Sunday, January 11, 2015

Ես ցնդած պառավ չեմ…

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնեկտիկուտ նահանգի Ուեստոն քաղաքից տարեց ամուսիններ էին ժամանել Երևան: Չնայած նրանց պատկառելի տարիքին, նրանք եռանդուն և հաճելի մարդիկ էին: Պարոն Դանիել Մորիսոնը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում դասավանդելու էր հասարակական առողջապահություն առարկան: Նրա կինը` տիկին Անետ Մորիսոնը պարզապես ուղեկցում էր նրան` որպես հավատարիմ և նվիրված կողակից:

Նրանց համար հենց Երևանի կենտրոնում մի հարմարավետ և ընդարձակ բնակարան էին վարձել: Տիկին Մորիսոնը  շատ տնարար և մաքրասեր կին էր: Քանի որ այդ տարիներին բնական գազի մատակարարումը դադարեցված էր, ապա Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հրավիրված դասախոսների համար վարձված բնակարանների խոհանոցներում հեղուկ գազով` պրոպանով լիցքավորված բալոններ էին տեղադրում: Գազի վարպետը կտրում էր գազի ընդհանուր խողովակին միացնող հատվածը` գազի ընդհանուր փականից վերև և միացնում էր գազի բալոնին հատուկ գազի համար նախատեսնված ռետինե խողովակով: Գազի ընդհանուր փականը շարունակում էր կատարել իր դերը, միայն մի տարբերությամբ, որ գազօջախը գազ էր ստանում գազի բալոնից:

Երբ տիկին Մորիսոնն ուզում էր ճաշ պատրաստել, նա պտտելով բացում էր գազի բալոնի վրա տեղակայված գազի փականը, այնուհետև բացում գազի ընդհանուր փականը և սովորականի պես` ըստ գազօջախից օգտվելու կանոնների, օգտվում էր վերջինից: Իհարկե, անգլերեն լեզվով մանրանամասն հրահանգ է փակցված խոհանոցի պատին, թե ինչ հերթականությամբ պետք է միացվեր, և թե ինչ հերթականությամբ անջատվեր գազօջախն` անվտանգության նկատառումներից ելնելով

Մորիսոնները շատ գոհ էին, թե' վարձված բնակարանից, և թե' ստեղծված հարմարություններից, որի համար մի քանի անգամ շնորհակալություն էին հայտնել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ղեկավարությանը:

Սակայն, նրանց բնակվելուց մի երկու շաբաթ անց, տիկին Մորիսոնը գանգատվեց, որ բնակարանում գազի հոտ է զգացվում: Հայաստանի Ամերիկյան Համալսարանի աշխատակիցները` դասախոսական ծառայությունների գծով կոորդինատորի գլխավորությամբ անմիջապես այցելեցին նրանց բնակարան: Գազի վարպետն, ինչպես ընդունված է, օճառի փրփուրով ստուգեց բոլոր միացումները` գազի բալոնից մինչև գազօջախն ընկած հատվածը` գազի արտահոսք հայտնաբերելու ակնկալիքով: Գազի ընդհանուր փականի և գազի բալոնի փականի բաց լինելու դեպքում, ոչ մի միացման վրա գազի արտահոսք չհայտնաբերվեց: Գազի հոտ նույնպես չէր զգացվում: Գազի վարպետը մանրակրկիտ կերպով ստուգեց նաև գազօջախը, որը նույնպես գազի արտահոսք չուներ:

Տիկին Մորիսոնը թեև համաձայնվեց, որ բնակարանում գազի արտահոսք կամ գազի հոտ չկա, բայց ասաց, որ իր համար զարմանալի է և անհասկանալի, թե ինչու՞ առաջներում գազի հոտ կար, իսկ հիմա չկա:

Տիկին Մորիսոնին քաղաքավարի կերպով ակնարկեցին, որ միգուցե գազի հոտը թվացել է իրեն, բայց խնդրեցին կրկնվելու դեպքում նորից անհապաղ տեղյակ պահել համալսարանի ղեկավարությանը:

Անցավ մի քանի օր, և տիկին Մորիսոնը նորից գանգատվեց գազի ուժեղ հոտի առկայությունից: Աշխատանքային խումբն արագ արձագանքելով, նորից գնաց բնակարան, բայց կրկին գազի ոչ մի արտահոսք չհայտնաբերվեց:

Տիկին Մորիսոնի գանգատները քանի գնում հաճախակի էին դառնում, բայց գազի արտահոսք չէր հայտնաբերվում…

Հայաստանի Ամերիկյան Համալսարանում սկսեցին կասկածել, որ տիկին Մորիսոնն անհարկի կերպով անհանգստացնում է համալսարանի աշխատակիցներին իր անհիմն կասկածներով: Տիկին Մորիսոնը կարծես կռահելով, որ իրեն չեն հավատում, հայտարարեց.

- Ես ցնդած պառավ չեմ… Բնակարանում, իսկապես, ժամանակ առ ժամանակ գազի ուժեղ հոտ է զգացվում, բայց ոչ միշտ: Ես նույնիսկ գրանցել եմ օրերը և ժամերը, երբ գազի հոտ է նկատվել այնտեղ: Մենք վախենում ենք այս բնակարանում ապրել, թեև այն շատ հարմարավետ է, խնդրում ենք մեզ տեղափոխել մեկ ուրիշ բնակարան:

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ղեկավարությունը խնդրեց տիկին Մորիսոնին ևս մեկ հնարավորություն տալ ստուգելու բնակարանը, և եթե աշխատանքային խումբը չկարողանա պարզել ժամանակ առ ժամանակ գազի արտահոսքի երևան գալու պատճառն, ապա անպայման կտեղափոխի նրանց մեկ ուրիշ, ոչ պակաս հարմարություններով բնակարան:

Տիկին Մորիսոնը համաձայնվեց:

Սկզբում ստուգվեց գազի հոսքի հնարավոր մուտքը դեպի բնակարան դրսից` խոհանոցի պատուհանի մոտից:  Սակայն, զննությունը ցույց տվեց, որ դրսից շենքի այդ հատվածում ոչ մի կասկածելի բան չկա: Այնուհետև, որոշվեց ստուգել Մորիսոնների բնակարանից ներքև գտնվող նկուղը և նրանցից վեր գտնվող երեք բնակարանները: Նկուղային հարկաբաժնում գտնվում էր համակարգչային ծառայությունների սպասարկման սրահը, որտեղ միայն էլեկտրական սարքեր կային: Մորիսոնների բնակարանից անմիջապես վերև` երկրորդ հարկում ընդհանրապես գազի բալոն չկար: Երրորդ հարկի խոհանոցում թեև գազի բալոն կար, բայց գազի արտահոսք չհայտնաբերվեց: Չորրորդ հարկի բնակարանում նույնպես բալոն կար և ստուգման արդյունքում գազի արտահոսք չհայտնաբերվեց, բայց ստուգելիս գազի փականները բացելուց հետո, քիչ անց թեթևակի գազի հոտ զգացվեց: Միանգամայն պարզ դարձավ, որ գազի արտահոսքը հենց այս բնակարանից է, բայց դեռ բոլորովին պարզ չէր, թե ինչու՞ օճառի փրփուրով հնարավոր չեղավ պարզել, թե որ միացումից է գազի արտահոսքը, կամ ինչպե՞ս է գազը չորրորդ հարկից ներթափանցում առաջին հարկ` դեպի Մորիսոնների բնակարանը:

