Sunday, May 3, 2015

ԱՄՆ-ում տպագրվել է Մարտին Շիրինյանի «Վարպետ Սուրենը» պատմվածքը

Հարգելի ընթերցողներ,

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգում հրատարակվող ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ գրական-մշակույթային հանդեսի (պատվավոր նախագահ՝ Կարո և Մարիա Ճրճրյաններ, հիմնադիր և գլխավոր խմբագիր, ճանաչված բանաստեղծ՝ Սարո Գյոդակյան) 67-րդ համարում 2015թ. ապրիլի վերջին տպագրվել է Մարտին Շիրինյանի «Վարպետ Սուրենը» պատմվածքը (էջ՝ 52), որը նվիրված է Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին:

Ավելի վաղ, այն հրատարակվել է Մարտին Շիրինյանի Գրական Փորձարարական Լաբորատորիայի՝ www.imgrakan.blogspot.com բլոգի մարտի 12, 2014թ. թողարկման մեջ (http://imgrakan.blogspot.com/2015/03/blog-post_12.html)
«Ազնիվ արարք վերնագրով»

Հանդեսի առաջին էջում պատկերված է Ծիծեռնակաբերդի՝ Մեծ Եղեռնին նվիրված կոթող հուշահամալիրը, ինչպես նաև հայ մեծ բանաստեղծ՝ Ավ. Իսահակայանի նշանավոր խոսքերը՝ «Մեծ Եղեռնի մի կաթիլ է ամեն հայ մարդ…» և «ՀԻՇՈՒՄ ԵՄ և ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ» կարգախոսը:


Կալիֆորնիա, Գլենդեյլ
3 մայիսի, 2015թ.

Friday, May 1, 2015

Դաժան վրեժ

Ջասուրը ապրում էր Ֆերգանայի մարզի ուզբեկական մի փոքրիկ գյուղակում: Նա աշխարհում ամենից շատ երկու բան էր սիրում՝ իր հարսնացուին՝ Թուրսանային և երկրաբանություն: 

Թուրսանայն ընդամենը տասնութ տարեկան մի աղջիկ էր՝ զույգ հյուսքերով, միշտ ուզբեկական զարդանախշ թասակը գլխին և ազգային գունազարդ տարազը հագին, որը նրան շատ էր սազում: Նա Ջասուրին տեսնելիս՝ քաղցր-քաղցր ժպտում էր, իսկ այդ ժամանակ նրա զույգ ածուխի պես սև աչքերը կայծկլտում էին՝ սիրո խոստովանություն անելով նրան: Նա իր Թուրսանային պաշտում էր և չէր պատկերացնում կյանքը՝ առանց նրա: Երբ առաջին անգամ Ջասուրը Թուրսանային սեր խոստովանեց, զգաց, թե ինչպես է դողդողում նրա փոքրիկ ու նուրբ ձեռքն իր զույգ ափերի մեջ, կարծես՝ փոքրիկ թռչնակ լիներ, միայն մի տարբերությամբ, որ չէր ուզում՝ թռչել-փախչել:

Ջասուրն անչափ հրապուրված էր նաև երկրաբանությամբ՝ դեռ մանկուց: Քանի որ Ֆերգանայի պետական համալսարանը և Պոլիտեխնիկական ինստիտուտը չունեին երկրաբանության ֆակուլտետներ, նա մեկնեց Տաշքենդ՝ սովորելու Միրզո Ուլուգբեկի անվան ազգային համալսարանում, որտեղ կային երկրաբանության, պետրոգրաֆիայի* և օգտակար հանածոների, ֆիզիկական երկրաբանական մեթոդների ուսումնասիրության, ժամանակակից երկրադինամիկայի և երկրաբանական տեղեկատվության ամբիոններ: Համալասարանում կար նաև բավականին հարուստ, երկրաբանական նմուշների թանգարան, որտեղ Ջասուրը հաճախ էր անցկացնում իր ազատ ժամանակը:

Նա, ուսանողական տարիներից սկսած, արձակուրդներին մեկնում էր երկրաբանական արշավախմբերի հետ օգտակար հանածոներ փնտրելու: Ջասուրն իր ուսապարկում, ի լրումն այլ անձնական և կենցաղային իրերի, երկրաբանական մուրճիկ, խոշորացույց, էլեկտրական լապտերիկ և մի փոքրիկ տրանզիստորային ռադիոընդունիչ էր կրում: 

Նա, համալսարանն ավարտելուց հետո, ամուսնացավ հմայիչ Թուրսանայի հետ և աշխատանքի անցավ Ուզբեկստանի երկրաբանական վարչությունում: Շուտով ծնվեց նրանց առաջնեկը՝ մոր նման գեղեցիկ Գուլշոդան:

Ջասուրը, վարչության կողմից կազմակերպված, բոլոր երկրաբանական արշավախմբերի մշտական մասնակիցն էր: Շատ երկրաբաններ դժկամությամբ էին համաձայնվում՝ լինել արշավախմբում, որովհետև քաջ գիտակցում էին, թե ինչքան զրկանքների և վտանգների հետ է կապված այդ աշխատանքը: Հենց միայն մի քանի շաբաթ բնության գրկում անցկացնելը, աշխատելը, գիշերելը և սնվելը՝ արդեն մեծ արկածախնդրություն էր, չհաշված՝ տուն ու տեղից, ընտանիքից կտրվելը: Սակայն, Ջասուը սիրում էր աշխատել արշավախմբերի հետ, բացի դրանից, նա սովոր էր այդ աշխատանքին՝ դեռ ուսանողական տարիներից: 

Վարչությունը, այս անգամ, նրան գործուղեց Արևմտյան Ղազախստան՝ Կասպից Ծովին հարակից շրջաններում, ավելի վաղ հայտնաբերված՝ քրոմի, կոբալտի, նիկելի և պղնձի հանքատեղերում ուսումնասիրություններ կատարելու: Արշավախումբը բաղկացած էր տասնհինգ անդամներից. մասնակիցները Ղազախստանից, Ուզբեկստանից, Թուրքմենիայից Կիրգիզիայից, Տաջիկստանից  և Ռուսաստանից էին: Իր հերթին արշավախումբը բաժանված էր հինգ ենթախմբերի՝ երեք մասնակիցներ յուրաքանչյուրում: Ջասուրը №4 երկրաբանական ուսումնասիրությունների ենթախմբում էր:

