թեյանվերներ թողնելու սովորությունների մասին այն երկրներում, որտեղից եկել էին: Պարզվեց, որ Արփենիկի եղբայրն էլ աշխատում է Լոս Անջելեսի Վան Նայս թաղամասում գտնվող «Օլիմպիա» ռեստորանում և համեմատաբար լավ է վաստակում թեյանվերների շնորհիվ նույնպես: Փոխադարձ անկեղծությունը ոնց-որ թե ստացվեց՝ գլխավորապես Քիանի դստեր թեյանվերները հիշատակելուց հետո:

- Ինչպես երևում է Չինգ Չինգը ճիշտ էր, - մտածեց պարոն Քիանը:

Մի ուրիշ անգամ դասը Կալիֆորնիայի կլիմայի մասին էր, և պարոն Քիանը պատմեց իր սպիտակամորթ և երիտադասարդ հարևանի մասին, որը սովորություն ուներ Լոս Անջելոսի կիզիչ արև տակ հաճախակի վազելու՝ մինչև գոտկատեղը մերկացած:

- Իսկ ինչու՞ կիզիչ արև տակ, այլ ոչ թե վաղ առավոտյան, երբ արևն այնքան էլ չի վառում, պարո՛ն Քիան, - հարցրեց ուսանողներից մեկը:

- Որովհետև կիզիչ արևի տակ վազելիս քրտնարտադրությունն ավելի շատ է, ինչը նպաստում է արագ նիհարելուն, - պատասխանեց նա:  

- Կիզիչ արևի տակ վազելը ճիշտ չէ՛, - ասաց պարոն Քիանի ուսանողներից մեկը՝ Պարթևը, որը մասնագիտությամբ բժիշկ էր, - քանի որ օրգանիզմը ջրազրկվում է, ինչպես նաև մեծ քանակությամբ միկրոտարրեր է կորցնում առատ քրտնարտադրության պատճառով՝ զգալի վնաս հասցնելով վերջինիս: Մարդկային օրգանիզմին անհրաժեշտ քսան միկրոտարրերից տասնմեկն արտադրվում է օրգանիզմի ներսում, իսկ իննը համալրվում է դրսից՝ սննդի հետ: Հասկանալի է, որ սխալ սնվելու դեպքում, որը հաճախ է պատահում, օրգանիզմը նույնիսկ կունենա դրանց պակասը, իսկ արևի տակ վազելը չափազանց վտանգավոր կարող է դառնալ` էլ ավելի պակասեցնելով միկրոտարրերի քանակը: Մարդկային օրգանիզմում հազարից ավելի ֆերմենտների արտադրությունը հնարավոր չէ առանց այդ միկրոտարրերի, ինչպիսնին են՝ կալցիումը, մագնեզիումը, նատրիումը, կալիումը, երկաթը, ցինկը, նիկելը, պղինձը, քրոմը յոդը և այլն: Ես էլ եմ հաճախ տեսնում վազող մարդկանց կեսօրին կամ կեսօրից հետո: Մեր երկրում մարդիկ ավելի գիտակից են և զգույշ: Նրանք երբեք այդպիսի անխոհեմ բան չեն անի:

Պարոն Քիանն ասաց նաև, որ վերոհիշյալ հարևանը չնայած երիտադարդ հասակին և առողջ կազմվածքին շուտով հիվանդացել էր մաշկի քաղցկեղով և մահացել:

- Զարմանալի է, - ասաց պարոն Քիանը, - ես երբեք մաշկի քաղցկեղի մասին չէի լսել Չինաստանում ապրելիս, բայց այստեղ հաճախ է հանդիպում այդ հիվանդությունը:

- Այո՛, - ասաց Պարթև: Մաշկի քաղցկեղը` մելանոման Ամերիկայի Միացյալ Նահանգների, հատկապես արևաշատ նահանգներում՝ Կալիֆորնիայում, Նեվադայում, Արիզոնայում, Նյու Մեքսիկոյում, Թեքսասում, Լուիզիանայում, Միսիսիպիյում, Ալաբամայում, Ջորջիայում, Հարավային Կարոլինայում, և Ֆլորիդայում հաճախ է հանդիպում: Դրանով մեծամասամբ հակված են հիվանդանալու բաց մաշկ ունեցող սպիտակամորթները, իսկ թուխ սպիտակամորթներն, ինչպիսին են օրինակ՝ հայերը, նաև կովկասյան մյուս ժողովուրդները, ասիացիները, իսպանացիները, Հարավային Ամերիկայի ժողովուրդները, արևելյան ժողովուրդները, որոնք դեղնամաշկ են և սևամորթները հազվադեպ են հիվանդանում: Իմիջիայլոց, մելանոմայով են հիվանդացել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահներ՝ Ռոնալդ Ռեյգանը, Ջիմի Քարտերը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Վ. Բուշը, սենատոր՝ Ջոն ՄաքՔեյնը, որովհետև նրանք բոլորն էլ բաց սպիտակ մաշկ ունեին և հաճախ էին արևի տակ լինում: Բարեբախտաբար նրանք ժամանակին հաջողությամբ բուժվել են:

- Իսկապե՜ս, - բացականչեց պարոն Քիանը, - ես դա չգիտեի:

- Ընդհանրապես խորհուրդ չի տրվում անգամ զբոսնել կիզիչ արևի տակ, իսկ եթե այնումենայնիվ անհրաժեշտություն կա այդ ժամանակ դրսում լինելու համար, ապա պետք է հագնել այնպիսի հագուստներ, որոնք հնարավորինս ծածկում են մարմինը, հատկապես չպետք է հագնել կարճաթև վերնաշապիկներ ու շապիկներ, կարճ շալվարներ, կարճ շրջազգեստներ կամ կարճ կիսաշրջազգեստներ՝ հենց մաշկի քաղցկեղից խուսափելու համար, - շարունակեց Պարթևը:

Մի անգամ դասի ժամանակ, երբ պարոն Քիանը ջանասիրաբար բացատրում էր անգլերենի բայերի ներկա կատարյալ ժամանակի օգտագործման առանձնահատկությունները, իսկ հայ ուսանողներն, ինչպես միշտ բազմաթիվ հարցեր էին տալիս նրան այն ավելի լավ հասկանալու համար, նրա դեմքին հայտնվեց մտազբաղ մի արտահայտություն: Թեև նա շարունակում էր  համբերությամբ բացատրել, թե ինչով է տարբերվում ներկա կատարյալ ժամանակն անցյալ ժամանակից՝ բազմաթիվ օրինակներով համեմատություններ անելով այդ երկու ժամանակների միջև, պարզ երևում էր, որ մեկ ուրիշ առավել կարևոր միտք պարուրել էր նրա ուղեղը… Ակնհայտորեն նա լարված, զուգահեռաբար մեկ ուրիշ բանի մասին էր մտածում: Հանկարծ նրա դեմքին գծագրվեց մի խորիմաստ ժպիտ… Թեև նա չբացականչեց էվրիկա, այսինքն գտա, ինչպես դա ժամանակին արել էր հույն նշանավոր փիկիսոփա՝ Արքիմեդը, երբ հայտնաբերել էր ֆիզիկայի կարևորագույն օրենքներից մեկ, բայց ոգևորված բացականչեց.