Որոշվեց մանրակրկիտ կերպով ստուգել գազի բալոնից դեպի գազի սպառման սարքը, այսինքն դեպի գազօջախը գնացող մոնտաժման սխեման: Ահա գազի բալոնը, նրա վրա է գտնվում գազի պտտվող փականը և կես դույմանոց խողովակային գազի ելուստը, որին միացած է գազի ռեդուկտորը` գազի հոսքը թուլացնելու և կարգավորելու նպատակով, ռեդուկտորի կես դույմանոց խողովակային ելուստին միացած է գազի համար նախատեսնված հատուկ ռետինե խողովակը, որը պետք է միանա գազի ընդհանուր փականի մուտքին` նախօրոք այն անջատելով և մեկուսացնելով գազի ընդհանուր խողովակից, իսկ գազի ընդհանուր փականի ելքը միանում է գազօջախին:
           
Ի ուրախություն աշխատանքային խմբի, պարզվեց, որ մոնտաժում սխալ կար` գազի ընդհանուր փականի մուտքն առանձնացված չէր գազի ընդհանուր խողովակից, որի պատճառով գազի բալոնի վրա գազի փականը բացելիս գազի ընդհանուր խողովակով գազը գնում էր այն բնակարանները, որտեղ գազի բալոն տեղադրելիս կտրել առանձնացրել էին գազամատակարարումն ընդհանուր խողովակից: Իհարկե, տեխնիկապես ճիշտ կլիներ գազի ընդհանուր խողովակի կտրած բաց մասերը փակվեին  հատուկ մետաղյա խցաններով, երբ գազի բալոններ էին տեղադրվում:

Չորրորդ հարկի խոհանցում գազի մոնտաժում եղած սխալը շտկելուց հետո, ապահովության համար  մետաղյա խցանով փակվեց նաև Մորիսոնների խոհանոցի ընդհանուր խողովակի կտրած բաց մասը: Այնուհետև, մանրամասն բացատրություն տրվեց արված գործի վերաբերյալ հարգարժան տիկին Մորիսոնին:

Տիկին Մորիսոնը շնորհակալություն հայտնեց և իր հիացմունքն արտահայտեց կատարված աշխատանքի վերաբերյալ, բայց չկարողացավ զսպել իրեն և բացականչեց.

- Տեսա'ք, որ ես ցնդած պառավ չեմ… գազի հոսք բնակարանում այնումենայնիվ կար…



Մոսկվա, «Շերեմետևո» օդնավակայան

30 դեկտեմբերի, 2014թ.

Tuesday, December 16, 2014

Հրաշք


Այս փոքրիկ պատմվածքը նվիրվում է
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Հրաշք
      
Վարպետ Մկրտիչը մեղավոր չէր, որ ծնվել էր Արևմտյան Հայաստանում, որը դարեր շարունակ ասպատակվում, թալանվում ու բռնաբարվում էր թուրք-սելջուկների պիղծ ցեղախմբերի կողմից: Նրանք եկել բռնի տիրացել էին մի ազգի ունեցվածքին, որի միակ մեղքը քաղաքակրթված լինելն էր: Հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ ստեղծելով բարիքներ, մշակույթ ու ավանդույթներ, նախանձի առարկա էր դարձել թուրք բաշիբոզուկների աչքին:  Պատահական չէին նաև բազմաթիվ հայկական ջարդերը, որոնք կազմակերպվում էին թուրք արյունախում ու բիրտ սուլթանների կողմից՝ հանգեցնելով 1915թ. Հայոց Մեծ Եղեռնին՝ Հայոց Ցեղասպանությանը, որն ի կատար ածվեց երիտթուրքերի գլխավորությամբ և կործանեց ավելի քան մեկ ու կես միլիոն հայի: Հայ տղամարդկանց նախօրոք զորակոչելով, այնուհետև նրանց դավադրաբար ոչնչացնելով թուրքական բանակում, վախկոտ ու գազանաբարո թուրքերն ընդգծված դաժանությամբ մորթեցին ու թալանեցին անօգնական և անպաշտպան մնացած մանուկներին, ծերունիներին ու կանանց:
            
Վարպետ Մկրտիչը բազմանդամ գերդաստանից միակն էր, որ պատահաբար փրկվել էր թուրքական երիցս անիծված յաթաղանից: Այդ ժամանակ նա ընդամենը տասներկու տարեկան էր… Նրա գերդաստանի բոլոր տղամարդիկ հողագործներ էին և լավ էին հասկանում «հողի լեզուն»: Նրանց աճեցրած բանջարեղենը և մրգերն աչքի էին ընկնում թե՛ տեսքով, և թե՛ իրենց համային հատկանիշներով:
            
Փոքրիկ Մկրտիչը շատ զրկանքներ կրելով՝ հաց մուրալով, երբեմն բատրակություն անելով, աընդհատ թափառելով վերջապես հասավ Ֆիլիբե, ներկայիս Պլովդիվը, որն իր մեծությամբ Բուլղարիայի երկրորդ քաղաքն է Սոֆիայից հետո և տարածվում է Մարիցա գետի երկու ափերի երկայնքով: Նա անմիջապես աշխատանքի անցավ ագարակատեր պարոն Հարությունի մոտ և կարճ ժամանակամիջոցում, շնորհիվ իր հողագործական գիտելիքների, սկսեց ղեկավարել բատրակների աշխատանքն ագարակում՝ լինելով ընդամենը տասնութ տարեկան: Շուտով ագարակի ընտիր մրգերն ու բանջարեղենը հայտնի դարձան թե՛ Պլովդիվում, և թե՛ նրա շրջակայքում: Մկրտիչն ամուսնացավ ագարակատիրոջ աղջկա՝ Ազգանուշի հետ և ունեցավ երկու շնորհալի որդիներ:
            