Նա պետք է աշխատեր արշավախմբի կազմում երեսուն օր: Մեկնելիս՝ նրա բաժանումը շատ հոզիչ էր, հատկապես՝ փոքրիկ, երեք տարեկան դստեր՝ Գուլշոդայի հետ, ով ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե հայրն ու՞ր է գնում: Թուրսանայի համար էլ էր դժվար, բայց նա արդեն վարժվել էր ամուսնու հաճախակի գործուղումներին: Ջասուրը մեկնելիս, ուսապարկն ու քնապարկը մեջքին, ամուր գրկեց և համբուրեց իր չքնաղ կնոջն ու թանկագին դստերը և խոստացավ երեք օրը մեկը փոստային բացիկներով տեղեկություններ հաղորդել: 

Նա Տաշքենդից ինքնաթիռով թռավ ղազախական Ակտոբե քաղաքը, որը Արևմտյան Ղազախստանի Ակտոբե մարզի մայրաքաղաքն է: Մարզի ընդարձակ տափաստաններում ցորենի, վարսակի և գարու անծայրածիր դաշտեր են, իսկ կիսաանապատային լայնարձակ տարածքներում արածում են մեծաքանակ ոչխարների հոտեր, ինչպես նաև ձիերի և ուղտերի երամակներ: Հատկապես՝ գեղեցիկ են ձիերը: Հենց այստեղ են բուծում հանրահայտ մուգոջարյան ցեղական ձիերը, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում: Հաջորդ օրն արդեն, Մուգոջարյան Բլուրներ կոչվող տեղանքում, Ջասուրն անցավ աշխատանքի:

Նա, №4 ենթախմբի հետ, առավոտից մինչև երեկո նմուշներ էր վերցնում և, նախնական ֆիզիկոքիմիական ուսումնասիրությունների շնորհիվ, պարզում նրանց բաղադրությունը: Սովորաբար երկրաբաններն առաջին հերթին երկրաբանական մուրճիկով փշրում են վերցված նմուշը և խոշորացույցով ուշադիր զննում մանրացված փոշին: Պարզ քիմիական ռեակացիաները նույնպես օգնում են հայտնաբերելու փնտրվող մետաղները՝ քրոմը, պղինձը, նիկելը և կոբալտը, բավականին լավ հայտնի, նրանց ֆիզիկոքիմիական հատկությունների շնորհիվ: Ջասուրը տեղյակ էր, որ քրոմը բնության մեջ հանդես է գալիս քրոմիտի, այսինքն՝ երկաթի քրոմօքսիդի ձևով, որը հաճախ իր մեջ պարունակում է նաև ալյումինիում, մագնեզիում և երկաթ: Երկաթի պարունակության շնորհիվ այն թեթևակի մագնիսական ձգողականությամբ  է օժտված և այդ պատճառով Ջասուրը քրոմիտի հանքաքարի փշուրները ստուգում էր նաև ուժեղ, հաստատուն մագնիսի օգնությամբ: Նրան հայտնի էր նաև քրոմիտի հանքաքարի գույնը՝ դարչնագույն, բաց դարչնասև և կանաչասև երանգներով:  Ջասուրը գիտեր նաև, որ կոբալտը բնության մեջ հանդիպում է միացությունների տեսքով՝ շատ հաճախ պղնձի, նիկելի հետ միասին և հիմնականում ստացվում է պղնձի ու նիկելի հանքաքարի մշակումից, որի մեջ նրա պարունակությունն անհամեմատ ցածր է: Ինչ վերաբերվում է պղնձին, ապա այն հեշտ է հայտնաբերել՝ հենց իրեն բնորոշ պղնձագույնի, ինչպես նաև նիկելը՝ իր թեթևակի ոսկեգույն երանգի և ֆերոմագնիսական հատկության շնորհիվ:

Ջասուրը, ինչպես խոստացել էր Թուրսանային, կանոնավոր կերպով՝ երեք օրը մեկ բացիկներ էր ուղարկում, արտահայտելով՝ նախ իր անսահման սերը՝ սիրասուն կնոջ և թանկագին դստեր Գուլշոդայի հանդեպ, այնուհետև տեղեկություններ էր հաղորդում իր աշխատանքի և առօրյայի մասին:

Նրա ժամանելուց յոթ օր անց, երեկոյան Ջասուրը, տարված լինելով աշխատանքով, մոլորվեց և կորցրեց իր ընկերներին: Նրա ընկերները երկար փնտրեցին նրան, բայց չգտնելով՝ որոշեցին շարունակել որոնումներն առավոտյան, քանի որ արդեն մթնել էր: Ջասուրն էլ, իր հերթին, նրանց էր փնտրում, սակայն ճարահատյալ գիշերեց միայնակ: Նա կիսաքուն անցկացրեց գիշերը՝ ատրճանակը ձեռքին՝ գայլերից պաշտպանվելու համար: Իմիջայլոց, արշավախմբի բոլոր անդամներն էլ Երկրաբանական վարչության կողմից ապահովված էին խորհրդային արտադրության «Մակարով» տեսակի ատրճանակներով: 

Առավոտյան Ջասուրը որոշեց իջնել տափաստան, որտեղ արածում էին ոչխարների հոտերը, ինչպես նաև ձիերի և ուղտերի երամակները: Ճանապարհին, նեղ կածաններից մեկում, դեպի նա՝ ուժգին հաչելով, մի մեծ շուն վազեվազ ընդհառաջ եկավ: Դա մի հսկայական շուն էր՝ «Թոբեթ» կոչվող ղազախական, գայլախեղդ ցեղատեսակի, որին բնորոշ է մոտ իննսուն կիլոգրամ քաշը և ութսուն սանտիմետր հասակը: Շան հարձակումն անխուսափելի էր, իսկ հետևանքը կարող էր լինել ճակատագրական՝ նույնիսկ մահացու: Ջասուրը ստիպված դուրս քաշեց ատրճանակը և կրակեց շան վրա: Շունն ընկավ և այլևս չկարողացավ վեր կենալ: Մի քանի րոպե անց երևաց ղազախ հովիվը՝ շան տերը՝ ցածրահասակ, նիհարիկ մի մարդ: Ջասուրը քաջ գիտակցելով, թե ինչքան մեծ նշանակություն ունի շունը հովվի կյանքում, նրանից ներողություն խնդրեց՝ իր ինքնապաշտպանական արարքի համար և առաջարկեց դրամական հատուցում: Մարդն ասաց, որ նա մեղավոր չէ, և ինքն էլ, եթե հայտնվեր նման իրադրության մեջ, նույն կերպ կվարվեր: Հետո, նա սիրալիր առաջարկեց Ջասուրին հետևել իրեն՝ դեպի իր կացարանը՝ թեյ խմելու և նախաճաշելու, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց՝ օգնելու նրան՝ գտնելու կորած ընկերներին: Այս տհաճ միջադեպից հետո, անհարմար կլիներ մերժել բարյացկամ հովվին, այդ պատճառով էլ նա համաձայնվեց: Որոշ ժամանակ անց, նրանք հասան մի փոքրիկ քարայրի՝ մոտքի մոտ: Մարդն առաջարկեց Ջասուրին ներս գնալ և հարմար պահ գտնելով, ձեռքի հաստ ձեռնափայտով, մի ուժգին հարված հասցրեց նրա գլխին: Ջասուրը, կորցնելով գիտակցությունը, տապալվեց գետնին…