- Հասկացա՜, ես վերջապես հասկացա՜, թե ինչու են հայերն այդքան հարցասեր: Նրանք հարցասեր են, որովհետև եղեռն են տեսել և այդ պատճառով էլ կասկածամիտ են դարձել: Ցեղասպանությունը ծանր փորձություն է… Հայերն ուզում են ամեն ինչի պատճառն իմանալ… Պատճառ-հետևանքային կապը նրանց համար շատ կարևոր է: Բացի դրանից գիտելիքն ուժ է և ոչ մի բան մարդուն չի կարող ավելի ամուր պաշտպանել և հավատ ներշնչել, ինչպես իրազեկված լինելն, իմացությունն ու ստեղծարարությունը: Դրա համար էլ նրանք ձգտում են հնարավորինս շատ գիտելիքներ ձեռք բերել: Պատահական չէր, որ չարագործ թուրքերն իրենց եղեռնագործությունը սկսեցին հայ մտավորականներին վերացնելով… Եթե չեմ սխալվում 1915թ. ապրիլի 24-ին էր, այդպես չէ՞:

Ինչ խոսք, հետաքրքիր բացահայտում է, - ասաց Արփենիկը, - բայց ինչքանո՞վ է այն ճիշտ…


Մարտին Շիրինյան
Գլենդել, Կալիֆորնիա

18 դեկտեմբերի, 2015թ. 

Monday, November 23, 2015

«Առավոտ» օրաթերթի «Գրական Առավոտ» բաժնում լույս է տեսել Մարտին Շիրինյանի «Բանալին» պատմվածքը

Հայաստանում լույս տեսնող «Առավոտ» օրաթերթի «Գրական Առավոտ»  բաժնում լույս է տեսել Մարտին Շիրինյանի «Բանալին»  պատմվածքը ՝

Ավելի վաղ, այն հրատարակվել է Մարտին Շիրինյանի Գրական Փորձարարական Լաբորատորիայի բլոգում՝ http://imgrakan.blogspot.com/2014/11/blog-post_21.html

Կալիֆորնիա, Գլենդեյլ

23 նոյեմբերի, 2015թ.

Saturday, September 5, 2015

ԱՄՆ-ում տպագրվել է Մարտին Շիրինյանի «Հպանցիկ սեր» պատմվածքը


Հարգելի ընթերցողներ, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգում հրատարակվող ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ գրական-մշակույթային հանդեսի (պատվավոր նախագահ՝ Կարո և Մարիա Ճրճրյաններ, հիմնադիր և գլխավոր խմբագիր, ճանաչված բանաստեղծ՝ Սարո Գյոդակյան) 68-րդ համարում 2015թ. սեպտեմբերի սկզբին տպագրվել է Մարտին Շիրինյանի «Հպանցիկ սեր» պատմվածքը (էջ՝ 52): Հանդեսի այս համարը ևս նվիրված է Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին:

Ավելի վաղ, այն հրատարակվել է Մարտին Շիրինյանի Գրական Փորձարարական Լաբորատորիայի՝ www.imgrakan.blogspot.com բլոգի հոկտեմբերի 26, 2014թ. թողարկման մեջ  http://imgrakan.blogspot.com/2014/10/blog-post.html)  «Հպանցիկ սեր» վերնագրով:

Հանդեսի առաջին էջում պատկերված է Արարատյան դաշտավայրը և Մասիսի սարը, ինչպես նաև հայ մեծ բանաստեղծ՝ Հ. Շիրազի նշանավոր խոսքերը՝ «Բոլոր ազգերը թող հասնեն լուսին, միայն թե հայը հասնի Մասիսին…» և «ՀԻՇՈՒՄ ԵՄ և ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ» կարգախոսը:


Կալիֆորնիա, Գլենդել
5 սեպտեմբերի, 2015թ.

Wednesday, September 2, 2015

Ի՞նչ են վաճառում

(էսքիզ)

Գալուստն իր ամառային հանգիստն էր անցակացնււմ Հյուսիսային Կովկասի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Կիսլովոդսկում:

Կիսլովոդսկը Ռուսաստանի Դաշնության ամենահայտնի, ամենաշատ այցելվող առողջարաններից մեկն է իր մեղմ կլիմայի ու բազմաթիվ բուժիչ հանքային ջրերի շնորհիվ: Քաղաքը տարին բոլոր լեփ-լեցուն է բազմաքանակ՝ հիմնականում ստամոքսա-աղիքային հիվանդություններով տառապող մարդկանցով և, իհարկե, պարզապես հանգստացողներով: Հիվանդների մի մասը գալիս է այստեղ առողջապահական ուղեգրերով և տեղավորվում հանգստյան տներում կամ սանատորիաներում, լինելով բժիշկների մշտական հսկողության տակ, մյուսները, չկարողանալով ձեռք բերել ուղեգրեր, գալիս են իրենց սեփական նախաձեռնությամբ և տեղավորվում վարձով տրվող բնակարաններում, ինչպես հովեկները՝ լրացուցիչ եկամուտով ապահովելով  Կիսլովոդսկի մշտական բնակիչներին:

Գալուստը երիտասարդ էր՝ դեռևս չամուսնացած և առողջ: Նա բուժման կարիք չուներ և սովորաբար իր հերթական արձակուրդներն անցկացնում էր Սև Ծովի կամ Սևանա լճի ափերին, կամ էլ անտառաշատ Ծաղկաձորում, Դիլիջանում և Վանաձորում: Սակայն հաճախակի լսելով Կիսլովոդսկի բնության անզուգական գեղեցկության մասին նախկինում այնտեղ հանգստացած հարևաններից, բարեկամներից ու ընկերներից, որոշեց այս անգամ էլ այնտեղ հանգստանալ:  

Նա Երևանից ինքնաթիռով թռավ դեպի Միներալնիյե Վոդի քաղաքը, իսկ այնտեղից էլ ավտոբուսով ուղևորվեց դեպի Կիսլովոդսկ: Ամբողջ ճանապարհին պատուհանից դուրս նայելով, Գալուստը հիանում էր կանաչ հարթավայրային բնապատկերներով, որոնք մերթ ընդ մերթ ընդհատվում էին անտառածածկ, երբեմն էլ անտառազուրկ բլուրներով:

Մոտ մեկ ժամ հետո ավտոբուսը հասավ Կիսլովոդսկ քաղաքի ավտոկայան: Այնտեղ վարձու բնակարանների տերերը նրանց էին սպասում: Գալուստին մոտեցավ բավականին գեղեցիկ արտաքինով, բարձրահասակ մի կին և վարձով առաջարկեց իր բնակարանի մի սենյակը հենց քաղաքի կենտրոնում: Գալուստն ու կինը նստեցին տաքսի և ուղևորվեցին դեպի նրա բնակարանը: Ամբողջ ճանապարհին կինը ոչինչ չասաց, քանի որ խորասուզված էր մտքերի մեջ: Տաքսու վարորդը հայ էր, ծնունդով Արցախից: Նա ամբողջ ճանապարհին կնոջից աննկատ աչքով էր անում Գալուստին և հայերեն ասում.

- Բախտդ լա՜վ էլ բերել ա, համաերկրացի:

Գալուստին նրա ակնարկները դուր չէին գալիս, բայց լռում էր:

Կնոջ բնակարանն իսկապես գտնվում էր քաղաքի կենտրոնում: Բնակարանը բաղկացած էր իրար հաջորդող երեք սենյակներից: Սենյակներից առաջինում, հենց մուտքի դռան դիմաց պետք է ապրեր Գալուստը, կողքի սենյակում՝ Զինաիդա Պավլովնան, այսինքն՝ տանտիրուհին, իսկ նրա և խոհանոցի միջև գտնվող սենյակում ապրելու էին մի ամուսնական զույգ, որոնք ժամանելու էին Մոսկվայից երկու-երեք օր հետո: Տանտիրուհին ծանոթացրեց Գալուստին բնակարանի հարմարություններին և ասաց, որ շատ ուրախ է կենվոր ունենալու համար, քանի որ ամուսինը մեկ ամիս առաջ է մահացել և չափազանց միայնակ է զգում: Գալուստը հիմա հասկացավ տանտիրուհու տխուր և մտազբաղ հայացքի պատճառը:

- Ցավակցում եմ, - ասաց Գալուստը, - իսկ ինչի՞ց մահացավ:

- Ստամոքսի խոցն էր պայթել: Մահացավ արյունահոսությունից, որովհետև շտապ օգնությունը եկավ բավականին ուշացումով: Մինչև եկան, նա արդեն արյունաքամ էր եղել: Այստեղ այդպես է, երբ իմանում են, որ հիվանդը տարեց մարդ է, ապա այնքան էլ ուշադիր չեն: Ամուսինս հիսունվեց տարեկան էր: Ես նրանից տասնվեց տարով երիտասարդ եմ:

«Տասներկու տարով ինձնից մեծ: Սրիկայություն կլինի սիրահետել նրան քանի դեռ նա վշտի մեջ է», մտածեց Գալուստը:

Կինը թեյ առաջարկեց Գալուստին: Ակնհայտ էր, որ կնոջը սփոփում էր նրա ներկայությունը:

- Մեկ շաբաթից լրանալու է ամուսնուս քառասուն օրը: Քառասունքը պետք է նշվի, ինչպես կարգն է: Հրավիրելու եմ երկու զարմիկներիս: Դուք էլ եք հրավիրված, - ասաց կինը: 

- Դուք շա՞տ էիք սիրում Ձեր ամուսնուն, - զգուշությամբ հարցրեց Գալուստը:

- Ո՛չ, ես ընդհանրապես նրան չէի սիրում, բացի դրանից մենք համատեղ երեխաներ չունենք: Ուղղակի նա լավ մարդ էր, իսկական մտավորական ու ընկեր: Նա նկարիչ էր: Այս բնակարանում ցուցադրված բոլոր նկարները նրա վրձնի գործերն են: Մենք վերջերս էինք Մոսկվայից տեղափոխվել Կիսլովոդսկ, իսկ բնակարանը ծնողներիցս է մնացել:

Գալուստը չէր սխալվել Կիսլովոդսկ գալով: Քաղաքը շատ գեղեցիկ էր՝ մխրճված սաղարթախիտ անտառների մեջ: Ուտելիքը, հատկապես կաթնամթերքը հրաշալի էր: Նա ամբողջ օրը զբոսնում էր անտառում, որտեղ հատուկ համարակալված արահետներ էին սարքած՝ նախատեսված տարբեր տեսակի հիվանդություններով տառապող մարդկանց համար, կախված ճանապարհի դժվարությունից: Գալուստը երբեք այդքան գեղեցիկ, հմայիչ ու մեծ եղևնիներ չէր տեսել իր ողջ կյանքում: Հաճախ էին հանդիպում նաև վայրի խնձորենիներ և տանձենիներ, որոնց պնդուկի մեծության թթու և կոշտ մրգերը մարդ արարածը կարողացել է դարձնել հինգից-վեց անգամ խոշոր, քաղցր, փափուկ ու համեղ: Շատ հուզիչ էր նաև բազմաթիվ փափկամազիկ, մարդամոտ ու ձեռնասուն սկյուռիկների ու գույնզգույն, ծլվլան թռչունների վարքագիծը, որոնք առանց որևէ վախի նշույլի անգամ գալիս, նստում էին մարդկանց գլխներին, ձեռքերին, ուսերին, մի քանի արևածաղիկի սերմի կամ ընկուզեղենի փշրանքների համար: Գալուստն ինքն էլ գրպանում միշտ մի բուռ արևածաղկի սերմ էր պահում՝ նրանց իր ձեռքից կերակրելու հաճույքն ըմբոշխելու համար: Անտառի խորքերում, գեղատեսիլ անկյուններում կային մի քանի գողտրիկ ճաշարաններ, որոնցից ամենաշատը Գալուստին դուր էր գալիս մեկը, որտեղ վրացական ձևով տապակած հավի ճուտիկներ էին մատուցում՝ պատրաստված հսկայական թավաների մեջ և համեմված վրացական հատուկ սոուսներով: Նա բավականին հաճախ այնտեղ էր ճաշում, որտեղ կային նաև վրացական նրբահամ գինիներ:

Երկու օր անց ժամանեցին նաև մյուս սենյակի կենվորները: Գալուստը բանալիով փորձում էր բացել դուռը, երբ ներսից դոււռը բացվեց և նրան ուրախ ժպիտով մի գեղեցիկ ու աշխույժ աղջիկ դիմավորեց: Միջանցքում ոչ ոք չկար բացի նրանցից: Աղջիկը շատ լավն էր և Գալուստը չկարողանալով զսպել իրեն պինդ գրկեց և օդ բարձրացրեց նրան:

- Ի՞նչ ես անում, ամուսինս այնտեղ է, - կամացուկ ասաց նա՝ գոհունակությամբ ժպտալով նրա հախուռն պոռթկումի վրա և հապճեպ շտկելով տեղաշարժված շրջազգեստը:

Գալուստը հասցրեց նրա ականջին հրամայական շշնջալ.

- Գիշերը կգա՛ս մոտս:

Աղջիկը չպատասխանեց, բայց խորհրդավոր կերպով ժպտաց:

Պարզվեց աղջիկն ընդամենը քսանչորս տարեկան էր, իսկ նրա ամուսինը հալից ընկած, հիմանդոտ մի բիձա էր…

Գիշերը Գալուստը խորը քնած էր, երբ զգաց, որ կիսաթաց մազերով մի փափուկ մարմին հպվեց իրեն, կրքոտ ու երկարաշունչ համբույրներ դրոշմելով իր շուրթերին:

- Թանկա՜գինս, հարազա՜տս, - անընդհատ կրկնում էր աղջիկը:

Հաջորդ օրն աղջկա ամուսնուն տեղափոխեցին հիվանդանոց՝ հիպերտոնիկ սուր նոպայի պատճառով: Աղջիկը գնաց նրա հետ՝ խնամելու: Գալուստն այլևս չտեսավ աղջկան, որովհետև նրանք հենց հիվանդանոցից մեկնեցին:

Զինաիդա Պավլովնայի ամուսնու քառասունքին, որը ռուսներն անվանում են նաև Հիշատակման օր, ներկա էին նրա երկու զարմիկները՝ Սաշան ու Վադիմը, որոնք մոտավորապես Գալուստի տարիքին էին: Զինաիդա Պավլովնան լավ պատրաստություն էր տեսել, ինչպես կարգն էր՝ տաք կերակուրներ, սառը խորտիկներ և օղի: Առաջարկվեց խմել հանգուցյալի հոգու հանգստության համար, իսկ վերջում՝ Զինաիդա Պավլովնայի կենացը:

Գիշերը Գալուստի քունը չէր տանում: Նա անընդհատ մտածում էր Զինաիդա Պավլովնայի մասին: «ԻՆչքան գեղեցիկ ու հավասարակշված կին է, հետաքրքիր է ինձ նման արթու՞ն է, թե՞ քնած», մտածում էր նա: Վերջապես, չգտնելով իրեն հուզող հարցերի պատասխանները, նա.

- Համարձակությունը գործի կեսն է, - ասելով մոտեցավ Զինայի ննջասենյակին և ծեծեց դուռը: Ներսից նվաղուն և մի անհամարձակ «այո» լսվեց: Գալուստը հրեց դուռը և ներս մտավ: Ներսում մութ էր, սակայն փողոցային լուսավորության շնորհիվ, պարզորոշ երևում էր Զինան անկողնում պառկած, վարսերը շաղ տված ձյունասպիտակ բարձի վրա: Նա այնքա՜ն գեղեցիկ էր արձակած մազերով, որ Գալուստը հազիվ կարողացավ թաքցնել իր հիացմունքը և չիմանալով ինչից սկսել ասաց.