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, 1945թ. նոյեմբերին 21-ին, Խորհրդային Միության Ժողկոմի Խորհրդի նախագահ՝ Իոսիֆ Ստալինի ստորագրությամբ, համաձայն №2947 որոշման, Խորհրդային Միության հաշվին պետք է կազմակերպվեր սփյուռքահայության զանգվածային ներգաղթը դեպի հայրենիք՝ Խորհրդային Հայաստան, հայրենադարձներին պետական վարկ տրամադրվեր բնակելի տուն կառուցելու համար՝ տան արժեքի հիսուն տոկոսի չափով, ինչպես նաև նրանց ունեցվածքի մաքսազերծումը կատարվեր անվճար:
            
Վարպետ Մկրտիչն առաջիններից մեկն էր, որ ցանկություն հայտնեց ներգաղթել հայրենիք իր ընտանիքի հետ: Խանդավառությունը հայկական սփյուռքում՝ Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, Իրաքում, Բուլղարիայում, Հունաստանում, Ֆրանսիայում և այլ երկերներում այնքան մեծ էր, որ մարդիկ նույնիսկ գիշերներն էին հերթ կանգնում, որպեսզի ցուցակագրվեին հայրենիք վերադառանալու ակնկալիքով.

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես,
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա…*
            
Վարպետ Մկրտիչի ընտանիքին հողամաս հատկացվեց Նոր Արեշ թաղամասում և պետական վարկ՝ բնակելի տուն կառուցելու համար: Նա իր շնորհալի երկու որդիների հետ, երկու հարկանի մի հարմարավետ տուն կառուցեց, իսկ տան ետևում մի հրաշալի, պտղատու այգի գցեց: Նոր Արեշում գրեթե բոլորը ճանաչում էին նրան, հատկապես այդ այգու պատճառով, որտեղ ճոխ բազմել էին հայկական լեռնաշխարհի լավագույն ծիրանենիները, դեղձենիները, խնձորենիները, տանձենիները, սալորենիները, կեռասենիներն ու բալենիները: Վարպետ Մկրտիչն անխտիր օգնում էր բոլոր հարևաններին այգեգործական և բանջարաբուծական խորհուրդներով, տնկիներով, ինչպես նաև կատարում էր մրգատու ծառերի լավագույն տեսակների պատվաստումներ նրանց տնամերձ այգիներում: Նրան բոլորը սիրում, հարգում և մեծարում էին վարպետ Մկրտիչ անունով:
            
Վարպետ Մկրտիչը, կորցնելով իր ամբողջ գերդաստանը, եղեռնից հետո առաջին անգամ սեփական բնակելի տուն ունեցավ: Գալով հայրենիք, նա այլևս ստիպված չէր բնակարան վարձել: Դեռ ավելին, իր սեփական այգին ունեցավ: Սակայն, Խորհրդային Հայաստանում, ինչպես նաև ամբողջ Խորհրդային Միությունում, պատերազմից անմիջապես հետո, համարյա սով էր՝ խանութներում ուտելիք չկար, նույնիսկ հագուստ և առաջին անհրաժեշտության պարագաներ: Մարդիկ հացը գնում էին սահմանափակ քանակությամբ՝ հատուկ քարտերով: Հացն ամենաթանկն էր, որովհետև ամենապահանջվածն էր: Երբեմն մեկ հաց գնելու համար «սև շուկայում» ստիպված էին վճարել մեկ ոսկեդրամ: Վարպետ Մկրտիչը մանուկ հասակից թափառելով, հաճախակի քաղցած մնալով և անթիվ անհամար զրկանքներ կրելով օտարության մեջ «վաստակել» էր ստամոքսի խոց, որի պատճառով նույնիսկ իր այգու մրգերը չէր կարողանում համտեսել: Նա շատ քիչ էր ուտում, որովհետև ամեն անգամ ուտելուց հետո սարսափելի ցավեր էր ունենում որովայնի շրջանում: 
            
Ամեն կիրակի նրանց հյուր էր գալիս վարպետ Մկրտիչի քենին՝ տիկին Մարիամը, որը վարպետ Մկրտիչին քեռայր, այսինքն՝ փեսա էր անվանում: Նա իր հետ միշտ երկու մեծ, աղ դրած կամ ծխահարած, յուղալի ծովատառեխ կամ ապխտած թառափ էր բերում: Ճի՛շտ է, հաց չկար խանութներում, բայց լայնածավալ փայտե տակառների մեջ, բավականին մատչելի գներով վաճառվում էին աղ դրած կամ ծխահարած ծովատառեխներ, ծովախեցգետիններ, թառափներ, ինչպես նաև կարմիր, սև ձկնկիթ և այլ նրբահամ խորտիկներ: Երբ հացը վերջանում էր խանութում և բոլորին, նույնիսկ քարտերով հաց չէր հասնում, խանութի վաճառողները հացի փոխարեն նույն քաշի ձկնկիթ էին համոզում վերցնել…
          
Կիրակի օրերին «խնջույքին» մասնակցում էին վարպետ Մկրտիչի կինը, նրա երկու շնորհալի որդիները և տիկին Մարիամը: Նրանք ծխահարած կամ աղ դրած ծովատառեխները կտրատում էին, համեմում սոխով և ախորժակով ուտում: Վարպետ Մկրտիչը ծխահարած ձկների անուշաբույր հոտից «խելագարվում» էր, բայց չէր մոտենում  սեղանին, որը զարդարված էր նաև իր այգում աճեցրած թարմ բանջարեղենով, կանաչեղենով և արքայական սեղանին վայել մրգերով:
            
Կիրակի օրերը վարպետ Մկրտիչի համար վերածվել էին տանջանքի: Նա չէր դիմանում ծխահարած ծովատառեխի կամ էլ ապխտած, յուղալի թառափի ախորժաբույր հոտերին: Արտասահմանում այդ բոլորը նրբահամ խորտիկներ էին համարվում և շատ թանկ արժեին, իսկ իր ընտանիքն առատորեն օգտվում էր այդ բոլորից, չնայած ուտում էր առանց հացի. Խորհրդային Միությունում, պատերազմից հետո, հացն էր ամենաթանկ ուտելիքը: Նրանից մեծ ջանքեր էին պահանջվում՝ սեղանին չմոտենալու համար: Ինչպե՞ս մոտենար, երբ բժիշկն արգելել էր աղի, կծու, թթու և հատկապես յուղալի սննդատեսակների օգտագործումը: Նա գիտեր դա և զգուշանում էր…
            