Նա ուշքի եկավ գիշերը միայն՝ գլխի սոսկալի ցավերով: Ամենայն հավանականությամբ, նա գլխուղեղի ցնցում էր ստացել. առկա էին բոլոր ախտանշաները՝ սրտխառնոց, գլխապտույտ, հաճախակի գիտակցության կորուստներ, շնչառության խանգարումներ և սրտի աշխատանքի վատթարացում: Ջասուրը շղթայակապ և անօգնական պառկած էր քարայրի սառը հատակին: Քիչ այն կողմ, քարայրի մուտքի բացվածքից երևում էր լուսնի մահիկը… Նրան թվաց, որ վերջին անգամ է տեսնում լուսինը և աստղազարդ երկինքը: Մի պահ հիշեց իր չքնաղ Թուրսանային ու Գուլշոդային և կրկին ուշաթափվեց:

Առավոտյան երևաց նենգ հովիվը՝ Ալիխանը՝ իր հետ բերելով նաև շանը: Պարզվեց՝ շունը դեռ կենդանի էր: Ալիխանը վիրահատել էր նրան, ախտահանել, կարել վերքը և վիրակապել: Տափաստանային հովիվները հաճախ են բուժօգնություն ցույց տալիս կենդանիներին, երբ անհնար է անասնաբույժին դիմելը:  

- Փա՜ռք տու՛ր Ալլահին, որ շունս կենդանի է մնացել, - չարությամբ ֆշշացրեց նա, - հակառակ դեպքում դու էլ չէիր ապրի: Այսուհետև, մի շուն էլ դու ե՛ս, խնամի՛ր և աչքիդ լույսի պես պահպանի՛ր նրա կյանքը, եթե ուզում ես ապրել: Կսնվե՛ս շանս ամանից, եթե նա քեզ թույլ տա, - քմծիծաղ տվեց նա ու հեռացավ:

Վիրավոր շունը հազիվ էր շնչում: Նա խեղճ-խեղճ նայում էր Ջասուրին: Ակնհայտորեն, նա Ջասուրի խնամքի կարիքն ուներ: Շունն անընդհատ, սպասողական հայացքով, առանց չարության, նայում էր նրան: Ջասուրը սողալով մոտեցավ կենդանուն, զգուշությամբ շոյեց նրա գլուխը և զգաց, որ կենդանին ջերմություն ունի: Շոյելը շանը դա դուր եկավ. նրա տերը նրան երբեք չէր սիրել, միայն հրամայել էր կամ ծեծել՝ երբ չէր ենթարկվել: Ընդհանրապես մուսուլմանները շներին պիղծ՝ «հարամ» կենդանիներ են համարում և հազվադեպ են սիրում, փայփայում կամ ընկերանում նրանց հետ: Նրանք շներին հանդուրժում են, որովհետև առանց նրանց հնարավոր չէ ոչխարի հոտը կամ խոշոր եղջուրավոր անասունների նախիրը, ձիերի ու ուղտերի երամակները պաշտպանել գայլերից: Նա ջրամանը մոտեցրեց շանը, որպեսզի վիրավոր և հիվանդ կենդանին կարողանա ջուր խմել: Ծարաված կենդանին դժվարությամբ դուրս հանեց լեզուն և մի քանի անգամ փորձեց ջուր խմել, բայց չկարողացավ՝ ուժ չուներ: Ջասուրն ափով ջուր վերցրեց ամանից և մի կերպ խմեցրեց կենդանուն: Շունը խմեց և երախտապարտ հայացքով նայեց նրան:

Գիշերը Ջասուրը փաթաթվեց կենդանուն և քնեց: Առավոտյան Ալիխանն ուտելիք և ջուր բերելիս, տեսնելով նրանց, ասաց.

- Այդպես ավելի լավ է: Ախպերացե՛ք, չէ՞ որ հիմա երկուսդ էլ շուն ե՛ք, բայց լավ իմացե՛ք, եթե չենթարկվեք ինձ, ապա ո՛չ ուտելիք կստանաք, ո՛չ էլ ջուր, փոխարենը՝ մի լավ ծեծ կուտե՛ք, Ալլահը վկա և իմ ձեռնափայտը, - ասաց նա և քմծիծաղ տալով հեռացավ:

Քարանձավում մնալու հինգերորդ օրը շունը մի փոքր կազդուրվեց և սկսեց ինքնուրույն ջուր խմել: Ջասուրը սկսեց նաև կերակրել նրան: Արդեն հույս կար, որ շունը կամաց-կամաց կկազդուրվի: Ջասուրն էլ էր մի փոքր լավ զգում: Նրա գլխացավերը մեղմացել էին, ավելի կանոնավոր էր աշխատում սիրտը, նորմալացել էր շնչառությունը: Նա շան կերից չէր ուտում, բայց ստիպված ջուր էր խմում նրա ջրամանից:

Թուրսանայն արդեն վեց օր բացիկ չէր ստացել ամուսնուց, այդ պատճառով շատ անհանգիստ էր: Նա հաճախակի երազում տեսնում էր Ջասուրին, ով նրանից աղերսագին օգնություն էր խնդրում…

Երկրաբանական վարչությունում նույնպես անհանգիստ էին՝ ամբողջ շրջանի միլիցիան ոտքի էր հանվել՝ կորած երկրաբանին փնտրելու համար: Նրանք հարցուփորձ էին անում մոտակա գյուղերի և ավանների բնակիչներին, տափաստանային հովիվներին, սակայն ոչ մի արդյունք: Այնուհետև, որոշվեց կորած երկրաբանին, մեռած կամ կենդանի, փնտրել Մուգոջարյան Բլուրներում, որտեղ մինչև անհետանալն աշխատել էր նա:

Անցավ տասնութ օր: Շունը գրեթե լրիվ կազդուվել էր և հաճույքով լիզում էր Ջասուրի ձեռքերն ու երեսը՝ այդպես իր երախտագիտությունը հայտնելով նրան: Ջասուրն էլ, իր հերթին, շատ էր կապվել շանը: Շունը կարողացավ մոռանալ վիրավորանքը ու ներել Ջասուրին, բայց ո՛չ նրա տերը: Նա առաջվա պես ամբողջովին չարությամբ էր լցված երկրաբանի նկատմամբ և պատրաստ էր նույնիսկ սպանել նրան: Լսելով, որ միլիցիան փնտրում է Ջասուրին, Ալիխանը շտապ գնաց քարանձավ և փորձեց իր ձեռնափայտով՝ ծեծելով սպանել վերջինիս, որը նիհարած, հյուծված և շղթայակապ գտնվում էր Մուգոջարյան Բլուրների հեռավոր մի քարանձավում: Նա ուժ չուներ նույնիսկ պաշտպանվելու համար, բայց լավ պաշտպան ուներ՝ հանձինս շանը: Երբ Ալիխանը, այդ արնախում գազանը, փորձեց իր ձեքին գտնվող հուժկու ձեռնափայտով ջարդուփշուր անել Ջասուրի գլուխը, շունը մի ոստյունով թռավ և պինդ բռնեց նրա ձեռքը, չթողնելով վնաս պատճառել իր սիրելի ընկերոջը: Ալիխանը ցավից ուժեղ ոռնաց: Նրա ձայնը, քարաձավի պատերից անդրադառնալով ուժգնացավ և, լսելի դարձավ միլիցիոներներին: Նրանք՝ նախ օդում կրակեցին մի քանի անգամ, ապա շտապեցին օգնության՝ շարժվելով ձայնի ուղղությամբ:

Ջասուրին տեղափոխեցին հիվանդանոց: Միլիցիոներները ոչ մի կերպ չկարողացան բաժանել հավատարիմ շանը նրանից: Ակնհայտ էր, որ այսուհետ նրանք անբաժան են լինելու…

Երկու շաբաթ անց Տաշքենդի օդանավակայանում Ջասուրին և նրա հավատարիմ պաշտպանին ու ընկերոջն անհամբեր սպասում էին նրա չքնաղ Թուրսանայը և թանկագին դուստրը՝ Գուլշոդայը:

Մեկ տարի անց Ջասուրը մասնակցեց մեկ ուրիշ արշավախմբի աշխատանքներին, նույն՝ Ակտոբեի մարզում, և նրանց հաջողվեց հայտնաբերել, թերևս աշխարհի ամենամեծ քրոմիտի հանքավայրը Քրոմտաույում և նիկելի մի խոշոր հանքավայր էլ Բաթամշինսկում:

 *պետրոգրաֆիա՝ տեխնիկայի բնագավառ, որ զբաղվում է ապառների դասակարգմամբ և մանրադիտակային ուսումնասիրությամբ

Կալիֆորնիա, Գլենդեյլ

1 մայիսի, 2015թ.

Friday, April 24, 2015

«Առավոտ» օրաթերթի «Գրական Առավոտ» բաժնում լույս է տեսել Մարտին Շիրինյանի «Հրաշք» պատվածքը

Հայաստանում լույս տեսնող «Առավոտ» օրաթերթի «Գրական Առավոտ»  բաժնում (գլխավոր էջի «Այլ» վերնագրի տակ, ամենաներքևում)  լույս է տեսել Մարտին Շիրինյանի «Հրաշք» պատվածքն ընդհառաջ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին՝ http://www.aravot.am/2015/04/23/564098/

Ավելի վաղ, այն հրատարակվել է Մարտին Շիրինյանի Գրական Փորձարարական Լաբորատորիայի բլոգում՝ http://imgrakan.blogspot.com/2014/12/blog-post.html


Կալիֆորնիա, Գլենդել
24 ապրիլի, 2015թ.

Sunday, April 19, 2015

«Սրտացավ» հայրը

Տարիներ առաջ ես աշխատում էի մի մեծ հիմնարկության գրասենյակներից մեկում: Շատ ծանրաբեռնված էի աշխատանքով: Ամբողջ օրը` կամ ոտքի վրա էի` կամ գրասեղանի առջև. ընդունում էի այցելուներին՝ անհատական մոտեցում ցույց տալով, փորձում էի լուծումներ տալ նրանցից յուրաքանչյուրի խնդիրներին: Օրվա ընթացքում այնքան էի զբաղված ու ծանրաբեռնված, որ երբեմն ընդմիջմանն անգամ նախաճաշելու համար ժամանակ չէր մնում: Աշխատանքից հետո գալով տուն, ես ցնցուղ էի ընդունում, զգեստափոխվում, հագնում իմ հարմարավետ հողաթափերը՝ հանգստացնելով հոգնած ոտքերս: Այնուհետև, ճաշում էի, մի  քիչ պառկում բազմոցին ու հեռուստացույց դիտում, իսկ կինս սուրճ էր մատուցում, որպեսզի միասին ճաշակեինք և քննարկեինք անցնող օրվա իրադարձությունները: Մենք միասին սուրճ էինք խմում նաև առավոտյան՝ մինչև նախաճաշելը, պլաններ կազմելով նոր բացված օրվա համար:  

Այդ օրը, սովորականից ավելի շատ ծանրաբեռնված լինելով, ժամանակ չէի ունեցել ընդմիջման ժամանակ մի բան ուտելու: Հոգնած ու քաղցած, վերջապես, եկա տուն: Պատրաստվում էի զգեստափոխվել ու ցնցուղ ընդունել սովորականի պես, երբ հնչեց հեռախոսի զանգը. հարևանս էր՝ պատկառելի տարիքի մի մարդ, վաստակավոր ուսուցիչ և երկու երիտասարդ տարիքի որդիների հայր:   Նա ասաց.