- Զինա՛, լսե՞լ ես Հայկական Ռադիոյի անեկդոտները:

- Ոչ, - անվստահ ասաց Զինան:

- Ուրեմն, Հայկական Ռադիոյին հարց են տալիս, թե քանի՞ հիմար մարդ է հարկավոր լուսավորության լամպը փոխելու համար: Հայկական Ռադիոն պատասխանում է՝ երեք. մեկը բռնում է լամպը ու կանգնում աթոռի վրա, իսկ մյուս երկուսը պտտում են աթոռը:

Զինան թեթևակի ժպտաց, իսկ Գալուստը նստելով նրա մահճակալի եզրին ոգևորված շարունակեց.

- Իսկ այս մեկը լսե՞լ ես, ուրեմն, Հայկական Ռադիոն հարցնում է, թե ի՞նչ է մտածում աքլորը, երբ վազելով հետապնդում է հավին ցուրտ եղանակին: Հայկական Ռադիոն պատասխանում է, թե աքլորը մտածում է, եթե չբռնեմ ու չհասնեմ ուզածիս, գոնե կտաքանամ:

Զինան, առաջին անգամ իրենց ծանոթությունից ի վեր, սրտանց ծիծաղեց՝ երևան հանելով իր գեղեցիկ ատամնաշարը և կամացուկ, հազիվ լսելի ձայնով ասաց.

- Մոտ արի՛, - և քնքշորեն գրկեց Գալուստին…

- Իսկ չե՞ս հարցնում, թե ինչ էր մտածում հավը, - չարաճիճորեն շշնջաց Գալուստը նրա ականջին:

-Ի՞նչ:

- Միգուցե՞, շատ արագ եմ վազում…

Զինան այս անգամ ավելի ուժգին ծիծաղեց և ասաց.

- Մենք՝ մարդիկ հենց այդպիսին ենք ու ավելի ամուր գրկեց Գալուստին…

Գալուստի արձակուրդը վերջանում էր. մնացել էր ընդամենը մի քանի օր: Նա շրջեց քաղաքի խանութներով՝ հարազատների և ընկերների համար նվերներ գնելու համար: Խանութներից մեկի մոտ մի երկար հերթ էր գոյացել: Հերթը սկսվում էր խանութի ներսից և դուրս էր գալիս մուտքով ու բավականին երկար, ոլոր-մոլոր ձգվում մինչև փողոցի անկյունը: Գալուստը մոտեցավ հերթում կանգնած մարդկանց և հարցրեց.

- Ի՞նչ են վաճառում:

- Չգիտենք, - ասացին նրանք, - ըստ երևույթին լավ բան է, որ այսքան մարդ կանգնած է հերթում:

Գալուստին պատճառաբանությունը տրամաբանական թվաց, և նա էլ կանգնեց հերթի վերջում: Անցավ մոտ կես ժամ, բայց հերթը տեղից գրեթե առաջ չէր շարժվում: Հերթի մեջ կանգնած մարդկանցից մեկը սրտնեղած ասաց.

- Մեղավորը Հայրենական Պատերազմի վետերաններն են: Նրանց հերթն առանձին է, հետևաբար ավելի փոքր, իսկ նրանք էլ, օգտվելով մեր հաշվին իրենց տրված արտոնությունից, մի քանի անգամ են հերթ կանգնում, որպեսզի գնածը վերավաճառեն:

Գալուստը մի կես ժամ էլ հերթ կանգնելուց ձանձրացած, այլևս չդիմանալով, որոշեց գնալ և պարզել, թե ինչ են վաճառում: Մոտենալով վաճառողներին և հենց այն է ուզում էր հարցնել ու վերջապես իմանալ, թե ինչ են վաճառում, մեկ էլ վաճառողուհին զայրացած գոռաց վետարաններից մեկ վրա.

- Ա՜խր, դու տղամարդ ես, կրծքակալը քո ինչի՞ն է պետք, որ արդեն որերորդ անգամ գալիս ես գնելու:


Կալիֆորնիա, Գլենդել

24 օգոստոսի, 2015թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...