Այդ օրը նորից կիրակի էր և վարպետ Մկրտիչի տանը նորից «խնջույք» էր: Վարպետն անթաքույց հիացմունքով նայում էր սեղանին… Նա այլևս ուժ չուներ դիմանալու, մագնիսի նման ձգող այդ ախորժաբեր հոտին: Նա չդիմացավ, նստեց սեղանի մոտ և սկսեց մեծ ախորժակով ուտել: Բոլորը զարմացած էին և լռելայն նայում էին նրան: Երևի, կյանքում առաջին անգամ նա այսպես ախորժակով ուտում էր՝ առանց զգուշանելու և տագնապելու ցավի նոպաներից, որոնք սկսվում էին նրա մոտ ուտելուց քիչ անց: Ուտելուց հետո, նա սեղանի վրայից վերցրեց մի մեծ հասած, հյութալի, թթվաշ տանձ և դանակով մանր-մանր կտրատելով շարունակեց ախորժակով ուտել: Ոչ ոք չէր խոսում: Վարպետ Մկրտիչն էլ այնքան էր տարված իր ուտելով, որ կարծես ոչ ոքի չէր նկատում…
            
Անցավ մի քանի ժամ: Վարպետ Մկրտիչը չունեցավ ակնկալվող ցավի նոպան: Արդեն պարզ էր, որ աղի ձուկը և թթվաշ տանձը չէին վնասել նրան: Այդ օրը վարպետ Մկրտիչն առաջին անգամ կուշտ փորով պառկեց քնելու:
            
Առավոտյան նա թարմացած վեր կացավ անկողնուց՝ զգալով, որ տարիներ ի վեր իրեն տանջող ստամոքսի բութ ցավը չկա: Նա հասկացավ, որ առողջ է և շտապ գնաց խանութ աղ դրած ծովատառեխ գնելու…
            
Վարպետ Մկրտիչն ապրեց երկար ու ձիգ տարիներ՝ մինչև խորը ծերություն…Վերադառնալով հայրենիք, նա հրաշքով վերադարձրեց նաև իր երբեմնի կորած առողջությունը: Հայտնի չէ, թե ի՞նչը նրան բուժեց՝ Հայաստանի լեռնային օդը՞, հայկական բարձր լեռներից բխող խմելու զուլալ և կենարար ջու՞րը, թե՞ հարուստ կալորիականությամբ, յուղալի ծովատառեխն ու թառափը, որն այն տարիներին ավելի մատչելի էր, քան հանապազօրյա հացը…

*Հովհաննես Շիրազ, «Իմ սուրբ հայրենիք» բանաստեղծության առաջին քառյակը

 Մարտին Շիրինյան
Կալիֆորնիա, Գլենդել
18 դեկտեմբերի, 2014թ.





Saturday, November 29, 2014

Պրակտիկանտուհին

Ռուբենը քարտաշ է: Դա շատ տարածված մասնագիտություն է Հայաստանում: Հայ քարտաշները հայտնի են որպես շինարարներ դեռևս հնադարյան ժամանակներից, նույնիսկ մեր թվարկությունից առաջ: Առանց սրբատաշ քարերի և նախշաքանդակների հնարավոր չէ պատկերացնել ոչ մի ճարտարապետական հուշարձան, եկեղեցի կամ մատուռ Հայաստանում: Ռուբենը գլխավորապես աշխատում է հայկական լեռնաշխարհի  տարածքում լայն ճանաչում ստացած տուֆի, բազալտի  և գրանիտի, երբեմն էլ` մարմարի, տրավերտինի և այլ տեսակի քարերի վրա: Ռուբենն ունի բազմաթիվ գործիքներ, որոնց մի մասն ինքն է պատրաստել, մի մասն էլ մնացել են հորից, որը նույնպես քարտաշ էր: Նա ճանաչված վարպետ է: Նրան բոլորը վարպետ Ռուբեն են կոչում: Նա պահանջված և լավ վարձատրվող քարտաշ է: Վարպետ Ռուբենն ունի ընտանիք, երեխաներ և սիրած աշխատանք:
         
Նա գրեթե երջանիկ էր, եթե չլիներ այդ չարաբաստիկ պզուկը, որն աճել էր նրա քթի մեջ: Այն քոր էր առաջացնում, բայց քորել հնարավոր չէր…
            
Մի քանի օր տանջվելուց հետո, նա գնաց պոլիկլինիկա, օթորինոլարինգոլոգի, այսինքն՝ քիթ-կոկորդ-ականջաբանի մոտ: Բժիշկը փորձառու, միջին տարիքի գեղեցկադեմ մի կին էր:  Նա ուշադիր լսեց վարպետ Ռուբենի գանգատը և կարգադրեց նրան նստելու պատի մոտ դրված աթոռին: Միացնելով ճակատին հարմարեցրած լույսը, լայնացնելով վարպետի ձախ քթանցքը հատուկ գործիքի միջոցով, բժշկուհին փորձեց զննել պզուկը, բայց ապարդյուն: Պզուկը հնարավոր չէր տեսնել: Նա հակաբորբոքային քսուկ նշանակեց, առաջարկեց վարպետ Ռուբենին օրը մի քանի անգամ օգտագործել այն և մեկ շաբաթ անց նորից այցելել պոլիկլինիկա:
            
Վարպետ Ռուբենը, չնայած որ հետևել էր բժշկուհու խորհուրդներին, սակայն քորը չէր անցել և կարծես ավելի էր սաստկացել: Քորն ուժեղանում էր հատկապես գիշերները, չթողնելով վարպետ Ռուբենին քնել:
            
Մեկ շաբաթ հետո, նա նորից գնաց պոլիկլինիկա: Բժշկուհին, իմանալով որ հակաբորբոքային քսուկը չէր օգնել հիվանդին, խորհուրդ տվեց դիմելու ալերգաբանին, քանի որ վարպետ Ռուբենը գրեթե ամեն օր գործ էր ունենում քարի փոշու հետ, չնայած աշխատելիս, համարյա միշտ, բժշկական դիմակ էր կրում:

Ալերգաբանը, վարպետին նշանակեց հակաալերգիկ դեղեր, հույս հայտնելով, որ դեղերը կօգնեն նրան:
            
Անցավ ևս մեկ շաբաթ. ոչ մի փոփոխություն: Անքնությունից հոգնած և ուժասպառ վարպետ Ռուբենը նորից գնաց պոլիկլինիկա, քիթ-կոկորդ-ականջաբանի մոտ, սակայն վերջինս արձակուրդում էր: Նրան փոխարինում էր բժշկական համալսարանի մի ուսանողուհի, որն իր արտադրական պրակտիկան էր անցնում այդ պոլիկլինիկայում: Պրակտիկանտուհին փոքրամարմին, դեռահասի հիշեցնող մի նիհարիկ աղջիկ էր: Նա ուշադիր լսեց վարպետ Ռուբենին և ասաց նրան.
            