- Հարևան ջան, ի՜նչ լավ է, որ արդեն աշխատանքից եկել ես: Ես քո օգնության կարիքն ունեմ: Բնակարանիս վերանորոգման համար ցեմենտ եմ պատվիրել, բայց հակառակի պես որդիներս տանը չեն, որ օգնեն վերև բարձրացնենք: Ես չեմ կարող` տարիքիս և հատկապես` ճողվածք ունենալու պատճառով, կօգնե՞ս:

Ես` չնայած շատ հոգնած էի ու քաղցած, բայց համաձայնվեցի, քանի որ հարևանիս՝ պարոն Գասպարին շատ էի հարգում: Ասացի.

- Իհարկե՛, կօգնեմ, - և անմիջապես հագնելով հնամաշ հագուստներ՝ իջա բակ, որտեղ ցեմենտի պարկերով բեռնված ավտոմեքենան արդեն կանգնած էր:

Ես՝ նախ ավտոմեքենայի թափքից իջեցրի՝ թվով տասը ցեմենտով լեցուն, ծանր պարկերը և շարեցի պատի տակ՝ հնարավորություն տալով վարորդին մեկնելու: Ցեմենտով լեցուն պարկերը շատ ծանր էին, նրանցից յուրաքնչյուրը կշռում էր մոտ հիսուն կիլոգրամ: Ես պետք է մեկիկ-մեկիկ ամեն մի պարկը շալակած բարձրացնեի դեպի չորրորդ հարկ և շարեի պարոն Գասպարենց բնակարանի մուտքի դռան մոտ: Հեշտ գործ չէր, մանավանդ, ինչպես ասացի, օրվա վերջում հոգնած և քաղցած էի: Ես յուրաքանչյուր հարկում մի փոքր հանգստանում էի ու հետո շարունակում ճանապարհս: Այդպես շարունակելով իմ դժվարին աշխատանքը, ես արդեն չորրորդ հարկ էի բարձրացրել ցեմենտով լեցուն վեց պարկեր, որտեղ հարևանս՝ պարոն Գսպարը ինձ էր սպասում՝ ծխախոտը ձեռքին, երբ հանկարծ նրանց բնակարանի դուռը բացվեց, և այնտեղից դուրս եկավ նրա որդիներից մեկը: Երևում էր, որ նա տեղյակ չէր, թե մենք ինչով էինք զբաղված և զարմացած հանդիմանեց հորն՝ ասելով.

- Ա՛յ հեր, բա ինչի՞ չէիր ասում, որ ցեմենտն արդեն բերե՞լ ես:

- Ա՛յ տղա, - ասաց հայրը, - ինչու՞ ես քիթդ խոթում քեզ չվերաբերվող գործերի մեջ: Չես տեսնու՞մ, որ զբաղված ենք: Տեղ էիր գնում, չէ՞: Գնա՛ ու մեզ մի՛ խանգարիր, - զայրացած հրամայեց նա:

Գասպարի որդին՝ մաքուր, կոկիկ հագնված՝ ենթարկվելով հոր հրամանին, իջավ ներքև. երևի աղջկա հետ ժամադրված էր: 

Ես ոչինչ չասացի՝ քաղաքավարությանը զոհ գնալով և զայրույթից ատամներս կրճտացնելով իջա բակ՝ մնացած չորս պարկերը բարձրացնելու:

Վերջապես, ավարտելով՝ վերադարձա տուն. ցնցուղի տակ մի լավ մաքրվեցի, հագա իմ տնային, թեթև հագուստը և ճաշեցի: Երբ պառկեցի բազմոցին և կինս մատուցեց սուրճը, ես ամեն ինչ պատմեցի նրան: Նա շատ վրդովվեց ու ասաց.

- Տեսնու՞մ ես, ի՜նչ «սրտացավ» հայր է այդ պարոն Գասպարը: Նա հոգ է տանում, որ իր պարապ-սարապ որդին չտանջվի և վայելի իր երիտասարդ տարիները, իսկ քեզ՝ քաղցած ու հոգնած՝ անխղճորեն ժամանակ անգամ չի տալիս, որ գոնե ճաշես ու հանգստանաս աշխատանքից հետո…

Կալիֆորնիա, Գլենդեյլ
14 ապրիլի, 2014թ.

Saturday, April 18, 2015

Դու մաճառ սիրու՞մ ես…

Մի անգամ իմ ուսանողական ընկերը ժպտալով հարցրեց.

- Դու մաճառ սիրու՞մ ես:

Ես անակնկալի եկա. որովհետև չգիտեի, թե ինչ է մաճառը:

Ընկերս շատ զարմացավ, որ չգիտեմ, թե ինչ է մաճառը և խոստացավ անպայման ինձ աշնանը հրավիրել իրենց գյուղը մաճառ խմելու: Ես հետո իմացա, որ մաճառը կիսաքաղցր, թթվաշ համով խաղողի հյութից պատրաստված խմիչք է, որը դեռևս գինի չի դարձել, այլ գտնվում է խմորման ընթացքի մեջ:

Չնայած Մասիսի շրջանի Հրազդան և Արաքս գետերի միջագետքում գտնվող Շոռլու բարեբեր գյուղը շատ մոտ էր Երևանին, ընկերս ուսանողական տարիներին ապրում էր քրոջ տանը, որը գտնվում էր մեր տան հարևանությամբ: Դեռ խորհրդային տարիներից գյուղը վերանվանվել է և ունի ավելի հնչեղ ու գեղեցիկ անուն՝ Հովտաշատ:

Մենք հաճախ միասին գնում էինք դասի և միասին էլ վերադառնում: Երբեմն էլ գնում էինք զբոսանքների: Ընկերս ցածրահասակ, ժպտերես ու ընկերասեր մի տղա էր: Նա հաճախ էր ժպտում, հատկապես դատողություններ անելիս: Ժպիտը նրա դատողություններին կարևորություն ու առանձնակի արժեք էր հաղորդում: Նրա ժպիտը մի տեսակ ներողություն հայցող էր. կարծես ուզում էր ասել. «Չեք նեղանում, չէ՞»: Ինձ թվում է՝ քաղաքում ապրած մարդիկ այդպես մեղմիկ, ներողամտորեն չեն ժպտում: Նա լավ էր սովորում և ֆիզիկայի ու մաթեմատիկայի թեքումով հատուկ դպրոց էր ավարտել Երևանում: Ընկերս առանձնակի հմայում էր զրուցակիցներին՝ միշտ իր տարիքին ոչ բնորոշ «մեծավարի» խոսելով… Ընկերս սիրում էր հաճախ կիսակատակ կրկնել, որ նա լավ է սովորում, որ հետագայում իր ապագա երեխաները հանկարծ չամաչեն իրենից, բայց ավա՜ղ, չհասցրեց երեխաներ ունենալ, քանի որ երկար չապրեց, չնայած հասցրեց ամուսնանալ… Նա հանկարծամահ եղավ քառասուներկու տարեկան հասակում, իրենց տանը, բազմոցին նստած, խորհրդավոր ժպիտը երեսին:

Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնից* և Խաղողօրհնեքի արարողությունից հետո, մոտավորապես երկու ամիս անց, հոկտեմբեր ամսվա կեսերին, ընկերս՝ Հրաչը, հրավիրեց ինձ իրենց տուն մաճառ խմելու: Գյուղերում խաղողի բերքը հիմնականում հավաքում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին և հենց այդ ժամանակ էլ սկսում են խաղողից գինի քաշել:

Ես և ընկերս սկզբում գնացինք ավտոկայան, իսկ այնտեղից էլ նստեցինք Հովտաշատ մեկնող ավտոբուսը: Հրաչն ամբողջ ճանապարհին ինձ պատմում էր, թե ինչպես են գինի քաշում, երբ է այն դեռևս մաճառի վիճակում, և երբ գինու: Ըստ նրա պատմածի, նրանք խաղողը հավաքելուց հետո ջրով լավ լվանում են, ապա փռում են, որպեսզի մի լավ չորանա, քանի որ ջրի առկայությունը պատրաստվող գինու մեջ ցանկալի չէ և կարող է թթվեցնել այն: Այնուհետև խաղողի ուղկույզները ճզմում են, իսկ հյութը լցնում քսան լիտրանոց ապակյա թափանցիկ տարաների մեջ, որպեսզի գինու խմորման ամբողջ ընթացքը տեսանելի լինի: Մի քանի օր հետո տարաների հատակին մի լայն շերտով նստվացք է առաջանում, որին նրանք անվանում են փլուշ, իսկ ավելի վերև երևում է պարզ և հստակ մի հեղուկ:  Երրորդ կամ չորրորդ օրը, կախված օդի ջերմաստիճանից, սկսվում է խմորումը և տևում է մոտավորապես մեկ շաբաթ: Բնականաբար, ջերմաստիճանն ինչքան բարձր է, այնքան արագ է տեղի ունենում խմորումը: Խմորումը սկսվելուց հետո խաղողի հյութը սկսում է պղտորվել և աչքով տեսանելի է, թե ինչպես են բազմաթիվ օդով լցված պղպջակներ արագ-արագ վեր բարձրանում հատակից: Ահա այդ ժամանակ է, որ խաղողի հյութը դառնում մաճառ:  Այն շատ համեղ, քաղցր և մի քիչ էլ թթվաշ խմիչք է: Ընկերս ասաց նաև, որ փլուշն էլ օգտագործում են տնական օղի պատրաստելու համար: Պետք է ասեմ, որ ինձ համար շատ հետաքրքիր էր մաճառի և գինու պատրաստման այս պարզ եղանակի մասին լսելը: Փաստորեն կարելի է նույնիսկ խոհանոցային պայմաններում խաղողից մաճառ և գինի պատրաստել: Հետագայում ես բազմաթիվ անգամներ այդպես էլ վարվել եմ և ստացել եմ շատ համեղ մաճառ և գինի:

Մոտ քառասուն րոպե հետո մեր ավտոբուսը հասավ Հովտաշատ: Հովտաշատը սովորական մի գյուղ է իր միջնակարգ դպրոցով, ակումբով և գրադարանով, միայն մի տարբերությամբ, որ բավականին բերքառատ է, քանի որ գտնվում է Արարատյան դաշտավայում, Հրազդան գետի աջ և Արաքս գետի ձախ հատվածների միջև: Այստեղ հիմնականում աճեցնում են հացահատիկ, խաղող, մրգեր և բանջարեղեն: 

Ընկերոջս տանը մեզ դիմավորեց նրա մայրը՝ քչախոս և բարի մի կին: Նա սեղան էր պատրաստել մեր երկուսի համար: Սեղանին կային տապակած կոտլետներ, կարտոֆիլ, սալաթներ և իհարկե, մի մեծ կուժ լիքը մաճառ: Նախքան մաճառ ճաշակելը Հրաչը չմոռացավ ինձ զգուշացնել, որ մաճառից երբեմն ավելի շուտ են հարբում, քան գինուց և պետք է չափազանց զգույշ լինել, քանի որ դժվար է հավատալ, որ այդքան հաճելի և թեթև խմիչքից կարել է գինովնալ: Նա ինձ պատմեց նաև, որ շատ գյուղերում մաճառի տոներ են կազմակերպում, սեղաններ գցելով հենց գյուղի կենտրոնում՝ զարդարված հայկական ավանդական ճաշատեսակներով, բանջարեղենով, մրգերով, հայկական գաթայով և իհարկե, մաճառով: 

Ես մաճառը շատ հավանեցի. կյանքումս այդքան համեղ բան դեռ չէի խմել: Մենք ջրի խոշոր բաժակներով էինք խմում, այնպես, որ կուժը շատ շուտով դատարկվեց: Ընկերոջս մայրը նորից մի կուժ լիքը մաճառ բերեց: Մի քանի բաժակ էլ խմելուց հետո ընկերս ասաց.

- Կարո՞ղ է վատ ես զգում, գնա՞նք մաքուր օդ շնչելու:

Ես ինձ լավ էի զգում, բոլորովին գինովցած չէի, այդ պատճառով զարմացած հարցրեցի.

- Ինչի՞ց ես ենթադրում, որ ես վատ եմ զգում:

- Գույնդ գցել ես, - ասաց նա:

Մենք տնից դուրս եկանք ու սկսեցինք քայլել գյուղի անբարեկարգ ու անշուք փողոցներով: Հրաչը չէր խոսում: Քիչ անց հասանք դպրոց և նա անմիջապես գրկեց դպրոցի առջևի փայտյա սյուներից մեկը և սկսեց հուզված, լեզուն փաթ ընկնելով պատմել, թե ինչքան է սիրում իրենց դպրոցը: Ակնհայտորեն ընկերս հարբած էր: Ինձ այդքան զգուշացնելուց հետո ինքը հարբեց: Ես նրան մի կերպ տարա տուն: Նա պառկեց բազմոցին ու խորը քուն մտավ:

Ես ստիպված միայնակ վերադարձա քաղաք: Հրաչի շնորհիվ ես մաճառ ու գինի պատրաստել սովորեցի: Տարիներ են անցել, բայց ես ամեն անգամ մաճառ խմելիս հիշում եմ իմ սիրելի, վաղամեռիկ ընկերոջը…


*Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման (հարություն առնելը և երկրային կյանքից վերափոխվելը երկնայինի) տոնը հայ եկեղեցական տաղավար տոներից մեկն է և տոնվում է օգոստոսի կեսերին մոտիկ առաջիկա կիրակի օրը: Այդ օրը պատարագից հետո կատարվում է նաև խաղողօրհնեքը, որի ընթացում կարդացվում է Ներսես Շնորհալու աղոթքը:


Կալիֆորնիա, Գլենդել
11 ապրիլի, 2015թ.