- Ես հիմա Ձեզ կուղարկեմ ֆիզիոթերապիայի բաժանմունք: Ձեր պզուկը կճառագայթեն ուլտրամանիշակագույն ճառագայթներով և Դուք անմիջապես լավ կզգաք: 
            
Վարպետ Ռուբենը, թերահավատությամբ, բայց ընդունեց պրակտիկանտուհու առաջարկը և բարձրացավ պոլիկլինիկայի վերջին հարկը, որտեղ գգտնվում էր ֆիզիոթերապիայի բաժանմունքը: Բուժքույրը մի փոքրիկ մետաղական թիթեղից պատրաստված ձագար մտցրեց վարպետ Ռուբենի ձախ քթանցքը, որի միջով ուլտրամանիշակագույն ճառագայթները պետք է ներթափանցեին նրա քթի խոռոչի ամենահեռավոր անկյունները: Բուժումը տևեց ընդամենը երկու րոպե և քորն անմիջապես անցավ:
            
Ռուբենն աստիճաններով վազեց ներքև և պոլիկլինիկայի դիմացի մայթին գտնվեղ ծաղկի խանութից տարբեր գույնի մեխակներից բաղկացած մի մեծ ծաղկեփունջ գնելով, նորից ետ վազեց պոլիկլինիկա: Նա շնչակտուր մտնելով պրակտիկանտուհու սենյակը, ծաղկեփունջը դրեց նրա առջև, գրասեղանի վրա և ասաց.
            
- Բժշկուհի ջա՛ն, սա Ձե՛զ:
           
- Բայց ես դեռ բժիշկ չեմ և դիպլոմ չունեմ:
            
- Արդեն ունե՛ք, - ասաց վարպետ Ռուբենը և դուրս վազեց հևալով: 
            
Նա շտապում էր տուն. Նախ՝ լավ լուրը կնոջը հայտնելու, իսկ հետո՝ մի կուշտ քնելու համար:
            
Բժշկուհին սեղանից վերցրեց ծաղկեփունջը և պինդ սեղմեց կրծքին: Նա առաջին անգամ էր հիվանդից՝ որպես երախտագիտության նշան, ծաղկեփունջ ստանում, իսկ վարպետ Ռուբենը նրա առաջին հիվանդն էր…  

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ,
Կալիֆորնիա, Գլենդել
29 նոյեմբերի, 2014թ.

Thursday, November 27, 2014

Ժրաջան չինուհին


Արևոտ, պայծառ օր էր և, ինչպես միշտ, Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում եռուզեռ էր: Անընդհատ ինքնաթիռներ էին վայրէջք կատարում և պատրաստվում թռիչքի: Թռիչքից առաջ ուղևորների գրանցումը և բեռների հանձնումը պարտադիր է: Մարդիկ շտապում են, որ չուշանան թռիչքից: Անընդհատ նորանոր ուղևորներ են մոտենում օդանավակայանի շենքին: Մի տարեց զույգ հենց նոր իջավ Շատլի երթուղայինից: Հայտնի չէր նրանք միասին էին թռչելու, թե նրանցից մեկը ճանապարհ էր դնում մյուսին: Տղամարդը փութաջանորեն վերցրեց ճամպրուկները վարորդի ձեռքից և հինգ դոլար թեյանվեր տվեց նրան.
          
- Շնորհակալ եմ, սը՛ր, - խոնարհվելով ասաց վարորդը: 
            
Ակնհայտ էր, որ նրանք շտապում էին գրանցվել թռիչքի համար: Տղամարդը, անվասայլակն արագ գլորելով, տանում էր ճամպրուկները, իսկ կինը՝ ձեռքի պայուսակները: Տղամարդն առջևում էր, իսկ կինը գնում էր նրա ետևից՝ մի տաս քայլ հեռավորությամբ: Հանկարծ, կինը գոռաց նրա ետևից.
            
- Գլե՜ն, սիրելիս…
           
- Ի՜նչ է, - սրտնեղելով պատասխանեց տղամարդը:
            
- Չե՞ս տեսնում` երկու մեծ ճամպրուկներով, մի կերպ քայլող այն գեղեցկադեմ չինուհուն: Անմիջապես թո՛ղ մեր ճամպրուկները, շտապ մոտեցի՛ր և օգնի՛ր նրան:
            
Եվ իրոք, տղամարդուն ընդառաջ գալիս էր փոքրամարմին և նուրբ դիմագծերով մի չինուհի, մեծ դժվարությամբ գլորելով երկու հսկայական ճամպրուկներով բեռնավորված ձեռնասայլակը: Ճամպրուկները, հատկապես՝ մեծ էին երևում նրա նիհար, բայց բարեկազմ իրանի համեմատ: Տղամարդը վայր դրեց իրենց ճամպրուկները և դժկամությամբ շտապեց կատարել կնոջ խնդրանքը՝ քթի տակ կամացուկ փնփնթալով.
            
- Արդե՜ն ուշանում ենք, սա որտեղի՞ց հայտնվեց:
            
Չինուհին ժպտաց իրեն մոտեցող տղամարդուն, և ճամպրուկները զիջեց նրան:
            
Տղամարդն արագ-արագ գլորելով ծանր ճամպրուկները, հասցրեց Չինական Ավիաուղիների գրանցման պատուհանին, որի վերևում էլեկտրոնային ցուցատախտակի վրա գրված էր՝ թռիչքը՝ C1005, ուղղությունը՝ Լոս Անջելեսից Տայպեյ, թռիչքի ժամանակը՝ 14:30, ինքնաթիռը՝ 744: 
            
Չինուհին տղամարդուն շնորհակալություն հայտնեց, պարգևելով նրան հմայիչ մի ժպիտ և շրջվեց դեպի գրանցման պատուհանը: Տղամարդը նոր նկատեց, որ նրա մեջքին հարմարեցրած ուսապարկից երկու սևաչյա, հրաշագեղ մանուկներ ուշադիր իրեն էին նայում:
            
Տղամարդը հասկացավ, որ կինը հենց սկզբից էլ նկատել էր չինուհու փոքրիկներին: Հասկացավ նաև, թե ինչու էին ճամպրուկներն այդքան մեծ և ծանր… Ամենայն հավանականությամբ, ճամպրուկների մեջ երկվորյակ մանուկների սննդի և խնամքի պարագաններն էին: Ժրաջան չինուհին, մանուկները մեջքին, հսկայական ճամպրուկներով պատրաստվում էր թռիչքի՝ Կալիֆորնիայից դեպի Տայվանի մայրաքաղաք՝ Տայպեյ…
            
- Ուշադրությու՛ն. ավարտվում է Լոս Անջելեսից դեպի Քուինսթաուն, Նոր Զելանդիա մեկնող ուղևորների գրանցումն Ուանթրավել Ավիաուղիների՝ № 631 թռիչքի համար, - հայտարարում էին բարձրախոսով:
            
- Ոչինչ, կհասցնենք, - ասաց տղամարդը կնոջը՝ ներկայացնելով իրենց անձնագրերը գրանցող պաշտոնյային: 

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ
Կալիֆորնիա, Գլենդեյլ
26 նոյեմբերի, 2014թ.

Sunday, November 23, 2014

Խոխան պիպոլֆեն ա կերա՞լ


Ես ամենաերջանիկ մարդն էի, երբ ծնվեց իմ առաջնեկ որդին: Կյանքումս առաջին անգամ զգացի, թե ինչ բան է երջանկությունը:

Նա զարմանալի երեխա էր. երբեք անտեղի մեզ չէր անհանգստացնում, հատուկ ազդանշանով մեզ իմաց էր տալիս, որ ջուր է ուզում խմել և այլն: Նա շատ հաճելի բարալիկ ձայն ուներ: Վեց ամսականում որդիս առաջին անգամ կրկնեց քենուս հարևանուհու անունը՝ Պայծա, ընդամենը վերջին <ռ> տառ չկարողանալով արտասանել, ութ ամսականում սկսեց քայլել ու այսպես շարունակ զարմացնում էր մեզ: Նա երբեք առանց պատճառի լաց չէր լինում: Մի անգամ զբոսնում էինք, նա սկսեց լաց լինել: Կինս զարմացավ և ուշադիր երեխային նայելով ասաց,

- Վա՜յ, թաշկինակը ձեռքից ընկել է, դրա համար է լաց լինում:

Նրան զբոսանքի տանելիս, կինս նրա աջ ձեռքի մեջ միշտ մի նախշազարդ թաշկինակ էր դնում, որը նա պինդ բռնում էր ամբողջ զբոսանքի ընթացքում: Մենք ետ վերադաձանք և գտանք թաշկինակը: Նա անմիջապես դադարեց լաց լինելուց:

Մենք պատրաստվում էինք երկրորդ երեխան ունենալ, բայց քանի որ կինս խնդիրներ ուներ հղիության հետ կապված, ապա ստիպված էր մի որոշ ժամանակ պառկել հիվանդանոցում: Այդ ընթացքում, երեխայի խնամքը, հատկապես գիշերները, ես էի վերցրել ինձ վրա:

Մեր երեխան առողջ երեխա էր, բայց երբեմն թեթև մրսածության հետևանքով բարձրանում էր նրա մարմնի ջերմաստիճանը: Նման դեպքերում մենք սովորաբար մեկ կամ երկու անգամ տաքությունն իջեցնող դեղահաբեր էինք տալիս և երեխան շուտ ապաքինվում էր: Այս անգամ նույնպես, երբ կինս հիվանդանոցում էր գտնվում, երեխայի մարմնի ջերմաստիճանը բարձրացավ, և ես նույն կերպ վարվեցի: Երեկոյան նրա ջերմաստիճանը նորից բարձրացավ, և ես փոխանակ երկրորդ դեղահաբը տայի նրան, զանգահարեցի քենուս, որ գա և գնահատի երեխայի վիճակն ու միասին որոշենք, թե ի՞նչ անենք: Քենիս ասաց, որ ապահովության համար լավ կլինի շտապ օգնություն կանչենք:

Շտապ օգնության բժշկուհին հենց տեսավ որդուս՝ ասաց.

- Երեխան ալերգիա ունի:

- Ինչի՞ց ենթադրեցիք, - հարցրեցի ես:

- Որովհետև երեխան կարմրել է, պատասխանեց նա և անմիջապես կարգադրեց բուժքրոջը ներարկել մեկ ու կես միլիգրամ պիպոլֆեն: Բուժքույրը, լսելով կարգադրությունը, մի տեսակ կարկամեց և հարցրեց.

- Մեկ ու կես միլիգրամը շատ չէ՞: Սակայն բժշկուհին հաստատակամորեն պնդեց, որ շատ չէ: Այստեղ ես միջամտեցի և ասացի բժշկուհուն, որ զարմանալի ոչինչ չկա, որ երեխան, ջերմություն ունենալով, կարմրել է:

- Ո՛չ, ասաց, բժշկուհին, -  տաքությունից չե՛ն կարմրում:

Քենիս, որ մինչև այդ լուռ էր, սկսեց հանդիմանել ինձ, ասելով, որ խանգարում եմ բժշկուհուն իր պարտականությունները կատարելիս և ավելացրեց.

- Ի՞նչ է, դու բժի՞շկ ես, որ վիճում ես բժշկուհու հետ:   

Ես քենուս սիրում և հարգում եմ քրոջս պես, բայց լավ կլիներ նրա հետ էլ վիճեի և չթողնեի այդ չարաբաստիկ դեղը սրսկեին իմ որդուն: Հիմա շատ տարիներ անց, վերլուծելով այս բոլորը, հանգել եմ այն եզրակացության, որ մեծ սխալ եմ գործել՝ զիջելով իմ դիրքերը, թե՛ բժշկուհու, և թե՛ քենուս առջև: Իհարկե՛, քենիս ոչ մի մեղք չուներ, քանի որ նա պարզապես ավելի շատ վստահում էր բժշկուհուն որպես մասնագետի, քան թե ինձ: Ես հետո պարզեցի, որ մինչև ութ տարեկան երեխաներին պիպոլֆենի ներարկում հակացուցված է, միայն առանձին դեպքերում է թույլատրվում տալ շատ թույլ չափաբաժնով պիպոլֆենի քաղրացրած հաբեր, բայց, ի դժբախտություն ինձ, շտապ օգնության բժշկուհին դա չգիտեր:

Երեխայիս վիճակը սրսկումից հետո կտրուկ վատացավ: Նա այլևս ինձ չէր ճանաչում, նայում էր առաստաղին ու անընդհատ վախեցած կրկնում.

- Շարժվու՜մ է, շարժվու՜մ է…

- Դե՛, մենք գնա՛նք, - ասաց բժշկուհին:

- Ու՞ր գնաք, - ասացի ես, - երեխային գցեցիք այս վիճակի մեջ ու փախչում եք: Մինչև ձեր գալը երեխան լավ տրամադրության մեջ էր, իսկ հիմա վախենում է ինչ-որ բանից: 

- Մենք մեղավո՞ր ենք, որ երեխան ալերգիա ունի, - ասաց բժշկուհին, - միգուցե նա ժառանգած հոգեկան խնդիրներ ունի, - շարունակեց նա:

- Ծնված օրվանից մինչև ձեր գալը, երեխան ոչ մի հոգեկան խնդիրներ չի ունեցել: Այդ հոգեկան խնդիրներն առաջացան ձեր սրսկումից հետո, - զայրացած ասացի ես:

- Եկեք տանենք հիվանդանոց, - առաջարկեց բժշկուհին:

Շտապ օգնության մեքենայի մեջ երեխաս անընդհատ գոռում էր.