Friday, April 17, 2015

«Առավոտ» օրաթերթի «Գրական Առավոտ» բաժնում լույս է տեսել Մարտին Շիրինյանի «Կոբրա» պատմվածքը

Հայաստանում լույս տեսնող «Առավոտ» օրաթերթի «Գրական Առավոտ»  բաժնում լույս է տեսել Մարտին Շիրինյանի «Կոբրա» պատմվածքը՝ http://www.aravot.am/2015/04/17/562049/

Ավելի վաղ, այն հրատարակվել է Մարտին Շիրինյանի Գրական Փորձարարական Լաբորատորիայի բլոգում՝ http://imgrakan.blogspot.com/2014/11/blog-post_16.html


Կալիֆորնիա, Գլենդել
17 ապրիլի, 2015թ.

Thursday, April 16, 2015

Անսիրտ մայրը

Մայր լինելը միայն գերագույն երջանկություն չէ, այլ նաև անսահման պատասխանատվություն, ինքնազոհողություն և անմնացորդ նվիրվածություն: Մանուկ հասակից մենք բոլորս ամբողջովին կախված ենք մեր մայրերից` առանց նրանց հնարավոր չէ գոյատևել, հասակ առնել, դաստիարակվել ու պիտանի մարդ դառնալ հասարակության համար: Իզուր չէ, որ բազմաթիվ բանաստեղծություններ են ձոնվել ու նվիրվել մեր պատվարժան ու սիրասուն մայրերին.

Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս, 
Մեր օրորոցն է մայրս, 
Մեր տան ամրոցն է մայրս…*

Բայց կան նաև անխիղճ ու անսիրտ մայրեր, որոնք անտարբեր են իրենց իսկ ծնած երեխաների նկատմամբ և միաժամանակ չափազանց զգայուն՝ սեփական ու աննշան անձի նկատմամբ… Նրանք պատրաստ են ոչ թե զոհաբերվել հանուն իրենց երեխայի, այլ ընդհակառակը՝ անհրաժեշտության դեպքում զոհաբերե՛լ երեխային հե՛նց իրենց սեփական, եսասիրական պահանջների համար: Այդպիսիներն ավելի լավ է մայր չդառնան և փորձանքի մեջ չգցեն իրենց ամուսիններին, ազգականներին, ինչու չէ՝ նաև հասարակությանը, բայց բնությունը շռայլորեն և մեծահոգաբար հավասար հնարավորություններ է տվել նա՛և նրանց: Մայր լինելը դա կոչում է, հատուկ կարգավիճակ, բնության պարգև… Այդ պարգևը նույնիսկ կենդանիներին է տրված:

Կինը պառկած էր տաք անկողնում և ձևացնում էր, թե չի լսում երեխայի լացը: Երեխայի կերակրելու ժամն էր… Լույսը նոր էր բացվել և դրսում դեռևս ցուրտ էր: Էլի մի քանի րոպեներ, և արևը դուրս կգար և պայծառորեն կլուսավորեր ու կջերմացներ աշխարհը, բայց ո՛չ այս մոր սիրտը… Անկողնում պառկած կինը ցածրահասակ էր, գիրուկ, իսկ գեղեցիկ սև աչքերը և երկար թարթիչները՝ մի առանձնահատուկ հմայք էին հաղորդում նրա դեմքին: Առօրյա կյանքում նա քաղցրալեզու և ժպտերես էր: Առաջին հայացքից կարող էր թվալ, թե նա բարության ու անմեղության մարմնացում էր, բայց դա այդպե՛ս չէր… Ո՛չ, նա չար չէր, բայց բարի՛ էլ չէր. ագա՛հ ու եսասե՛ր՝ միայն այս երկու բառերով կարելի է նրան համառոտակի նկարագրել: Նրա ընտրյալը բարձրահասակ, բարետես մի երիտասարդ էր, ով՝ իր ազնվությամբ, բարությամբ, վայելուչ շարժուձևով, կրթվածությամբ, վերաբերմունքով ու երբեմն էլ միամտությամբ՝ հիացնում ու զարմացնում էր շրջապատի մարդկանց: Նրանք, որպես ամուսիններ, բոլորովին չէին համապատասխանում միմյանց թե՛ արտաքինով, և թե՛ բնավորությամբ ու խառնվածքով: Կար ևս մի հանգամանք: Սա կնոջ երկրորդ ամուսնությունն էր:

Տունը, որտեղ նրանք ապրում էին, կառուցվել էր ամուսնու, սկեսրոջ և մանկահասակ տալոջ միահամուռ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Նրանք սկզբում տան կառուցման համար հատկացված հողամասը մաքրել էին անթիվ ու անհամար քարերից, հետո հարթեցրել տեղանքը և, օգտագործելով հավաքած քարերը, շարել էին տան պատերը: Տան կառուցումը տևել էր մի քանի երկար ու ձիգ տարիներ՝ լեցուն բազմաթիվ զրկանքներով, հոգսերով ու խնդիրներով:

Քրտինքով շաղախված և կառուցված այդ տունն արժեքավոր էր նրանց բոլորի համար, բայց ո՛չ՝ հարսի, ով եկած օրվանից համոզում էր տան կեսը վաճառել և գեղեցիկ հագուստներ գնել իրենց և, հատկապես՝ իրե՛ն համար: Սկզբում, բոլորը դեմ էին այդ անհեթեթ առաջարկին, նույնիսկ տալը, ով ընդամենը տասնչորս տարեկան էր, բայց ինչպես ասում են՝ կաթիլը քար է ծակում:

Տան կեսը վաճառեցին. սեփական տան բակում օտար մարդիկ հայտնվեցին…

Մեկ տարի անց սկսվեց Հայրենական մեծ պատերազմը… 1941 թվականի հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան, խախտելով 1939 թվականին Խորհրդային Միության հետ կնքած՝ միմյանց վրա չհարձակվելու պայմանագիրը,  առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա: Անմիջապես զորակոչի տարիքի բոլոր տղամարդիկ մեկնեցին ռազմաճակատ՝ հայրենիքը պաշտպանելու անարգ զավթիչներից: Ռազմաճակատ մեկնեց նաև կնոջ ամուսինը: Բաժանման պահն ամենադժվարն էր. նա տանն էր թողնում մորը, քրոջը, կնոջը և թանկագին դստերը, ով նոր-նոր սկսել էր քայլել ու խոսել, ինչպես նաև արդեն ամուսնացած ավագ քրոջը, ում ամուսինն արդեն զորակոչվել էր՝ իր երկու եղբայրների հետ: Այդ պատերազմին մասնակցող ազգությամբ հայ մասնակցների թիվը մոտ հինգ հարյուր հազար էր, որից երկու հարյուր հազարն անձնվիրաբար  զոհվեց… Ըստ որում՝ հարյուր վեց հայ արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչմանը, իսկ մարշալ Հովհաննես Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանն այդ գերագույն կոչմանն արժանացան կրկնակի անգամ…

Շուտով, պատերազմի պատճառով, վատթարացավ տնտեսական վիճակն ամբողջ Խորհրդային Միությունում: Հացի որակը կտրուկ ընկավ և դարձավ կտրոններով: Մարդիկ բավականին թանկ գներով հագուստ կամ հաց կարողանում էին գնել միայն, այսպես կոչված, սև շուկաներից, որտեղ գներն աստղաբախշական էին: Սև շուկայում առևտուրը խորհրդային ռուբլով համարյա չէր կատարվում, այլ հիմնականում ոսկով, կամ էլ փոխանակվում էր արժեքավոր ապրանքատեսակներով, որվհետև ռուբլին արժեզրկվել էր, իսկ խանութներն էլ գրեթե դատարկ էին: Հայաստանում, ինչպես նաև ամբողջ Խորհրդային Միությունում, սով էր… Սովը դա բոլոր պատերազմների պարտադիր ուղեկիցն է և պակաս թվով կյանքեր չի խլում-տանում, քան բուն պատերեզմական գործողությունները: «Ամե՛ն ինչ ռազմաճակատի, ամե՛ն ինչ հաղթանակի համար» կարգախոսը, որ հնչում էր ամեն տեղ, բավականին ուժեղ հայրենասիրական բովանդակություն ունենալով հանդերձ՝ քաշում, տանում էր ամեն ինչ՝ առանց այն էլ սովից հյուծված, խեղճացած ու ուժասպառ եղած ժողովրդից:

Կինը քաղցած էր և երազում ուտելիք տեսավ՝ ճոխ, առատ մի սեղան, որի վրա շարված էին բազմազան համեղ ուտելիքներ: Նա անընդհատ, ագահաբար ուտում էր, բայց զարմանալի բան՝ ուտելով սեղանի վրա դրված ուտելիքը չէր հատնում, իսկ ինքն էլ ոչ մի կերպ չէր կշտանում… Հանկարծ նա զարթնեց ու անչափ ափսոսաց, որ դա երազ էր: Կինը շատ քաղցած էր: Նա համոզված էր, որ իր երկու տարեկան դստեր համար տատն ու մանկահասակ հորաքույրը լրացուցիչ հաց պահած կլինեն՝ իրենց չափաբաժիններից: Նա մթության մեջ խարխափելով խոհանոցում՝ ման եկավ և գտավ հացի կտորն ու առանց վարանելու հաճույքով կերավ: Քիչ անց նա խորը քուն մտավ:   

Առավոտյան հայտնի դարձավ, որ երեխայի համար նախատեսված հացը չկա: Տատն ու հորաքուրը հասկացան, թե ով է կերել. շատ զայրացան, բայց ոչինչ չասացին հարսին: Հաջորդ օրվա հացի կտորը նրանք խնամքով թաքցրեցին, բայց հարսը գիշեր, երբ բոլորը քնած էին, վեր կացավ, փնտրեց, գտավ ու նորից կերավ: Երեխայի տատն ու հորաքույրն անընդհատ նորանոր թաքստոցներ էին պատրաստում հացի համար, բայց միևնույնն է, անխիղճ հարսը գտնում և ուտում էր՝ հատուկ երեխայի համար, նրանց կողմից հատկացված հացի լրացուցիչ բաժինը…

- Անխի՜ղճ, - ասաց սկեսուրը հարսին, - ա՜խր այդ հացի կտորը տալիս ենք երեխային, երբ գիշերները զարթնում ու լա՜ց է լինում սովածությունից:

Մի օր հորաքույրը չդիմացավ և հեծկլտալով՝ իր, դեռևս մանկական բռունցքներով հարձակվեց հարսի վրա: Հարսը ոչինչ չասաց և նույնիսկ չդիմադրեց: Նրա համար միևնույն էր՝ կհանդիմանե՞ն իրեն, թե՞ կհարվածեն…

Որոշ ժամանակ անց տնից սկսեցին իրեր պակասել: Սկզբում կամաց- կամաց անհետացան կնոջ ամուսնու հագուստները, որ գնել էին տան կեսի վաճառքից, և նա չէր հասցրել հագնել պատերազմի պատճառով, հետո՝ սկեսրոջ և տալոջ հագուստներն ու իրերը:

Այլևս անհնար էր հարսի հետ ապրելը: Սկեսուրը նրան տնից չէր վռնդում միմիա՛յն՝ ռազմաճակատում գտնվող որդու պատճառով:

Երբ այլևս բան չէր մնացել վաճառելու, հարսը գնաց և այլևս չվերադարձավ, նույնիսկ երեխային չվերցրեց իր հետ…

Միայն մի քանի ամիս հետո հայտնի դարձավ, որ նա՝ այդ անզգամը, տնից փախել էր իրենից տարիքով բավականին մեծ մի հաշմանդամի հետ, չսպասելով ռազմաճակատից՝ իր երիտասարդ ու բարետես ամուսնու վերադարձին:

*Հովհաննես Շիրազ, «Մայրս» բանաստեղծության առաջին քառյակը:

Կալիֆորնիա, Գլենդեյլ

10 ապրիլի, 2015թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...