- Շարժվու՜մ է, շարժվու՜մ է…

Հուզմունքից աչքերս մշուշվել էին արցունքներից … Շտապ օգնության մեքենայի վարորդը և բուժքույրը թեպետ չէին խոսում, բայց հուզված և կարեկցանքով հաճախակի երեխային էին նայում, իսկ բժշկուհին խորասուզվել էր իր մտքերի մեջ և ամենայն հավանականությամբ ելք էր փնտրում այս դժվարին կացությունից դուրս գալու համար:

Քիչ անց մենք հասանք մանկական հիվանդանոց: Տղաս դեռ շարունակում էր սրտաճմլիկ ձայնով գոռալ.

- Շարժվու՜մ է, շարժվու՜մ է…

Հիվանդանոցի ընդունարանում, մեզ գրանցեց Հայաստանում շատ հազվադեպ հանդիպող Մարտինա անունով մի համակրելի բուժքույր: Նա հենց տեսավ տղայիս, արցախյան զրնգուն բարբառով բացականչեց.

- Խոխա՛ն պիպոլֆեն ա կերա՞լ:

Չնայած, ես չափազանց հուզված էի, բայց հասկացա, թե նա ինչ ասաց և ապշեցի այդ կնոջ, թե՛ գիտելիքների, և թե՛ խորաթափանցության վրա:

Եկավ ընդունարանի բժիշկը, քննեց երեխային, բայց չհասկացավ, թե ի՞նչ է կատարվում երեխայի հետ: Հեռախոսով կանչեց մեկ ուրիշ բժշկի: Նրան նույնպես անհասկանալի էր տղայիս վիճակը: Սկսեցին բոլորը միասին, ներառյալ նաև շտապ օգնության բժշկուհին, խորհրդակցել: Ոչ մի եզրակացության չգալով, շրջվեցին դեպի ինձ և սկսեցին հարցուփորձ անել, համառորեն փորձելով գտնել իմ և կնոջս ազգուտակի մեջ հոգեկան շեղումներով կամ խանգարումներով մարդկանց:  Երբ ես վստահաբար ասացի, որ այդպիսի բան չկա, նրանք ակնհայտորեն շփոթվեցին, որովհետև չգիտեին, թե ի՞նչ անեն: Վերջապես գլխի ընկնելով, որ պատճառն այդ չարաբաստիկ սրսկումն էր, կամացուկ սկսեցին շտապ օգնության բժշկուհուն մեղմորեն հանդիմանել.

- Գոնե կես միլիգրամ սրսկեի՛ր, - և իմ ներկայությամբ, առանց ինձնից քաշվելու, շտապ օգնության բժշկուհու բուժման թերթիկի վրա պիպոլֆենի 1.5 մլ գրառման մեջ մեկը դարձրեցին 0, այսինքն՝ 1.5 մլ դարձավ 0.5 մլ: Բժիշկները գոհ իրենց արածից, նորից շրջվեցին դեպի ինձ և ասացին, որ երեխայի վիճակը ծանր է և այդ պատճառով նրան պետք է տեղափոխեն վերակենդանացման բաժին: Ես շատ հուզված էի և ի վիճակի չէի հանդիմանելու նրանց՝ իրենց անբարո և անօրինական արարքի համար: Միայն հարցրեցի.

- Հույս կա՞, որ երեխայի վիճակը կշտկվի:

- Չգիտե՛նք, - անտարբեր ասացին նրանք, - առավոտյան պարզ կլինի:

Վերակենդանացման բաժնում, որը գտնվում էր առաջին հարկում, մի երկար սպասասրահ կար, որտեղ բավականին տարիքով մի կին նստած աթոռին հոնգուր-հոնգուր լաց էր լինում: Երեկոյան ժամը տասն էր: Ես նստեցի նրա կողքին դրված աթոռին: Արցունքները գլորվում էին իմ աչքերից, սիրտս կտոր-կտոր էր լինում, երբ մտածում էի երեխայիս մասին: Մի կերպ մեջս ուժ գտնելով, հարցրեցի տատիկին, թե ի՞նչ է եղել: Նա ինձ լացակումաց պատմեց, որ իր սիրասուն թոռնիկը՝ երկուս ու կես տարեկան Վերգինեն կուլ էր տվել իր արյան ճնշումն իջեցող բոլոր դեղահաբերը և հիմա նրա կյանքին վտանգ էր սպառնում: Տատիկն այնքան էր հուզված էր, որ նույնիսկ չհարցրեց, թե ես ինչու՞ եմ այստեղ, և թե ինչու՞ եմ լալիս: Նա նաև պատմեց, որ երեխայի ծնողները գնացել էին հարսանիք՝ իրենց միակ դստեր խնամքը վստահելով տատիկին:

- Ի՞նչ եմ ասելու աղջկաս ու փեսայիս, եթե չհաջողվի Վերգինեին  փրկել, - աղիողորմ լաց լինելով, անընդհատ կրկնում էր դժբախտ տատիկը:

Մոտավորապես գիշերվա ժամը երկուսին, վերակենդանացման բաժնի դուռը բացվեց և տարեց, բայց համակրելի մի բուժքույր եկավ հայտնելու, որ Վերգինեի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Դատարկել ու լվացել էին փոքրիկի աղիքներն ու ստամոքս, և երեխան արդեն ուշքի էր եկել: Տատիկի ուրախությանը չափ ու սահման չկար: Շրջվելով դեպի ինձ, բուժքույրն ասաց, որ հույս կա, որ իմ տղային վիճակն էլ կբարելավվի, քանի որ նրան ծայրամասային երակային կատետրով, կաթիլային եղանակով, պիպոլֆենը չեզոքացնող դեղեր են ներարկում: Եվ իրոք, առավոտյան երկու երեխաներն էլ այնքան լավ էին, որ արդեն վազվզում և չարաճիճություններ էին անում փակ դռների ետևում:

Ես կնոջիցս թաքցնում էի մեր երեխայի հետ պատահածը, բայց քանի որ վտանգն անցել էր և մեր տղան արդեն համեմատաբար լավ էր, զգուշությամբ հայտնեցի նրան այդ մասին: Երևի նա չափից դուրս նեղսրտեց այդ լուրից, քանի որ նրա հղիությունը ընդհատվեց ժամանակից շուտ, և մենք շատ տխրեցինք:

Մի քանի օր հետո մենք արդեն տանն էինք, և տղաս վազվզում էր մեր ընդարձակ բնակարանում և իր բարալիկ ու հաճելի ձայնով մեզ հետ խոսում, սակայն երբեմն նորից սկսում էր անհանգստանալ և նայելով առաստաղին բացականչում էր.

- Շարժվու՜մ է, շարժվու՜մ է…

Մենք շատ անհանգստանում էինք նրա համար և հասկանում, որ պիպոլֆենի ազդեցությունը դեռ լրիվ չի անցել:

1988 թվականի դեկտեմբերի 7-ի ուժգին երկրաշարժին, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակում, մնացել էր ընդամենը մեկ ու կեսից երկու ամիս: Երկրաշարժից անմիջապես հետո տղաս դադարեց «շարժվու՜մ է, շարժվու՜մ է…» բացականչելուց:

Ըստ երևույթին պիպոլֆենը բարձրացրել էր որդուս զգայնությունը սեյսմիկ տատանումների նկատմամբ և նա նույնիսկ փոքր տատանումները զգում էր, որոշ գերզգայուն մարդկանց նման, որն արտահայտվում է գլխապտույտի, գլխացավի, արթմնի երազների, երևակայական պատկերների, ականջների մեջ զնգալու և այլ զգայական դրսևորումների ձևով: Փաստորեն, որդիս շնորհիվ իր նյարդային համակարգի գերզգայնության, դեռևս երկու ամիս առաջ զգում էր Սպիտակի երկրաշարժի մոտենալը…

Շտապ օգնության գլխավոր բժշկի առանձնասենյակը շատ ընդարձակ էր: Գրեթե ամբողջ սենյակը զբաղեցնում էր հսկայական, երկար սեղանը, որի շուրջը նստած էին Երևանի համարյա բոլոր հիվանդանոցների մանկական բաժանմունքների վարիչները: Սեղանի մի գլխին նստած էր ինքը՝ գլխավոր բժիշկը, իսկ մյուսին՝ շտապ օգնության բժշկուհին, որն ինձ տեսնելիս չարությամբ ֆշշացրեց.

- Դուք կփոշմանեք ձեր արածի համար: Չեք էլ ամաչու՜մ: Ինչքա՜ն եք մեր տուն եկել…

Հերթով ելույթներ ունեցան բոլոր վարիչները: Նրանք գրեթե բոլորը խոսեցին ռուսերեն լեզվով՝ համեմված լատինական տերմիններով, չնայած մեր մեջ չկար նույնիսկ մեկ ռուս: Նրանք միաձայն արդարացրեցին բժշկուհու գործողությունները և լկտիաբար մեղադրեցին երեխայիս, որ նա ալերգիա ունի, և իբր ալերգիայից ցանկացած տեսակի բարդություն սպասելի է: Ելույթների ընթացքում, գլխավոր բժիշկն անընդհատ գլխով էր անում՝ որպես համաձայնության նշան և ժպտում, իսկ բժշկուհին հաղթականորեն նայում էր ինձ:

- Հե՜յ գիտի աշխարհ, - մտածեցի ես, - «սելը ճռռալու տեղը սելվորն է ճռռում»:

Վերջացնելուց հետո, բոլորը նայեցին ինձ:

- Կատարվել է հանցագործություն, - ասացի ես, -  երեխային սխալ սրսկում են արել, այսինքն՝ նրան ներարկել են 1.5 մլ պիպոլֆեն ալերգիայի դեմն առնելու համար, մինչդեռ հիվանդության պատմության մեջ չի նշված, որ նա  ալերգիա ունի: Երեխան ալերգիա չուներ և չի էլ ունեցել նախկինում: Դեռ ավելին, երբ ես առարկեցի, որ երեխան ալերգիա չունի, այլ կարմրել է տաքությունից, շտապ օգնության բժշկուհին իմ, քենուս և բուժքրոջ ներկայությամբ պնդեց, որ տաքությունից չեն կարմրում: Սատարելով հանցագործին, դու՛ք՝ վարիչներդ, դառնում եք մեղսակիցներ: Բացի դրանից, հիվանդանոցի բժիշկների և շտապ օգնության բժշկուհու մասնակցությամբ ևս մի հանցագործություն է կատարվել՝ պիպոլֆենի 1.5 մլ չափաբաժինը գրիչով ուղղվել և դարձվել են 0.5 մլ հենց իմ ներկայությամբ: Կեղծված բժշկական գրառումը պարզ դատական փորձաքննության միջոցով հեշտությամբ  կհայտնաբերվի:

Իմ ելույթից հետո, ես նկատեցի, որ վարիչների ամբարտավանությունը և գլխավոր բժշկի լավ տրամադրությունն անմիջապես չքացավ, իսկ բշժկուհին զգաց, որ պետք է պատասխան տա:

Սակայն, նա այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, ոչ էլ նրան սատարող վարիչները և շտապ օգնության գլխավոր բժիշկը: Պարզվեց, որ շտապ օգնության բժշկուհին իմ դպրոցական ընկերոջ կինն էր, իսկ մայրս իմանալով դա, ինձ թախանձագին խնդրեց, որ դատարան հայց չներկայացնեմ…

Չգիտեմ, ճի՞շտ վարվեցի, թե՞ ոչ, բայց ո՛չ ընկերս, ո՛չ էլ նրա «բժշկուհի» կինը մինչև իմ բողոքելը նույնիսկ մեկ անգամ չէին հետաքրքրվել որդուս առողջական վիճակով…
           


Կալիֆորնիա, Գլենդել
20 նոյեմբերի, 2014թ. 

Saturday, November 22, 2014

ԱՄՆ-ում տպագրվել է Մարտին Շիրինյանի Magie պատմվածքը


Հարգելի ընթերցողներ,

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգում  հրատարակվող ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ գրական-մշակույթային հանդեսի (պատվավոր նախագահ՝ Կարո և Մարիա Ճրճրյաններ, հիմնադիր և գլխավոր խմբագիր, ճանաչված բանաստեղծ՝ Սարո Գյոդակյան) 66-րդ համարում 2014թ. նոյեմբերին տպագրվել է Մարտին Շիրինյանի Magie պատմվածքը (էջ՝ 50 և 51):

Ավելի վաղ, այն հրատարակվել է Մարտին Շիրինյանի Գրական Փորձարարական Լաբորատորիայի՝ www.imgrakan.blogspot.com բլոգի հոկտեմբերի 20, 2014թ. թողարկման մեջ:

Հանդեսի առաջին էջում պատկերված է հանրահայտ երաժիշտ և կոմպոզիտոր՝ Տիգրան Մանսուրյանի լուսանկարը:


Կալիֆորնա, Գլենդեյլ 
22 Նոյեմբերի, 2014թ.

Դրամաշորթը

- Ախպե՛րս, լավ ե՞ս, Նելլին, երեխաները ո՞նց են: - Կարո՛, դու ե՞ս, ալո՜, ալո՜… - Հա՛, ես եմ, բա էլ ո՞վ պիտի լինի, լավ է` ճանաչեցի՛ր,...